Www.ARMhistory.do.am
Բարև Հյուր!
Դուք կարող եք:
Մուտք գործել Կամ Գրանցվել
[ Նոր նամակներ · Մասնակիցներ · Կանոններ · Փնտրել · RSS
  • Страница 1 из 1
  • 1
Ֆորում » Գրականություն » Հովհաննես Թումանյան » Անուշ
Անուշ
armhistoryԺամանակ: Երեքշաբթի, 26.04.2011, 21:53 | Հաղորդագրություն # 1
Գեներալիսիմուս
Խումբ: Ադմինիստրատորներ
Նամակներ: 360
Պարգևներ: 3
Հեղինակություն: 14
Ստատւոս: Օֆֆլայն
ՆԱԽԵՐԳԱՆՔ
(Համբարձման գիշերը)
Բազմած լուսնի նուրբ շողերին,
Հովի թևին ՝ թըռչելով ՝
Փերիները սարի գլխին
Հավաքվեցին գիշերով:
Եկե՜ք, քույրե՜ր, սեգ սարերի
Չըքնաղագեղ ոգիներ,
Ե՛կեք, ջահել սիրահարի
Սերը ողբանք վաղամեռ:
Օխտն աղբյուրից ջուր է առել
Կույս սափորով, լուռ ու մունջ,
Յխտը ծաղկից ծաղիկ քաղել,
Կապել սիրո ծաղկեփունջ:
Ջուրն ու ծաղիկ աստղունք դըրել,
Խընդիրք արել աստղերին,
Փափագ սըրտով խընդիրք արել՝
Բարի ժըպտան իր սերին․․․
Ափսո՜ս, Անու՜շ, սարի ծաղիկ,
Ափսո՜ս իգիթ քու յարին.
Ափսո՜ս բոյիդ թելիկ - մելիկ,
Ափսո՜ս էդ ծով աչքերին․․․
Ու նրանց հետ ՝ ցող - արցունքով
Լըցված սըրտերն ու աչեր՝
Սարի ծաղկունք տըխուր սյուքով
Հառաչեցին են գիշեր:
Վուշ - վու՜շ, Անու՜շ, վուշ - վու՜շ, քույրի՜կ.
Վու՜շ քու սերին , քու յարին․․․
Վուշ - վու՜շ, Սարո՜, վուշ - վու՜շ, իգի՜թ.
Վու՜շ քու սիրած սարերին․․․
Եկե՜ք, քույրե՜ր սեգ սարերի
Չըքնաղագեղ ոգիներ․․․
Ու փերիներն էսպես տըխուր
Երգում էին ողջ գիշեր:
Կանչում էին հըրաշալի
Հընչյուններով դյութական,
Ու հենց շողաց ցոլքն արևի
Անտես, անհետ չըքացան:
Խոր սուզվեցին ակն աղբյուրի,
Մըտան կաղնին հաստաբուն,
Ու լեռնային վըտակների
Ալիքները պաղպաջուն:
I
Կանչում է կըրկին, կանչում անդադար
Էն չըքնաղ երկրի կարոտը անքուն,
Ու՝ թևերն ահա փըռած տիրաբար՝
Թըռչում է հոգիս, թըռչում դեպի տուն:
Ուր որ է հայրենի օջախի առաջ
վաղու՜ց կարոտով ըսպասում են ինձ,
Ու ձըմռան երկար գիշերը նստած՝
Խոսում են Լոռու հին - հին քաջերից:
Դեպի են սարերը, որ վես , վիթխարի,
Հարբած շարքերով բըռնած շուրջպարի,
Հըսկա՜ շուրջպարի բըռնած երկընքում,
Հըրճվում են, ասես էն մեծ հարսանքում
Պերճ Արագածի նազելի դըստեր,
Որ Դև-Ալ, Դև-Բեթ և այլ հըսկաներ,
Խոլ - խոլ հըսկաներ հընոց աշխարհի,
Փախցրին բերին անառիկ Լոռի:
II
ԷԷյ հին ծանոթներ, Էյ կանաչ սարեր,
Ահա ձեզ տեսա ու միտըս ընկան,
Առաջըս եկան երջանիկ օրեր,
Սիրելի դեմքեր, որ հիմի չըկան:
Անցել են, ոնց որ ծաղկունքը պես-պես,
Որ անցած գարնան կային ձեր լանջում.
Անցե՜լ ձեր գըլխի հերվան ձյունի պես:
Բայց եկել եմ ես՝ նըրանց եմ կանչում:
Ողջյու՜ն ձեզ, կայնքիս անդրանիկ հուշեր,
Որբացած հոգիս ողջունում է ձեզ,
Թըռչուն կարոտով փընտրում ձոր ու լեռ,
Դյութական ձայնով կանչում է հանդես:
Դու՛րս եկեք կըրկին շիրիմից, խավարից,
Դու՛րս եկեք տեսնեմ, շոշափեմ, լսեմ,
Կյանքով շընչեցե՜ք, ապրեցե՜ք նորից,
Լըցրե՜ք պոետի հաճույքը վըսեմ․․․
III
Եվ մութ այրերից մամռոտ ժայռերի,
Թավուտ շըմակի լըռին խորքերից,
Մանուկ հասակիս հընչուն ծիծաղի
Արձագանքն ահա լըսում եմ նորից:
Թընդում է զըվարթ աղմուկը բինի,
Բարձրանում է ծուխն իմ ծանոթ ուրթից,
Ու բոլորն, ահա, նորից կենդանի
Ելնում են աշխույժ վաղորդյան մութից,
Ու թա՜րմ, ցողապատ լեռների լանջում․․․
Սու՜ս․․․ ակա՛նջ արա, - հովիվն է կանչում․․․
IV
Աղջի՛, անաստված, նըստի՛ր վըրանում,
Ի՞նչ ես դուրս գալիս խելամաղ անում,
Աշուղ ես շինել, չեմ հանգըստանում,
Խաղեր կապելով,
Չոլեր չափելով,
Ոչխարըս անտեր
Ընկել եմ հանդեր:
Ամա՜ն, էրեցիր սիրտս քու սիրով,
Ոտըս կապեցիր թել - թել մազերով.
Էլ չեմ դիմանալ, կըփախցնեմ զոռով,
Ա՛յ սարի ազջիկ,
Ա՛յ սիրուն ազջիկ,
Ա՛յ դու կարմրաթուշ,
Թուխամազ Անուշ:
Քու հերն ու մերը թե որ ինձ չըտան,
Արին կըթափեմ ես գետի նըման.
