Կիլիկիայի հայոց թագավորությունում հայերից բացի ապրում էին նաև զգալի թվով հույներ, ասորիներ, հրեաներ, խաչակիրներ և արևմտաեվրոպացի առևտրականներ, որոնք ներքին հարցերում առաջնորդվում էին իրենց օրենքներով: Անհրաժեշտ էր այս բոլորը միավորել և ստեղծել միասնական օրենսդրություն: Այս խնդիրը հաջողությամբ լուծեց Հեթում Ա թագավորի եղբայր Սմբատ Սպարապետը: Նրա կազմած Դատաստանագիրքը միավորեց այս օրենքները և հարմարեցրեց Կիլիկիայի պայմաններին: Կիլիկյան Հայաստանում գոյություն ունեին Արքունի, Սսի արքեպիսկոպոսական, Ստորին կամ Փոքր, Եկեղեցական դատարաններ: Արքունի դատարանը քննում էր պետական կարևորագույն գործերը: Դրանց թվում էին իշխանների միջև, ծագած վեճերը, գահաժառանգության խնդիրները, պետական դավաճանությունը և այլն: Կարևոր տեղ էր զբաղեցնում Սսի արքեպիսկոպոսական դատարանը, որտեղ հիմնականում քննում էին բարձրաստիճան հոգևորականներին վերաբերող գործերը: Քրիստոնյաների և այլադավանների միջև առաջացած վեճերը նույնպես քննվում էին այստեղ: Ստորին կամ Փոքր դատարանները գտնվում էին քաղաքներում ու գավառներում և քննում էին տարաբնույթ հանցագործություններ: Քաղաքների օտարազգի բնակչությունը դատական խնդիրները լուծում էր իր դատաստանագրքերով: Եկեղեցական դատարանները Կիլիկյան Հայաստանում քննության էին առնում ամուսնա-ընտանեկան հարաբերությունների և մանր իրավախախտումների հետ կապված խնդիրներ:
|