![]() | Բարև Հյուր! Դուք կարող եք: Մուտք գործել Կամ Գրանցվել |
|
![]() |
200 |
Բաժիններ | ||||||||||||
| ||||||||||||
Միացեք քննարկումներին |
|
22:48 Հայ-Թուրքական պատերազմներ մաս IV |
![]() Ալ. Խատիսյանը միանգամայն իրավացի էր. հայոց նորանակախ պետությունը հոգևարքի մեջ էր, քանի որ մնացել էր անպաշտպան արյունարբու ոսոխի առջև. Հայոց բանակի զինվորները այլևս հրաժարվում էին մարտի ելնել հանուն հայրենիքի փրկության և զանգվածաբար դասլքում էին: Այլևս միայն հրաշքը կարող էր փրկել Հայոց աշխարհը: Խորհրդանշական է, որ հայրենի երկրի հոգևարքի անհուն ողբերգականությունը հանճարեղ կարսեցին` Եղիշե Չարենցը, խտացրել է հենց դասալիքներին հրապարակայնորեն պատժելու համար կանգնեցրած կախաղանների մահագույժ պատկերում` «մի գորշ պարան ու երկնուղեշ փայտեր երկու» և այս համազգային ողբերգության մեղքը վերագրելով իրեն` Հիսուսի նման պատրաստ է ինքնազոհաբերության` հանուն երկիր Նաիրի փրկության: Իջել է շուրջը մի անհուր իրիկնաժամ, Ու լռություն մի անստվեր, անդուռ, անդող, Ինչպես մորմոքը օրերի, ինչպես դաժան Մահվան թախիծը` իմ անլուր սիրտը բանտող… Եվ արդյոք ո՞վ է երազել այդքան դաժան- Ու լուսավոր առավոտները իմ հոգու Ո՞վ դարձրեց – մի անկրակ իրիկնաժամ, Ու գորշ պարան, ու երկնուղեշ փայտեր երկու: Գուցե այդ ես եմ, որ սրտով իմ լուսնահար Ոչ մի կրակ հեռուներից ձեզ չբերի, Ու ցանկացա, որ չօրհներգե ո´չ մի քնար Լուսապսակ, պայծառ գալիքը Նաիրի… Թող ո´չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի, Ուրիշ ոտքեր կախաղանին թող մո´տ չգան, Եվ թող տեսնեն աչքերի մեջ իմ կախվածի Իմ բո´րբ երկիր, լուսապսակ քո ապագան… Կարսի պարտությունը կտրուկ փոխեց պատերազմի ողջ ընթացքը: Արդեն լուրջ վտանգ էր սպառնում նաև Սուրմալուի զորախմբին, որը թեև պաշտպանական ամուր դիրքեր ուներ, սակայն այժմ կարող էր հայտնվել դեպի Ալեքսանդրապոլ առաջացող թշնամու օղակում: «Այս ամոթալի դեպքից հեո, գրում է Մ. Աբրահամյանը, - Սուրմալուի զորամասը ստիպված եղավ թողնել իր դիրքերը, այրել Մարգարայի ու Կարակալայի կամուրջները և իբր ճակատ ընդունել Արաքսի երկարությամբ մինչև Կարակուլայի կամուրջը, այնտեղից էլ մինչև Ալագյազ կայարանը»: Օգտվելով այն բանից, որ առճակատման գրեթե չեն հանդիպում, թուրքական զորքերը շարունակեցին առաջխաղացումը Ալեքսանդրապոլի ուղղությամբ: Դրությունը չշտկեց անգամ ճակատի հրամանատարի փոփոխությունը` գեներալ Սիլիկյանի փոխարեն նշանակվեց Սեպուհը: Հուսալքված, դասալքության ախտով վարակված զինվորներով այլևս հնարավոր չէր ընդդիմանալ թշնամուն: «Կարսից հետո մեր զորքերը համախմբվեցին Ղզլչախչախի տակ, ուր նոյեմբերի 4-ից սկսվեցին տաք կռիվներ վրա հասնող թուրքերի հետ: Թշնամին աշխատում էր կտրել կիրճի բերանը և գերի առնել մեր զորամասը: «Ազատամարտ» զրահագնացքի խիզախ շարժումներով և գնդացրային սպանիչ կրակի ուժով թուրքերի ծրագրերը ձախողության մատնվեցին: Ղզլչախչախի կռիվն ահագին իրարանցում առաջ բերեց Ալեքսանդրապոլում: Նահանգապետը, միլիցիան առած, հեռացավ` անպաշտպան թողնելով քաղաքը: Քաղաքյին