Հայաստանն ըստ Քսենոփոնի նկարագրության
Ք.ա. 401 թ. պարսից արքայի դեմ ապստամբում է նրա եղբայր Կյուրոս Կրտսերը, սակայն նա պարտվում է և սպանվում վճռական ճակատամարտում: Նրա զորքերի մեջ էր գտնվում հույն վարձկանների 10-հազարանոց (բյուր) մի զորաբանակ: Վերջինս Կյուրոսի սպանությունից հետո ստիպված էր երկիր վերադառնալ ոչ թե եկած երթուղով, որը բռնված էր պարսկական զորքերով, այլ նահանջել դեպի Սև ծովի ափերը Միջագետքի և Հայաստանի վրայով: Այդ զորաբանակի հրամանատարներից էր հույն գրող և զորավար Քսենոփոնը, որի «Անաբասիս» աշխատության մեջ բավականին հանգամանորեն պահպանվել է հայկական սատրապության նկարագրությունը: Հայոց թագավորությունը, որ շարունակում էր մնալ պարսկական սատրապություն, այդ ժամանակ բաղկացած էր երկու մասից, որոնք համապատասխանաբար կոչվում էին Արևելյան ու Արևմտյան Հայաստան: Հայաստանի այդ ժամանակվա սատրապ Երվանդը, որ ամուսնացած էր Աքեմենյան արքայադստեր հետ, շարունակում էր միաժամանակ ներկայացնել հայոց թագավորական իշխանությունը: Նրա տեղապահներն էին սատրապության երկու վարչական շրջանների հյուպարքոսները, որոնցից մեկը ազգությամբ պարսիկ էր: Լինելով թվով սահմանափակ և գիտակցելով հայրենիք վերադառնալու ողջ դժվարությունները՝ հույները Հայաստանով անցնելիս շրջանցում էին ամրացված քաղաքները, բերդերն ու տաճարները, որոնց հետ բախումը կարող էր նրանց համար ճակատագրական լինել: Այդ պատճառով նրանք խուսափում էին անհարկի հնարավոր ընդհարումներից, գերադասում բանակել առատ մթերապաշար ունեցող և անպաշտպան գյուղերում: Քսենոփոնը նկարագրում է գյուղական տները, որոնք գետնափոր էին՝ մարդկանց և անասունների համար առանձին հարկաբաժիններով ու մուտքերով: Յուրաքանչյուր գյուղ ուներ իր գեղջավագը: Հույները Հայաստանում արձանագրում են գարեջրի գոյությունը: Աքեմենյանների տիրապետության վերջին շրջանում կամ վերջինիս անկումից հետո Հայաստանը վարչականորեն բաժանվում է Երկու անհավասար մասերի, որոնցից մեծը ստանում է Մեծ Հայք (իմացի՛ր Մեծ Հայաստան), իսկ փոքրը՝ Փոքր Հայք (իմացի՛ր Փոքր Հայաստան) անունը:
|
Կատեգորիա: Հայաստանն Աքեմենյան տերության կազմում | Ավելացրել է: armhistory (04.01.2011)
W
|
Դիտումներ: 1691
| Ռեյտինգ: 0.0/0 |
Մեկնաբանությունների քանակը: 0 | |
|
|
|
Օգնեք կայքին տարածեք այս նյութը: