Www.ARMhistory.do.am
Բարև Հյուր!
Դուք կարող եք:
Մուտք գործել Կամ Գրանցվել
Նավարկություն
Գլխավոր Հայոց պատմություն Հայեր Ֆորում Գրքեր Նկարներ Հետաքրքրաշարժ Հայկական ֆիլմեր Հայկական մուլտֆիլմեր Օնլայն խաղեր Ձեր կարծիքը մեր մասին Կայքեր Կինոթատրոն Հետադարձ կապ
Բաժիններ
Հայաստանի անկախության վերականգնումն ու ամրապնդումը [3]
Հայաստանը X դարի 30-ական թթ.-ից մինչև XI դարի 20-ական թթ. [3]
Բագրատունյաց տերության հզորացումը X դարի վերջին և XI դարի սկզբին [1]
Ենթակա թագավորությունների առաջացումը [5]
Անիի Բագրատունյաց թագավորության անկումը [3]
Գյուղտնտեսությունը [2]
Արհեստագործությունը և առևտուրը [4]
Քաղաքները [2]
Պետական կարգը, բանակը, դատարանը [1]
Թոնդրակյան շարժումը [3]
Սելջուկ-թուրքերի արշավանքները Հայաստան [3]
Հայ-վրացական զինակցությունը և հյուսիս-արևելյան Հայաստանի ազատագրումը: Զաքարյանների իշխանությունը [5]
Հայաստանը և մոնղոլները [2]
Հայաստանի տնտեսկան ու քաղաքական վիճակի վատթարացումը [3]
Հայաստանը XIV դարում [1]
Հայկական պետականության առաջացումը Կիլիկիայում [3]
Կիլիկյան Հայաստանի ընդարձակումը և ամրապնդումը [3]
Հայոց թագավորության վերականգնումը [3]
Տնտեսությունը [3]
Պետական կարգը [3]
Հայոց թագավորությունը XIII դարում [3]
Կիլիկյան Հայաստանի թուլացումն ու անկումը [3]
Մշակույթի զարգացման նախադրյալները [2]
Գիտություն [4]
Գրականություն [2]
Նյութական մշակույթ և արվեստ [8]
Միացեք քննարկումներին
  • Աֆորիզմներ (151)
  • Գրքեր (14)
  • Վեբ ծրագրավորում (14)
  • Հարցեր և պատասխաններ (13)
  • Անեկդոտներ (13)
  • Հայաստանին (13)
  • Քառյակներ (11)
  • Որ ժամանակաշրջանում է Հայաստանը եղել հզոր (11)
  • Հայոց լեզու (10)
  • Անձնական մտքեր,խոսքեր (9)
  • Հին Հունաստան (9)
  • Հեղինակային (8)
  • Ուսանողական կայք տնտեսագետների համար (7)
  • hayoc ekexecu patmutyun (6)
  • Վեբ կայքերի պատրաստում (6)
  • Գլխավոր » Հոդվածներ » Հայաստանը զարգացած միջնադարում » Հայաստանի անկախության վերականգնումն ու ամրապնդումը

    Բագրատունյաց թագավորության հաստատումը

    Խալիֆայությանը ենթակա երկրներում, այդ թվում և Հայաստանում, ավելի ու ավելի էր զորեղանում արաբական լուծը թոթափելու ձգտումը: Արտաքին քաղաքական իրադրությունը բարենպաստ էր դրա համար: Արաբական խալիֆայությունն անկում էր ապրում: Առանձին երկրների, հատկապես ծայրամասերի արաբ ամիրաներն ամրապնդել էին իրենց իշխանությունը և ձգտում էին անջատվել խալիֆայությունից: Կայուն չէր դրությունը նաև պետության կենտրոնում: Ժողովրդական ազատագրական ապստամբությունները և գահակալական կռիվները խարխլում էին տերության հիմքերը:

    Ինչպես գիտենք, VIII-IX դարերում ժողովրդական ապստամբություններ բռնկվեցին նաև Հայաստանում: Ճիշտ է, արաբական իշխանություններին հաջողվում էր ճնշել այդ ելույթները, սակայն նրանք չէին կարողանում տերության քայքայման առաջն առնել: Մյուս կողմից, խալիֆայության դժվարին դրությունից օգտվում էր նրա մշտական հակառակորդ Բյուզանդիան: Վերջինս ամեն կերպ աջակցում էր հակաարաբական կենտրոնախույս ուժերին: Այդ պատճառով խիստ սրվել էին արաբա-բյուզանդական հարաբերությունները: Օրավուր թուլացող խալիֆայությունը հարկադրված էր դիմելու զիջումների:

    Հայաստանի անկախության վերականգնման համար ստեղծվեցին նպաստավոր պայմաններ: Արաբական պետության թուլացման և տրոհման ժամանակաշրջանում երկրի տնտեսական կյանքում տեղի էին ունենում խոշոր փոփոխություններ: Ամրապնդվում էր հայ իշխանների տնտեսությունը, ընդարձակվում էին նրանց տիրույթները: Զարգանում էր երկրի տնտեսությունը, վերելք էին ապրում գյուղատնտեսությունը և արհեստագործությունը: Տնտեսապես և ռազմականապես զորեղացող հայ նախարարներն անկախության էին ձգտում: Նրանք էլ գլխավորեցին հայկական պետականությունը վերականգնելու համաժողովրդական շարժումը: Հայ ժողովրդի բոլոր խավերը միասնական էին, և բոլորն էլ երազում էին անկախությունը վերականգնելու մասին:

    Խալիֆայության թուլացումից Հայաստանում ամենից հմտորեն օգտվում էին Բագրատունիները: Նրանք ձգտում էին իրենց իշխանությունն ու ազդեցությունը տարածել ոչ միայն ամբողջ Հայաստանում, այլ այսրկովկասյան երկրներում:

    Խալիֆայությունը, համոզվելով, որ բռնությամբ հնարավոր չէ հնազանդ պահել դեպի Բյուզանդիա հակվող հայ ժողովրդին, ստիպված էր զիջումների գնալ: 855թ. երկրի սպարապետ հաստատվեց Աշոտ Բագրատունին: 862թ. նա նշանակվեց Հայոց իշխանաց իշխան: Այդ նշանակում էր, որ խալիֆայությունը փաստորեն երկրի կառավարումը հանձնեց հայերին: Դրանով նա աստիճանաբար գերիշխանություն ձեռք բերեց մյուս իշխանների նկատմամբ: Աշոտին հանձնվեց նաև հարկահանության իրավունքը, իսկ հարկերն էլ կրճատվեցին մոտ երեք անգամ: Աշոտ Բագրատունին խոհեմ ու հեռատես քաղաքական գործիչ էր և հմտորեն գլխավորում էր երկրի անկախության վերականգնման գործընթացը:

    Աշոտ Բագրատունին կարողացավ իր գերիշխանությունը տարածել Արծրունի, Սյունի, արցախյան և այլ նշանավոր իշխանական տների վրա: Նրա գերիշխանությունն ընդունեցին նաև վրաց և աղվանից իշխանները: Աշոտը վերակազմեց հայոց բանակը՝ նրա թիվը հասցնելով 40 հազարի: Նա իր եղբայր Աբասին նշանակեց բանակի հրամանատար՝ սպարապետ: Աշոտը հմտորեն օգտագործեց արաբ ամիրաների ներքին հակասությունները և նրանց թույլ չտվեց միջամտելու Հայաստանի ներքին գործերին: Հայաստանի տարածքում գտնվող արաբական ամիրայություններն ընդունեցին նրա իշխանությունը: Այսպիսով, Բագրատունիների ձեռքն անցավ երկրի վարչական, տնտեսական և ռազմական իշխանությունը: Երկիրն ըստ էության վերականգնեց իր փաստական անկախությունը: Արաբական իշխանությունը Հայաստանում դարձավ անվանական:

    Հայաստանի անկախության վերականգնման մեջ մեծապես շահագրգռված Հայոց եկեղեցին ըստ ամենայնի աջակցում էր Բագրատունիներին: Հայոց կաթողիկոս Զաքարիա Ձագեցու նախաձեռնությամբ 869թ. հայ իշխանների հատուկ ժողով հրավիրվեց, որը միահամուռ որոշեց Աշոտ Բագրատունուն հռչակել Հայոց թագավոր: Աշոտ Բագրատունու թագավորական իշխանությունը պաշտոնապես ճանաչելու համար ժողովը միաժամանակ դիմեց խալիֆին: Խալիֆայությունը երկար ժամանակ ձգձգում էր Հայոց թագավորության ճանաչումը:

    Բյուզանդիան իր հակառակորդ Արաբական խալիֆայությանը թուլացնելու նպատակով խրախուսում էր Հայաստանի անկախանալը և շտապեց դաշինք կնքել նրա հետ: Դեռևս 876թ. բյուզանդական կայսր հայազգի Վասիլ Ա-ն հատուկ պատգամավորություն է ուղարկում Աշոտ Բագրատունու մոտ: Կայսրը հայտնում է, որ ինքը ծագում է հայ Արշակունիներից, և քանի որ Բագրատունիները Հայաստանի թագադիր ասպետներն են եղել, նրանից թագ է խնդրում: Ի նշան փոխադարձ բարեկամության՝ Աշոտը թագ է ուղարկում Վասիլ Ա-ին: Բյուզանդական կայսրին թագադրելու այս փաստը մի կողմից վկայում էր Աշոտ Բագրատունու հեղինակության աճի մասին, մյուս կողմից՝ ուղղված էր խալիֆայության դեմ: Հայաստանը IX դարի 60-ական թվականներից փաստացի վերականգնեց իր անկախությունը՝ շարունակելով ձևականորեն գտնվել Արմինիա փոխարքայության կազմում:

    Խալիֆայությունը ոչ մի կերպ չէր հաշտվում Հայաստանի փաստական անկախության վերականգնման փաստի հետ: Խալիֆի հատուկ հանձնարարությամբ Հայաստան ուղարկված նոր ոստիկան Ահմադը Հայաստանի արաբ ամիրաների հետ դավադրություն է կազմակերպում Աշոտի դեմ: Նրանք որոշում են բարեկամություն հաստատելու պատրվակով անկախության ձգտող հայ իշխաններին հրավիրել Դվին և ոչնչացնել: Սակայն Աշոտ Բագրատունին ուշի-ուշով հետևում էր արաբների գործողություններին: Նրա մարդիկ ձերբակալում են ոստիկանի սուրհանդակներին, որոնց մոտ հայտնաբերվում է ոստիկան Ահմադի նամակը՝ ուղղված արաբ ամիրաներին: Ահմադը պահանջում էր նրանցից հարձակվել Դվինի վրա՝ իբր թե կռվում են նոր նշանակված ոստիկանի դեմ: Նպատակն այն էր, որ ոստիկանը հրավիրեր ոչինչ չկասկածող հայ իշխաններին, ձերբակալեր նրանց ու ոչնչացներ:

    Տեղեկանալով ոստիկանի ծրագրերին՝ Աշոտը հայ իշխաններին պատվիրում է կազմ ու պատրաստ սպասել իր հրամանին: Ինքը գնում է ոստիկանի մոտ, իսկ սպարապետ Աբասին հանձնարարում զորքով մոտենալ Դվինին: Դավադրության նշանակված օրը հայ իշխանների փոխարեն Դվին է մտնում հայկական զորքը: Սպարապետ Աբասը մտնում է ոստիկանի վրանը և ցույց տալիս նրա գաղտնի նամակը: Սարսափած արաբ ոստիկանին դուրս են բերում վրանից և ձերբակալում: Արաբական զորքը զինաթափում են և երկրից դուրս քշում: Ոստիկանին նժույգի փոխարեն նստեցնում են ջորու վրա, տանում մինչև Հայաստանի հարավային սահմանը և ուղարկում «այնտեղ, որտեղից եկել էր»: Այսպիսի անփառունակ վախճան ունեցավ արաբական վերջին ոստիկանի իշխանությունը Հայաստանում:

    Հանդիպելով հայ ժողովրդի միահամուռ դիմադրությանը և համոզվելով, որ, ի վերջո, Հայաստանը կվերականգնի իր անկախությունը, նոր խալիֆը 885թ. արքայական թագ և թանկարժեք հանդերձներ ուղարկեց Աշոտ Բագրատունուն՝ ճանաչելով նրան Հայոց թագավոր: Իր հերթին Բյուզանդիայի Վասիլ Ա կայսրը շտապեց ճանաչել Աշոտի գահակալությունը: Կայսրը ևս արքայական թագ ուղարկեց և բարեկամական դաշինք կնքեց նրա հետ:

    Հայաստանի իշխանների և հարևան երկրներից եկած հյուրերի ներկայությամբ Բագարան քաղաքում մեծ հանդիսավորությամբ Աշոտ Բագրատունին կաթողիկոս Գևորգ Գառնեցու կողմից օծվեց Հայոց թագավոր: Այսպիսով, Հայաստանի տարիներ առաջ հաստատված փաստական անկախությունը միջազգային ճանաչում ստացավ: Հիմնվեց Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը (885-1045), և վերականգնվեց ավելի բան 450 տարի առաջ վերացած հայկական պետությունը: Դա պատմական շրջադարձային նշանակություն ունեցող երևույթ էր և մեծապես նպաստեց Հայաստանի հետագա վերելքին:

    Կատեգորիա: Հայաստանի անկախության վերականգնումն ու ամրապնդումը | Ավելացրել է: armhistory (05.01.2011) W
    Դիտումներ: 1099 | Ռեյտինգ: 0.0/0
    Մեկնաբանությունների քանակը: 0

    Օգնեք կայքին տարածեք այս նյութը:
    Մեկնաբանելու համար պետք է գրանցվել կայքում
    [ Գրանցվել | Մուտք գործել ]
    Հայկական տոմար
    Ancient Armenian Calendar
    Armenian history
    История Армении
    Մարզեր
    Արմավիրի մարզ Արարատի մարզ Արագածոտնի մարզ Արցախ Գեղարքունիքի մարզ Լոռու մարզ Կոտայքի մարզ Շիրակի մարզ Սյունիքի մարզ Վայոց Ձորի մարզ Տավուշի մարզ
    Հայաստան
    Բուսական աշխարհ Կենդանական աշխարհ Արագած Արալեռ Արարատ (Մասիս) լեռը Արտանիշ Արփա Որոտան Գառնու ձոր Գեղամա լեռներ Դեբեդ Դիլիջանի արգելոց Թարթառ Խոսրովի անտառ Սևան Հատիս
    Հիշիր
    Current Position
    Новости Карабаха
    Армянский исторический портал
    KillDim.com