armhistory | Ժամանակ: Չորեքշաբթի, 27.04.2011, 22:01 | Հաղորդագրություն # 1 |
Գեներալիսիմուս
Խումբ: Ադմինիստրատորներ
Նամակներ: 360
Պարգևներ: 3
Հեղինակություն: 14
Ստատւոս: Օֆֆլայն
| Իսկ դուք լսե՞լ եք՝ Ինչպես է երգում քամին նեղ ձորում, Մեղրի կաթիլը ինչպես է ծորում, Ինչպես է խոտը կրծում ճագարը, Ինչպես է լիզում հորթն աղաքարը, Ինչպես է երգում կաքավն իր «կղա»-ն, Ինչպես է երգում խաղացող տղան... _________________________________ Լինես, մնաս ամենքի հետ, Նրանց կամքին հպատակվես, «Ես»-դ խառնես մեծ «ՄԵՆՔ»-ի հետ, Նրանց ցավով լուռ տապակվես: _________________________________ ............Հողն ավելի լավ ես զգում Այն ժամանակ, Երբ նա հանկարծ տատանվում է Քո ոտքի տակ... _________________________________ ............Թե արդուկելն անխուսափ է՝ Ահա շո՛րը - սի՜րտ մի հանձնեք տաք արդուկին........... _________________________________ Խելո՞ք լինենք: Սակայն եթե փոքր խելքը շատ մեծ բեռ է, Մեծն էլ շա՜տ է վտանգավոր, Բա՜, սիրելի՛ս... _________________________________ Եթե հարգել՝ Այնպե՛ս հարգել, որ քծնանքի չվերածվի: Եթե փրկել՝ Այնպե՛ս փրկել, որ փրկվածը երախտիքի խոսքեր չասի: Ու թե պառկել՝ Այնպե՛ս պառկել, որ խափանվի տանկի՛ ճամփան, ոչ թե հրշեջ մեքենայի: _________________________________ Ինչի՞ց, տե՜ր աստված, ինչի՞ց է, ինչո՞ւ Որ ամենից շո՛ւտ և ամենից շա՛տ Իրեն՝ մարդու մեջ հենց մարդն է կորչում: _________________________________ Ամենա չկա՜: Վատ ու լավ կա լոկ: Ու եթե սեր է՝ Էլ ի՞նչ վատ, ինչպե՞ս, Ու եթե սեր է՝ Էլ ի՞նչ ամենա... _________________________________ Իմ Սո՛ւլ... Սուլամի՛... Իմ Սուլամի՜թա. Առանց քեզ ապրելն այնքան է հիմա Անհասկանալի ու տարօրինակ, Որքան սառույցի կամ ձյունի վրա Վառվող խարույկը Ու ես ապրում եմ` Այդպե՛ս վառվելով: _________________________________ Երբ կսկիծն է դառնում արդեն անտանելի, Ասում են, թե մոտենում է նրա վերջը. Զո՛ւր են ասում: Սո՛ւտ են ասում: Ճի՜շտ կասեին, Եթե իրո՛ք մենք անձնապես Ու մեն-մենակ սովորեինք Գիտությունը տառապանքի: Բայց մենք, կարծեմ, միասի՛ն ենք այդ սովորում Մի վիթխարի լսարանում, Որտեղ... սերն է դասախոսում... մնջախաղով` Խուլ-համրերի համար կարծես: _________________________________ Հավաստիացման խոսք նա է ասում, Ով ուզում է, որ հավատան իրեն։ Իսկ ես միտք չունեմ հավատացնելու... _________________________________ Աչքերըս` Ծրարված հիացում, Եվ դու ես հասցեատերը: _________________________________ Խոսքերըս` Մեռած լեզվի մի Վիմագիր: Դո՛ւ պիտի վերծանես: _________________________________ ...Ես ուզում եմ քեզ գրել երկու տող։ ՈՒ չե՛մ գրում ես քեզ, ՈՒ չե՛մ ասում ես քեզ, Որ դու իմ կյանքի մեջ այնպես էիր հաշվված, Ինչպես սուղ էջերը մի շատ փոքրիկ գրքի։ Ու ես ինչպե՞ս հիմա պոկեմ ու տամ քամուն, Ինչպե՞ս պոկեմ, ասա՜. որ գեթ կապվի մի կերպ Քեզ նախորդած էջի եվ հաջորդող էջի Ա՛յն իմաստը, որ ես հասկանալ եմ ջանում... _________________________________ ...Հազար տեսակ պատկերի հետ Հազար տեսակ լռություններ կան աշխարհում: Իմն ամենից ահավորն է, Որովհետեւ լցված է նա միշտ քեզանով: Ու ես ինքս, որ մարդ էի, Քո պատճառով կարծես հիմա Նկարազարդ գիրք եմ դարձել.... _________________________________ ...Հիշեցի նաև այն խոսքը հայտնի, Որ եթե մեկից կոչվես մեծամիտ Եվ կամ անհեթեթ, Եվ կամ խելագար, Դու հակառակը չե՜ս ապացուցի՝ Որքա՛ն էլ ջանաս... _________________________________ Ճառագայթային այս հիվանդությամբ տանջվում են նրա՛նք, Լոկ նրա՛նք, Ովքեր մենակության մեջ Միանգամից են ողջ մարդկության հետ նստում զրույցի. _________________________________ 0 Սուլամի՜թա, բա՛ց արա դուռըդ: Ես քեզ չե՛մ փնտրել, քեզ չե՛մ որոնել, Չե՛մ էլ հարցըրել ես պահակներից Քո` Իմ չունեցած-չիմացած հասցեն: Ես ճամփորդի պես, Ու մոլորվածի, Հասել եմ դուռըդ, Որ և բախում է իմ ձեռքը դրսից, Քո սիրտը՝ ներսից: Ընդունիր հյուրիդ, Որ կդառնա տե՛ր, Բայց նաև՝ ծառա՜...
Բարի գալուստ ARMhistory.ru
|
|
| |