Սարերը կընկնեմ, կորչեմ անգյուման,
Ա՛յ սև աչքերով,
Ա՛յ ծով աչքերով,
Ունքերըդ կամար
Աղջիկ, քեզ համար:
V
Երգում է Սարով, ու չի կարենում
Աղջիկը հանգիստ նըստի վըրանում:
-Էն ո՞վ էր, նանի, որ կանչում էր մեզ,
Դու չե՞ս իմանում․․․ ականջ արա, տե՛ս․․․
Հերի՛ք է, Անու՛շ, ներս արի դագեն,
Քանի՛ դուրս թըռչես, նայես դես ու դեն,
Տեսնողն էլ կասի ի՞նչ աղջիկ է սա․․․
Հազար մարդի մոտ կերթա կըխոսա:
Մըտի՛կ տուր, նանի՛, էն սարի լանջին,
Ի՞նչքան ավելուկ է տալիս կանանչին․․․
Նանի՛, թող գընամ քաղեմ ու հյուսեմ,
Էն սարի լանջին «ջան գյուլում» ասեմ:
Հանգիստ կաց, Անուշ, դու հասած աղջիկ,
Ինչ ունիս ջահել չոբանների մոտ,
Նըստիր վըրանում , քու գործին մըտիկ,
Պարկեշտ կաց աղջի ամոթ է ամո՜թ:
Ա՜խ, սիրտըս , նանի՛, չըգիտեմ ընչի,
Մին լաց է լինում սևակնա՜ծ, տըխու՜ր,
Մին թև է առնում , ուզում է թըռչի ,
Չըգիտեմ՝ թե ու՜ր, չըգիտեմ՝ թե ու՜ր․․․
Նա՛նի ջան, նա՛՛նի, ես ի՞նչպես անեմ,
Ի՞նչ անի անքուն, անհանգիստ բալեդ.
Նա՛նի ջան, նա՛՛նի, կուժը թող առնեմ,
Աղբյուրը գընամ աղջիկների հետ․․․
VI
Կըժները ուսած՝ թըռվըռալով
Ջուրն են իջնում աղջիկները,
Խընդում իրար ուսի տալով,
Երգը զնգում սարն ի վեր:
Ամպի տակից ջուր է գալի,
Դոշ է տալի, փըրփըրում.
Էն ու՞մ յարն է նըստած լալի
Հոնգուր - հոնգուր էն սարում:
Ա՛յ պաղ ջըրեր զուլալ ջըրեր,
Որ գալիս եք սարերից,
Գալիս՝ անցնում հանդ ու չոլեր,
Յարս էլ խըմեց էդ ջըրից
Յարաբ խըմե՞ց, յարաբ հովցա՞վ,
Վառված սիրտը էն յարի:
Յարաբ հովցա՞վ, յարաբ անցա՞վ
Անքուն ցավը ջիգյարի․․․
Աղջի՛ քո յարն եկավ անցավ
Վառված, տարված քո սիրով,
Էրված ջիգյարն՝ եկավ անցավ,
Չըհովացավ պաղ ջըրով․․․
Ամպի տակից ջուր է գալի,
Դոշ է տալի, փըրփըրում.
Ա՛խ իմ ազիզ յարն է լալի
Հոնգուր - հոնգուր էն սարում:
VII
Ու պառավ նանի սըրտի մեջ հանկարծ
Ձեն տըվավ թաքում մի խավար կասկած.
Էն ե՜րբ էր՝ Անուշն իր կուժը առավ,
Աղբյուրը գընաց ու ետ չըդառավ․․․
Ամպերն եկել են սարերը պատել,
Ձորերը լըցվել, իրար փաթաթվել,
Հազար չար ու շառ, հազար հարամի,
Հազար ջահելներ վըխտում են հիմի․․․
Ու ելավ տեղից պառավը հանկարծ.
Ո՞ւր կորար , Անու՜շ, ա՛յ մազըդ կըտրած․․․
Ու ձորի գըլխին, ձեռը ճակատին,
Կանչում է կանչում անահ զավակին:
- Աղջի՜ , սևասիրտ, քու ահը կըտրի,
Աղջիկը մենակ ձո՞րը կըմտնի,
Ամպը կոխել է , աշխարքը մըթնել,
Ի՞նչ ես կորցրել՝ չես կարում գըտնել․․․
Աղջի, հե՜յ, Անուշ, ա՛յ աղջի՜, Անու՜շ․․․
Ծընկանը զարկում, հառաչում է «վու՜շ»
Ու ձորի գըլխին մոլորված կանգնած
Նայում է ներքև սիրտը սևակնած:
Ամպերն եկել են սարերն պատել,
Ձորերը լըցվել, իրար փաթաթվել,
Հազար չար ու շառ, հազար հարամի,
Հազար ջահելներ վըխտում են հիմի:
VIII
-Թո՛ղ, կանչում են ինձ․․․ մերըս կիմանա․․․
-Չէ՛, Անու՛շ, քի՛չ էլ մընա․․․
-Չէ՛, թող ես գնամ․․․ ա՜խ, ի՜նչ խենթ եմ ես․․․
Դու ինձ չես սիրում, չես սիրում ինձ պես,
Հենց ես եմ մենակ լալիս ու տանջվում,
Դու սարի լանջին խաղեր ես կանչում․․․
Վաղու՜ց, վաղուց ես դու ինձ մոռացել․․․
Ես ե՛րբ եմ եկել էստեղ քարացել
Ու մընում եմ քեզ, մընու՜մ անիրա՛վ,
Էնքան մընացի՝ աչքս ջուր դառավ.
Ինձ չես լըսում,
Չես ափսոսում,
Էլ չեմ ասում՝
Ինչ կըլնեմ ես․․․
Ես կըվառվեմ,
Հուր կըդառնամ,
Ես կըհալվեմ,
Ջուր կըդառնամ,
Ես չըգիտեմ ՝
Ինչ կըդառնամ,
Թե որ մին էլ
Էսպես մընամ․․․
Ասում են՝ ուռին
Աղջիկ էր ինձ պես,
Մընում էր յարին,
Ու չեկավ նա տես։
Խեղճը դողալով՝
Անհույս կըռացավ,
Դարդից չորացավ,
Ուռենի դարձավ:
Ջըրերի վըրա
Գըլուխը կախած
Դեռ դողում է նա
Ու լալիս կամաց,
Ու ամբողջ տարին
Մի միտք էր անում,
Թե յարը յարին
Ոնց է մոռանում․․․
-Ա՜խ, Անու՜շ, Անու՜շ, էդ ի՞նչ ես անում.
Բա դու չե՞ս լըսում.
Էն, որ լանջերին խաղեր եմ ասում,
Ո՞ւմ հետ եմ խոսում․․․
Էն, որ գիշերով շըհու եմ թըչում,
Էն ու՞մ եմ կանչում․․․
Էն, որ մոլորված նըստած եմ մընում,
Ո՞մ հետ եմ լինում․․․
Էն, որ հառաչում ու ախ եմ քաշում,
Էն ու՞մ եմ հիշում․․․
-Ա՜խ, Անու՜շ, Անու՜շ, անաստված Անու՜շ․․․
Արբեցա՜ծ, անու՜ժ
Հառաչեց հովիվն ու սըրտին ընկավ,
Հալվեցա՜վ, հանգա՜վ․․․
IX
Անու՜շ, ա՛յ աղջի՜, Անուշ, տու՛ն արի․․․
Կանչում է մերը, հառաչում , կանչում։
-Գալիս եմ, գալի՜ս, գալիս եմ, նանի՜․․․
Ձորից աղջկա ձենն ղողանջում:
Ու մազերն անկարգ տըված թիկունքով
Ու ցըրված շիկնած այտերի վըրան,
Դուրս եկավ թեթև ամպերի տակից
Անուշը՝ փախած եղնիկի նման:
Նա կուժը դատարկ ետ բերավ կըրկին,
Իսկ ուսին տարած ուսաշոր չըկա,
Թողել է էն էլ ջըրի եզերքին․․․
Ա՜խ, անհոգություն ջահել աղջըկա․․․
Նանի՛, վախեցի, գանգատվում է նա,
Եվ ուզում է լալ, չի կարողանում.
Նանի՛, ներքևում ես մարդիկ տեսա,
Կարծեցի՝ թուրքեր էին լողանում․․․
Անիծում է ծեր մերը բարկացած
Իրեն մոռացկոտ, վախկոտ Անուշին,
Ու անեծք տալով իջնում է նա ցած՝
Դատարկ ետ բերած հին կուշժը ուսին:
(Համբարձման առավոտը)
X
Համբարձում եկավ, ծաղկունքը ալվան
Զուգել են հանդեր նախշուն գորգերով:
Փունջ - փունջ աղջիկները սարերը ելան
Վիճակ հանելու աշխույժ երգերով:
Համբա րձում, յա՛յլա,
Յա՛յլա ջան, յա՛յլա,
Սև սարեր յա՛յլա,,
Յա՛յլա ջան, յա՛յլա:
Երգ ու բույր խառնած,
Թև - թևի բըռնած
Զուգում են լեռներ,
Ծաղիկ են քաղում,
Ծաղկի հետ խաղում,
Ինչպես թիթեռներ:
Համբա րձում, յա՛յլա,
Յա՛յլա ջան, յա՛յլա,
Սև օրեր յա՛յլա,
Յա՛յլա ջան, յա՛յլա:
Եկավ Համբարձում՝
Ծաղկով զարդարված,
Մեր բախտին հարցում.
-Ո՞վ է մեզ գըրված:
-Ա՛յ ջան տղա, չոբա՛ն տղա, ու՞մն ես դու
-Աստված գիտի, աշխարհ գիտի՝ իմն ես դու:
Դե հանի՛ր, ա՛ղջի,
Վիճակն ի բարին,
Երգերով գովենք
Էն իգիթ յարին:
Բեղ ծիլ - ծիլ, բոյը թիլ - թիլ էն յարի,
Ի՞նչ դարդ ունեմ, քանի նա կա աշխարհի:
Համբարձում, յա՛յլա,
Յա՛յլա ջան, յա՛յլա,
Հուր սըրտեր յա՛յլա,
Յա՛յլա ջան, յա՛յլա:
Թընդում են երգեր, խընդում են սըրտեր,
Ու շուրջ բոլորած վիճակ են հանում.
Ելնում է մեկին իր երազն ու սերը,
Մյուսի մուրազը սըրտումն է մնում:
XI
Պըտույտ է տալիս վիճակը նորից՝
Քուշուշքը գըլխին ծաղիկ ծաղկամեր,
Թընդում «ջան գյուլում» մատաղ սըրտերից,
Հետը գըվգըվում էն ծաղկոտ սարեր:
-Ա՛յ թուխ մազերով աղջիկ,
Ա՛յ սարի սովոր աղջիկ,
Ջիգյարին գյուլլա դիպչի
Ով որ քեզ սիրի, աղջիկ:
-Ո՜հ, ի՜նչ սև վիճակ քեզ բաժին ընկավ,
Ս—աբա՛խտ քույրիկ, նազելի Անուշ.
Քու ձեռը կոտրի, ով որ հանեցիր․․․
Ու ողջ մընացին մոլորված, ապուշ:
Սուտ բան է, քույրի՛կ, դու մի՛ հավատա.
Լոկ պատահական մի չար խոսք է սա.
Սիրտըդ մի՛ կոտրի սուտ բանի համար,
Քու խաղը խաղա՛, ջան գյուլում ասա:
Ա՜խ, չէ,՛ ես գիտեմ, որ ես բախտ չունեմ.
Ես երբե՜ք, երբե՜ք բախտ չեմ ունեցել․․․
Ես միշտ էլ էսպես անբախտ կըլինեմ.
Մանուկ օրից են ինձ դեռ անիծել․․․
Ասում են՝ մի օր, ես օրորոցում,
Մի պառավ դարվիշ մեր դուռն է գալի,
Իր խաղն ասում է ու բաժին ուզում ,
Իմ նանը նրան բաժին չի տալի.
Կորի՛, ասում է, կորի՛ մեր դըռնից ,
Երեխես ճաքեց, հեռացի՛ր, գընա՛․․․
Ու դարվիշն էնտեղ անիծում է ինձ,
Թե՝ դըրա օրը լացով անց կենա․․․
Ա՜խ, էն դարվիշի անեծքին անգութ
Ու էս վիճակին տեղյակ է աստված.
