![]() | Բարև Հյուր! Դուք կարող եք: Մուտք գործել Կամ Գրանցվել |
|
|
| 200 |
| Միացեք քննարկումներին |
|
|
| Գլխավոր » Հոդվածներ » Հայաստանը XX դարի սկզբին » Երիտթուրքական հեղաշրջումը և արևմտահայությունը |
Անցնելով իշխանության գլուխ՝ երիտթուրքերը սաստկացրին ազգային հալածանքները: Նրանք ազգայնամոլությունը բարձրացնում են պետական քաղաքականության աստիճանի: Փաստորեն երիտթուրքերը ազգային քաղաքականության խնդրում հանդիսացան Աբդուլ Համիդ II-րդի ժառանգորդները: Նրանք յուրացրին և կատարելագործեցին սուլթանի հայաջինջ գործելակերպը: Ամրապնդելով իրենց իշխանությունը՝ երիտթուրքերը ծրագրում և իրականացնում են Կիլիկիայի հայության կոտորածը: XX դարի սկզբին Ադանայի նահանգի բնակչության մեծ մասը՝ մոտ 400 հազարը, իսկ Ադանա քաղաքի 60 հազար բնակչությունից 22 հազարը հայեր էին: Նրանք հանդիսանում էին նահանգի տնտեսության առաջատար ուժը: Առաջին հարվածը հասցվեց Ադանային, որի հայությունն աչքի էր ընկնում բարեկեցությամբ: Իշխանությունները ցանկանում էին տեր դառնալ հայերի ունեցվածքին և գլխավորը՝ վերջ տալ նրանց հնարավոր ազգային պահանջներին: 1909թ. ապրիլի 1-ին Ադանայի իշխանությունների կարգադրությամբ թուրքերը ներխուժում են քաղաքի հայկական թաղամասերը և սկսում կոտորածն ու թալանը: Ջարդարարներին զոհ են գնում հիմնականում կանայք, երեխաներ և ծերունիներ: Երեք օր շարունակվում էին այդ ոճրագործությունները: Ջարդերը միայն Ադանա քաղաքով չեն սահմանափակվում: Կոտորածներ են տեղի ունենում նաև Կիլիկիայի հայկական այլ բնակավայրերում: Կիլիկիայի մի շարք վայրերում հայերը դիմում են ինքնապաշտպանության, որը հնարավորություն է տալիս շատերին փրկվել: Ադանայի ջարդի առաջին օրը՝ ապրիլի 1-ին, քաղաքի երեք հայկական թաղամասերում բնակիչներն ինքնապաշտպանություն են կազմակերպում: Մեծաքանակ և լավ զինված ուժերին դիմագրավում Էին 173 հայեր: Առաջին ջարդից հետո իշխանությունները խաբեությամբ հավաքում են քաղաքի հայերի զենքը: Ապահովելով իրենց հնարավոր դիմադրությունից՝ թուրքերը շարունակում են կոտորածները: Դրանց մասնակցում էին օսմանյան զորքերը: Ադանայում հայերն ավելի քան 18 հազար զոհ են տալիս: Երիտթուրք ելուզակներին միշտ չէ, որ հաջողվում էր անարգել հաշվեհարդար տեսնել հայ բնակչության հետ: Կիլիկիայի մի շարք հայկական բնակավայրերում հայերը կարողացան դիմադրություն կազմակերպել: Դյորթ-Յոլ գյուղում 400 հայեր դիմագրավում են գերակշիռ ուժերի: Ինքնապաշտպանությունը գլխավորում է Միհրան Մելքոնյանը: Տղամարդկանց են միանում գերանդիներով և եղաններով զինված 100 կանայք և երիտասարդներ: Թուրքերը 13 օր շարունակ հարձակումներ են կազմակերպում գյուղի վրա, սակայն ապարդյուն: Օտարերկրյա հյուպատոսների միջնորդության և հայերի հերոսական դիմադրության շնորհիվ թուրքերը դադարեցնում են Դյորթ-Յոլի պաշարումը: Ջարդարարներին դիմագրավում է Սիս քաղաքի հայությունը՝ 1500 հոգի: Ղևոնդ վարդապետ Թուրսարգսյանի և Գյուտ վարդապետի ղեկավարությամբ նրանք ապաստանում են վանքում և դիմադրում ջարդարարներին: Մեկշաբաթյա պաշարումից հետո հակառակորդն ապարդյուն հեռանում է: Շեյխ Մուրադ գյուղի երիտասարդության հնգօրյա դիմադրության շնորհիվ բնակչությունը կարողանում է հեռանալ և ապաստանել Ադանայում: Կիլիկիայի հայության հերոսական ինքնապաշտպանության մեջ նշանավոր էր Հաճնի 12-օրյա դիմադրությունը: Քաղաքի հայությունը Ներսես վարդապետի գլխավորությամբ դիմագրավում է թուրքական բազմահազար ուժերին: Ի վերջո, Մերսին քաղաքի անգլիական հյուպատոսի միջամտությամբ պաշարումը դադարեցվում է: Մարաշ քաղաքում թուրքական իշխանությունները չեն համարձակվում տեղի հայության նկատմամբ որևէ բռնություն գործադրել, քանի որ երկյուղում են զեյթունցիների պատասխան հարձակումից: Նրանք սպառնացել էին իշխանություններին՝ Մարաշի հայերի կոտորածի դեպքում Զեյթունը անտարբեր չի մնա իր հայրենակիցների ճակատագրի հանդեպ: Ինքնապաշտպանական մարտեր են տեղի ունենում նաև հայկական այլ բնակավայրերում: Ընդհանուր առմամբ, Կիլիկիայի հայության ջարդերին զոհ է գնում ավելի քան 30 հազար մարդ: Տեղի հայությունը հայտնվում է ծանր վիճակում: Միայն Ադանայի վիլայեթում հայերի նյութական կորուստը կազմում էր 20 միլիոն թուրքական լիրա: | |
| Դիտումներ: 1448 | Ռեյտինգ: 5.0/2 |
| Մեկնաբանությունների քանակը: 0 | |
| Հայկական տոմար |
|
|
| Armenian history |
|
|
| История Армении |
|
|
| Մարզեր |
| Արմավիրի մարզ Արարատի մարզ Արագածոտնի մարզ Արցախ Գեղարքունիքի մարզ Լոռու մարզ Կոտայքի մարզ Շիրակի մարզ Սյունիքի մարզ Վայոց Ձորի մարզ Տավուշի մարզ |
| Հայաստան |
| Բուսական աշխարհ Կենդանական աշխարհ Արագած Արալեռ Արարատ (Մասիս) լեռը Արտանիշ Արփա Որոտան Գառնու ձոր Գեղամա լեռներ Դեբեդ Դիլիջանի արգելոց Թարթառ Խոսրովի անտառ Սևան Հատիս |
| 200 |
| Հիշիր |
|
|
|