Www.ARMhistory.do.am
Բարև Հյուր!
Դուք կարող եք:
Մուտք գործել Կամ Գրանցվել
[ Նոր նամակներ · Մասնակիցներ · Կանոններ · Փնտրել · RSS
  • Страница 1 из 1
  • 1
Ֆորում » Գրականություն » Հովհաննես Թումանյան » Ձախորդ Փանոսը
Ձախորդ Փանոսը
armhistoryԺամանակ: Կիրակի, 09.01.2011, 01:47 | Հաղորդագրություն # 1
Գեներալիսիմուս
Խումբ: Ադմինիստրատորներ
Նամակներ: 360
Պարգևներ: 3
Հեղինակություն: 14
Ստատւոս: Օֆֆլայն
Ժամանակով մի աղքատ մարդ է լինում, անունը Փանոս: Ինքը մի բարի մարդ է լինում, բայց ինչ գործ որ բռնում է` ձախ է գնում: Դրա համար էլ անունը դնում են Ձախորդ Փանոս: Ունեցած-չունեցածը մի լուծ եզն է լինում, մի սել ու մի կացին: Մի օր եզները սելում լծում է, կացինը առնում գնում անտառը փետի: Անտառում էս Փանոսը միտք է անում, թե` մի բան որ ծառը կտրելուց ետը մին էլ նեղություն պետք է քաշեմ` ահագին գերանը գետնից բարձրացնեմ գցեմ սելի մեջը, ավելի լավ է` հենց սելը լծած բերեմ ծառի տակին կանգնացնեմ, որ ծառը կտրեմ թե չէ, ընկնի մեջը: Ասածն արած է: Եզներով սելը բերում է մի մեծ ծառի ներքև կանգնեցնում, ինքը անցնում վերի կողմը, կացինը քաշում – թրը՜խկ, հա թրը՜խկ: Շատ է քաշում, թե քիչ, էդ էլ ինքը կիմանա, ծառը ճռճռալով գալիս է զարկում, տակովն անում, սելը ջարդում, եզներն էլ հետը: Փանոսը մնում է ապշած կանգնած: Ի±նչ պետք է անի: Կացինը վերցնում է ու ծոծրակը քորելով չամփա է ընկնում դեպի տուն: Ճամփին մի լճի ափով անց կենալիս է լինում: Տեսնում է մեջը վայրի բադեր են լողում: Ասում է` գլուխը քարը, չեղավ չեղավ, արի գոնե մի բադ սպանեմ, տանեմ տամ կնկանս: Ասում է ու կացինը պտտում, շպրտում դեպի բադերը, որ մինն սպանի. բադերը ճղճղալով ցրվում են, փախչում, որը եղեգնուտն է մտնում, որը թռչում գնում, կացինն էլ ընկնում է լճի խոր տեղը: Ի±նչ անի, ի±նչ չանի: Շորերը հանում է դնում լճի ափին, ինքը մտնում մեջը, որ կացինը հանի: Գնում է, գնում. քանի առաջ է գնում, ջուրն էնքան խորանում է, տեսնում է կարող է խեղդվել, ետ է դառնում, դուրս գալի: Դու մի՜ ասիլ` Փանոսը որ լիճն է մտնում ու խորը գնում` էդ ժամանակ լճափով մի անցկենող է լինում, տեսնում է էստեղ թափած շորեր կան, եղեգնուտի մեջ խորը գնացած Փանոսին էլ չի նկատում, էս շորերը հաբաքում է, առնում գնում: Փանոսը լճից դուրս է գալի, տեսնում շոր չըկա: Մնում է տկլոր կանգնած: Միտք է անում. ՙԻ¯նչ անեմ, տեր աստված, էսպես տկլոր ո¯ւր գնամ՚: Սպասում է մինչև մութն ընկնի: Մթան հետ վեր է կենում գնում գյուղը: Որ գյուղին մոտենում է, ասում է` էսպես տկլոր որ գնամ մեր տունը – տանըցիք ի±նչ կասեն: Արի գնամ ախպորիցս շոր առնեմ հագնեմ` էնպես գնամ կնկանս մոտ: Ճամփեն ծռում է դեպի ախպոր տունը: Դո՜ւ մի ասիլ` էդ գիշեր էլ ախպոր մոտ մեծարք կա, քեֆի էլ էն տաք ժամանակն է: Դուռը ծերպ է անում, տեսնի ով կա, ով չկա. հյուրերից մինը կարծում է, թե շունն է, ձեռի կրծած ոսկորը շպրտում է դեպի դուռը, ոսկորը դիպչում է աչքին, աչքը հանում: Փանոսը ցավից վայ-վայ անելով ետ է դառնում, շներն էս ձենի վրա վեր են կենում, տեսնում են, օհո՜, մթնումը հրես մի տկլոր օքմին, ու չորս կոսմից վրա են տալիս: Շների հաչոցի վրա մարդիկ դուրս են թափվում, տեսնում են` մի տկլոր մարդ փախած գնում է, շները ետևից: Առանց երկար ու բարակ մտածելու վճռում են, որ կա թե չկա` սա սատանա է: Բավական տեղ ղըչըրղու տալով, հայհոյելով, հարայ-հրոցով ընկնում են ետևից, հալածում, տանում գցում անտառները: Շներն էլ ետևիցը մի ճուռը պոկում են, ու էսպես տկլոր, աչքը հանած, կաղին տալով` խեղճ Փանոսը գնում է կորչում: Մյուս օրը գյուղում տարածվում է, թե հապա չեք ասիլ` ՙՓանոսը կորել է: Գնացել է անտառը փետի ու ետ չի եկել՚: Գեղահավան հավաքվում են գնում. գնում են անտառը ման գալի, սելն ու եզները գտնում են ծառի տակին ջարդված – ինքը չկա: Դես Փանոս, դեն Փանոս. հարց ու փորձով հագուստն էլ գտնում են մեկի մոտ: -Ա՜յ մարդ, էս հագուստը ո±րտեղից է ընկել քզ մոտ: -Թե` ախպեր, էս հագուստը էսպես մի լճի ափին վեր ածած էր, հավաքեցի բերի: Գնում են լճի չորս կողմը պտտում, կանչում` ՙՓանո¯ս, Փանո¯ս՚, Փանոսը չկա: Վճռում են, որ Փանոսը խեղդվել է: Գալիս են ժամ ու պատարագ են անում, քելեխը տալիս: Կնիկն էլ մի քիչ սուգ է անում, Փանոսին գովում, ափսոսում, հետո մի ուրիշ մարդ է ուզում, հետը պսակվում գնում:

Բարի գալուստ ARMhistory.ru
 
Ֆորում » Գրականություն » Հովհաննես Թումանյան » Ձախորդ Փանոսը
  • Страница 1 из 1
  • 1
Поиск:

Current Position
Новости Карабаха
Армянский исторический портал
KillDim.com