ինքնապաշտպանության, երկաթուղային պաշտոնեության մեծ մասը փախավ: Քաղաքում գլուխ բարձրացրին անիշխանական տարրերը»: Նոյեմբերի 5-ին թուրքական զորքերը արդեն Ալեքսանդրապոլի մատույցներում էին: Հաջորդ օրը հրամանատար Քյազիմ Կարաբեքիր փաշան զինադադար առաջարկեց ծանր, ստորացուցիչ պայմաններով, որոնք ըստ էության նույնական էին 1918թ. Բաթումի պայմանագրի պահանջների հետ: Ավելին, երկու օր անց թուրքական կողմը ավելի խստացրեց պահանջները: Խոշոր ռազմատուգանքի հետ միասին Ք. Կարաբեքիրը արդեն պահանջում էր 24 ժամվա ընթացքում զորքերը հետ քաշել ոչ թե 15 կմ, այլ շատ ավելի հետ` մինչև Արփաչյա – Ալագյազ կայարան Նալբանդ-Վորոնցովկա գիծը: «Հայաստանի կառավարությունը ամենավճռական կերպով բողոքեց այս պահանջների դեմ: Խոսքը նորից անցավ զենքին: Նոյեմբերի 11-ին վերսկսվեց պատերազմը, որը սակայն տևեց շատ կարճ: Նոյեմբերի 14-ին թուրքերը հարձակվեցին Ջաջուռի մեր զորամասի վրա: Կռիվները սկզբում նպաստավոր էին մեզ համար, բայց թշնամուն հաջողվեց թիկունքային շարժումով ռմբակոծել Ղալթախչին, ուր գտնվում էր զորամսի կենտրոնը և սպառնալ երկաթուղագծին: Այդ պատճառով մեր զորքերը նահանջեցին Համամլու: Տաք կռիվներ տեղի ունեցան և Ազինի ճակատում: Թուրքերի հաջողվեց այստեղից էլ հետ մղել մերոնց: Վերջին կռիվներն էին սրանք»: Պատերազմն ավարտվեց: ՀՀ-ը ծանր պարտություն կրեց, ինչը ի վերջո հանգեցրեց հայոց երկամյա անկախ պետության կործանման: Որքան էլ փորձենք այս ցավալի պարտության համար մեղադրել արտաքին ուժերին, այնուամենայնիվ, պարտության պատճառները առաջին հերթին հարկ է փնտրել մեր ներսում: «Բոլշևիկների դավադրությունը չէր մեր պարտության պատճառը, ոչ իսկ թուրքերի ուժը, այլ մեր սեփական ապիկարությունը», - խոստովանում է Հովհ. Քաջազնունին: Իսկ առաջնայինը, անկասկած ոգու, հայի հաղթական ոգու բացակայությունն էր, այն ոգու, որ 1918թ. մայիսյան հերոսամարտի օրերին հրաշքներ արարեց: Ամեն դեպքում, մեր պատմության, սերունդների համար ուսանելի շատ բան թողեց այս պատերազմը: Երիցիս իրավացի է Ս. Վրացյանը. «Հայ – թուրքական վերջին պատերազմը կը բանա մեր առջև շատ ուսանելի էջեր, որոնք թուլության և անկազմակերպության կողքին ցույց կտան պետական գիտակցության և ռազմական կարողության շքեղ օրինակներ»: Նոյեմբերի 23-ին հրաժարական տվեց ՀՀ կառավարությունը: Կազմվեց նոր կառավարություն` Ս. Վրացյանի գլխավորությամբ: Ռազմական նախարար նշանակվեց Դրոն: Նոր կառավարության պատվիրակությունը Ալ. Խատիսյանի գլխավորությամբ Ալեքսանդրապոլում հաշտության բանկցություններ սկսեց թուրքերի հետ: Միաժամանակ, Երևանում բանակցություններ էին ընթանում Խորհրդային Ռուսաստանի ներկայացուցիչ Բ. Լեգրանի հետ: Թուրքական կողմը վերջնագիր ներկայացրեց, ըստ որի` Կարսի, Սուրմալուի և Շարուր – Նախիջևանի շրջանները անջատվում էին Հայաստանի տարածքից: Ռուսաստանի անունից վերջնագիր ներկայացրեց նաև Լեգրանը` Հայաստանի անհապաղ խորհրդայնացնելու պահանջով: Բուռն և տևական բանավեճերից հետո հանրապետության կառավարությունը որոշեց ստորագրել թուրքերի հետ հաշտության պայմանգիրը, ինչպես նաև ընդունել Հայաստանի խորհրդացման առաջարկը: Հաջորդ օրը` դեկտեմբերի 2-ին կառավարությունը հրաժարական տվեց, միաժամանկ որոշելով «հանձնել զինվորական և քաղաքացիական բովանդակ իշխանությունը զորաբանակի ընդհանուր հրամանատարին, այդ պաշտոնում նշանակել ռզամական նախարար Դրոյին»: Դեկտեմբերի 2-ին Խորհրդային Ռուսաստանի ներկայացուցիչ Բ. Լեգրանի և Դրոյի ու Համբարձում Տերտերյանի կողմից ստորագրվեց մի համձայնագիր, որում Հայաստանը հայտարարվեց խորհրդային հանրապետություն: Ի դեպ, ըստ այդ համաձայնագրի 3-րդ կետի` «Հայկական բանակի հրամանատարական կազմը չի ենթարկվում պատասխանատվության այն գործերի համար , որ կատարել է բանկի շարքերում մինչև Հայաստանում Խորհրդային իշխանությունների հաստատումը»: Սակայն շուտով հայկական բանակի շուրջ 1200 սպաներ աքսորվեցին Ռուսաստան, որոնց մի մասը մահացան հենց աքսորի ճանապարհին: Ավելի ուշ նրանք Ալ. Մյասնիկյանի ջանքերով ազատվեցին աքսորից և վերադարձան Հայաստան: Մինչև հեղկոմի ժամանումը` երկրի իշխանությունը անցավ բանակի հրամանատարությանը` Դրոյի գլխավորությամբ: Նրա տեղակալն էր գեներալ Հովհ. Հախվերդյանը: Դրոյի առաջին իսկ հրմանով` ՀՀ բանակը վերանվանվեց Խորհրդային Հայաստանի կարմի բանակ: Չեղյալ հայտարարվեին զինվորական կոչումները, և մտցվեց զինծառայողին` ըստ պաշտոնի տրվող անվանումը: Նախկինում ստացած շքանշաններն ու մեդալները այլևս արգելվում էր կրել: ՀՀ բանակի զինվորներից ձևավորվեց Հայկական նորակազմ հրաձգային դիվիզիայի կորիզը: Կարմիր բանկաում ծառայության անցան ՀՀ բանակի սպաներից շատերը, այդ թվում վեց գեներալ` նախկին նախարար Հախվերդյանը, հրետանու պետ Ղամազյանը և այլք, 19 գնդապետ` Միրիմանյանը, Հասնփաշայանը, Խուդաբաշյանը և այլք, նաև մի քանի հարյուր այլ սպաներ: Նրանցից ոմանք խորհրդային բանակում մարտական փառահեղ ուղի անցան` դառնալով անվանի զորահրամանատարներ` գեներալներ Ի. Վեքիլյան, Բ. Առուշանյան, Գ. Չայլախյան, Կ. Հախնազարյան, և վերջապես` Խորհրդային Միության մարշալ Հովհ. Բաղրամյան: Ներկայիս Հայաստանի զինված ուժերը Հայաստանի Առաջին Հանրապետության բանակի անմիջական ժառանգորդն է, ուստի և Արցախի ազատամարտի փառահեղ հաղթանակների սաղմերը հարկ է փնտրել Առաջին աշխարհամարտի ընթացքում ռուսական բանկի կազմում հանուն ազատ և միացյալ Հայստանի մարտնչած կամավորական խմբերի ու կանոնովոր զորամասերի Հայաստանի Առաջին Հանրապեության բանակի, Հայրենական պատերազմում հերոսացած հայկական զորամսերի կռած հաղթանակներում: Վահան Մկրտչյան «Հայ Զինվոր» Աղբյուր www.ayrudzi .info |
|
Մեկնաբանությունների քանակը: 0 | |
Հայկական տոմար |
|
Armenian history |
|
История Армении |
|
Մարզեր |
Արմավիրի մարզ Արարատի մարզ Արագածոտնի մարզ Արցախ Գեղարքունիքի մարզ Լոռու մարզ Կոտայքի մարզ Շիրակի մարզ Սյունիքի մարզ Վայոց Ձորի մարզ Տավուշի մարզ |
Հայաստան |
Բուսական աշխարհ Կենդանական աշխարհ Արագած Արալեռ Արարատ (Մասիս) լեռը Արտանիշ Արփա Որոտան Գառնու ձոր Գեղամա լեռներ Դեբեդ Դիլիջանի արգելոց Թարթառ Խոսրովի անտառ Սևան Հատիս |
200 |
Հիշիր |
![]() |