Հայ իշխաններից Ռուբենը 1080թ. Լեռնային Կիլիկիայում հիմնադրեց Ռուբինյանների իշխանությունը: Հենվելով հայ բնակչության օժանդակության վրա՝ Ռուբենը կարողացավ բյուզանդացիներից գրավել Լեռնային Կիլիկիայի մի մասը: Ռուբինյան իշխանության գոյությանը սպառնում էին ոչ միայն բյուզանդացիները, այլև սելջուկ-թուրքերը: Սակայն Պաղեստինը և Ասորիքը մահմեդականներից ազատագրելու համար սկսված խաչակրաց առաջին արշավանքը որոշ ժամանակով շեղեց նրանց ուշադրությունը Կիլիկիայից՝ թույլ տալով ամրապնդել և ուժեղացնել հայկական իշխանությունը: Ռուբենին հաջորդեց իր որդի Կոստանդինը (1095-1100): Նրա օրոք Ռուբինյանների իշխանությունն ավելի ընդարձակվեց և ամրապնդվեց: Նա 1098թ. բյուզանդացիներից խլեց Լեռնային Կիլիկիայի նշանավոր Վահկա բերդը, որը դարձավ իշխանության կենտրոն: Խաչակիրների մի մասն անցնելու էր Կիլիկիայով, իսկ Կոստանդինը վերահսկում էր Տավրոսի լեռնանցքները, ուստի նրանք ստիպված էին բանակցել նրա հետ: Հայոց իշխանը թույլատրեց, որ խաչակիրներն անցնեին Տավրոսի լեռնանցքներով և նրանց պարեն մատակարարեց: Սրա դիմաց խաչակիրները նրան շնորհեցին բարոնի տիտղոս: Խաչակիրները սելջուկներից գրավեցին Դաշտային Կիլիկիայի նշանավոր քաղաքներ Տարսոնը, Ադանան և Մսիսը, որոնց համար համառ պայքար սկսվեց հայերի, բյուզանդացիների, սելջուկների ու խաչակիրների միջև: Խաչակիրները գրավեցին նաև Ասորիքն ու Պաղեստինը և ստեղծեցին խաչակրաց չորս պետություններ՝ Երուսաղեմի թագավորությունը, Անտիոքի դքսությունը, Եդեսիայի և Տրիպոլիի կոմսությունները: Մանազկերտի ճակատամարտից հետո սելջուկների մի մասը հաստատվեց Փոքր Ասիայում և ստեղծեց Իկոնիայի սուլթանությունը: Վերջինս և Փոքր Ասիայում հաստատված թուրքական տարբեր ցեղեր դարձան Կիլիկիայի համար վտանգավոր հարևաններ:
|