|
Գեղարքունիքի մարզ |
| | Գեղարքունիքի մարզն իր տարածությամբ ամենամեծն է: Մյուս առանձնահատկությունն այն է, որ տարածքի 1/4-ը ծածկված է ջրով: Մարզը զբաղեցնում է պատմական Հայաստանի Սյունիք աշխարհի մի հատվածը, հիմնականում Գեղարքունիքի, Սոդքի և Արեգունու գավառները: | Բնական պայմանները և հարստությունները Գեղարքունիքի մարզը հիմնականում զբաղեցնում է Սևանա լճի ջրհավաք ավազանը: Գեղամա և Վարդենիսի լեռներում բազմած են տասնյակ հրաբխային կոներ: Հատկապես ուշագրավ են Աժդահակ և Արմաղան հրաբուխները, որոնց ձագարձև խառնարաններում գոյացել են գեղեցիկ լճակներ: Կլիման բարեխառն լեռնային է: Ձմեռը ցրտաշունչ է, ամառը` տաք: Աևանա լիճը նկատելիորեն մեղմացնում է ափամերձ գոտու ձմռան սառնամանիքը և ամռան շոգը: Գեղարքունիքի մարզում կարելի է հանդիպել նախաուրարտական և ուրարտական ժամանակաշրջանների բերդերի, ամրոցների, բնակավայրերի, հնավայրերի հետքեր, սեպագիր արձանագրություններ: Լճից ազատված տարածքներից հայտնաբերվել են մինչև հինգհազարամյա հնության դամբարաններ: | Բնակչությունը Դարերի ընթացքում մեծ փոփոխություններ է կրել մարզի բնակչության թե´ թվաքանակը, թե´ ազգային կազմը: Ուշ միջնադարում մարզի տարածք են թափանցել թուրքալեզու խաշնարած ցեղերը, որոնք այստեղ գերազանց արոտավայրեր են գտել: Տեղաբնիկների` հայերի թիվը պակասել է: Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո մարզի տարածքում վերաբնակեցվել են զգալի թվով հայեր Արևմտյան Հայաստանից, ինչպես նաև` ռուս աղանդավորներ: Ներկայումս Գեղարքունիքի բնակչության ազգային կազմը միատարր է: Վերջին տարիներին ադրբեջանա-հայկական հակամարտության սկզբում ադրբեջանցիները, որ համեմատաբար մեծ թիվ էին կազմում մարզի արևելյան մասում, տեղափոխվեցին Ադրբեջան: Ազատված գյուղերում բնակություն հաստատեցին Ադրբեջանից փախած հայերը: | Քաղաքները Գեղարքունիքի մարզկենտրոնն է Գավառը: Այն հիմնադրել են 1830թ. Արևմտյան Հայաստանի Բայազետ քաղաքից վերաբնակեցված հայերը` պատմական Գավառականի տեղում: Խորհրդային իշխանությունների տարիներին քաղաքը կոչվել է` սկզբում Նոր Բայազետ, ապա` Կամո: Գավառը նախախորհրդային Հայաստանի չորս քաղաքներից մեկն էր: Նրա բնակչությունը գյուղատնտեսությունի բացի զբաղվում էր արհեստագործությամբ ու առևտրով: Արդյունաբերությունը թափ առավ խորհրդային տարիներին: Կառուցվեցին սարքաշինական, էլեկտրատեխնիկական, տեքստիլ ու սննդի արդյունաբերության գործարաններ, որոնց շնորհիվ Գավառը դարձավ Հայաստանի աչքի ընկնող արդյունաբերական կենտրոններից մեկը: Այժմ քաղաքում գործում են նաև կրթական, կուլտուր-լուսավորական ու առողջապահական` մարզային նշանակության կենտրոններ: Մարզի երկրորդ քաղաքը Սևանն է (նախկին` Ելենովկա), որը հիմնադրել են XIXդ. առաջին կեսին կենտրոնական Ռուսաստանից աքսորված ռուս աղանդավորները: Քաղաքի արագ զարգացմանը նպաստել է նրա հարմարավետ աշխարհագրական դիրքը` Երևան-Իջևան ու Երևան-Գավառ ավտոմոբիլային ճանապարհների խաչմերուկի վրա: |
| |
|
|
Հայկական տոմար |
|
|
Հիշիր |
|
|
|