Արտաշիր I-ի պատերազմը Հայաստանի հետ տեղի է ունեցել 228 թվականին՝ Հայաստանի և Ատրպատականի սահմանագլխում։
230 թ. Արտաշիրը պատերազմ է հայտարարում հռոմեացիներին։ Նա անցնում է Եփրատ գետը, գրավում Միջագետքը և պաշարում է Մծբինը։ Թշնամու հեծյալները երևում են նույնիսկ Կապադովկիայում և Սիրիայում։ Հռոմեական կայսր Ալեքսանդր Սևերոսը մեծաքանակ բանակով գալիս է Անտիոք։ Մարտական գործողություններն սկսվում են 232 թվականին։
Հռոմեական բանակը շարժվում է երեք ուղղությամբ։ Առաջին բանակը Յունիոս Պալմատուսի գլխավորությամբ, հայ դաշնակից բանակով, կազմելով ճակատի ձախ թևը, հարձակվելու էր Մարաստանի վրա Հայաստանի վրայով։ Երկրորդ բանակը, Եփրատ գետի հոսանքի ուղղությամբ պետք է շարժվեր Տիզբոնի դեմ։ Երրորդ՝ կենտրոնական բանակը, Ալեքսանդր Սևերոս կայսեր գլխավորությամբ պետք է հարձակվեր Հյուսիսային Միջագետքի ուղղությամբ։
Այդ երեք բանակներից իրեն առաջադրած խնդիրները կատարում է միայն ճակատի ձախ թևի հռոմեական բանակը, որը ներխուժում է Մարաստան և հրի ու սրի մատնում քաղաքներն ու գյուղերը։ Բայց այդ զորքերը ստիպված են լինում Մարաստանից նահանջել, որովհետև հարավային ուղղության հռոմեական բանակը, գործելով անմիջապես Արտաշիր I-ի զորքերի դեմ, պարտություն է կրում և ետ է քաշվում Միջագետք։ Հայաստանը մնում է առանց օգնության։ Պարսիկները, օգտվելով հռոմեական պետության մեջ տիրող երկպառակություններից և Հռոմի դեմ գոթերի արշավանքից, հարձակվում են Հայաստանի վրա։ Ագաթանգեղոսի մի վկայությամբ հաստատվում է, որ հայոց թագավոր Տրդատ II-ը հավաքում է իր զորքերը, միացնում է Աղվանքի, Վրաստանի, լփնիների, ճիղպերի, կասպերի և հոների օգնության հասած զորքերին, գնդեր է կազմում և արշավում պարսից զորագնդերի դեմ։
Պարսից թագավորը, չդիմանալով հայերի և նրանց դաշնակից անդրկովկասյան ժողովուրդների զորքերի հարվածներին, փախուստի է դիմում։ Հետապնղելով պարսից ուժերին, Տրդատ II-ը մեծ ջարդ է տալիս և մեծ հաղթությամբ ու ավարով վերադառնում Վաղարշապատ քաղաքը։
Սասանյան Պարսկաստանի դեմ մղված պատերազմներում ձեռք բերված այդ հաջողությունները արդյունք են հայ ժողովրդի հերոսական պայքարի։ Միևնույն ժամանակ դրանք պետք է վերագրել կովկասյան ժողովուրդների` վրացիների, աղվանների, լազերի, մյուս ժողովուրդների ու ցեղերի համատեղ պայքարին, որոնք շահագրգռված են եղել պաշտպանել իրենց երկրները օտարերկրյա հարձակումներից և միացել են հայերի մղած այդ ազատագրական պատերազմին` սեփական հայրենիքը փրկելու նպատակով։ Այսպիսով, Տրդատ II-ի վարած այդ պատերազմի հաջողություններին մեծապես նպաստել է վերոհիշյալ ժողովուրդների եղբայրական դաշինքը։
Պարսից թագավոր Շապուհ I-ը 252 թ. ներխուժում է Հայաստան՝ Տրդատ II-ից վրեժ լուծելու համար։ 252-253 թթ. համառ մարտերից հետո Տրդատ II-ը պարտություն է կրում և փախչում հռոմեացիների մոտ։ Դա եղել է տասնամյա պատերազմի վերջին ճակատամարտը, որը տեղի է ունեցել Ադիաբենում։ Տրդատ II-ի զավակները մնում են Հայաստանում և հնազանդվում Պարսկաստանին։ Շապուհը հայոց գահի վրա նստեցնում է ինչ-որ Արտավազդի (253—272 թթ.)։
