Արիստոտել (հունարեն՝ Αριστοτέλης Արիստոտելես, մ.թ.ա. 384 - Մարտ 7, մ.թ.ա. 322) - հունական դասական փիլիսոփայության խոշորագույն ներկայացուցիչ, որին անվանում են հունական փիլիսոփայության Ալեքսանդր Մակեդոնացի կամ հունական փիլիսոփայության «Զևս»։ Պլատոնի փիլիսոփայության նման՝ Արիստոտելի փիլիսոփայությունը ևս խոր և անջնջելի հետք է թողել հետագա դարերի փիլիսոփայական մտքի զարգացման վրա։
Կյանքը
Արիստոտելը ծնվել է մ.թ.ա. 384թ. Թրակիայի Ստագիրա քաղաքում, մակեդոնական արքունիքի պալատական բժիշկ Նիկոմախի ընտանիքում։ 17 տարեկան հասակում նա գալիս է Աթենք և ընդունվում Պլատոնի Ակադեմիան, որտեղ մնում է մինչև Պլատոնի մահը (մ.թ.ա. 347թ.)։ Դրանից հետո Արիստոտելը հեռանում է Աթենքից, մի քանի տարի ապրում տարբեր քաղաքներում: Շուտով նրան հրավիրում են մակեդոնական արքունիք որպես Ալեքսանդր Մակեդոնացու դաստիարակ: Հետագայում մեծ զորավարը Արիստոտելի մասին ասել է, թե նրան պատվում եմ հորս հավասար, որովհետև հորս պարտական եմ իմ կյանքի համար, իսկ Արիստոտելին՝ այն, ինչ կյանքին արժեք է տալիս: Երբ Մակեդոնացին սկսում է իր պարսկական արշավանքը, Արիստոտելը վերադառնում է Աթենք և Ապոլլոն Լիկեյացու տաճարի մոտ հիմնում է իր դպրոցը, որը տեղանքի անունով կոչվում է Լիկեյ: Արիստոտելը դասախոսությունները կարդում էր ճեմելով, որի պատճառով էլ նրա հետևորդներին սկսեցին կոչել պերիպատետիկներ՝ ճեմականներ: Ալեքսանդր Մակեդոնացու մահվանից հետո (մ.թ.ա. 323թ.) Աթենքում սկսվեցին հակամակեդոնական հուզումներ, և Արիստոտելին մեղադրանք ներկայացվեց իբր «անաստվածություն» քարոզելու համար: Սոկրատեսի պես նա չմնաց Աթենքում. դպրոցի ղեկավարությունը հանձնելով իր աշակերտ Թեոֆրաստեսին, նա հեռացավ Խալկիդա քաղաքը, որտեղ էլ հաջորդ տարում (մ.թ.ա. 322թ.) մահացավ:
Աշխատությունները
Արիստոտելը գրել է բազմաթիվ ու բազմապիսի աշխատություններ, որոնց մի մասը չի հասել մեզ: Նա միայնակ այնքան գործ է կատարել գիտության ասպարեզում, որքան չեն կարողացել անել նրանից հետո մի քանի սերնդի գիտնականներ միասին վերցրած: Արիստոտելի աշխատություններն ըստ բովանդակության բաժանում են 7 խմբի՝ տրամաբանական, փիլիսոփայական, ֆիզիկական, կենսաբանական, բարոյագիտական, հասարակագիտական և գեղագիտական: Արիստոտելը գիտությունները դասակարգում էր երեք խմբի մեջ՝ տեսական, գործնական և ստեղծագործական: Տեսական գիտության մեջ են մտնում ֆիզիկան, մաթեմատիկան և մետաֆիզիկան, գործնական գիտություններից են բարոյագիտությունն ու քաղաքագիտությունը, իսկ ստեղծագործական գիտություններն են պոետիկան և հռետորությունը: Չնայած նա տրամաբանության, որպես գիտության, հիմնադիրն է համարվում, սակայն տրամաբանությունը առանձին գիտություն չէր դիտում, կարծելով, որ դա ճշմարտության բացահայտման գործիք է կամ մեթոդաբանություն: