Հին հայկական պահպանողական հասարակարգում հարսանիքի ընդունված տարբերակ էր հարսնացուի համար գլխագին վճարելը: Տղան, ի մի բերելով իր ֆինանսական դրությունը, ճշտելով ոչխարների, կովերի և այլ խոշոր եղջերավոր անասունների կոնկրետ քանակը, ընտրում էր այն աղջկան, ով համապատասխանում է իր գրպանին: Հայկական գյուղերում երջանիկ էին այն աղջիկը և նրա ընտանիքը, ում համար վճարում էին 15 ոչխարից ավելի: Իսկ քաղաքներում, ուր ոչխարը արդիական չէր, փեսացուն արծաթե գոտիով էր վճարում հարսի դիմաց: Բարեբախտաբար, "ապրանքափոխանակության" այդ բարքերն ավարտվեցին 20-րդ դարի սկզբերին, սակայն այժմ դրանց մասին մեզ հիշեցնում է ապագա հարսիկին մինչ ամուսնությունը (բայց, անկասկած, ոչ հետո) նվերներով ողողելու սովորույթը:
Այլընտրանքային տարբերակներ
Հին Հայաստանում ոչ պակաս տարածված էր աղջիկ փախցնելը: Այդ սովորույթը զարգացել էր սոցիալական տարբերության հիմքի վրա: Չկարողանալով վճարել գլխագինը` տղան փախցնում էր աղջկան` որպես կանոն նրա համաձայնությունը գրպանում ունենալով: Հաճախ ծնողները մինչև կյանքի վերջ չէին ներում իրենց դավաճան աղջկան, չէին ճանաչում նրա երեխաներին եւ այլն: Անցյալում հայերի մոտ ընդունված էր նաև "բաշիքյարթմա" կոչվող երևույթը: Այն տարածված էր հիմնականում Ախալքալաքում, Սյունիքում, Ղարաբաղում: Նորածինների ծնողները ընտանիքների միջև հարազատության սերտ կապեր հաստատելու համար օրորոցային բալիկներին նշանում էին: Համարվում էր , որ նման նշանդրեքը հաջողություն է բերում 2 ընտանիքներին էլ և կանխում մահացությունը: Այս սնահավատությունը նրանց կենցաղի անբաժան մասն էր կազմում:
Թիրախի ընտրությունը
Հին հայկական սովորույթի համաձայն հարսնացուին ընտրում էր ոչ թե փեսան, այլ` նրա ծնողները` մասնավորապես մայրը: Որևէ աղջկա հավանելուց` այսպես կոչված "թիրախ" ունենալուց հետո ապագա սկեսուրը սկսում էր նրա մասին տվյալների բազա ստեղծել: Խորհրդակցում էր ամուսնու, հաճախ նաև տղայի, բայց հիմնականում եղբոր (քեռու) հետ: Այս հանգամանքը մեկ անգամ ևս վկայում է քեռու ունեցած դիրքի, խոսքի արժեքի մասին հայկական ընտանիքում: Նշենք, որ ապագա հարսի հիմնական արժանիքը նրա համեստությունն էր համարվում: Ուշադրություն էին դարձնում նաեւ նրա աշխատասիրության եւ առողջության վրա: Հարսի արտաքինի մեջ կարեւորվում էին նրա կարմիր թշերը` ի վկայություն քարե առողջության: Հարսնացուի ընտրության մեջ առանձնահատուկ դեր ուներ աղջկա մայրը: Հին հայկական իմաստությունն ասում է. "Աղջկան ուզելուց մորը նայիր":