III դարի իննսունական թվականներին Պարսկաստանը Հայաստանը գրավելու նոր փորձ է անում։ 295 թ. Միջագետքի վրայով Հայաստանի դեմ արշավանք սկսեցին պարսից զորքերը՝ Շապուհի որդի Ներսեհի (293 — 302) գլխավորությամբ։ 296 թ. Ներսեհի զորքերի դեմ դուրս եկավ հռոմեական զորավար Գալերիոս Մաքսիմիանոսը։ Ճակատամարտը տեղի ունեցավ Խարան և Կալլենիկում քաղաքների միջև։ Այդ ճակատամարտում Գալերիոս Մաքսիմիանոսը ծանր պարտություն կրեց պարսկական հեծելազորից։ Բյուզանդիան, իհարկե, չէր կարող հանդուրժել այդ։ Դիոկլետիանոսի կարգադրությամբ 237թ. վերսկսվում է պատերազմը Պարսկաստանի հետ։ Այս անգամ Մաքսիմիանոսն ուներ քսանհինգ հազար զինվոր, այդքան էլ կային հայոց զորքեր` սպարապետ Արտավազդ Մամիկոնյանի գլխավորությամբ։ Այդ դաշնակից բանակը կենտրոնացել է Փոքր Հայքի Սատաղի բերդում։ Այդպիսի կենտրոնացումը, հատկապես լեռնային շրջանում, նպատակ ուներ, առաջին, օգտագործել լեռնազանգվածները՝ զրկելու պարսից հեծելազորը օպերատիվ տարածությունից։ Երկրորդ՝ ունենալ իր թիկունքի հաղորդակցման գծերում հուսալի դաշնակից հայերին, ապահովել զորքերը սննդամթերքով, խմելու ջրով և պաշտպանել թիկունքի զորքերը թշնամու հանկարծակի հարվածներից։ Դեպի Սատաղ են շարժվում պարսից զորքերը։
«Նա (Ներսեհը),— վկայում է Փավստոս Բուզանդը,— եկավ իր բոլոր զորքերով, բոլոր աղխով, մեծ կարավանով, բազմաթիվ փղերի կույտով, անչափ մթերքներով, բուն մաշկապաճյանով1, բոլոր կանանցով և տիկնանց տիկնով. եկավ մտավ Հայաստանի սահմանները, ամբողջ աշխարհը բռնեց։ Այս ժամանակ հայոց նախարարների ազնվական զորքերն իրենց ընտանիքներն առնելով փախչում էին հունաց կողմերը...»:
Ներսեհի մեծաքանակ զորքերը բանակ են դնում Բասենի գավառի Ոսխա գյուղում։ ճակատամարտի նախօրյակին հռոմեական կայսր Դիոկլետիանոսը, հայ նախարարներ Արշավիրի և Անդովկի հետ, որպես կաղամբ ծախողներ, մտնում են Ներսեհի ճամբարը, անձամբ հետախուզում են հակառակորդի զորքի կազմը և մտադրությունները։ Վերադառնալով, Դիոկլետիանոսն իր զորքերին համապատասխան կարգադրություններ է անում մարտական կարգեր դասավորելու, անհոգ և անգործության մատնված պարսից զորքերին շշմեցուցիչ հարված հասցնելու համար։
«Լուսաբացին նրանք հարձակվեցին Պարսից թագավորի վրա, — վկայում է Բուզանդը,— ամբողջ բանակը սրի բերան տվին, ոչ մեկին կենդանի չթողին։ Բանակը կողոպտեցին, ավար առան... Միայն թագավորը հազիվհազ պրծնելով մի առաջընթաց սուրհանդակով փախչում է, հազիվ կարողանում է իր աշխարհն ընկնել»:
Այսպիսով, 297 թ., Բասենի ճակատամարտում անձնական մանրազնին հետախուզության հիման վրա որոշվել է պարսկական զորքերի և նրանց հրամանատարների անհոգությունն ու անգործությունը, մշակվել է մարտական կարգերի ճիշտ դասավորումը՝ պարսից ճամբարին հանկարծակի հարված հասցնելու համար։ Հռոմեական և հայոց զորքերի խելացի դասավորումը, նրանց կոմպակտ գործողությունները և շշմեցուցիչ հանկարծակի հարվածները Ներսեհի զորքերին մատնում են ծանր պարտության։ Հետապնդող զորքերը հասնում են և բնաջինջ անում խուճապահար փախչող պարսից բանակը։
