Գլխավոր » 2011»Հունվար»9 » ԿԱՆԱՑԻ ՍԵՌԱԿԱՆ ՕՐԳԱՆՆԵՐ. Ի՞ՆՉ Է ԻՐԵՆԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԿԼԻՏՈՐԸ:
01:21
ԿԱՆԱՑԻ ՍԵՌԱԿԱՆ ՕՐԳԱՆՆԵՐ. Ի՞ՆՉ Է ԻՐԵՆԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԿԼԻՏՈՐԸ:
Կանանց սեռական օրգանները բաժանվում երկու մասի` ներքին և արտաքին: Արտաքին օրգաններն են մազածածկույթով պատված ամոթույքի մեծ և փոքր շուրթերը, որոնք միանում են ծլիկի (կլիտորի) հիմքում, որը կնոջ առանձնահատուկ զգայուն, առնանդամին մոտավոր նմանություն ունեցող օրգանն է: Հանգիստ վիճակում ծլիկը նման է փոքրիկ ելուստի, իսկ գրգռվելիս լցվում է արյունով, ինչպես առնանդամը, և կարող է հասնել 2-3 սմ մեծության: Ծլիկից ներքև գտնվում է կնոջ միզածորանը, որից քիչ ներքև գտնվում է հեշտոցի մուտքը, որը աղջիկների մոտ ծածկված է կուսաթաղանթով: Հեշտոցի մուտքը դրսից ծածկված է ամոթույքի մեծ և փոքր շուրթերով, որոնք սեռական գրգռվածության ժամանակ արյան հոսքի հետևանքով մեծանում են: Միաժամանակ ուժեղանում է դրանց վրա գտնվող տարբեր գեղձերի գործունեությունը, արտադրվում է մեծ քանակությամբ լորձ, որը և հեշտացնում է առնանդամի մուտքը հեշտոց:
Հեշտոցը խողովակաձև է, ունի 8-12 սմ երկարություն և 2-3 սմ լայնություն, շատ առաձգկական է և կարող է սեռական հարաբերության ժամանակ և հատկապես ծննդաբերության ժամանակ ընդարձակվել: Հեշտոցի կենսաբանական նշանակությունն այն է, որ սեռական հարաբերության ժամանակ ընդունում է առնանդամը: Հեշտոցը նաև այն ճանապարհն է, որով ծննդաբերության ընթացքում անցնում է երեխան: Այս օրգանը միաժամանակ կատարում է կարևոր դեր` ներքին սեռական օրգանները պաշտպանելով մի շարք վարակներից, որոնք սովորաբար ոչնչանում են յուրաքանչյուր կնոջ հեշտոցում արտադրվող պաշտպանների` մանրէների և նյութերի կողմից: Հեշտոցի նորմալ լորձաթաղանթը արտադրում է աննշան քանակությամբ սպիտակավուն հեղուկ (շմաթ): Առողջ աղջիկներն ու կանայք այդ արտաթորումը չեն նկատում: Հիվանդագին երևույթների ժամանակ դրա քանակությունը կարող է մեծանալ և տարբեր դրսևորումներ ստանալ` փոխել գույնը և հոտը, կազմությունը և տեսքը: Սեռական հասունացման շրջանում աղջիկների 80-90% ունենում է շմաթի արտադրություն, և դա համարվում է սովորական երևույթ:
Կանանց ներքին սեռական օրգանները, հեշտոցից բացի, ձվարաններն են, արգանդը, ձվատար փողերը (արգանդափողերը), որոնք միասին տեղավորված են որովայնի խոռոչի ներքևի մասում: Ձվարաններում գտնվում են բազմաթիվ պարկիներ (ֆոլիկուլներ)` դրանցում տեղադրված ձվաբջիջներով` կանանց սեռական բջիջներով: Ձվարանները ոչ միայն ձվաբջիջ են արտադրում, այլև կանանց սեռական հորմոններ` էստրոգեններ: Այդ հորմոնների ազդեցության տակ ձևավորվում են առաջնային և երկրորդային նշանները, սկսվում է դաշտանը, կատարվում են արգանդի լորձաթաղանթի պարբերական փոփոխություններ, որոնք արգանդը նախապատրաստում են բեղմնավորված ձվաբջջի հնարավոր մուտքին, իսկ կաթնագեղձերը` կաթի արտադրությանը: Ձվարաններում կանանց սեռական հորմոնների հետ միաժամանակ արտադրվող տղամարդկանց հորմոնների հարաբերությունը աննշան է` 10:1: Ձվարանների (ինչպես և ամորձիների) գործունեությունը նույնպես կարգավորվում է գլխուղեղը, որը աղջիկների սեռական հասունացման սկզբից ապահովում է դաշտանի պարբերականությունը:
Որովայնի խոռոչի ներքևի մասում` փոքր կոնքում, գտնվում է արգանդը: Դա տանձանման օրգան է, որն ունի հաստ մկանային պատեր, որոնք ներսից պատված են լորձաթաղանթով: Սովորաբար արգանդն ունի 7-9 սմ երկարություն, 5 սմ լայնություն և 50 գրամ քաշ: Հղիության շրջանում այն մեծանում է տասնյակ անգամ, որպեսզի տեղավորի զարգացող պտուղը:Արգանդը մի քանի անգամ մեծանում է նաև դաշտանի ընթացքում: Այդ պրոցեսը ավելի վառ է արտահայտվում ձվազատման (օվուլյացիայի) ժամանակ, երբ հասունացած ձվաբջիջը դուրս է գալիս ձվարանից և անցնում արգանդային ձվատար փողերով: Այդ ժամանակ արգանդի հաստացած լորձաթաղանթը պատրաստ է ընդունել բեղմնավորված ձվաբջիջը: Ձվազատումը սովորաբար տեղի է ունենում դաշտանից 14 օր անց: Ձվաբջջի` ձվարանից դուրս գալու տեղում ձևավորվում է, այսպես կոչված, դեղին մարմինը, որն արտազատում է հղիության ընթացքի և կաթնազատման համար անհրաժեշտ հորմոն` լյուտեին: Սակայն սպերմատոզոիդների բացակայության դեպքում, երբ բեղմնավորում չի կատարվում, լորձաթաղանթն անջատվում է, սեռական ճեղքից սկսվում է արյան հոսք` դաշտանային արյունահոսություն: 1-2 օր անց արգանդը կրկին իր բնական չափերն է ընդունում: Նկարագրված փոփոխությունները ունեն պարբերական բնույթ, կրկնվում են միջինը 28 օրը մեկ և կազմում են դաշտանային փուլը: Արյունահոսությունը լինում է տարբեր տևողությամբ և չափով, բայց սովորաբար տևում է 3-5 օր: Դաշտանային փուլը կարող է և ավելի կարճ լինել` մինչև 21 օր, ինչպես նաև ավելի երկար` տևելով մինչև 32 օր: Սեռական հարաբերության ժամանակ բացվում է արգանդի վզիկը, որը նպաստում է սպերմատոզոիդների ներթափանցմանը: Ձվատար խողովակները (արգանդափողերը) ձգվում են արգանդից աջ և ձախ` դեպի ձվարանները: Նրանց երկարությունը 10-13 սմ է: Փողերի ազատ ծայրը ծոպերի տեսք ունի, ընդգրկում է ձվարանը և բռնում է ձվազատման ժամանակ անջատված ձվաբջիջը: Փողերի պատերի կծկման շնորհիվ ձվաբջիջը շարժվում է դեպի արգանդ: Առողջ կանանց օրգանիզմում այս ամենը կատարվում է առանց որևէ շեղման: Երբ ներքին սեռական օրգաններում զարգանում է բորբոքում և դրա հետևանքով` փողի նեղացում, կծկումները խախտվում են, և խանգարվում է ձվաբջջի շարժումը դեպի արգանդ:
Սեռական հորմոնների ազդեցությունից փոփոխություններ են տեղի ունենում նաև կանանց կաթնագեղձերում, որոնց դերը, ի դեպ, ոչ միայն երեխայի կերակրելն է կաթնագեղձերը նաև կարևոր նշանակություն ունեն կնոջ սեռական կյանքում: Սեռական հասունացման սկզբից սկսած` կաթնագեղձերը հետզհետե մեծանում են, պտուկները խոշորանում են, նրանց շուրջը լայնանում է մուգ շագանակագույն շրջանակը (պսակ), որը հարուստ է նյարդային վերջավորություններով և ամենազգայուն (էրոգեն) գոտիներից է: