Պատերազմի տարիներին գյուղատնտեսության մեջ իշխում էր ձեռքի աշխատանքը, խիստ նվազել էր կոլտնտեսությունների աշխատանքային ներուժը, զգալիորեն կրճատվել էին ցանքատարածությունները։ Գյուղատնտեսությունը դժվարին կացությունից դուրս բերելու նպատակով հետպատերազմյան շրջանում մի շարք որոշումներ ընդունվեցին, բայց դրանք հիմնականում չհասան իրենց նպատակին։ Որոշ ձեռնարկումներ եղան գյուղատնտեսության մեքենայացման ուղղությամբ։ Չնայած գյուղերում աստիճանաբար ավելանում էր գյուղատնտեսական մեքենաների քանակը, սակայն իրեն զգալ էր տալիս տեխնիկայի պակասը։ Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց գյուղերի էլեկտրիֆիկացման վրա։ Խրախուսվեց փոքր հիդրոէլեկտրակայանների շինարարությունը։ 1950թ. արդեն Հայաստանում գործում էին ավելի քան 50 գյուղական հիդրոէլեկտրակայաններ։ Դրա շնորհիվ գյուղերի էլեկտրիֆիկացումը հասավ 68 տոկոսի։ Կոլտնտեսություններում կատարվող միջոցառումները իրականացվում էին առանց գիտական լուրջ հիմնավորման, այդ պատճառով էլ արդյունքները գոհացուցիչ չէին լինում։ 1950թ. մայիսի 30-ին ընդունվեց որոշում կոլտնտեսությունների խոշորացման վերաբերյալ։ Կոլտնտեսությունների քանակը Հայաստանում 1043-ից 1950թ. վերջերին նվազեց մինչև 666-ի։ Խրուշչովյան մտահղացում էր ագրոքաղաքների ստեղծումը։ Ագրոքաղաքը լինելու էր ժամանակակից քաղաք, ուր գյուղացին, բնակվելով բազմահարկ շենքում, իր կենցաղով նմանվելու էր քաղաքաբնակի։ Այսպիսի պարզունակ եղանակներով ցանկանում էին լուծել քաղաքի և գյուղի միջև եղած տարբերությունը։ Հանրապետության գյուղատնտեսությանը մեծ վնաս հասցրեց նաև սեփական հացով ապահովելու մասին ԽՍՀՄ կառավարության 1950թ. որոշումը։ Նախատեսվում էր արոտավայրերի, խոտհարքների և այգեգործության հաշվին մի քանի տարվա ընթացքում հացահատիկային կուլտուրաների ցանքատարածություններն ավելացնել 180 հազար հեկտարով։ Այդ որոշման կենսագործման հետևանքով անօգտագործելի դարձան հազարավոր հեկտար խոտհարքներ և արոտավայրեր։ Դրա հետ մեկտեղ գյուղացիությունից գանձվող հարկերը հետևողականորեն աճում էին։ Պետությունը մթերումները կատարում էր շատ ցածր գներով։ Կաթի 1 լիտրը մթերելով 25 կոպեկով՝ պետությունը այն ազգաբնակչությանն էր վաճառում 2 ռ. 70 կոպեկով, 1 կգ միսը մթերում էր 14 կոպեկով և վաճառում 11 ռուբ. 40 կոպեկով։ Այդպիսի քաղաքականությունը պետությանը հնարավորություն էր տալիս ժամանակ առ ժամանակ իջեցնել գները։ Սակայն այդ արվում էր գյուղացիության հաշվին՝ ծանրացնելով նրա հարկատվությունը։ Ցածր վարձատրությունը կոլտնտեսություններում գյուղացիներին ստիպում էր եկամտի այլ աղբյուր գտնել։ Նրանք իրենց աշխատաժամի զգալի մասը հատկացնում էին անձնական տնտեսություններին։ Հետպատերազմյան մի քանի տասնամյակների ընթացքում գյուղատնտեսության բնագավառում եղան նաև հաջողություններ։ Կառուցվեցին Թալինի, Հրազդանի, Սպիտակի, Կոտայքի ջրանցքները, Ազատի, Շամբի և այլ ջրամբարներ։ Բազմաթիվ ջրհան կայաններ և արտեզյան հորեր կառուցվեցին Արարատյան դաշտի գյուղական շրջաններում։ Ոռոգելի հողատարածությունները ավելացան 48 հազար հեկտարով, ճահճուտներից ազատվեցին և յուրացվեցին 16 հազար հեկտար հողեր։ Ոչ միայն գյուղատնտեսության, այլև ամբողջ ժողովրդական տնտեսության զարգացման մեջ որոշակի էր հանրապետության ղեկավարության դերը ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղարներ Յակով Զարոբյանի (1960-1966 թթ.), Անտոն Քոչինյանի (1966-1974 թթ.) և Կարեն Դեմիրճյանի (1974–1988թթ.) գլխավորությամբ։ Գյուղատնտեսության հետ մնալը հաղթահարելու նպատակով ԽՄԿԿ Կենտկոմը 1953 թ. սեպտեմբերին հատուկ որոշում ընդունեց, որի հիման վրա բարձրացվեցին մթերումների գները, կրճատվեցին գանձվող հարկերը և այլն։ Դրա շնորհիվ ավելացավ գյուղատնտեսական արտադրանքը, կոլտնտեսականների դրամական եկամուտները 1953թ. 53 միլիոն ռուբլուց 1962 թ. հասան 116.5 միլիոնի։ Գյուղացիության դրամական եկամուտների աճը խթանեց բնակարանային շինարարությունը, բարելավվեցին գյուղացիների կենցաղային պայմանները։ Այդ ամենով հանդերձ գոյություն ունեցող համակարգում ոչ արմատական միջոցառումներով գյուղատնտեսությունը ճգնաժամից դուրս բերելու փորձերը փաստորեն ձախողվեցին, քանի որ գյուղացին իր արտադրած արդյունքի իրական տերը չէր համարվում։ Նման պայմաններում գյուղատնտեսությունը պարբերաբար հայտնվում էր ճգնաժամի մեջ, և անհաջողության էին մատնվում պետության կողմից իրականացվող միջոցառումները։
|