Այդ ճակատամարտում վճռական դեր է կատարել հայոց հեծելազորը, հատկապես հեծելազորի այն մասը, որը մասնակցել էր հռոմեական պատերազմներին և ձեռք էր բերել հարուստ փորձ։ Իր քաջությամբ և անվեհերությամբ այդ հեծելազորը ոչ միայն շշմեցրել է հակառակորդին, այլև զարմացրել է հենց իր բարեկամ հռոմեացիներին։
Պարսից զորքերի այդ ծանր պարտությունից հետո Ներսեհի խնդրանքով Մծբինում 298 թ, Հռոմի և Պարսկաստանի միջև կնքվում է քառասնամյա պայմանագիր։ Ըստ պայմանագրի՝ Պարսկաստանը պարտավորվում է այսուհետև հրաժարվել Հայաստանին ու Վրաստանին իշխելու ձգտումներից և Հռոմին է ամբողջապես հանձնում թագավորների թագադրության իրավունքը։ Հայաստանում գահ է բարձրանում Տրդատ III-ը (298-330), որը գործոն մասնակցություն է ունեցել պատերազմում հայկական զորագնդով կռվելով պարսկական բանակի դեմ։ Նշված պայմանագիրը կնքելուց հետո սկսած 298 թ. քառասուն տարի Հայաստանը ապրեց խաղաղ աշխատանքով ու կառուցումներով։
330 թ., Տրդատ III-ի մահից հետո, Հայաստանի գահն է բարձրանում նրա որդին՝ Խոսրով III-ը (332—338 թթ.)։
Նրա գահակալության տարիներին մազքութների թագավոր Սանեսանը, հոների և Կովկասի այլ քոչվոր ցեղերի հետ դաշն կնքած, կազմում է մի մեծ բանակ և 335 թ. գարնանը արշավում Հայաստան։ Հեծելազորի մեծաթիվ գնդերը և հետևազորը ամեն տեսակ զենքերով հեղեղում և ավերում են հայոց երկիրը մինչև Սատաղ և Ատրպատականի Գանձակը։ Հայոց թագավոր Խոսրով Կոդակը խուսափում է ճակատամարտից և ամրանում Կոգովիտ գավառի Դարյունք բերդում։ Իսկ մազքութների թագավոր Սանեսանը, գրավելով Այրարատը, իր թիկնապահ հեծյալ գնդերով բանակ է դնում Վաղարշապատ քաղաքում։
Արշավի ուղին, ինչպես երևում է, անցել է կասպերի երկրով, Քուռ և Արաքս գետերի միացման տեղով գետանց է կատարվել, հետո շարժվել են դեպի Նախիջևան, Արտաշատ, այնուհետև՝ Վաղարշապատ, որտեղ դասավորվել է զորքերի ճակատի կենտրոնական մասը։ Այդպիսի մեծաքանակ զորքը, բնականաբար, մի ճամբարում՝ Վաղարշապատում, տեղավորելն անհնար էր, ուստի աջ և ձախ թևերի զորքերի բանակատեղը Սանեսանը ընտրել է Օշականը։
336 թ. Բյուզանդիայից վերադառնում է սպարապետ Վաչե Մամիկոնյանը, կանգ է առնում Տայքում, շտապ իր շուրջն է համախմբում զինակիցներ Բագրատ Բագրատունուն, Մեհենդակ և Գարեգին Ռշտունիներին, Վահան Ամատունուն, Վարազ Կամինականին, նրանց զորքերից ստեղծում է մի ստվարաթիվ բանակ և մշակում մազքութների զորքերը ջախջախելու մարտական գործողությունների ծրագիրը։
Ստեղծված մարտական կացությունից և Վաչե Մամիկոնյանի զորքերի հարվածների ուղղությունից կարելի է կռահել, որ հայկական զորքերը կենտրոնացած են եղել Արագածոտն գավառի ժամանակակից Թալիշ և Շամիրամ գյուղերից դեպի արևելք։ Ճակատամարտի առաջին փուլը։ Ըստ մարտական գործողությունների իր ծրագրի, Վաչե Մամիկոնյանը թարմ զորքով սկզբում հարձակվում է թշնամու գլխավոր ուժերի վրա, որոնք բանակել էին Օշականում։ Հարձակումն սկսվում է վաղ առավոտ։ Հանկարծակի հարվածով Վաչե Մամիկոնյանի զորքերը ջախջախում են մազքութների ճամբարը, սրի են քաշում այնտեղի զորքերը և ազատում հայ գերիներին։ Այնուհետև հարձակումը շարունակելով, Վաչե Մամիկոնյանի զորքերը իջնում են Արարատյան դաշտ և Վաղարշապատ քաղաքում վրա են հասնում մազքութների թագավոր Սանեսանին։
Ճակատամարտի երկրորդ փուլը։ Վաչե Մամիկոնյանի զորքերը սրընթաց հարձակվում են Վաղարշապատի վրա, որտեղ գտնվում էր Սանեսան թագավորը։ Չդիմանալով հայոց բանակի հարվածներին մազքութները և նրանց դաշնակիցները փախուստի են դիմում դեպի Օշականի բերդը, ըստ երևույթին չիմանալով, թե ինչ էր պատահել այդտեղի զորքերին։
Ճակատամարտի երրորդ փուլը։ Մազքութների զորքերի փախուստի ուղին եղել է Վաղարշապատի և Օշականի միջև ընկած քարքարոտ բարձրավանդակը, որին ապավինելով նրանք փորձել են դանդաղեցնել հայոց զորքերի հետապնդման թափը, բայց ապարդյուն։ Հայկական զորքերը կատարյալ հաղթանակ են տանում և հետապնդում թշնամուն։ Ճակատամարտում սպանվում է Սանեսան թագավորը։
Պատմիչը չի պատասխանում հետևյալ հարցերին. առաջին՝ ճակատամարտին մասնակցե՞լ են, արդյոք, բյուզանդական զորքերը։ Երկրորդ՝ ինչպե՞ս կարող էր հայրենիքի այդպիսի վտանգի պահին հմուտ սպարապետ Վաչե Մամիկոնյանը Բյուզանդիայում գտնվել։ Բնականաբար, կարող ենք եզրակացնել, որ Վաչե Մամիկոնյանը Բյուզանդիա է գնացել օժանդակ զորք բերելու։ Դրա մերժումը կնշանակեր, թե Բյուզանդիան հրաժարվում է օգնել իր դաշնակից պետությանը՝ Հայաստանին, որ նույնպես ցույց չի տալիս Փավստոսը։
Օժանդակ զորքեր տրամադրելիս Հռոմը կամ Բյուզանդիան միշտ իրենց զորավարներն էին նշանակում գլխավորելու այդ զորքերի գործողությունները։ Պատմիչներր չեն հիշատակում այդպիսի զորավարի, ինչպես և չեն նշում հռոմեական զորքերի որևե գործողություն մազքութների դեմ մղած ճակատամարտում։ Ուստի ճիշտ է Բուզանդի վկայությունը, թե Վաչե Մամիկոնյանը հույսը դրել էր իր զինակիցների՝ հայ նախարարների ուժերի վրա, որոնցով և ապահովեց ճակատամարտի հաջող վախճանը։
Ինչպես Բուզանդը, նույնպես մյուս պատմիչները, չեն հիշատակում, թե ինչպիսի՞ մարտական կարգերով է դասավորել իր զորքերը Վաչե Մամիկոնյանը։ Մարտերում փորձված սպարապետ Վաչե Մամիկոնյանը լավ իմացել է, որ ճակատամարտի հաջողությունն ապահովող գործոնը զորքերի մարտական կարգերի դասավորումը և ամեն ջոկատին համապատասխան խնդիր տալն է։ Միայն աղոթելու ժամանակ մազքութների զորքերին հանկարծակի հարված հասցնելը, ինչպես ասում է Բուզանդը, չէր կարող վճռական լինել, որովհետև նրանք կարող էին նահանջել հանգիստ ու անվնաս։ Բայց այդ նրանց չհաջողվեց ոչ թե պատահմամբ, ինչպես ցույց է տալիս ճակատամարտի ընթացքը, Վաչե Մամիկոնյանը հաշվի էր առել այդ հանգամանքը, ուստի մինչև մարտն սկսելը հատուկ ջոկատներով փակել էր փախչելու հնարավոր ուղիները և գլխավոր հարվածը կենտրոնից հասցրել իր գլխավորած հիմնական ուժերով։
Այլ կերպ օգտվելով Օշականից արևելքում գտնվող խոր ձորից, որով հոսում է Քասախ գետը և որի ափերի ժայռերը հասնում են տեղ-տեղ 80-100 մետրի, մազքութները կարող էին դուրս գալ և փախչել, եթե սպարապետ Վաչե Մամիկոնյանը ձորը նախօրոք փակած չլիներ իր մարտական ջոկատներով։ Նախարարների առանձին ջոկատներով Վաչե Մամիկոնյանը շրջանցել է մազքութների զորքերի թևերն ու թիկունքը, փակել է նրանց նահանջի ուղիներր, թույլ չի տվել մտնելու Քասախ գետի խոր ձորը, իսկ իր զորքերի գլխավոր ուժերով ճակատի կենտրոնական մասում հանկարծակի հարված է հասցրել մազքութներին և ապահովել է ճակատամարտի հաջողությունը հօգուտ հայոց զորքի։
Փավստոս Բուզանդի նկարագրած մարտերի ընթացքը ցույց է տալիս, որ Վաչե Մամիկոնյանը հմտորեն է դասավորել իր զորքերի մարտական կարգերը, ճիշտ որոշում է ընդունել մարտ վարելու եղանակների վերաբերյալ, ընտրել է շշմեցուցիչ հարվածի ճիշտ ժամանակը և ապահովել է ճկուն մարտավարությունը, որի շնորհիվ հակառակորդի մի քանի անգամ գերակշռող ուժերը ջախջախվել ու բնաջնջվել են։
Սպարապետ Վաչե Մամիկոնյանի ծերության պատճառով Խոսրով թագավորը 337 թվին սպարապետությունը հանձնում է բզնունյաց նախարար Դատաբենին։ Այդ ժամանակ Հերից և Զարևանդից Խոսրով Կոդակը լուր է ստանում, որ Սասանյան Պարսկաստանը պատերազմի է պատրաստվում Հայաստանի դեմ։ Խոսրով թագավորի կարգադրությամբ, Հերի ուղղությամբ պարսից զորքերի դեմ դուրս է գալիս հայոց մեծաքանակ բանակը սպարապետ Ղատաբենի գլխավորությամբ։ Փավստոս Բուզանդը վկայում է. «Խոսրով թագավորը հրաման տվեց բզնունյաց Դատաբեն նահապետին՝ աշխարհից գուգազ հանել անչափ և անհամար, և մատենիկ գնդի հետ միասին դուրս գալ թշնամու առաջ, դիմադրել, նրա առաջն առնել։ Եվ Դատաբենը պարսից զորքին ընդառաջ գնաց հայոց զորքի բազմությամբ։
Երբ Դատաբենը հասավ պարսից զորքերի մեծերի հետ միաբանեցավ, միտքը դնելով նրանց ձեռքը մատնել Հայոց թագավորին, իր տիրոջը։ Նա թշնամիներին հրամայեց դարան սարքել իր զորքի դեմ և թշնամու սրերին մատնեց իր զորքը։ Հանկարծ՝ անսպասելի կերպով (հարձակվում) կոտորում են հայոց քառասուն հազար զորքը, և մյուս զորքը դիմում է փախուստի։ Իսկ չարագործ Դատաբենը առնում է պարսից զորքը և կամենում է հայոց թագավորի վրա հարձակվել։ Փախստական զորքերն ավելի վաղ են հասնում հայոց թագավորի բանակը, գուժում են պատահած սարսափելի կործանումը, անօրեն Դատաբենի մատնության չարագործությունը»:
Բուզանդի վկայությունից ակնառու է, որ ամբողջ քառասուն հազարանոց հայ բանակը չի կոտորվել, այլ մի մասը փախել հասել է Խոսրով թագավորին։ Բայց Բուզանդը ցույց չի տալիս Հերի և Զարևանդի մոտ մղված մարտերում զոհված հայերի քանակը` ճիշտ պատկերացում ունենալու համար։ Հայոց զորքերի ջախջախումից հետո Դատաբենը՝ պարսից բանակի գլուխ անցած, արշավում է նվաճելու Վասպուրականի մնացած մասը և հասնում է Առեստ ավանը, Բզնունյաց լճի (Վան) հյուսիս-արևելքում։