Սիրտըս էլ միշտ փա՜կ, սիրտըս էլ միշտ մու՜թ,
Ի՜նչ կա, չըգիտեմ, իմ առջև պահված․․․
-Մի՛ տըրտմիր, Անու՛շ, մի՛ լինիր համառ.
Մեր ձեռքով հանած մի անմիտ վիճակ,
Մի խելառ դարվիշ, մի անեծք հիմար,
Ու լալիս ես դու էդպես սըրտաճա՜ք․․․
Հանգիստ կաց, քույրի՛կ, մի՛ վախի՛ր էդքան,
Կայնքը քեզ համար վառ գարուն է դեռ,
Էդ քո նորահաս մատաղ կուսության
Առաջև դեռ կան երջանիկ օրեր:
Սուտ բան է, քույրի՛կ, դու մի՛ հավատար,
Լոկ պատահական մի չար խոսք է սա,
Սիրտըդ մի կոտրի սուտ բանի համար,
Քու խաղըդ խաղա, ջան գյուլում ասա:
(Խումբը երգում է)
Աղջի, բախտավո՛ր,
Երնե՜կ քու սերին,
Քու սարի սովոր
Սև - սև աչքերին:
Համբարձում, յա՛յլա,
Յա՛յլա ջան, յա՛յլա,
Սեր - օրեր յա՛յլա,
Յա՛յլա ջան, յա՛յլա:
Մեռնեմ գարունքիդ,
Ծաղկած գարուն ես,
Սարի պես մեջքիդ
Կանգնած յար ունես:
Համբարձում, յա՛յլա,
Յա՛յլա ջան, յա՛յլա,
Սար - յարեր յա՛յլա,
Յա՛յլա ջան, յա՛յլա:
(Անուշը մենակ)
Ա՜խ, իմ բախտը կանչում էինձ,
Չեմ հասկանում՝ դեպի ուր․․․
Դողում է պաղ նըրա ձենից
Իմ սիրտը սև ու տըխուր:
Դուք էլ, սարի սիրուն ծաղկունք,
Թաքուն մի ցավ ունիք լուռ,
Աչիկներըդ լիքն է արցունք,
Սիրտներըդ սև ու տըխուր:
Ա՜խ, ծաղիկներն էս աշխարհքում
Տանջվում են միշտ էսպես զուր,
Տըրորվում են ու թառամում՝
Սիրտները սև ու տըխուր:
(Խումբը հեռվից)
Համբարձում, յա՛յլա,
Յա՛յլա ջան, յա՛յլա,
Վառ ցավեր, յա՛յլա,
Յա՛յլա ջան, յա՛յլա:
XII
Ձըմռան մի գիշեր կար մի հարսանիք,
Հըրճվում էր անզուսպ ամբոխը գյուղի.
Գյուղն էին իջել հովիվ պատանքի՝
Աղջիկ տեսնելու, պարի ու կոխի:
Ու պարից հետո լեն հըրապարակ
Բաց արին մեջտեղն արձակ գըլխատան,
Զուռնաչին փըչեց կոխի եղանակ,
Ահել ու ջահել իրարով անցան:
Հարա՜յ են տալի - «քաշի՜ հա , քաշի՜․․․»
Ու դուրս քաշեցի զոռով երկուսին
Մինը մեր Սարոն, իսկ մյուսն Անուշի
Անդրանիկ եղբայր գառնարած Մոսին:
Ողջ գյուղը կամգնեց պարըսպի նման,
Ջոկվեց, բաժանվեց երկու բանակի,
Ամեն մի բանակն ընտրեց փահլևան,
Կանգնեց թիկունքին տըղերանց մեկի:
Գոռում են, գոչում երկու բանակից.
Սըրտապինդ կացե՛ք, մի՛ վախեք տըղե՛ք,
Իսկ նորեկ հարսի փարդի քամակից
Նայում են կանգնած հարսն ու աղջիկերք:
Ըւ տաքանում են տըղեքը սաստիկ,
Փեշերը հավաք խըրում են գոտին,
Գետին են զարկում ձեռքերը հաստլիկ,
Իրար են հասնում թափով մոլեգին․․․
Ագաթ կա սակայն էն մութ ձորերում,
Ու միշտ հընազանդ հընոց ադաթին,
Ամբոխի առջ— իգիթն իր օրում
Գետին չի զարկիլ ընկեր իգիթին:
Ու իրար բըռնած Սարոն ու Մոսին
Քաշում են, ընկնում, ելնում միասին,
Դըժվար է իբր— հաղթել մեկ դեմի:
Իզուր է գոռում ամբոխը հարբած,
Զուր սըրտատըրոփ նայում աղջիկներ,
Եվ զուր է Անուշն իր շունչը կըտրած,
Սառել ու կանգնել ինչպես մի պատկեր :
Անուշը կանգնա՜ծ․․․ Սարոն նըկատեց,
Թունդ առավ սիրտը ու զարկեց արագ.
Աչքերի առջև մըլարը պատեց,
Մոռացավ ընկեր, ադաթ ու աշխարք:
Ու մինչ դեռ Մոսին ընկերախաղի,
Կատակի տալով թողած էր իրեն,
Ուժ առավ Սարոն, ծընկեց կատաղի,
Գետնեց ընկերին ու չոքեց վըրեն:
Ամբոխը թափվեց հարա-հըրոցով,
Վեր թըռցրեց ջահել փահլևաններին,
Եվ ուրախության աղմուկ գոռոցով
Հաղթողին փեսի թախտի մոտ բերին:
Ձընծության ձայնից, ծափերի զարկից
Շարժվում են, դողում պատեր ու օճորք,
Իսկ նորեկ հարսի փարդի քամակից
Նայում են կանգնած հարսն ու աղջիկերք:
XIII
Վեր կացավ Մոսին. իրեն կըտրատում,
Թող գա՜, գոռում է , որ բըռնենք նորից,
Թե չէ նամարդը, այլ—ս չեմ երդվում,
Էլ չի պըրծնելու երբեք իմ ձեռքից:
Վե՜ր չի գըցել ինձ․․․ ինձ խաբել է նա․․․
Մեյդան բաց արեք, թող մին էլ մեջ գա․․․
Ու ամեն կողմից ուրախ հըռհըռում,
Թունալի ծաղրով կանչում են, գոռում.
-Չե՛ լավ, էդ չե՛ լավ,
Վեր չի գըցել դեռ,
Մոսին թոլ էլավ-
Խոզապարկուկ էր․․․
Հա՛, հա՛, հա՛. տըղե՛րք,
Շատ էլ լավ կանի.
Մեջը թա՛փ տըվեք,
Թող մին էլ բըռնի․․․
Հա՛, հա՛, հա՛. տըղե՛րք,
Մեջքը թա՛փ տըվեք․․․
XIV
Եվ աղմկալի հարսանիքի տանից
Դուրս եկավ Մոսին սաստիկ վիրավոր.
Արյուն է կաթում սևակնած սըրտից,
Գընում է ըշտապ, քայլերը մոլոր:
-Ամո՜թ քեզ, Մոսի՛, թու՛ք ու նախատինք
-Ամո՜թ քեզ նըման գոված իգիթին,
Մի անունդ հիշիր, մի բոյիդ մըտիկ,
Դեռ քու թիկունքը չէր տեսել գետին:
Ի՜նչպես վեր ընկար դու՜, սարի նըման,
Երբոր նայում էր ողջ գյուղը կանգնած․․․
Դու՜․․․ կուչ գաս տակին Սարոյի ծընկան,
Նըրանից հետո երևաս կանա՜նց․․․
Եկա՞ծ էր էս բանն իսկի քու գըլխին․․․
Ծաղրատեղ դառար բովանդակ գեղին․․․
Դե մեռի՛ր, էլի՛, գետինը մըտի՛ր,
Տանը վե՛ր ընկիր՝ իլիկ պըտըտիր․․․
XV
Վա՜յ, վա՜յ, Մո՛սի ջան, ինձ մի ըսպանիր,
Սըրանից հետո չե՛մ սիրիլ նըրան․․․
Վախենում եմ ես․․․ ղամեդ տեղը դիր․․․
Սիրտը դողում է տերևի նըման․․․
Խընդրում էր լալով եղբոր առաջին
Անզոր ու դալուկ իր քույրը չոքած.
Մոսին՝ փայլկըտուն խանչալը ձեռին՝
Ուզում էր մորթել նըրան աչքը բաց:
Դե իմ անունով երդվի՛ր, անըզգա՛մ,
Որ էլ Սարոյին դու չես սիրելու,
Թե չէ՝ տեսնու՞ ես խանչալը հանած՝
Մինչև դաստակը սիրտըդ են խըրելու:
Քու ոտի հողն եմ, Մո՛սի ջան, Մո՛սի,
Դու քու եսիրին երդու՞մ ես տալիս․․․
Ես էլ Սարոյին չեմ սիրում՝ ասի,
Տեսնու՞մ ես չոքած ի՜նչպես եմ լալիս․․․
Դու խաբու՞մ ես ինձ, սուտլի՛կ խաբեբա՛.
Չե՞ս սիրում ասիր. էն ի՞նչ է հապա,
էն ի՞նչ է հապա, որ տեղըն են մըտնում՝
Հեկեկում ես դու գիշերվա մըթնում.
էն ի՞նչ է հապա, որ դու երազում
«Սարո ջան, Սարո՜․․․ Սարո» ես ասում․․․
Մո՛սի ջան, Մո՛սի, գըլխովդ շուռ գամ.
Ինձ մի՛ ըսպանիր, ինձ թող ես անգամ.
Էլ չեմ սիրել ես, երբ դու չես ուզում,
Էլ չեմ կանչիլ ես նըրան երազում․․․
Ինձ մի՛ ըսպանիր, ղամեդ տար հեռու․․․
Քու քույրը չե՞մ ես․․․ իմ Մոսին չե՞ս դու․․․
XVI
Ու էն հարսանիքից թըշնամի դարձան
Ախպեր տըղերքը էս դեպքի համար.
Ընկեր, բարեկամ գընացին, եկան,
Կըրկին հաշտության չեղավ մի հընար:
Անկոտրում Մոսին էլ ո՞ր Մոսին էր,
Որ՝ աչքը դեռ բաց, էս լուս աշխարքում,
Իրեն հարազատ քըրոջը տեսներ
Նամարդ ընկերի՝ Սարոյի գըրկում.
Գուցե գիշերս էլ՝ իր հերսից անքուն՝
Ուզում է ջահել քըրոջն ըսպանի,
Սարոյի անունն ու սերը թաքուն
Խանչալի ծերով սըրտիցը հանի:
Ո՜վ գիտի, գուցե հենց էս գիշեր էլ
Իգիթ ոսոխներն, անհաշտ ու համառ,
Մեկմեկու հոտից ոչխար են քըշել,
Մեկմեկից վըրեժ առնելու համար:
Կարող է նույնպես պատահել հանկարծ,
Որ մեկի դեզը, արդյունքը հընձի,
Գիշերվա ժամին, հըրով բըռընկված,
Երկնահաս բոցով աստղերը խանձի:
XVII
Ամպերը դանդաղ ուղտերի նման՝
Նոր են ջուր խըմած ձորից բարձրանում.
Քարոտ թիկունքից Չաթինդաղ լերան
Նոր է արևը պըռունգը հանում:
Գյուղում աղմուկով իրար են անցնում,
Կըտեր ծերերին կանայք հավաքված,
Տըղերքը դեպի քարափն են վազում՝
Հըրացանների կիսերից բըռնած:
XVIII
Եկավ վիթխարի ծերունի մի մարդ,
Կանգնեց վըրդովված տըղերանց միջին,
Մատը դեպի ձոր մեկնելով հանդարտ
Էսպես նա պատմեց զոռ տալով շիբխին.
Էս գիշեր, կեսը կըլիներ գիշերվա,
Դեռ չէի կըպցրել աչքըս տեղի մեջ.
Քունս էլ է կորել, ջանս էլ էն վաղվա,
Ամեն մի բանից մընացել եմ խեղճ․․․
Հա՛, հալալ կեսը կըլիներ գիշերվա,
Շունը վեր կացավ էս կըռան վըրա.
Հեյ-հե՜յ, կանչեցի, ձեն տըվող չելավ.
Շունը գազազեց, շունը վեր կալավ․․․
Հե՜յ գիդի, ասի ինքս իմ միջում,
Ի՜նչ է մընացել առաջվան տըղից.
Քնում էի վաղ մենակ արխաջում,
Մի ձեն լըսելիս թըռչում տեղից․․․
Էն էի ասում, քնել չէի դեռ.
Կըլիներ դառը գիշերվան կեսը,
Երկու մարդկային սև կերպարանքներ
Շան առջև փախած՝ ցած իջան դեսը․․․
Էս որ լըսեցի, դես ու դեն ցըրված
Տըղերքը ճեպով ձորը ներս մըտան,
Ու մըտի տակին, ճամփիցը ծըռված,
Երկու մարդու թարմ ոտնատեղ գըտան:
XIX
Ամբողջ մի ամիս խումբը զինավառ
Սարեր ու ձորեր ոտնատակ տըվեց՝
Չոբան Սարոյին գըտնելու համար,
Որ սարիցն իջավ, Անուշին փաղցրեց:
Մի ամիս հետո տըղեքը եկան տուն,
Գովելով նըրա արարքը ճարպիկ.
Հալալ է տըղին, ա՛յ իգիթություն,
Ահա թե ինչպես կըփաղցնեն աղջիկ:
Մենակ Անուշի ախպերը - Մոսին
Գըտնի՝ կոտորի, սրտը հովանա:
Մնաց հանդերում: Եվ ահա մի օր,
Քաղվոր կանանց մեջ, մըթանը հետ, թաքուն,
Շորերը պատռած, տըխուր գըլխակոր
Անուշը ձորից եկավ հորանց տուն:
XX
-Աղջի՛, Վա՛րդիշաղ, թե հոգիդ սիրես,
Մի գարիդ գըցիր, տես ի՞նչ է ասում.
Աչքըս խավարի, տեսիլք դառնամ ես,-
Տեսիլք եմ տեսել գիշերըս երազում:
Մի մութ ձորի մեջ, մի նեղ ձորի մեջ,
Անբախտ Սարոյի ոչխարը կանգնած,
Լեզու էր առել ու խաղ էր կանչում,
Ու խաղ էր կանչում ձեն ձենի տըված․․․
Մի գարիդ գըցի՛ր, թե որդով խընդաս,
Էս երազն իսկի ես լավ չեմ փորձել.
Ողորմած աստված, քու դուռը բանաս,
Քու ոտի հողն ենք - դու էս ըստեղծել․․․
Անբան գառները մութ ձորի միջին
Խաղ էինք կանչում ու ձենով լալիս,
Սարոյի նանն էլ նըրանց առաջին
Աղլուխ էր փռել ու պար էր գալիս․․․
Աղջի՛, Մա՛նիշակ, վատ բան էս տեսել,
Գարիս էլ, ահա, էնպես դուրս եկավ.
Էս չարն, էս բարին․․․ Սարոն է էս էլ․․․
Տե՜ս, ահա, Սարոն սև ճամփեն ընկավ․․․
Աստված խընայի ջահել - ջիվանին,
Աստված խընայի իր անբախտ նանին․․․
XXI
Ու ման է գալի սարերը ընկած
Սարոն փաղցրած եղջերվի նըման,
Օրհասն առաջին, գընդակն ետևից,
Հանդերը՝ դըժոխք, ընկերը՝ դուշման:
Եվ երբ երեկոն, հանդարտիկ ու լուռ
Սարերից իջնում, խավարն է պատում,
Նըրա բայաթին ողբում է տըխուր,
Ընկեր սարերին խոսում, գանգատվում:
Բարձըր սարեր, ա՛յ սարեր,
Ձեն եմ տալի «վա՜յ», սարե՛ր,
Դուք էլ ինձ հետ ձեն տըվեք,
Իմ դարդերի թայ սարե՛ր:
Որս եմ՝ բութես ձեզ արած,
Ձեր ձորերին, ձեր արած,
Կուզեմ կորչեմ անգյուման,
Էս աշխարքից բեզարած:
Կորչեմ բեզար դատարկուն,
Քար - սարեսար դատարկուն,
Մեռնեմ պըրծնեմ էս օրից,
Բալքի առնեմ դադար քուն:
Ա՜խ, կըմեռնեմ՝ ամա նա
Վա՜յ թե հանկարծ իմանա,
Ես ազատվեմ ես ցավից,
Աչքը լալով նա մընա:
XXII
Լալիս է Անուշն երեսին ընկած,
Կանգնած են շուրջը կանայք հարևան,
Ու խոսք չեն գըտնում ասեն անարգված
Տարած, ետ բերած անբախտ աղջըկան:
Աստված խընայեց՝ կոպիտ ախպերը
Հեռու հանդերից դեռ տուն չէր դարձել,
Իսկ խոժոռադեմ ալ—որ հերը
Սկսավ փըրփըրած թըքել, անիծել:
Դու՛րս գընա, կորի՛, ա՛յ լիրբ, անըզգա՛մ,
Սև ու սուգ լինի թագ ու պըսակըդ.
Կորի՜, չերևաս աչքիս մյուս անգամ,
Գետինը մըտնի երկար հասակըդ:
Տեսա՛ր, որ նըրան ասում է Մոսին,
Չեն ուզում, տեսար, նըրան հերն ու մերդ.
Դու քա՞նի գըլուխ ունիս քո ուսին,
Որ վեր էս կենում փաղչում նըրա հետ:
Խըռնված գյուղացիք կըտուրից իջան՝
Մեղմելու կոպիտ բարկությունը հոր,
Հայտնըվեց նույնպես գյուղի քահանան,
Մի պատկառելի հըսկա ալևոր:
-Դու՛րս գընացեք, դու՛րս, գոչեց տերտերը,
Անուշը թողեք ուղիղ ինձ ասի,
Թողեք նա հայտնի իր միտքն ու սերը,
Նըրանից հետո բանը կըպարզի:
Մի՛ լա, իմ աղջի՛կ, ինձ խոտովանի՛ր,
Սիրու՞մ ես նըրան, քու կամքո՞վ փախար․․․
Եթե սիրում ես՝ էլ դարդ մի՛ անիր,
Պիտի պըսակեմ ես ձեզ անպատճառ․․․
Ի՜նչ են հառաչում․․․ էն ո՞վ էր ,մի տե՛ս,
Որ դուրսը հանկարծ աղմըկեց էսպես․․․
Ո՞վ է ըսպանել․․․ Մոսի՞ն․․․ ու՞մ․․․ ու՞ր...
Անու՜շ, հե՛յ Անուշ․․․ ջուր հասցրե՜ք, ջու՜ր․․․
XXIII
Ինչպես մի հեղեղ վեր կենար հանկարծ,
Երկընքի մըթնած ամպերից իջեր,
Ինչպես փոթորիկ սաստիկ սրընթաց,
Գյուղից սըլացան մի խումբ կըտրիճներ:
Ցավից տաքացած էլ բան չեն հարցնում,
Թըռչում են, ասես ահից հալածված,
Ու նըրանց առջև ահռելի բացվում,
Թըշշում է ձորը արյունով լըցված:
Գյուղը դատարկվեց մի ակնթարթում,
Քարափի գըլխին կանգնած անհամբեր,
Լու՜ռ, սըրտատրոփ ականջ են դընում,
Նայում են ներքև․․․ ձեն չի գալիս դեռ.
Դեբեդն է մենակ անդընդում՝ հուզված՝
Խըլաձայն ողբում սողում դեպի ցած:
XXIV
Ու մարդասպանը դուրս եկավ ձորից,
Դեմքը այլայլված, քայլվածքը մոլոր.
Սարսափ է կաթում արնոտ աչքերից,
Եվ կերպարանքը փոխված է բոլոր:
Առանց նայելու մարդկանց երեսին,
Առանց խոսելու, սևակնած, դաժան,
Մոտեցավ սրահին, կախ տըվավ սընին
Սև հըրացանը՝ սև օձի նըման:
Պապանձվեց նույնպես ամբոխը մեխված,
Ոչ ոք ծըպտալ չի համարձակվում,
Մենակ մի հոգի անզուսպ կատաղած՝
Հարա՜յ է կանչում, երեսը պոկում:
Մեռած չոբանի պառավ նանն է նա՝
Ցավից խելագար բառաչում, լալիս.
Տարաբա՜խտ ծընող, վազում է ահա,
Ձորիցն է տըխուր գոռոցը գալիս:
XXV
Սըգավոր կանայք նըրա ետևից
Հարա՜յ կանչելով ձորը վազեցին,
Իրենց կորցրածն էլ հիշելով նորից՝
Դիակի շուրջը կարգով շարվեցին:
Իգիթին վայել սըրտառուչ ողբով
Լաց ու կոծ արին ձեն ձենի տըված.
Տըղեքն էլ մըթին, լուռ ու գըլխակոր,
Մընացին մոտիկ քարերին նըստած:
Ողբացին անշունչ դիակի վըրա՝
Անտեր մընացած ոչխարի մասին,
Անսիրտ անեծքով հիշեցին նըրա
Անճար մընացած խեղճ յարի մասին.
Եվ նըրա մասին, որ ընկերները
Հանդը գընալիս Սարո կըկանչեն:
Ծանըր չոմբախը, գըլուխը մեխած,
Օճորքում դըրած պիտի մըրոտի,
Երկար խանչալը, պատիցը կախած,
Պատենում մընա ու ժանգը պատի․․․
Որ հով սարերի սովորած նանը
Էլ սար չի գընա առանց Սարոյի:
Սև շորեր հագած կընըստի տանը,
Անցած օրերը միտը կըբերի:
Եվ ամեն մի խոսք, մի հիշողություն
Կըտրատում էին սիրտը խեղճ նանի,
Եվ աղաչում էր նա մեռած որդուն՝
Մի անգամ խոսի, աչքը բաց անի:
Ընչի՞ չես խոսում, ընչի՞ չես նայում,
Իմ օր ու արև, կյանք ու ջան ՝արդի,
Դու իմ գերեզմանն ընչի՞ ես խըլում,
Թըշնամի՛ որդի, դավաճա՛ն որդի․․․
Բայց չէին բացվում աչքերը փակված,
Շուրթերը սառել չորացել էին.
Նըրանց արանքից ատամները բաց՝
Սպիտակ շարքերով երևում էին:
Ու նա կատաղած՝ հանդուգն անեծքով
Ծառս եղավ դուշման երկընքի դիմաց,
Եվ հայհոյում էր, և կուրծքը ծեծում,
Եվ լալիս էին ձեն ձենի տըված․․․
Կարմիր արևից ընկած , Սարո ջա՜ն,
Կանաչ տերևից ընկած , Սարո ջա՜ն․․․
Արևս հանգավ Սարո ջա՜ն,
Գիշերս ընկավ Սարո ջա՜ն․․․
Գիշերը իջավ, թանձրացավ մութը,
Եվ նըվաղեցին ձեները տըրտում,
Հոգնեցի՜ն, հանգա՜ն․․․ Ծերուկ Դեբեդը
Սըգում էր մենակ խավար անդընդում:
Սըգվոր գետը՝
Ծեր Դեբեդը,
Սիրտը քըրքըրած,
Ջուրը փըրփըրած,
Քարոտ ափին,
Լեռ քարափին,
Դեռ ծեծում է,
Հեծեծում է․․․
XXVI
Եվ մի քանի ընկեր-տըղեք
Ձորում, գետի եզերքին,
Փոս փորեցին ու սըրտաբեկ
Հողին տըվին հովվի դին:
Ծառ ու ծաղիկ՝ սըվսըվալով
Բյուր խընկեցին դյուրեկան,
Ծեր Դև-բեդն էլ ահեղ ձենով
Երգեց վըսեմ շարական:
Ու տըղերքը տըխուր ու լուռ
Վերադարձան դեպի տուն ,
Ձորում թողած մի սև բլուր,
Մի գերեզման անանուն:
XXVII
Գարունը եկավ, հավքերը եկան,
Սարեր ու ձորեր ծաղիկներ հագան.
Մի աղջիկ ելավ, մի մենակ քաղվոր,
Գետի եզերքին շըրջում էր մոլոր,
Շըրջում էր մոլոր, խընդում ու լալիս,
Երգեր է ասում ու ման է գալիս:
-Սիրուն աղջի՛կ, ի՞նչ ես լալիս
Էդպես մենակ ու մոլոր,
Ի՞նչ ես լալիս ու ման գալիս
էն ձորերում անեմ օր:
Թե լալիս ես՝ վարդ ես ուզում՝
Մայիս կըգա, մի քիչ կաց,
Թե լալիս ես՝ յարդ ես ուզում ՝
Ա՜խ, նա գընա՜ց,նա գընա՜վ․․․
Արտասվելով, լալով էդպես
Ես չեմ դարձնի էլ գերիդ,
Ի՞նչու իզուր հանգցընում ես
Ջահել կըրակն աչքերիդ:
Նըրա անբախտ շիրիմի վըրա
Պաղ ջուր ածա աղբյուրի,
Դու էլ գընա նոր սեր արա,
Էդպես է կարգն աշխարհի:
Շնորհակալ եմ, անցվոր ախպե՛ր,
Աստված պահի քու յարին.
Ճամփիդ վերջում կանգնած է դեռ
Անուշ ծիծաղն աչքերին․․․
Ուրախ սըրտով դուք ձեր սերը
Վայելեցեք անթառամ,
Ինձ արցուն է տըվել տերը,
Ես պիտի լամ, պիտի լամ․․․
Ու ման է գալիս
Երգում ու լալիս:
Երգերը անկապ, երգերը տըխուր,
Արցունքի նըման հոսում են իզուր.
Բայց լալիս է նա ու երգեր ասում,
Ու միշտ են անմիտ տըրտունջն է խոսում,
Թե ինչպես հանկարծ աշխաքը փոխվեց,
Ինչպես դատարկվեց կյանքում ամեն բան,
Սարերը մընացին որբ ու անչոբան,
Թե ի՛նչպես հանկարծ նա գընաց հեռու,
Էլ չի՜ դառնալու, էլ չի՜ դառնալու․․․
-Ե՛տ դառ, ե՛տ, իգի՛թ,
Ե՛տ դառ, անիրա՛վ,
Կարոտած յարիդ
Աչքը ջուր դառավ:
Ոչխարդ էն սարով
Շուռ տուր, տու՜ն արի,
Ճախի՛ր գիշե՛րով
Ու թաքուն արի․․․
Ա՛խ էն կանանչ սարի լանջին
Ո՞վ է քընած էն տըղեն,
Վըրեն քաշած սև յափնջին.
Կուռը հանած էն տըղեն․․․
Ջա՜ն, իմ յարն է, ջանի՛ն մեռնեմ,
Ծաղկի հոտով նա հարբել,
Սարի լանջին, հովի միջին
Մուշ-մու՜շ, անուշ մըրափել:
Վե՛կաց, վե՛ր, իգի՛թ,
Վե՛կաց, վե՛ր, անիրա՛վ,
Ոչխարըդ բեր կիթ,
Օրը ճաշ դառավ․․․
Արի՜, ջա՛ն, արի՜,
Քու գալուն մեռնեմ,
Թուխ չոբան, արի՜,
Կարոտըս առնեմ:
Տեսե՛ք, տեսե՛ք, դափ ու զուռնով
Ի՞նչ հարսնիք է դուրս գալի,
Մարդիկ ուրախ, թոն ու ձյունով
Ձի են խաղում, չափ տալի․․․
Աղջի՛, աղջի՛, մըտիկ արեք,
Էս ի՞նչ տեսիլք ես տեսե.
Ո՞վ է տեսել էդպես հարսնիք․․․
Ո՛չ հարս ունեն, ո՛չ փեսա․․․
Բերում են հըրեն,
Ամա՜ն, մեր տան դեմ․․․
Վե՛ր դըրեք, վըրեն
Հյուսերըս քանդեմ․․․
Ես է՜լ եմ գալիս,
Էդ ու՞ր եք տանում․․․
Ինձ էլ թաղեցեք
Իր գերեզմանում․․․
Ա՜խ, չէ՜, ամա՛ն, ասում են դա
Մի դիակ է լու՜ռ, հոտած,
Արյունը չոր դեմքի վըրա.
Աչքերն անթա՜րթ, սպիտակած:
Նա սիրուն էր անուշահոտ,
Աչքերը լի ծիծաղով,
Նա գալիս է ցողոտ, շաղոտ,
Հանաքներով ու խաղով․․․
Արի՜, ջա՛ն իգիթ,
Արի՜, անիրա՛վ,
Կարոտած յարիդ
Աչքը ջուր դառավ:
Էլ մի՛ ուշացնի,
Ես շատ եմ կացել․․․
Էլ մի՛ լացացնի,
Ես շատ եմ լացել․․․
Տե՛ս կըխռովե՜մ,
Լաց կըլեմ ես է՜լ․․․
Չեմ խոսիլ քեզ հետ․․․
Չեմ սիրիլ քեզ է՜լ․․․
XXVIII
Անլըռելի վըշվըշում է
Պըղտոր ջուրը Դեբեդի,
Նըրա ափին կանաչում է
Մենակ շրիրմն իգիթի:
Նըրա շուրջը հեգ սիրուհին
Թընդացնում է ողբ ու լաց,
Ձեն է տալիս իր Սարոյին
Ու պըպըտվում մոլորված:
Ու հոսում է գիշեր ցերեկ
Արցունքն անբախտ աղջկա,
Բայց իր սիրած տըղան երբեք
Չըկա՜, չըկա՜ ու չըկա․․․
Վըշվըշում է գետը - վու՜շ, վու՜շ,
Ու հորձանք է տալիս հորդ,
Ու կանչում է «Արի՜, Անուշ,
Արի՜, տանեմ յարիդ մոտ․․․»
Անու՜շ, ա՛յ աղջի, Անու՜շ, տու՜ն արի՜
Կանչում է մերը , վերևից կանչու՜մ.
Լու՜ռ են ձորերը, լու՜ռ են ահռելի,
Դուշման Դեբեդն է մենակ մըռընչում:
Վուշ - վու՜շ, Անու՜շ, վուշ - վու՜շ, քույրի՜կ.
Վու՜շ քու սերին , քու յարին․․․
Վուշ - վու՜շ, Սարո՜, վուշ - վու՜շ, իգի՜թ.
Վու՜շ քու սիրած սարերին․․․
XXIX
Համբարձման գիշեր, էն դյութիչ գիշեր,
Կա հըրաշալի, երջանիկ վայրկյան.
Բացվում են ոսկի երկընքի դըռներ,
Ներքև պապանձվում, լըռում ամեմ բան,
Ու աստվծային անհաս խորհըրդով
Լցվում բովանդակ Նըրա սուրբ գըթով:
Էն վեհ վայրկենին չըքնաղ գերի՝
Երկընքի անհու՜ն, հեռու խորքերից,
Անմուրազ մեռած սիրահարների
Աստղերը թըռած իրար են գալիս
Գալի՜ս՝ կարոտով մի հեղ համբուրվում
Աշխարհքից հեռու՜, լազուր կամարում:


Բարի գալուստ ARMhistory.ru
 
Ֆորում » Գրականություն » Հովհաննես Թումանյան » Անուշ
  • Страница 1 из 1
  • 1
Поиск:

Current Position
Новости Карабаха
Армянский исторический портал
KillDim.com