Www.ARMhistory.do.am
Բարև Հյուր!
Դուք կարող եք:
Մուտք գործել Կամ Գրանցվել
Նավարկություն
Գլխավոր Հայոց պատմություն Հայեր Ֆորում Գրքեր Նկարներ Հետաքրքրաշարժ Հայկական ֆիլմեր Հայկական մուլտֆիլմեր Օնլայն խաղեր Ձեր կարծիքը մեր մասին Կայքեր Կինոթատրոն Հետադարձ կապ
Բաժիններ
Գրողներ [51]
Զորավարներ/Հայդուկներ [17]
Պատմիչներ [3]
Փիլիսոփաներ [3]
Թագավորներ [7]
Թագավորական տներ [7]
Արվեստի ասպարեզ [20]
Ճակատամարտեր [6]
Հեթանոս աստվածներ [7]
Ռազմական արվեստ [24]
Ազգային [16]
Էություն [4]
Միացեք քննարկումներին
  • Աֆորիզմներ (151)
  • Գրքեր (14)
  • Վեբ ծրագրավորում (14)
  • Հարցեր և պատասխաններ (13)
  • Անեկդոտներ (13)
  • Հայաստանին (13)
  • Քառյակներ (11)
  • Որ ժամանակաշրջանում է Հայաստանը եղել հզոր (11)
  • Հայոց լեզու (10)
  • Անձնական մտքեր,խոսքեր (9)
  • Հին Հունաստան (9)
  • Հեղինակային (8)
  • Ուսանողական կայք տնտեսագետների համար (7)
  • hayoc ekexecu patmutyun (6)
  • Վեբ կայքերի պատրաստում (6)
  • Գլխավոր » 2011 » Փետրվար » 10 » Հայկական ռազմական արվեստը - 4
    19:44
    Հայկական ռազմական արվեստը - 4
    Պարսկաստանում իշխանության գլուխն է անցնում Աքեմենյան հարստությունից Դարեհ 1-ը (522— 486 մ.թ.ա.), որը վերականգնում է պարսից պետության հզորությունը, ստեղծում է ավելի ուժեղ կազմակերպված բանակ և ծանրացնում վասալական երկրների ու մարզերի, այդ թվում նաև՝ Հայաստանի լուծը։ Հպատակ ժողովուրդներին նա ստիպում է վճարել մեծ գումարով հարկ և նրանց զորքերը մտցնում է պարսից բանակի կազմի մեջ։ Այդ բանակի կորիզը կազմում էին պարսիկները։ Լավ կազմակերպված մշտական բանակը Դարեհ I-ին հարկավոր է եղել զավթած հսկայական երկրների ու մարզերի ժողովուրդներին հնազանդ պահելու, նրանց ապստամբությունները ճնշելու և իր հետագա զավթողական քաղաքականությունը շարունակելու համար։ Զավթած ժողովուրդներին տնտեսական և քաղաքական ինքնուրույն կյանքից զրկելը այդ ժողովուրդներին մղել է ապստամբության։ Պարսկական միապետ Դարեհ I-ի լծի դեմ միաժամանակ ապստամբել են մի քանի հպատակ ժողովուրդներ, այդ թվում նաև հայերը։

    Այդ ապստամբությունների մասին Դարեհ I-ը արձանագրություն է գրել տվել Բեհիսթունի ժայռի վրա (Քիրմանշահի մոտ): Արմենների խիզախության և ռազմունակության մի պարզ ցուցանիշ է այն, որ նրանց ապստամբությունը Դարեհ I-ի զորավարները կարողացել են ճնշել միայն հինգ ճակատամարտից հետո, որոնք տեղի են ունեցել 521—520 թվականներին: Արձանագրության մեջ ասված է. «Դարեհ թագավորն ասում է. Երբ ես Բաբելոնի մեջ էի գտնվում, իմ դեմ ապստամբեցին հետևյալ երկրները՝ Պարսկաստան, Շոշաստան, Մեդիա, Ասորիք, Եգիպտոս («Արմենիա»), Պարթևստան, Մարգիանա, Սատտագուշ (Պենջաբ), Աագաստան»:

    Հայերի այդ ապստամբության մասին Բեհիսթունի արձանագրության մեջ հետևյալն է ասված. «Դարեհ թագավորն ասում է. Արդ՝ Արմենիա («Արմինա») ուղարկեցի մի արմեն («արմենիյա») իմ Դադարշիշ անունով ծառային, և այսպես պատվիրեցի. «Գնա նվաճի այդ ապստամբ ժողովուրդը, որ ինձ չի հպատակվում»: Դադարշիշը գնաց Արմենիան նվաճելու։ Երբ նա եկավ Արմենիա՝ ապստամբները դուրս եկան Դադարշիշի դեմ նրան ճակատամարտ տալու համար։ Դադարշիշը ճակատամարտն ընդունեց։ Արմենիայի մեջ Զուզա անունով, մի ավան կա. ճակատամարտը տեղի ունեցավ այնտեղ։ Արամազդն ինձ օգնեց։ Շնորհիվ Արամազդի իմ բանակը շատ մարդ կոտորեց թշնամու բանակից։ Թուրավահարա ամսի 8-ին էր (Ըստ Յուստիի՝ 19 ապրիլի 521 թ., իսկ ըստ Կյոնիգի՝ 21 մայիսի 521 թ.), երբ ճակատամարտը տեղի ունեցավ»:

    Զուզայի մոտ մղված այդ առաջին ճակատամարտը եղել է ապստամբած հայերի առաջապահ ջոկատի կռիվը։ Որ այդ ճակատամարտը իրոք մղվել է ապստամբության կենտրոնից հեռու մատույցներում, նշված է արձանագրության մեջ, ուր ասվում է, որ ապստամբները բավականին առաջացել էին մարտ տալու համար։ Ապստամբների մարտական ջոկատի այդպիսի առաջշարժումը ակնհայտորեն ցույց տալիս, որ դա եղել է պահպանության առաջապահ ջոկատ (ավանգարդը): Այդ ջոկատի մարտական գործողությունների ընթացքից կարելի է եզրակացնել, որ նա խնդիր է ունեցել հանդիպել հարձակվող հակառակորդին ապստամբության կենտրոնից հեռու մատույցներում, հետախուզել թշնամու զորքերի ուժերն ու կազմը, մարտով ստիպել հակառակորդի ուժերին բացազատվել` հեռու մատույցներում նրանց ուժասպառ անելու նպատակով, և ժամանակ շահել ավելի լավ պատրաստելու ապստամբներին` պարսից զորքերի պատժիչ ջոկատին համառ դիմադրություն ցույց տալու համար։
     
    Ապստամբների առաջավոր ջոկատը թշնամու պատժիչ ուժերին հանդիպել է Զուզա ամրոցում, որը 90—100 կիլոմետր հեռու էր ապստամբների առաջին օջախ Տիգրա կամ Թիլ բերդից՝ Աղձնիքում։ Հիշյալ Զուզայի և Թիլի միջև եղած տաուծությունը (90—100 կմ) պարսից պատժիչ զորքերը՝ Դադարշիշի գլխավորությամբ, անցել են ապրիլի 19-ից մինչև 29-ը, օրական 9-10 կիլոմետր երթ կատարելով, մինչդեռ այն ժամանակ զորքերի ռազմերթը ընդունված էր օրական մոտավորապես 20-25 կիլոմետր։ Այդ իր հերթին ապացուցում է, որ պարսից պատժիչ զորքերն իրենց արշավանքը շարունակելու ճանապարհին միշտ հանդիպել են ապստամբների նահանջող առաջապահ ջոկատի համառ դիմադրությանը, ուստի և դանդաղել է նրանց արշավանքի թափը։ Այդպիսով, ապստամբած հայերի առաջապահ ջոկատը իրեն տրված մարտական խնդիրները կատարել է։

    Երկրորդ ճակատամարտը։ «Դարեհ թագավորն ասում է. Ապստամբները երկրորդ անգամ հավաքեցին իրենց ուժերը և նորից դուրս ելան Դադարշիշի դեմ պատերազմի։ Արմենիայի մեջ Տիգրա անունով մի բերդ կա. ճակատամարտը տեղի ունեցավ այնտեղ։ Արամազդն ինձ օգնեց։ Շնորհիվ Արամազդի իմ բանակը թշնամու բանակին հալածեց։ Թուրավահարա ամսի 18-ն էր (ըստ Յուստիի՝ 29 ապրիլի 521 թ., իսկ ըստ Կյոնիգի՝ 31 մայիսի 521 թ.), երբ ճակատամարտը տեղի ունեցավ»:

    Բեհիսթունի արձանագրությունից երևում է, որ ապստամբած հայերի առաջապահ ջոկատը Զուզայից նահանջել է երկրի խորքերը, իսկ Դարեհի պատժիչ զորքերը հետապնդել են նրանց։ Այդ դեպքը չէր կարող չհարուցել Աղձնիքի ժողովրդի զայրույթը պարսկական բռնապետության դեմ։ Հավանական է ապստամբների զորքը համալրվել է ժողովրդի թարմ ուժերով։ Այդ երևույթը, իր հերթին, ծանր վիճակի մեջ է դրել պարսից զորքերին։ 
    Այս ճակատամարտում ապստամբները հմտորեն օգտագործել են Քյավան-դաղ լեռների հարավային լանջերը, ակներևաբար իրենց ձեռքում պահելով իշխող բարձունքները, իսկ դա ոչ միայն հեշտացրել է դիմադրությունը, այլև պարտության մատնել պարսից զորքերին։

    Երրորդ ճակատամարտը։ «Դարեհ թագավորն ասում է. Ապստամբները երրորդ անգամ հավաքվեցին և դուրս ելան, Դադարշիշի դեմ պատերազմի։ Արմենիայի մեջ Ուհյամա անունով մի բերդ կա. ճակատամարտը տեղի ունեցավ այնտեղ։ Արամազդն ինձ օգնեց։ Շնորհիվ Արամազդի իմ բանակը շատ մարդ կոտորեց թշնամի բանակից։ Թայգրաչի ամսի 9-ն էր (Ըստ Յուստիի՝ 20 մայիսի 521 թ., ըստ Կյոնիգի` 21 հունիսի 521 թ.) , երբ ճակատամարտը տեղի ունեցավ։ Հետո Դադարշիշը, հնազանդվելով իմ հրամանին` մնաց Արմենիայում, մինչդեռ ես իմ նիզակը ուղղում էի դեպի Մեդիա»:

    Տիգրիսի և Ուհյամայի միջև եղած տարածությունը մոտ 100 կմ է, և պարսից զորքերը դա անցել են 21 օրում` 521 թ. ապրիլի 29-ից մինչև մայիսի 20-ը (մ.թ.ա.), օրական անցնելով միջին հաշվով 5 կմ ճանապարհ։ Պարսից զորքերի դանդաղ շարժումը կարելի է բացատրել երկու հանգամանքով՝ Տիգրա բերդի մերձակա մարտերում նրանց շարքերի ուժգին քայքայումով, որը հետևանք էր ապստամբների զինված ուժերի համառ դիմադրության, սրանց շարքերի արագ աճի` ի հաշիվ պարսից լծի դեմ ապստամբած Աղձնիքի բնակիչների։

    Ուհյամայի երրորդ ճակատամարտում ապստամբած հայերը գրավել են ժամանակակից Ւլիջա լեռնաշղթայի. Ամիդից (Դիարբեքիր) հյուսիս գտնվող լեռների հարավային զառիվայրի իշխող բարձունքները։ Այստեղ պարսից զորքերր կրել են ծանր պարտություն, համարյա ութ ամսվա ընթացքում չեն կարողացել վերականգնել իրենց մարտաշարքերը և կատարել Դարեհի հրամանը, ուստի դիմել են նրա օգնությանը։ Դարեհը պատասխանել է. «Սպասել ինձ Արմենիայում...»: Սակայն ապստամբած արմենների ճնշման ներքո Դադարշիշը իր զորքերով ստիպված է եղել փախչել Հայաստանից դեպի Ասորեստան և ապաստան է գտել Իզալա բերդում։

    Ուհյամայի ճակատամարտում Դադարշիշի այդ ամոթալի պարտությունը հաստատվում է Դարեհի կողմից զորքերի հրամանատարին փոխարինելու փաստով, և նրանով, որ այս անգամ սեպաձև արձանագրություններում Դարեհը ոչ մի խոսքով չի հիշատակում ապստամբած հայերի կորուստների քանակի մասին և միայն հայտարարում է. «Իմ բանակը շատ մարդ կոտորեց թշնամի բանակից»:

    Չորրորդ ճակատամարտը։ «Դարեհ թագավորն ասում է. այնուհետև Արմենիա ուղարկեցի Վահումիսա անունով մի պարսկի, իմ ծառային, և այսպես պատվիրեցի. «գնա, նվաճիր այդ ապստամբ ժողովուրդն, որ ինձ չի հնազանդվում»։ Վահումիսան գնաց Արմենիան նվաճելու։ Ապստամբները հավաքվեցին և դուրս ելան Վահումիսայի դեմ պատերազմի։ Ասորեստանի մեջ Իզալա անունով մի երկիր կա. ճակատամարտը տեղի ունեցավ այնտեղ։ Արամազդն ինձ օգնեց։ Շնորհիվ Արամազդի իմ բանակը շատ մարդ սպանեց ապստամբների բանակից։ Անամակա ամսի 15-ն էր (ըստ Յուստիի՝ 18 հունվարի 520 թ. ըստ Կյոնիգի՝ 31 դեկտեմբերի 522 թ.), երբ ճակատամարտը տեղի ունեցավ»։ (Բաբելոնական բնագրում մեջ է բերված նաև արմենների կորուստը` 2024 սպանված):

    Բեհիսթունի արձանագրություններում ասված է, որ Վահումիսան ուղարկվել է Հայաստան Դադարշիշին օգնության, մինչդեռ վերջինս փախել ու թաքնվել է Ասորեստանի Իզալա բերդում։ Ըստ արձանագրությունների, Վահումիսան եկել է Իզալա` Ասորեստան, ու ճակատամարտ է տվել այնտեղ հայ խռովարարներին։ Այստեղից հետևում է, որ Դարեհին և Վահումիսային հայտնի էր, որ Դադարշիշը պարտություն կրելով` Իզալա է փախել, որ հետապնդող ապստամբ արմենները Իզալա են հասել, որոնց հետ Վահումիսան պատերազմ է սկսել։ Ուստի, կարելի է եզրակացնել, որ Վահումիսան է վարել երկու բանակների (իր և Դադարշիշի) մարտական գործողությունները։ Արձանագրությունները լռում են և այն մասին, թե խռովարար արմենները վերջնականապես հնազանդեցվել են։ Միայն այն փաստը, որ առանց Դարեհի թույլտվության Դադարշիշի զորքերը գտնվեցին Իզալայում, ցույց է տալիս, որ խռովարար ուժերի հարվածներից Ուհյամայի մոտ պարտություն կրելով, պարսից պատժիչ զորքերը Դադարշիշի հետ ստիպված են եղել խախտել հրամանը այնպիսի բռնակալի, ինչպիսին էր Դարեհը, և անպատիժ փախչել հուսալի ապաստարան` Իզալա բերդը։

    Բեհիսթունի արձանագրությունները չեն նշում, թե ինչու Իզալայի մոտ մղված ճակատամարտում պարսից զորքերը պարտություն կրեցին և հարկադրված եղան նահանջել դեպի արևելք` իրենց երկիրը։ Դարեհ I-ը այդ նահանջի ժամանակ կատարած մարտական գործողությունների մասին որևէ տեղեկություն չի հաղորդում։ Իզալայից մինչև Ավտիյարա տանող ճանապարհը ուղիղ գծով շուրջ 360-370 կիլոմետր է, այսինքն՝ զորքերի միջին երթը վերոհիշյալ ժամանակի վրա եթե բաժանենք, կստանանք օրական 2,7 կամ 3 կիլոմետր։

    Պարսից բանակի շարժումների այդ դանդաղությունը հետևանք կարող էր լինել նախ այն բանի, որ, առաջանալով Աղձնիքի և Կորդուքի միջով դեպի Ավտիյարայի (այժմ Ջուլամերիկ) շրջանը, նա կարող էր այս կամ այն վայրում երկար կանգ առնել` ապստամբ հայերին վերջնականապես հնազանդեցնելու նպատակով։ Սակայն այդ մասին ոչ մի խոսք չկա Բեհիսթունի արձանագրություններում։ Հետևաբար պարսից բանակը, հավանական է, փախել է և փրկվել։

    Երկրորդ, այդ նահանջի ժամանակ պարսից զորքերը կարող էին հանդիպել Կորդուքի և Աղձնիքի մարզերի այս կամ այն վայրում եղած ապստամբների համառ դիմադրությանը, որի հետևանքով Վահումիսայի և Դադարշիշի բանակները պետք է բացազատեին իրենց մարտական գործողությունները, որով և կդանդաղեր ռազմերթի թափը։ Այդ մասին ևս լռում է արձանագրությունը։

    Երրորդ, խուսափելով հայ ապստամբների համառ դիմադրությունից, Վահումիսան և Դադարշիշը նահանջել են դեպի իրենց բնաշխարհը՝ Մարդին, Սապվա (այժմ Ջեզիրե) շրջանը, անցնելով 590— 600 կիլոմետր երկարությամբ ուղի։ Այդ դեպքում էլ նրանք կտրել են օրական միջին հաշվով 4 կամ 4,5 կիլոմետր ճանապարհ, ընդունված 20 կիլոմետրի փոխարեն։ Ասորեստանի հյուսիսային սահմաններով անցնելիս նրանք ոչ մի դիմադրության չեն հանդիպել և արձանագրություններն էլ, բնականաբար, լռում են այդ մասին։ Ջեզիրեի մոտից անցնելով հայոց երկրի Ավտիյարա շրջանը` այդ բանակները հանդիպել են հայ ապստամբների դիմադրությանը, որից և դանդաղել է նրանց երթի թափը։ Բնական է և այն, որ Իզալայի մոտ ջարդված և ուժասպառ եղած բանակները, կորցնելով իրենց զորքերի մարտական շարքերի կարգապահությունն ու մարտունակությունը, որը հատուկ է ամեն մի պարտված բանակի, պարսից զորքերը շարժվել են դանդաղ, կորցրել են իրենց ռազմ երթի արագությունը։ Ուստի ստիպված լռել է Բեհիսթունի ժայռի արձանագրությունների հեղինակ Դարեհ 1-ը։

    Ինչպես էլ լռած լինի արձանագրությունը, հայ ապստամբների դիմադրությունը ծավալուն ուժգնության է հասնում Ավտիյարայի շրջանում, արձանագրության մեջ կարդում ենք. 
    «Դարեհ թագավորն ասում է. ապստամբները երկրորդ անգամ հավաքվեցին և դուրս ելան Վահումիսայի դեմ պատերազմի։ Արմենիայի մեջ Ավտիյարա անունով մի գավառ կա։ Ճակատամարտը տեղի ունեցավ այնտեղ։ Արամազգն ինձ օգնեց։ Շնորհիվ Արամազդի իմ բանակր շատ մարդ կոտորեց թշնամի բանակից։ Թուրավահարա ամսի վերջն էր (ըստ Յուստիի՝ 1 հունիսի 520 թ., իսկ ըստ Կյոնիգի՝ 12 հունիսի 521 թ.), երբ ճակատամարտը տեղի ունեցավ։ Հետո Դադարշիշը, հնազանդվելով իմ հրամանին, մնաց Արմենիայում, մինչդեռ ես իմ նիզակը ուղղում էի Մեդիա»: Բաբելոնական բնագրում ցույց է տրված նաև արմենների կորուստը՝ «նրանցից սպանված էին 2045 մարդ և գերի էին վերցված 2559 հոգի»:

    Այդպիսով, Աղձնիքի և Կորդուքի հայերի ապստամբությունը ճնշվում է։ Հայերը հնազանդվում են պարսից իշխանությանը։ Դարեհ I-ը Հայաստանը հայտարարում է սատրապություն։

    Սեպաձև արձանագրություններից, ինչպես ցույց են տվել որոշ ուսումնասիրողներ, երևում է, որ Դարեհ I-ի դեմ Հայաստանում և Բաբելոնում ապստամբություններն սկսվել են միաժամանակ, և Բաբելոնում ապստամբությունը ճնշելուց հետո է, որ Վահումիսայի գլխավորությամբ պարսից ուժեղացրած պատժիչ բանակները շարժվել են ճնշելու հայերի ապստամբությունը։ Հայերի ապստամբությունը ճնշելուց երեք տարի հետո Բաբելոնում բռնկվել է մի նոր ապստամբություն, որը ղեկավարել է Արախա անունով մի Հայ՝ հայտարարելով իրեն Բաբելոնի թագավոր և 519 թ. մայիսին ազատագրական պատերազմի է դուրս եկել Դարեհ I-ի դեմ: Բաբելոնում հայ Արախային սիրալիր ընդունելություն ցույց տալը ապացուցում է, որ Բաբելոնի ժողովուրդը նրան ճանաչել է դեռ մինչև 519 թվականը, այսինքն՝ նոր ապստամբության սկիզբը, որ Արախան այն ժամանակ բաբելոնացիներին հայտնի էր ո չ միայն որպես ապստամբած հայերի և բաբելոնացիների քաջամարտիկ, այլև այդ երկու ժողովուրդների բախտն իրար հետ կապող ղեկավար անձերից մեկը։ Սա ցույց է տալիս, որ հայերի և բաբելոնացիների ապստամբությունները շաղկապված են եղել միմյանց, որը հզորացրել է այդ ապստամբությունները։ Դարեհ I-ը սխալ գործած կլիներ, եթե չկտրեր այդ ժողովուրդների կապը և դրանով չթուլացներ նրանց ուժը։

    Դարեհ I-ի անաչառ չլինելը երևում է այն բանից, որ նրա հրամանով գրված Բեհիսթունի սեպաձև արձանագրությունները ոչ մի բառ չեն ասում պարսից զորքերի անհաջողությունների, պարտությունների և կորուստների մասին։ Ընդհակառակն, Դարեհը ամեն կերպ գովում է իր զորքերին, նրանց պարտությունները հրամցնում որպես հաղթանակ և առանց վերապահության ավելացնում ապստամբած արմենների և մյուս ժողովուրդների կորուստներն ու պարտությունները։ Հենց միայն Բեհիսթունի արձանագրությունների նկարագրած դեպքերի վերլուծությունից կարելի է եզրակացնել, որ ավելի քան տասնչորս ամսվա ընթացքում տեղի ունեցած հինգ ճակատամարտերից միայն վերջինն է ավարտվել Դարեհի զորքերի հաղթությամբ:

    Մի քանի խոսք հայերի մարտավարության գնահատության և պարտության պատճառների մասին։ Սեպաձև արձանագրություններից երևում է, որ ապստամբությունն սկսվել է Հայաստանի հարավային մարզերում՝ Կորդուքում և Աղձնիքում։ Այդ ապստամբությանը չեն մասնակցել Հայաստանի մյուս գավառների զորքերը, որոնց պարագլուխն այն ժամանակ Օրոնտես Երվանդյանն էր: Հետևապես, երկու գավառների ապստամբ հայերի պարտությունը չի կարելի համարել բոլոր հայերի պարտությունը, ինչպես վարվում են ոմանք։

    Հայերի այդ ապստամբության պարտության հիմնական պատճառներն են. 
    1. Առաջին չորս ճակատամարտերի հաջողությունները հայերի մոտ առաջացրել են այն համոզումը, որ պարսից զորքերը իրենցից թույլ են, այդ համոզման հետևանքով նրանք անձնատուր են եղել անփութության, որից օգտվել են պարսիկները և կազմակերպել են ապստամբ հայերի ջարդն Ավտիյարայում։ 
    2. Մարտերի րնթացքում ապստամբած հայերը բավականաչափ ամուր չեն կապել իրենց գործողությունները ապստամբած հարևան երկրների՝ Ասորեստանի, Բաբելոնի և մյուսների հետ։ Բացի դրանից, Կորդուքի և Աղձնիքի մարզերը ի վիճակի չեն եղել լիովին համալրելու ապստամբների շարքերը նոր սպառազինված ռազմիկներով՝ պարսից ստվարաթիվ ուժերի գրոհները ետ մղելու համար։ Այդ ամենը դյուրացրել է Վահումիսայի գործը Ավտիյարայում ապստամբած հայերի զինված դիմադրությունը վերջնականապես ճնշելու համար։

    Ապստամբության դրական կողմերը կարելի է համարել հետևյալները։ 
    1. Այդ ճակատամարտերի նկարագրությունից հետևում է, որ հայերը հմտորեն օգտագործել են իշխող տեղանքը՝ իրենց զորքերի մարտական կարգերը նպաստավոր ձևով դասավորելու, մարտի ընթացքը հաջող կազմակերպելու, զորքերի հաջողությունն ապահովելու և հակառակորդին պարտության մատնելու համար։ 
    2. Ապստամբած հայերի մոտ, ինչպես երևում է, հասունացած է եղել առաջապահ ջոկատ առանձնացնելու մարտավարությունը։ Առաջապահ ջոկատը խնդիր է ունեցել հակառակորդին հանդիպել հեռու մատույցներում, իր զորքին տեղեկացնել հակառակորդի հանդես գալու մասին։ Կարճատև մարտեր մղելով ստիպել հակառակորդին բացազատվել մարտական կարգերի հեռու տարածություններում, արյունաքամ անել նրա ուժերը և հնարավորություն տալ իրենց նահանջի դիմելու։ Արձանագրությունից երևում է, որ Զեզիրեի մոտ հակառակորդի հետ մարտի բռնված հայ ապստամբների առաջին ջոկատը փայլուն կերպով է կատարել իրեն տրված առաջադրանքը։ 
    3. Դեռևս այն ժամանակ ապստամբած հայերը հասկացել են, թե ինչքան կարևոր է հակառակորդին կիրճերի և ձորերի խորքը քաշելը՝ նրանց զորքերը անծանոթ և դժվարանցանելի տեղանքով տանելը, ուժասպառ անելն ու դրանով էլ հետագայում նրանց պարտության մատնելը. Այդպես են նախապատրաստված եղել ճակատամարտերը Տիգրա և Ուհյամա բերդերի մոտ։
    աղբյուր:www.ayrudzi.info
    Կատեգորիա: Ռազմական արվեստ | Դիտումներ: 809 | Ավելացրել է: armhistory | Պիտակներ: արվեստ, ռազմական | Ռեյտինգ: 0.0/0
    Մեկնաբանությունների քանակը: 0

    Օգնեք կայքին տարածեք այս նյութը:
    Մեկնաբանելու համար պետք է գրանցվել կայքում
    [ Գրանցվել | Մուտք գործել ]
    Հայկական տոմար
    Ancient Armenian Calendar
    Armenian history
    История Армении
    Մարզեր
    Արմավիրի մարզ Արարատի մարզ Արագածոտնի մարզ Արցախ Գեղարքունիքի մարզ Լոռու մարզ Կոտայքի մարզ Շիրակի մարզ Սյունիքի մարզ Վայոց Ձորի մարզ Տավուշի մարզ
    Հայաստան
    Բուսական աշխարհ Կենդանական աշխարհ Արագած Արալեռ Արարատ (Մասիս) լեռը Արտանիշ Արփա Որոտան Գառնու ձոր Գեղամա լեռներ Դեբեդ Դիլիջանի արգելոց Թարթառ Խոսրովի անտառ Սևան Հատիս
    Հիշիր
    Current Position
    Новости Карабаха
    Армянский исторический портал
    KillDim.com