Այդ ժամանակ Խոսրով թագավորը «...փութով հավաքում է իր մոտ զորքերը, մոտ երեսուն հազար մարդ, Վաչե զորավարի հետ, և (թշնամու) դեմ է գնում իր բոլոր ավագ նախարաների հետ միասին։ Նրանք իրար հանդիպեցին Առեստ ավանում, փոքր գետակի վրա արքունական ձկնորսարանում։ Տեսան պարսից զորքի անհամար բազմությունը ինչպես երկնքի աստղերը և ինչպես ավազը ծովի ափին, նրանք եկել էին անթիվ փղերով և անչափ զորքով։ Իսկ սրանք հասան, հարձակվեցին նրանց բանակի վրա... զարկին, կոտորեցին, ոչնչացրին, մեկին էլ կենդանի չթողին։ Եվ մեծ ավար խլեցին նրանցից և փղերը և նրանց զորության բոլոր ուժը։ Նաև Դատաբենին Վաչե սպարապետը և քաջ Վահան Ամատունին ձերբակալեցին և բերին Խոսրով մեծ թագավորի առաջ...»:
Խոսրով թագավորին ներկայացված Դատաբենը ենթարկվում է ժողովրդի ինքնադատաստանին` սպանվում է քարկոծվելով: Այդ պատերազմը տեղի է ունեցել 337 թ.։ Պարսից զորքերը ոչնչացվել են սպարապետ Վաչե Մամիկոնյանի և Վահան Ամատունու հմտորեն կազմակերպած զորքերի հակահարվածներով։ Այդ պատերազմը հայ ժողովրդի խոր ատելության և վրեժխնդրության կռիվն էր պարսիկ նվաճողների և նրանց ստորահաճ ծառա, հայրենիքի դավաճան Դատաբենի դեմ։
337 թվականը լի է երկրի թագավորի դեմ շահամոլ նախարարների բարձրացրած ապստամբություններով, որոնց աջակցել են պարսից Շապուհ II-ի օժանդակ զորքերը։ Դատաբենից հետո, Շապուհ II-ի սադրանքով, 337 թ. հայոց թագավորի դեմ ապստամբում է Աղձնիքի բդեշխ Բակուրը, որը նույնպես հաջողություն չի ունենում` ապստամբությունը ճնշվում է, իսկ Բակուրը սպանվում։ Շապուհ II-ը 338 թվականին կազմակերպում է ավելի մեծաքանակ բանակ Հայաստանի վրա նոր արշավանք գործելու համար։
Մծբինի անհաջող պաշարումից հետո Շապուհ II-ը շարժվում է դեպի Աղձնիք, որտեղ, Բակուրի ապստամբությունը ճնշելուց հետո, ըստ երևույթին, գտնվում էին Վաչե Մամիկոնյանի զորքերը։ Ճակատամարտը հավանորեն տեղի է ունեցել բդեշխ Բակուրի դեմ վարած մարտերի տեղանքում։ Այդ մարտերից մեկում զոհվում է հերոսի փառքով պսակված, ականավոր զորավար, ծերունի Վաչե Մամիկոնյանը։ Հայկական բանակը պարտություն է կրում։
Վաչե Մամիկոնյանը հանդիսացել է հայ աչքի ընկնող զորահրամանատարներից մեկը, նա հայերի ռազմական արվեստը հարստացրել է մարտ վարելու նոր եղանակներով։ Ստուգված մանրազնին տվյալների հիման վրա կազմել է մարտական գործողությունների ծրագիր և կազմակերպել է ճակատամարտը։ Իր զորքերի թարմ ուժերով սկզբնական հարվածը հասցրել է ամենից առաջ հակառակորդի հիմնական աժերին և խմբավորումներին։ Մարտի սրընթացությամբ և հանկարծակիությամբ զրկել է հակառակորդին վերախմբավորելու իր զորքերը՝ թևային հակագրոհի կամ հակահարվածի անցնելու նպատակով։ Անդադար հետապնդել է փախչող հակառակորդին և թույլ չի տվել նրան պոկվելու հետապնդող զորքերից։ Զորքերը միշտ պահել է կայտառ վիճակում և մարտի հաջողության հույսով, խնամքով պատրաստել է նրանց այդ ոգով։