Շարժման վերելքը և պարտությունը
Պավլիկյանները ոչ միայն իրենց գաղափարներով, այլև ռազմական գործողություններով լուրջ վտանգի ենթարկեցին Բյուզանդական կայսրության գոյությունը: Ուստի բյուզանդական արքունիքը IX դ. կեսերին ուժեղացրեց պատժիչ գործողությունները պավլիկյանների դեմ: Մի պահ նրանք անգամ ստիպված եղան թողնել կայսրության սահմանները և ապաստանել արաբական տիրույթներում: Արաբական խալիֆայությունը սիրով նրանց ապաստան տվեց և բնակեցրեց սահմանամերձ շրջաններում: Նրանք մտադիր էին հայ պավլիկյանների ուժերն օգտագործել Բյուզանդիայի դեմ իրենց պայքարում: Բյուզանդական զորքերն անխնա ոչնչացնում էին պավլիկյաններին՝ նպատակ ունենալով արմատախիլ անել շարժումը: Հենակետ դարձնելով Տևրիկ ամրոցը՝ պավլիկյանները ոչ միայն պաշտպանվում էին, այլև դիմում լայն հարձակողական գործողությունների: Պավլիկյանները վճռական պայքարի դիմեցին, երբ նրանց զինված ուժերի գլուխ անցավ տաղանդավոր զորավար Կարբեասը: Նրա ղեկավարությամբ պավլիկյանները փայլուն ու տպավորիչ հաղթանակներ տարան բյուզանդական կանոնավոր զորքերի դեմ և կարողացան անգամ դուրս գալ Սև ծովի ափերն ու մոտենալ կայսրության մայրաքաղաքին: Շարժման մասնակիցների թիվը կտրուկ աճեց: Կայսրությունն ստիպված եղավ կենաց-մահու պայքար մղել անհաշտ թշնամու դեմ: Գահ բարձրացած հայազգի կայսր Վասիլ Ա-ն դիմեց վճռական գործողությունների: Նրա բանակները 872թ.՝ ծանր կռիվներից հետո, ջախջախիչ պարտության մատնեցին պավլիկյաններին և ավերեցին Տևրիկ ամրոցը՝ պավլիկյանների վերջին հենակետը: Կայսրությունը պավլիկյաններին հոծ խմբերով տեղափոխեց Բալկաններ, որտեղ նրանք շարունակեցին տարածել իրենց գաղափարները: Նրանց ազդեցությամբ Բուլղարիայում ծնունդ առավ բոգոմիլների, իսկ Ֆրանսիայում ալբիգոյանների շարժումները:
|
Կատեգորիա: Պավլիկյանների աղանդավորական շարժումը | Ավելացրել է: armhistory (05.01.2011)
W
|
Դիտումներ: 1068
| Ռեյտինգ: 0.0/0 |
Մեկնաբանությունների քանակը: 0 | |
|
|
|
Օգնեք կայքին տարածեք այս նյութը: