Մարդիկ հաճախ իրենց վատ տրամադրությունն արտահայտելու համար օգտագործում են «դեպրեսիա», «ընկճվածություն» բառերը, բայց դեպրեսիան ավելին է, քան պարզապես տխրության զգացումը: Դա հիվանդություն է:
Դեպրեսիան հուզական և մտավոր պրոցեսների դանդաղումն է և շարժողական ակտիվության նվազումը:
Ճնշված մարդը, որպես կանոն, հոգեկան տառապանք է ապրում, ինչը հետևանք է իրական կամ երևակայական կորստի գիտակցման: Անձն իրեն հուզականորեն անվտանգ վիճակում չի զգում, նրան անընդհատ համակում է անօգնականության զգացումը: Ճնշված անձը կորցնում է սեփական անձի արժեքավորության, ինքնահարգանքի զգացումը: Նրա մեջ ձևավորվում է թերարժեքության բարդույթ:
Դեպրեսիան կարող է ի հայտ գալ հոգեկան ամենատարբեր հիվանդությունների ժամանակ՝ նևրոզներ, սեռական խանգարումներ, շիզոֆրենիա, մանիակալ-դեպրեսիվ և ծերունական պսիխոզներ, ալկոհոլամոլություն, թմրամոլություն և այլն: Որպես հիվանդություն, հիվանդագին վիճակ՝ այն կարող է ծանր կամ թեթև ընթացք ունենալ: Ծանր դեպրեսիայի ժամանակ դրսևորվում են ստորև նշված բոլոր ախտանշանները:
Ձմեռային դեպրեսիան կարող է առաջանալ ուղեղում լավ տրամադրություն պայմանավորող որոշ քիմիական նյութերի, օրինակ՝ էնդորֆինների պակասից:
Դեպրեսիա կարող են առաջացնել ալկոհոլի, թմրանյութերի չարաշահումը, որոշակի (ծանր, վատ ելք ունեցող) հիվանդությունների հետ կապված երկարատև, հուսահատ վիճակը, որոշ դեղամիջոցների ազդեցությունը և այլն:
Ընկճված վիճակին բնորոշ են տրամադրության վատացումը, օրվա ընթացքում նրա փոփոխությունը (առավոտյան՝ մռայլ, երեկոյան աստիճանաբար մեղմանում է), մտածողության և շարժումների դանդաղումը: Հիվանդները գանգատվում են ախորժակի բացակայությունից, ուտելիքը թվում է անհամ, անհոտ կամ տհաճ: Երբեմն հաշված օրերի ընթացքում արագ նիհարում են, հյուծվում և շուտ հոգնում, նվազում է սեռական ցանկությունը և սիրո զգացումը։ Տղամարդիկ գանգատվում են սեռական պոտենցիայի նվազումից (հիպոէրեկցիա), սեռական ցանկության բացակայությունից, կանայք՝ դաշտանադադարից: Քունը խանգարվում է, մարդիկ դառնում են ալարկոտ, ծույլ, անտրամադիր: Թախիծը, տխրությունը, «հոգեկան ցավը», անելանելիության ճնշվածությունը կրծքավանդակի, սրտի շրջաններում առաջացնում են ճնշող ցավի զգացողություն:
Մարդիկ նշում են, որ անտարբեր են դարձել իրենց և հարազատների, ինչպես նաև այն ամենի նկատմամբ, ինչը նախկինում հետաքրքրություն, հաճույք ու բավականություն էր պատճառում: Սեռական կյանքը աստիճանաբար դառնում է անհետաքրքիր և միապաղաղ: Բնորոշ է արգելակված վիճակը, որի ժամանակ հիվանդները երբեմն կարող են ժամերով նստել կամ պառկել նույն տեղում, նույն դիրքով: Ընկճվածության ժամանակ հիվանդների դեմքը թախիծ և վիշտ է արտահայտում: Հարցերին պատասխանում են ցածրաձայն, դանդաղ, ուշացումով, համառոտ և նշում, որ «մտածողությունը դժվարացած է», «մտքերը դանդաղ են գալիս», դառնում են հոռետես, կասկածամիտ: Անցյալը գնահատում են որպես համատարած սխալներով ու թերություններով լի մի ժամանակաշրջան: Ներկան տեսնում են ունայն, անիմաստ, ապագան՝ սև գույներով, անհեռանկարային և այլն: Նրանց համար կյանքը կորցնում է իր իմաստը և դառնում աննպատակ: Թեթև ընթացքի դեպքում երևույթները թույլ են արտահայտված, և ժամանակին ձեռնարկված բուժական միջոցառումները մարդուն դուրս են բերում այդ վիճակից:
Տարեցների դեպրեսիան երբեմն դժվար է տարբերել տարիքային թուլամտությունից: Սակայն տարեցների մոտ գերակշռում են տագնապն ու անհանգիստ վիճակը, նրանք ունենում են «ինչ-որ վատ բանի» սպասման կամ կանխագուշակման զգացում, արտահայտում են ինքնամեղադրման և ինքնանվաստացման մտքեր այն մասին, թե ճիշտ չեն ապրել, ոչինչ չեն արել իրենց հարազատների համար, երեխաներին լավ չեն պահել, ճիշտ չեն դաստիարակել, ուստի և բարոյական իրավունք չունեն ապրելու այս հողագնդի վրա... Այս բոլորը շատերի մոտ ուղեկցվում է ինքնավնասման և ինքնասպանության վտանգավոր մտքերով ու գործողություններով, որոնք, ցավոք սրտի, երբեմն ողբերգական ավարտ են ունենում։:
Այնպես որ, հարգելի ընթերցողներ, ձեր հարազատի տրամադրության չպատճառաբանված վատացման նշաններ նկատելու դեպքում երբեք ու երբեք մի ապավինեք բժշկական կրթություն չունեցող հոգեբաններին ու ինքնահռչակ բուժակներին, հեքիմներին ու վախ չափողներին, «սրբերին» ու գուշակներին, այլ անմիջապես, թեկուզև առանց հիվանդի մասնակցության, դիմեք հոգեթերապևտի կամ հոգեբույժի կամ, եթե կան սեռական խանգարումներ, գրագետ սեքսապաթոլոգի, որը կնշանակի համապատասխան դեղորայքային բուժում և կորոշի բուժումը հիվանդանոցային կամ տնային պայմաններում անցկացնելու հարցը, այլապես կորցնելով թանկագին ժամանակը՝ հնարավոր է, որ դառնաք անուղղելի ողբերգության ակամա մասնակիցը:
Ինչպե՞ս ազատվել ձմեռային դեպրեսիայից: Հայտնի է, որ աշնան և ձմռան ամիսներին մարդիկ դեպրեսիայի հանդեպ առավել զգայուն են դառնում: Ինչո՞ւ: Որովհետև այդ ամիսներին արեգակի ճառագայթների սակավությունը հանգեցնում է մարդու օրգանիզմում «արտադրվող» լավ, զվարթ, մի խոսքով՝ դրական տրամադրության հորմոնների նվազման, ինչի արդյունքում մարդիկ հաճախ լինում են մռայլ, մելամաղձոտ, սակավաշարժ և անաշխատունակ: Ելքը՝ Ձեզ քաղցրից մի զրկեք: Ձմեռային դեպրեսիայից ազատվելու լավ միջոց է մուրաբան: Բանն այն է, որ նրա մեջ 65 % գլյուկոզ է պարունակվում և լիովին զուրկ է ճարպերից: Բայց օրգանիզմի քմահաճույքներին շատ էլ մի տրվեք, ձմռանը գիրանալը շատ հեշտ է: Եվ ամենակարևորը՝ հաճախակի համբուրվեք:
Մի՛ թողեք, որ տխրությունը ձեզ տիրի: Դեղամիջոցներ ընդունելու փոխարեն այցելեք ընկերներին հենց այնպես, առանց որևէ առիթի: