Անկախության նվաճումից, հատկապես արցախյան ազատագրական պատերազմից հետո աշխուժացավ հանրապետության հասարակական-քաղաքական կյանքը։ Հատուկ ուշադրություն դարձվեց հասարակական նոր հարաբերությունների, ժողովրդավարացման գործընթացների վրա։ 1991–1994թթ. պատերազմի տարիներին հանրապետությունում գործող բոլոր կուսակցությունները միակամ էին և աչքի էին ընկնում համագործակցվածությամբ և հաղթանակի հասնելու վճռականությամբ։ Արցախում ևս խորհրդային միակուսակցական համակարգից անցում կատարվեց բազմակուսակցական համակարգին։ Ավանդական ԼՂ կոմունիստական կուսակցության կողքին ազատորեն սկսեցին գործել ԼՂ Հայ հեղափոխական դաշնակցություն, Արցախի Արմենակյան կուսակցությունները։ Առաջացան նոր կուսակցություններ՝ «Ազատ Հայրենիք», «Սոցիալական արդարություն», «Շարժում-88» և այլն։ Հասարակական-քաղաքական կյանքը հանրապետությունում աշխուժացավ ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորների երկրորդ՝ 1995թ. հունիսի 23-ի ընտրությունների ժամանակ։ 1996թ. նոյեմբերին կայացան ԼՂՀ առաջին նախագահի ընտրությունները, որի արդյունքում հանրապետության նախագահ ընտրվեց Ռ. Քոչարյանը։ Շուտով, 1997թ., Ռ. Քոչարյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության վարչապետ, որի հետևանքով 1997թ. սեպտեմբերին ԼՂՀ-ում տեղի ունեցան նախագահի արտահերթ ընտրություններ։ Հանրապետության նախագահ ընտրվեց Արկադի Ղուկասյանը։ ԼՂՀ-ի կյանքում դեպի ժողովրդավարություն գնացող ճանապարհին կարևոր նշանակություն ունեցան 1998թ. տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։ Ի տարբերություն նախկին գյուղական խորհուրդների, համայնքներն իրենք էին տնօրինում սեփականությունն ու լուծում ներհամայնքային հարցերը։ Փաստորեն պետական մարմինների իրավասությունները փոխանցվեցին տեղական ինքնակառավարման մարմիններին։ Բնակչության ակտիվության պայմաններում ընթացան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները 1998թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին։ Ընտրվեցին համայնքների ղեկավարներ և ավագանու անդամներ՝ Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի, Հադրութի, Շուշիի, Շահումյանի և Քաշաթաղի շրջաններից և Ստեփանակերտ քաղաքից։ Աննախադեպ ակտիվությամբ ընթացան նաև ԼՂՀ երրորդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների ընտրությունները (2000թ. հունիսի 18), որտեղ ժողովրդավարական Արցախ միությունը ստացավ ավելի շատ մանդատ՝ 20 պատգամավոր։ 2001թ. սեպտեմբերին անցկացվեցին ԼՂՀ տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունները։ Առանձնակի ակտիվության պայմաններում ընթացան նաև 2002թ. օգոստոսի 11-ի ԼՂՀ նախագահական երրորդ ընտրությունները 4 թեկնածուների մասնակցությամբ։ ԼՂՀ նախագահ վերընտրվեց Արկադի Ղուկասյանը։ ԼՂՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների ընտրությունները կայացան 2005 թվականի հունիսի 19-ին, որտեղ ամենաշատ ձայներ ստացավ Արցախի ժողովրդավարական կուսակցությունը։ ԼՂՀ նախագահական չորրորդ ընտրությունները տեղի ունեցան 2007թ. հուլիսի 19-ին 5 թեկնածուների մասնակցությամբ։ ԼՂՀ նախագահ ընտրվեց Բակո Սահակյանը։
|