Հին Հունաստանը (հունարեն՝ Αρχαία Ελλάδα) անտիկ պետություն էր, որը ընդգրկել է Էգեյան ծովն իր կղզիներով, թերակղզու հարավային մասը և Փոքր Ասիայի արևմտյան ափը։ Երկիրը բաժանվել է երեք գլխավոր մասի՝ հյուսիսային, միջին, որոնք կոչվել են Հելլադա, և հարավային, որ կոչվել է նաև Պելոպոնես։ Այս մասերից յուրաքանչյուրն իր հերթին ունեցել է իր աշխարհագրական ստորաբաժանումները։ Հյուսիսային Հունաստանը բաժանվել է երկու մասի, որոնցից մեկը կոչվել է Թեսալիա, մյուսը՝ Էպեյրոս։ Միջին Հունաստանը բաղկացած էր մի շարք շրջաններից, որոնց մեջ նշանավոր են եղել Ատտիկան և Բեովտիան, իսկ Հարավային Հունաստանը՝ մի քանի մասերից, որոնց մեջ նշանավոր են եղել Արգոլիսը, Լակոնիան (Սպարտա մայրաքաղաքով), Արկադիան և այլն։
Պատմական ակնարկ
Հունաստանի տարածքը բնակեցված է եղել դեռևս հին քարի դարի ժամանակաշրջանում: Բնակչությունը զբաղվել է պարզ հողագործությամբ և անասնապահությամբ, վարել նստակյաց կյանք: Բրոնզե գործիքների օգտագործումը նպաստել է արտադրողական ուժերի զարգացմանը: Զարգացել է գյուղատնտեսությունը, արհեստները, մշակույթը, շինարարությունը: Երկաթե դարը մեծ ազդեցություն ունեցավ տնտեսության, արհեստների զարգացման վրա: Լայն տարածում գտավ ստրկատիրական աշխատանքի շահագործումը:
Մշակույթը
Զարգացման վաղ փուլերում հին հունական դիցաբանական կերպարները հրեշակերպ էին և տգեղ, այսինքն՝ դիցաբանությանը հատուկ էր քթոնականությունը։ Աստիճանաբար ձևավորվում է օլիմպոսյան դիցաբանությունը, որն առավելապես զարգանում է մ.թ.ա. 2-րդ հազարամյակում։ Աստվածներից յուրաքանչյուրը օժտված է խիստ որոշակի ֆունկցիաներով և ենթարկվում է գլխավոր աստծուն։ Օլիմպոսյան դիցաբանությանը հատուկ է խիստ արտահայտված մարդակերպությունը։ Երևան են գալիս նաև հերոսների մասին առասպելները։ Հետագայում աստվածները զրկվում են մարդակերպ որակներից և պատկերվում են ավելի վերացական։ Դիցաբանության զարգացմանը զուգընթաց ձևավորվում է հունական կրոնը՝ ամրացված պաշտամունքների և ծեսերի համակարգով։ Պաշտամունքը հիմնականում հանգում էր զոհաբերությունների և աղոթքների, որոնք որպես կանոն կատարվում էին այս կամ այն աստվածությանը նվիրված տաճարում։
Ճարտարապետությունը և կերպարվեստը
Հունաստանի ճարտարապետների և քանդակագործների ստեղծագործությունները դարեր շարունակ ամենատարբեր ժողովուրդների համար դարձել են գեղեցկության, ներդաշնակության, բարձր ճաշակի չափանիշ։ Հունական արվեստը ձեռք է բերել մարդկայնության խոր գծեր։ Բուն հունական արվեստը սկզբնավորվել է Միկենյան մշակույթի ընդերքում։ Այս արվեստների ժառանգական կապը նկատելի է նկարազարդ խեցեգործության և ճարտարապետության մեջ։ Հին հունական արվեստը ժամանակագրական առումով ստորաբաժանվում է հոմերոսյան, արխաիկայի, դասական և հելլենիզմի։
Հոմերոսյան դարաշրջանում (մ.թ.ա. 11-9-րդ դդ.) տարածում է գտել նկարազարդ խեցեգործությունը։ Ստեղծվել են կենցաղային անոթներ և որպես մահարձան ծառայող դիպիլոնյան սափորներ։ Զարդապատկերները աչքի են ընկնում հստակ ռիթմաշարով, արտահայտիչ գծանկարով։ Այս ոճով ստեղծվել են նաև թրծակավե արձանիկներ և քանդակազարդ անոթներ։
Արխաիկ դարաշրջանը (մ.թ.ա. 8-6-րդ դդ.) բնորոշվում է պոլիսների կազմավորմամբ, քաղաքների ստեղծումով։ Քաղաքաշինական կառուցվածքի հիմնական տարրերն են սրբավայրը (ակրոպոլիս) և առևտրա-հասարակական կենտրոնը (ագոռա), որոնց շուրջը տեղավորվում էին բնակելի թաղամասերը: Առաջնակարգ տեղ էին գրավում տաճարները. աստվածների բնակարանը` ներսում կանգնեցված արձանով: Սկզբում կառուցվել են փայտից, սկսած մ.թ.ա. 6-րդ դարից` կրաքարից, հետագայում ավելի հաճախ` մարմարից: Քարի կիրառմանը անցնելու հետ ստեղծվեցին օրդերների (կրող սյուների) տիպեր. դորիական օրդերով (կոպիտ էին` նման տղամարդու մարմի) են կառուցված Հերայի, Ապոլլոնի, Արտեմիսի տաճարները: Հոնիական օրդերը ստեղծվել է Փոքր Ասիայի հունական քաղաներում: Այս օրդերն իր նրբաճաշակ խոյակով, սլացիկ համամասնություններով տարբերվում էր դորիականից: Այն կիրառվել է հսկայական և բազմասյուն դիպտերոսներում: Կորընթական օրդերները նման էին հոնիականին, բուսական մոտիվներ են: Քարարձանները մարմնավորել են մարտնչող աստվածներին և հերոսներին: Այս շրձանում ստեղծվել են մերկ տղամարդկանց (կուրոս) և երկարազգեստ կանանց (կորա) կերտվածքներ: Կուրոսներում ամբողջական կերպով արտացոլվել են մարդու ֆիզիկական կատարելության մասին արխաիկայի գեղագիտական պատկերացումները, պոլիսի պաշտպանի քաջարի կերպարը... Անշարժ մարմնաձևերին հաղորդվել են շարժման պայմանական նախանշաններ: Քանդակագործները դիմախաղը` այսպես կոչված արխաիկ ժպիտը, քիչ են կիրառել: Այս շրջանում վերջնականապես ձևավորվել են հին հունական սափորների տարատեսակները` ամֆորա, կրատեր, կիլիկ, հիդրիա... 7-րդ դարի վերջից - 6-րդ դարը սափորանկարչությունում արմատանում է սևափայլ ոճը:
Դասական դարաշրջանում (մ.թ.ա. 5-4-րդ դարեր) կազմավորվեց կանոնավոր հատակագծման համակարգը: Հաղթահարելով արխաիկայի ոճաձևային պայմանականությունը, ստեղծել են իրականությանը ավելի մոտ կերպարներ, կատարյալ ձևով վերապատկերել մարդկային մարմինն ու նրա շարժումը: Այս շրջանին բնորոշ <խիստ ոճը> հստակորեն կիրառվել է հատկապես սափորանկարճության մեջ: Կարմրափայլ տեխնիկայով աշխատող վարպետները ստեղծել են թե' դիցաբանական, թե' կենցաղային թեմաներով սափորներ: Մ.թ.ա. 5-րդ կեսին դասական արվեստը իր բարձրագույն ծաղկմանն է հասել: Գլխավոր քաղաքական և գեղարվեստական կենտրոն է դարձել Աթենքը: Հույն - Պարսկական պատերազմի ժամանակ պարսիկների ավերած Ակրոպոլիսում սկսում են կառուցել նոր տաճարներ: Այդ թվում և Պարթենոնը` ողջ տոնական կերպարում մարմնավորելով հույն-պարսկական պատերազմում տարած հաղթանակի փառքը: Մ.թ.ա. 4-րդ դարի սկզբից` հունական դեմոկրատիայի ճգնաժամի շրջանում մեծ ուշադրություն է դարձվել արդեն ոչ թե պաշտամունքային շենքերին, այլ անհատի կենցաղային պահանջների հետ կապված կառույցներին` գիմնազիաներին, թատրոններին... Այս ժամանակաշրջանում առաջացել է մեմորիալ նշանակության կառույցներին միջոցով անհատի հավերժացման միտումը: Վերելք է ապրել դիմաքանդակը:
Հելլենիստական դարաշրջանը (մ.թ.ա. 4-րդ դարից առաջին դար) բնորոշվում է հունական մշակույթի փոխազդեցությամբ` Ալեքսանդր Մակեդոնացու տիրապետության մեջ մտնող երկրների ժողովուրդների մշակույթի հետ: Աթենքը դադարում է գեղարվեստական կյանքի գլխավոր կենտրոն լինելուց: Աննախադեպ թափ է ստանում շինարարությունը: Ներդաշնակ մարդ- քաղաքացու իդեալի փոխարեն մեծարվել են տիրակալները, ստեղծվել աստվածների վիթխարի կերպարներ: Հունաստանը Հռոմի կողմից նվաճվելուց հետո հելլենիստական արվեստը զարգացել է նվաճողների մշակույթի ոլորտում` այն հարստացրել իր բազմադարյան ավանդույթներով, սակայն ավելի ու ավելի կորցնելով ինքնուրույն բնույթը: