Օկտավիանոս Օգոստոս (լատիներեն` Gaius Iulius Caesar Octavianus, ծննդյան ժամանակ տրված անունը` Գայոս Օկտաբվիոս Ֆուրինուս, Gaius Octavius Thurinus; մ.թ.ա. 63թ. սեպտեմբերի 23, Հռոմ — մ.թ. 14թ. օգոստոսի 19, Նոլա), հռոմեական կայսր մ.թ.ա. 27 թ., Գայոս Հուլիոս Կեսարի քրոջ թոռը, նրա կողմից կտակով որդեգրվել է: Հռոմեական զորավար Մարկոս Անտոնիոսի և Եգիպտոսի թագուհի Կլեոպատրայի նկատմամբ մ.թ.ա. 31 թ. Ակցիումի մոտ տարած հաղթանակով ավարտել է Կեսարի սպանությունից հետո սկսված քաղաքացիական պատերազմները (մ.թ.ա. 43-31 թթ.): Իր ձեռքերում կուտակում է Հռոմեական պետության նկատմամբ ամբողջ իշխանությունը` պահպանելով, սակայն, ավանդական հանրապետական ինստիտուտները: Այդ ռեժիմը ստանում է պրինցիպատ անվանումը: Հետագայում Օգոստոս (լատիներեն` սրբազան) եզրույթը ստացավ կայսրի տիտղոսի նշանակություն: