Ախր ես ինչպես վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպես ուրիշ տեղ մնամ: Ախր ուրիշ տեղ հայրեններ չկան,
Ախր ուրիշ տեղ հորովել չկա,
Ախր ուրիշ տեղ սեփական մոխրում
Սեփական հոգին խորովել չկա,
Ախր ուրիշ տեղ
Սեփական բախտից խռովել չկա:
Ախր ես ինչպես վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպես ուրիշ տեղ մնամ:
Ախր ուրիշ տեղ
Հողի մեջ այսքան օրհնություն չկա,
Այսքան վաստակած հոգնություն չկա:
Ախր ուրիշ տեղ ձյունի մեջ՝ արև,
Եվ արևի մեջ այսքան ձյուն չկա:
Ախր ուրիշ տեղ տեղահան եղած,
Եկած ուսերով Արագած սարի
Ուսերին հենված Սասնա տուն չկա:
Ախր ուրիշ տեղ
Ամեն մի քարից, առվից,ակոսից
Իմ աչքերով իմ աչքերին նայող
Մանկություն չկա
Ախր ես ինչպես վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպես ուրիշ տեղ մնամ,
Ախր ես ինչպես ապրեմ առանց ինձ:
Добавлено (20.02.2011, 21:36)
---------------------------------------------
Մեսրոպ Մաշտոցն ասաց՝ որդիս,
Էլ ինչո՞վ ես հույսը բերդիս,-
Էլ հայրենիք ինչո՞ւ եկար,
Թե պիտ խոսես օտար լեզվով,
Խմես հայոց գինին նեկտար,
Կենաց կանչես օտար լեզվով,
Քաղես հայոց վարդերն ու հեզ
Աղջիկ կանչես օտար լեզվով:
Իրավ քանի լեզու գիտես՝
Այնքան մարդ ես՝ իրավն ասին,
Բայց, որ քո հայ լեզուն չունես,
Էլ ի՞նչ հույս ես քո Մասիսին,
Որ թողել ես քո մայրենին՝
Հարամ է քեզ հայոց գինին,
Հարամ է քեզ աղջիկն հայոց,
Հայոց սիրտը, Մասիսն հայոց:
Մայր հայրենիքն էլ ի՞նչ սրտով
Քո ոտքերն էլ գրկե վարդով...
... Ա՜խ, չէ, Մասիսն հալալ է քեզ,
Հայոց վշտում դու մեղք չունես,
Հալալ է քեզ հողն հայրենի,
Թող քեզ ջուրն էլ դառնա գինի:
Քանզի հայոց վայ սփյուռքում
Պանդխտությունն է դեռ պոկում:
Հայի բերանից հայոց լեզուն,
Օտարն հայոց մահն է ուզում...
Բայց նա է հայ, ով հովազի
Արնախում երախումն էլ
Իր մայրենի լեզվով խոսի,
Մոր կաթի հետ ծծած լեզվով,
Որ հայ գետը ծով ծնի, ծով,-
Ժխորում էլ Բաբելոնի
Խոսի լեզվով իր մայրենի
Հայոց լեզվով, որ միշտ ջահել,
Մեզ բյուր դարեր հայ է պահել:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ
Добавлено (20.02.2011, 21:38)
---------------------------------------------
Մայրենի լեզուն ինչպե՞ս կարկաչի,
Երբ որ չխոսես քո հայոց լեզվով,
Երբ աղբյուրի պես՝ ծովերում կորչի,
Էլ ո՞վ քեզ կտա Մասիսդ, էլ ո՞վ:
Դուք հայոց ազգի հավերժն եք թաղում,
Ձեր օրվա կյանքում՝ գրկում օտարի,
Ահա թե, հայեր, ինչո՞ւ չի շողում
Մասիսի ձյունը՝ թագս վիթխարի:
Իմ պանդուխտ ջրեր, զուր եք շտապում,
Դարձեք, տուն վազեք, մեր մուրազ ջրեր,
Ինչո՞ւ եք օտար կնոջ գիրկ թափում
Հայ կույսի բաժին կյանքն ու գանձը ձեր:
Ինչո՞ւ Կանադա, ի՞նչ Ամերիկա,
Երբ թեկուզ մի բուռ Հայաստանը կա,
Տուն աղավնացեք, Նոյի ագռավներ,
Կկորչեք, որպես գայլախեղդ գառներ...
