|
Գլխավոր » 2011 » Հունվար » 10 » Հեռուստաընկերությունները գնահատում են 2011-ից հեռարձակման արտոնագրի դրույքաչափը 20 անգամով ավելացնելու քայլը
16:27 Հեռուստաընկերությունները գնահատում են 2011-ից հեռարձակման արտոնագրի դրույքաչափը 20 անգամով ավելացնելու քայլը |
2011 թվականի հունվարի 1-ից թվային հեռարձակման արտոնագիր ստանալու համար մարզային հեռուստաընկերությունները, նախօրոք սահմանված 50 հազար դրամի փոխարեն, ստիպված կլինեն վճարել տարեկան արդեն 1 մլն դրամ։ Դեռ սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովի կողմից «Պետական տուրքի մասին» օրենքում կատարած փոփոխություններով օրենսդիրը հեռարձակման արտոնագրի տարեկան պետական տուրքի դրույքաչափն ավելացրել է 20 անգամ՝ այն հասցնելով 1 մլն դրամի։ Թվային հեռարձակման արտոնագիր ստանալու առանձին՝ առավել բարձր դրույքաչափեր են սահմանվել նաեւ մայրաքաղաքում եւ հանրապետության ողջ տարածքում հեռարձակվող հեռուստաընկերությունների համար։
Երեւույթի դրական եւ բացասական կողմերը գնահատելու, դրա հնարավոր հետեւանքները կանխատեսելու եւ հեռուստաընկերությունների դիրքորոշումը պարզաբանելու նպատակով NEWS.am-ի թղթակիցը զրուցեց հեռուստաընկերություններից մի քանիսի ներկայացուցիչների հետ։
Նրանցից ոմանք առավելապես բացասաբար գնահատեցին ԱԺ այս որոշումը, ոմանք՝ բնական համարեցին այն՝ երեւույթը դիտարկելով իբրեւ TV-ների թվայնացման կարգի պարտադիր բաղկացուցիչ մաս։
«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական եւ քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանն, օրինակ, ասաց. «Բնականաբար, ցանկացած տնտեսվարող պետք է ցանկանա ավելի քիչ վճարում կատարել։ Սակայն քանի որ Ազգային ժողովի այս որոշումն օրենքի ուժ է ստացել, բոլորն էլ ստիպված պետք է վճարեն։ Այլ բան է, որ այս կամ այն հարկատեսակով ավելորդ որեւէ կոպեկ վճարելը, իհարկե, վնասում է հեռուստաընկերությանը։ Պակասում են լրատվամիջոցի շրջանառու միջոցները, երեւույթն ազդում է աշախատավարձերի, հեռուստանախագծերի կրճատման, ինչպես նաեւ հեռուստաալիքի տնտեսական ընդհանուր գործունեության վրա»:
ԱԼՄ հեռուստաընկերության նախագահ Տիգրան Կարապետյանն էլ համոզմունք հայտնեց, որ ԱԺ այս օրենքը նպատակ ունի կրճատել դաշտում առկա հեռուստաընկերությունների թիվը, հետեւաբար նաեւ՝հնարավոր մրցակցությունը։ «Փաստորեն, փողատերը կարող է իրեն թույլ տալ հեռուստաընկերություն պահել։ Ամեն դեպքում, դրույքաչափի ավելացումը վնասում է հեռուստաընկերություններին։ Ինչո՞ւ պետք է մարդն իր սեփական գումարներով փոխհատուցի այն, ինչ պետք է փոխհատուցի պետությունը։ Դա է պատճառը, որ ես երեւույթը շատ բացասական եմ գնահատում»,- ընդգծեց ԱԼՄ-ի ղեկավարը։
Երեւույթին գնահատական տալ չշտապեց «Շանթ» հեռուստաընկերության ծրագրերի բաժնի ղեկավարը։ «Դեկտեմբերի 16-ին, երբ ստանանք թվային հեռարձակման մեր լիցենզիան, այն ժամանակ էլ հնարավոր կլինի այս առումով որեւէ բան ասել։ Իսկ առայժմ կարող եմ միայն նշել, որ որքան շատ են հեռուստաընկերության կողմից վճարվելիք գումարները,այնքան ավելի դժվար է նույն այդ հեռուստաընկերության համար»,- ասաց նա։
«Կենտրոն» հեռուստաընկերության ֆինանսական տնօրենն, ի տարբերություն նախորդների, թվային հեռարձակման արտոնագրի դրույքաչափի ավելացումը դիտարկեց որպես TV-ների թվայնացման գործընթացի անքակտելի մաս։ «Սա լուծման ճանապարհներից մեկն է։ Որեւէ միտում սրանում չեմ տեսնում»,- շեշետեց նա։
Մոտավորապես նույն կարծիքն արտահայտեց «Շողակաթ» հեռուստաընկերության ծրագրերի բաժնի տնօրեն Արա Գալոյանը։ «Այս որոշումը ժամանակի հետ համահունչ քայլելու խնդիր է լուծում»,- նկատեց նա։
|
Կատեգորիա: ԽԱՌԸ ԹԵՄԱՆԵՐ |
Դիտումներ: 888 |
Ավելացրել է: armhistory
| Ռեյտինգ: 0.0/0 |
Մեկնաբանությունների քանակը: 0 | |
|
|
|
Օգնեք կայքին տարածեք այս նյութը:
|
Հայկական տոմար |
|
|
Հիշիր |
|
|
|