Մեր ամենօրյա կռվի՞ց եք փախչում՝
Սուրբ Ավարայրից մեր ամենօրյա,
Ինչից խռով եք՝ ինձ էլ է տանջում,
Գեթ Արարատից խռով միք մնա:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ
Добавлено (20.02.2011, 21:40)
---------------------------------------------
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶԻՆ
Քեզ անվանեմ ես Մասիս սար,
Թե՞ կապուտակ Սևանա լիճ,
Մեր հույսերին դու հավասար,
Արարատյան սրբազան հող:
Քեզ անվանեմ հրաշք Գառնի,
Գեղարդ, Այրիվանք, Հաղարծին,
Թե՞ անվանեմ Մայր Հայաստան,
Երևանով իր նորածին:
Քառագագաթ պերճ Արագած,
Դրախտի դուռ, սիրտդ` մատուռ,
Թե՞ անվանեմ քերթողահայր,
Մեր երգերի սրտամրմուռ:
Եվ ավելի լավ կլինի,
Որ դու դառնաս ճիչը մանկան,
Քանզի նրա սրտում դեռ կա`
Հավատ դեպի հայրենի տան:
Добавлено (20.02.2011, 21:41)
---------------------------------------------
ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴԱՇՏՈՒՄ ԶՈՀՎԱԾՆԵՐԻՆ
Սիրելի իմ, հարազատ իմ, ընկեր իմ,
Որ հանգչում ես այժմ անհայտ մի խորշում,
Ջահել ստրով, անկնճիռ ու անխորշում,
Դու իղձերիս, ապրումներիս մտերիմ:
Ես - եղբայրդ՝ տվայտանքով քո հոգու,
Ես - ընկերդ՝ սրտիդ զարկով բաբախող,
Հարազատըդ փարված կրծքիդ սրախող,
Մի վառ հույսով խոր վերքերդ եմ ամոքում:
Գուցե վաղը ես էլ թաղվեմ մի խորշում
Կույր ու դաժան մի գնդակով՝ բութ արճիճ,
Թաղեմ ճակատն իմ անկնճիռ, անխորշում:
Ու թող մեռնենք, եղբայր, սիրով ու անճիչ,
Վառ հավատով, որ սերունդները անցավ,-
Կկերտեն մեզ փառքի անմահ հուշարձան...
ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ
Добавлено (20.02.2011, 21:41)
---------------------------------------------
Հայերեն
Ինչու՞ չես խոսում հայերեն...
Ես երգ եմ հյուսում քեզ համար,
Հոնքերդ հպարտ ու կամար՝
Իջնում ես հայոց լեռներեն:
Ինչու՞ չես խոսում հայերեն:
Ես երգ եմ հյուսում քեզ համար,
Դու չես հասկանում իմ լեզուն:
Ես խորթ եմ, օտար քո հոգուն,
Բայց քո տեսիլով խանդավառ,
Ես երգ եմ հյուսում քեզ համար:
Հոնքերդ հպարտ ու կամար
Հանց վեհ տաճարները հայոց
Հայացքդ մաղում է ամառ.
Հայքից են աչքերը քո բոց,
Հոնքերդ հպարտ ու կամար...
Իջնում ես հայոց լեռներեն
Ինչպես թեթևոտ մեր պախրան,
Նայացքդ այնպես նաիրյան
Հմայքդ այնպես հայերեն՝
Իջնում ես հայոց լեռներեն:
Ինչու՞ չես խոսում հայերեն:
Նորքից ես թռել դու իմ լոր,
Զնգուն է երգել քեզ օրոր,
Մասիսն է հսկել վեհորեն:
Ինչու՞ չես խոսում հայերեն:
Նաիրի Զարյան
Добавлено (20.02.2011, 21:42)
---------------------------------------------
Հայաստանին
Հազար ու մի վերք ես տեսել, - էլի´ կը տեսնես,
Հազար խալխի ձեռք ես տեսել, - էլի´ կը տեսնես:
Աշնան քաղած արտի նման՝ Հազար զոհերի
Չհավաքված բերք ես տեսել, - էլի´ կը տեսնես:
Գլուխդ չոր քամուն տված պանդուխտի նման,
Հազար տարվա հեք ես տեսել, - էլի´ կը տեսնես:
նարեկացի, Շնորհալի, Նաղաշ Հովնաթան,
Ինչքա՜ն հանճար, խելք ես տեսել, - էլի´ կը տեսնես:
Քո Չարենցին լեզու տվող երկիր Հայաստան,
Հազար ու մի երգ ես տեսել, - էլի´ կը տեսնես:
ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ
Добавлено (20.02.2011, 21:43)
---------------------------------------------
Պարե՜ց Սասունն, ու ողջ աշխարհը հիացա՜վ,
Պարե՜ց Սասունն, ու ողջ աշխարհը հասկացա՛վ,
Որ պա՛ր չէ սա, այլ՝ մի երկրի հի՜ն պատմություն,
Ուր պարտությո՜ւնն անգամ ունի հպարտությո՛ւն,
Եվ չի՜ հաղթի ոչինչ այն քա՜ջ ժողովրդին,
Որ այս ջանքո՛վ
Ու այս կամքո՛վ
Պարե՜լ գիտի...
Հասկացա՛ն ու ասին ի լուր ողջ աշխարհի,
-Հալա՜լ է քեզ,
Սասո՛ւն, պարի՜...
Պարի՜,
Դու դեռ երա՜զ ունես կատարելու,
Վրե՜ժ ունես պատմությունից դեռ հանելու.
Պարի՜,
Գազպան դեռ քո ձեռքի՜ն է կարոտում,
Սասնա հողը վար ու հերկի՜ է կարոտում.
Պարի՜,
Մինչև ո՜ղջ հայերին դու ամբարե՛ս,
Եվ այս պարը
ՄԱՍԻՍ ԼԵՌԱՆ ԼԱՆՋԻ՜Ն ՊԱՐԵՍ
Добавлено (20.02.2011, 21:45)
---------------------------------------------
ԻՄ ՄԵԾ ՀԱՅՐԵՆԻՔ
Իմ փոքրիկ երկիր, իմ Մեծ Հայրենիք,
Դու հայի համար ավետյաց երկիր:
Բերդըդ պաշարված, երկինքդ երթիկ
Մեր հույսի, սիրո,սաղմոսված երգի:
Իմ փոքրիկ երկիր, իմ Մեծ Հայրենիք,
Տարագիրների հանգրվան երկի'ր,
Հզոր թևերդ տարածիր երկինք
Մեր հավերժության գովերգը երգիր:
Իմ փոքրիկ երկիր, իմ Մեծ Հայրենիք,
Իմ հերկված, երգված, իմ լքված երկիր,
Մեր հույսը՝ ներկա, մեր իղձը՝ գալիք
Անթեղված մոխրի կայծերից երկնիր:
Добавлено (21.02.2011, 15:55)
---------------------------------------------
ՄԵՐ ԱՅԲՈՒԲԵՆԸ
Այբուբեն չէ սա`
Բերդ է անմատույց,
Գանձ է աննվաճ:
Դուռ է փրկության,
Ելք, երբ հույս չկա,
Զարթոնքի նվագ:
Էությունն է մեր,
Ընթացքն ու ուղին,
Թագ ու զորավար:
Ժողովող մի կանչ,
Իմաստուն խորհուրդ,
Լինելու հնար:
Խունկը խորանի,
Ծնողը բանի,
Կնիքն ինքնության:
Հացն հանապազօր հայի սեղանի,
Ձիրքերի հնձան:
Ղողանջը երգի, ղեկը ընթացքի,
Ճեմարան ճառի,
Մարզարան մտքի, մատյան հավատքի,
Յուղ անմար ջահի:
Նախահիմքն է մեր,
Շողը մեր հույսի,
Ոգին մեր ճարտար.
Չինարին այգու,
Պարիսպը մեր տան,
Ջրաղացն արդար:
Ռումբն է մեր ռազմի,
ռունգը բնազդի,
ռահվիրան կյանքի,
Սերն ու սիրտն է մեր,
սերմը` միշտ ծլող,
Վեմ ու վիմագիր:
Տունը` ցամաքում,
տապանը` ջրում,
Րոպեն` սլացքում,
Ցորյանը` արտում,
Ուղին` անհայտում,
Փառքը` սխրանքում:
Քիստն ու քաղն է մեր,
քանքար ու քնար,
քարավան ու ափ,
Եվ
Օջախն անմար,
օժիտն անհայտնում
Ֆե-ից մինչև Այբ:
Добавлено (21.02.2011, 15:56)
---------------------------------------------
Հայրենիքս թողած հեովում
Ես քայլում եմ մոլորված.
Հողն ու օդը չեն ջերմացնում
Օտար են ինձ ամեն անձ...
Քայլում եմ ես մայթով մոլոր
Հանդիպռւմ եմ շատերին
Օտարներ են շուրջս բոլոր
Չեմ ճանաչում ոչ մեկին...
ՈՒր էր մեկը ԲԱՐԵՎ ասեր
Կամ բաժանվեր ՀԱՋՈՂ-ով
ՈՒր էր մեկը ՀԱՅ ԵՍ հարցներ
ՈՒ համբուրվեր կարոտով...
Գոնե հեովում թեկուզ անհաս
ՄԱՍԻՍ ՍԱՐԸ երեվար
Ոչ թե ամպին հեովում տեսած
Որդիս ասեր ՄԱՍԻՍ ՍԱՐ...
Քայլում եմ ես տխռւր մոլոր
ՈՒ խորհում եմ կարոտած
-Ախր սա էլ հայրենիքն է
ՈՒրիշ մեկի փափագած
Добавлено (21.02.2011, 15:59)
---------------------------------------------
Եռաբլուր պանթեոնի մառախլապատ, թեք լանջին
Իր հանգիստն է գտել հավերժ՝ աճյունն անմահ հերոսի,
Էն հերոսի, որ նվիրեց իրեն կյանքը նորահաս,
Որ հայրենի հողը ապրի խաղաղ, ազատ ու անկախ...
Քաջի մահով հերոսն ընկավ ռազմի դաշտում արյունոտ,
Հոգի առած թեթեւասահ թռավ դեպ վեր՝ Նրա մոտ,
Բայց ենտեղից ել հսկում է իր օրրանին սրբազան,
Որ էնտեղ էլ ոտք չկոխի վայրի ոսոխը գազան....
Ո՛վ անձնվեր դու քաջ հերոս՝ հայրենիքի նվիրյալ,
Թո՛ղ քո հոգին գտնի հավերժ իրեն հանգիստը խաղաղ,
Դու վայելի՛ր քո վաստակած անհոգ կյանքը երկնքի,
Հայրենիքդ պաշտպանում են քաջերը նոր սերնդի...
Է՛ս է եղել միշտ անփոփոխ ճամփեն Հայոց պատմության,
Է՛ս է ազատ անկախ կյանքի ուղին համայն հայության,
Իրեն փառքի հերոսական ճամփեն անցած սերնդին
Նոր սերունդն է փոխարինել՝ նոր ուժերով տակավին...
Արցախի ազատամարտում ընկած հայորդիների հիշատակին
Добавлено (21.02.2011, 16:02)
---------------------------------------------
Ես հասկացա, թե Արցախում
Ինչն է մարդուն հպարտ պահում,
Պահում ոգին ամպերից վեր,
Ուր ձուլված են հավատ ու սեր:
Ես հասկացա, թե Արցախում
Ինչն է մարդուն հերոսացնում,
Որ շղթայված փոքրիկ հողում
Ազատության երգն է ճախրում:
Ես հասկացա, թե Արցախում
Ինչն է մարդուն միշտ մարդ պահում
Եվ ինչպես է, որ արցախցին
Հույսը լոկ իր հետ է կապում:
Ես հասկացա...
Երբ ինձ ժպտաց Մռավ սարը,
Անուշ կանչեց գետը Թարթառ,
Աղոթք դարձած Գանձասարը: