Միջնադարում ապրող ազատամիտ այդ եպիսկոպոսը համոզված էր, որ սերն ամենակարևորն է մարդու համար և պատրաստ էր իր կյանքն ու հոգևոր դասը վտանգելով, նպաստել սիրահարների միասնությանը: Նա կատարում էր գաղտնի պսակադրություններ այն դեպքերում, երբ եկեղեցին պաշտոնապես դեմ էր լինում դրանց: Բնականաբար, կաթոլիկ եկեղեցու սուր աչքից դա չէր կարող վրիպել (լրտեսական ցանցը լավ էր աշխատում): Նրա գործունեությունը բացահայտվեց և Եպիսկոպոսին մահապատժի ենթարկեցին: Արդարացի լինելու համար նշենք, որ հենց նույն եկեղեցին հետագայում նրան սրբերի շարքում դասեց: Դե, դա նորմալ երևույթ է: Սկզբում մարդուն պախարակում են, քանի որ ի վիճակի չեն ընկալելու նրա արարքների իրական իմաստն ու նշանակությունը: Բայց հենց նա մեռնում է, հանկարծ հասկանում են, որ իրենց կողքին հրաշք էր ապրում ու սկսվում են հետմահու փառաբանումները: Սուրբ Վալենտինի նմանների ալտրուիզմի արդյունքն է, որ այսօր մարդիկ ինչ-որ չափով ընդունում են այն գաղափարը, որ Սերն առաջնային է մնացած զգացմունքներից, որ այն վեր է ցանկացած քաղքենիական բարոյականությունից կամ կաստայական տարբերություններից: Դարերի ընթացքում մարդիկ միայն մեկ «կախվածություն ունեն, որի դեմ անզոր են կրոնները, կուսակցությունները, քաղաքականությունն ու տնտեսական վայրիվերումները: Դրա մասին խոսում են բոլորը համոզված լինելով, որ դրա լավագույն գիտակ են, իրականում Սիրո մասին դատողություններն այնքան անվերջ կարող են լինել, որքան տիեզերքն է: Սերն այն հոգեվիճակն է, երբ մեր սրտում նիրհող հնարավորություններն արթնանում են ու մենք ընդունակ ենք անհնարինն իրականություն դարձնել, երբ կարող ենք պայծառ գույներով ներկել մեզ շրջապատող աշխարհն ու ավելի բարի : Սիրահարված մարդն իր ներկայությամբ արդեն դրական լիցքերի անսպառ աղբյուր է: Նրա ներկայությամբ բոլորն էլ իրենց լավ են զգում, վարակում նրանց կենսախնդությամբ ու լիաթոք ապրելու ցանկությամբ: Սերն ամենաանկանխատեսելի զգացումն է, այն գալիս է միայն իրեն հարմար ժամանակ: Նա է որոշում` երբ գալ, բայց ցավոք նրա հեռանալուն մենք էլ ենք երբեմն նպաստում: Գալիս է աղմուկով, ծափ-ծիծաղով, հրավառությամբ, բայց հեռանում է լուռ ու առանց նախազգուշացման: Սերը մի հրեղեն թռչուն է, որին հնարավոր չէ վանդակում պահել կամ վարժեցնել: Նա թույլ է տալիս միայն հիանալ իրենով, իսկ երբ փորձում ես ենթարկել քո օրենքներին` անհետանում է: Կարո՞ղ ես, լիովին վայելիր նրա տված երջանկությունը, իսկ եթե ոչ, ուրեմն պետք չէ բողոքել կյանքի գորշությունից ու միապաղությունից: Ցավոք, կյանքի իրականությունն այնպիսին է, որ երբ ընդունակ չես սիրելու կամ համարձակություն չունես դրա համար, ապա ձգտում ես հեռու վանել այն կամ, որ ավելի սարսափելի , ոչնչացնել այն: Եկեղեցական դոգմաներն այդ իմաստով բավական մեծ ներդրում են ունեցել միջնադարում: Արդարացի լինելու համար պետք է նշել, որ միջնադարից այնքան էլ հեռու չենք գնացել, չնայած, ինքնահավանորեն մեզ անվանում ենք նոր քաղաքակրթության զավակներ: Հենց մեր "շատ սիրելի” խորհրդային կարգերի հաստատումից ի վեր սկսվեց ամենայն երկնային հերքումը: Աստված չկա, սեր չկա, կա միայն ֆիզիկական գոյություն և բարձր գաղափարախոսություն, համաձայն որի բոլորը հավասար են (այսինքն` միանման, ինկուբատորային, համարձակվի՛ր տարբերվել, անմիջապես քեզ տեղը կդնեն): Ի՞նչ սեր, ի՞նչ բան, առաջնայինը կուսակցության գաղափարներն էին ու հնգամյա պլանի գերակատարումը: Ռուսական հեռուստաալիքներից մեկով մի վավերագրական ֆիլմ ցուցադրվեց, որը պատմում էր այն մասին, թե ինչպես էին խորհրդային պետության ստեղծումից անմիջապես հետո գիտնականները փորձում գտնել մարդու բանաձևը: Գտնել հնարավորություն, որ կարողանան ստանալ էմոցիաներից զուրկ, ամրակազմ, երկարակյաց մարդիկ, ամենակարևորը` անսահման աշխատունակ մարդ: Այս ցնորական գաղափարն իրականացնելու համար հետազոտություններ էին տարվում մարդկային ներքին օրգանները մետաղական համաձուլվածքներից պատրաստված օրգաններով փոխարինելու ուղղությամբ: Ինչո՞վ էր սա տարբերվում միջնադարյան ինկվիզիցիայից, բացի տարեթվերից` ոչնչով: Բնականաբար, այդ փորձարկումներն ավարտվեցին անօգուտ լինելու պատճառով: Գիտնականները հայտնաբերել ու կարողացել են սինթեզել լաբորատոր պայմաններում այն նյութը, որն օրգանիզմում արտադրվելով առաջացնում է երջանկության զգացում, յուրատեսակ էյֆորիա: Այդ նյութը` էնդորֆինը, ոչնչացնում է սթրեսածին հորմոնները: Ապացուցված է, որ սիրահարվելն առողջարար է: Սիրահարվե՛ք և կանցնեն ձեր բոլոր հիվանդությունները կամ, համենայն դեպս, նախկինի պես ուժգին չեն դրսևորվի: Հայտնի են դեպքեր, երբ ծանր և անբուժելի համարվող հիվանդություններն ի չիք են դարձել, կոմայից արթնացել են անհույս հիվանդները միայն այն պատճառով, որ նրանց կողքին են եղել իրենց անհունորեն սիրող մարդիկ: Ինչ-որ մի ուժ պահպանել է նրանց կյանքը: Սենտիմենտալ ընկալումները նման դեպքերում միշտ ավելի ուժեղ են գտնվում և գալիս են այն եզրակացության, որ սերն է եղել տվյալ հիվանդի բուժման ամենակարևոր պատճառը: Նման անհավանական պատմությունների մասին մտածելով` որոշ վառ երևակայության տեր մարդիկ առաջ են քաշել մի այնպիսի գաղափար, որ հնարավոր չէ ադեկվատ համարել: Սիրո հրաշագործ ազդեցությունը գիտական հայտնագործությունների հետ համադրվելով կարելի է հասնել հավերժական կյանքի: Այսինքն, եթե օրգանիզմում տեղի ունեցող կենսաքիմիական ռեակցիաների արդյունքում առաջացող "սեր" անունով հիվանդությունը կարող է բուժել մնացած այլ հիվանդություններն, ուրեմն եկեք ընդհանրապես չհիվանդանանք: Կստեղծենք հատուկ հաբեր, որոնք կուլ տալով կունենանք երջանկության զգացում, այսինքն չենք տառապի, սթրեսների մեջ չենք ընկնի, նշանակում է առողջ ու երջանիկ ապրելու բանաձևը գտնված է: Չ՞է որ ապացուցման կարիք չունի այն փաստը, որ օրգանիզմում արտադրվող հորմոններն են ստեղծում մեր տրամադրությունն ու ցանկությունները: Ի դեպ, նման դեղահաբերի փորձնական քանակության արտադրման դեպք եղել է, բայց զանգվածային արտադրության մասին խոսք դեռ չկա: (Աշխարհի բոլոր ալքիմիկոսները, որ երիտասարդության էլիքսիրի հայտնաբերման համար տարիներ էին անցկացնում լաբորատորիաներում, այս գաղափարի հայտնվելու պատճառով երևի շուռումուռ են եկել դագաղների մեջ): Բնականաբար, այդ դեղահաբերը կարող են ցավազրկող կամ հալյուցինացիաներ առաջացնող նյութեր պարունակել, բայց սեր առաջացնել չեն կարող: Աբսուրդային այս մտքերը հայտնվել են երևի այն օրվանից ի վեր, երբ առաջին անգամ մարդը զգաց անպատասխան սիրո տառապանքը: Այդ ցավը չզգալու համար դիմում են տարբեր հնարքների` ալկոհոլ, թմրանյութեր, կրոնական ֆանատիզմ և այլն: Չենք կարողանում հասկանալ մի պարզ բան, որ մեր ցավի դարմանը հենց մեր մեջ է: Այսինքն, իրական սերը չի կարող ցավ պատճառել, իսկ այն, որ ստիպում է տառապել անկասկած կապված է սիրո հետ շաղախված մեր ինչ-ինչ ցանկությունների չկատարման հետ: Եթե կարողանանք սիրել անմնացորդ, առանց պահանջներ ներկայացնելու ու սպասելիքներ ունենալու, ապա ապրած երջանկությունը երևակայածից ավելի մեծ կլինի, ավելի մեծ, քան մեր ցանկությունների իրականացման արդյունքում ապրած բավարարվածությունը, կրկնում եմ` բավարարվածությունը: Դա նույնն է, որ նրբահամ խորտիկների սիրահար համադամասերին առաջարկեք խանձված ու անալի շիլա: Կյանքում կան երևույթներ, որոնք կոմպրոմիս չեն ընդունում: Եթե սիրո փոխարեն դուք ունեք դրա դժգույն նմանակումն, ապա բոլորովին էլ երջանիկ չեք լինի: Գեղեցկուհի կին ու մի քանի սիրուհի ունեցող տղամարդը, միևնույն է, ներքուստ դժգոհ է, քանի որ իր զգացածը լավագույն դեպքում սեռական կապերի քանակից հպարտություն կարող է լինել: Իրականում, եթե մարդու կյանքում սեր չկա, նա նմանվում է մի անհասկանալի էակի, որի կյանքը պտտվում է ուտել-քնել-բազմանալ-պաշտպանվել փակ շրջանի ներսում: Այս արտահայտությունը կարող է շատ կոպիտ թվալ, բայց, եթե սթափ, առանց էմոցիաների ու երկրային չափանիշներով նայենք մեր կյանքին, այն իսկապես այդպիսին է սիրո բացակայության դեպքում: Մարդն ընդունակ է էրոտիկ զգացողություններ ապրել, բայց դա դեռ չի կարելի սեր անվանել: Դա կարող է լինել հրապուրանք կամ սեռական ցանկություն, իսկ մենք, հակված լինելով ամեն ինչ չափազանցնել, հաճախ սեր բառով ենք կոչում այն, ինչն ընդամենը արյան մեջ տեստոստերոնի և էստրոգենի որոշակի քանակությունների արդյունք է: Այնուամենայնիվ, որքան էլ դատողություններ անենք, թե ի՞նչ է սերը` Աստծո պարգև, ճակատագրի ժպիտ, թե ֆիզիկական մարմնի հիվանդագին (սովորականից տարբերվող) վիճակ, երբ մենք երանավետ մշուշի մեջ ենք գտնվում ու սովորական մարդը հանկարծ թվում է հրեշտակային որակներով օժտված արարած, միևնույն է անիմաստ է: Դա մի երևույթ է, որ բարձր է մարդկային տրամաբանությունից: Այն չի կարող ենթարկվել օրինաչափությունների և սահմանումների: Սերն ավելի զորեղ է, քան սովորական սեռական ցանկությունը: Այն միշտ հաղթող է դուրս գալիս բոլոր համեմատությունների ժամանակ: Նրա դեմ պայքարն այնքան անիմաստ է, որքան գետակի հունը ձեռքի ափերով փակելու փորձը: Սերը մարդկանց դրդում է անձուրացության , զոհաբերությունների և այլ` սովորական վիճակում գտնվող մարդու համար անհասկանալի գործողությունների: Սերը Պարիսին դրդեց Հեղիներին փախցնել ամուսնուց, չնայած, որ նա հստակ գիտակցում էր իր քայլի ողջ հնարավոր հետևանքները: Եթե սիրահարված չես եղել, չես հասկանա, թե ինչու էր խենթ Պարիսը, կործանարար պատերազմի սպառնալիքի տակ, գնում այդ քայլին: Հնարավոր չէ բացահայտել, թե ինչ համ ունի օրինական տանձը, եթե դիմացինդ երբեք այն չի կերել, կամ ինչ զգացում է առաջանում ինքնաթիռից դուրս նետվող պարաշյուտիստի մոտ: Այդ` դեպի անդունդ քայլի արժեքը գիտե միայն նա, ով արել է այն: Բնության օրենքներն անգամ այնպես են գործում, որ սերը ոտնահարած մարդը երբեք չի կարող երջանիկ լինել: Իսկ դա ցավոք մարդիկ անում են ամեն քայլափոխի, դավաճանելով սիրած էակին, վախկոտի նման հասարակական կարծիքից ամաչելով իրենց համակած սերը հերքելով, հղիության արհեստական ընդհատմամբ և այլն: Սերն այնքան հզոր երևույթ է, որ իր դոգմաները խարխլել փորձողներին խարույկ բարձրացնող կաթոլիկ եկեղեցին անգամ ընդունեց դա Սուրբ Վալենտինի ծննդյան օրը հայտարարելով բոլոր սիրահարների օր, որպեսզի մարդիկ հնարավորություն ստանան արտահայտել իրենց զգացմունքները "պաշտոնապես": Նույնիսկ ամենաերկչոտներն այդ օրը կարող են խոսել իրենց զգացմունքների մասին, առանց վախենալու, որ չեն ընդունվի: Անկախ տարիքից, այդ օրը մարդիկ սպասում են սիրային երկտողների, բացիկների ու փոքրիկ նվերների: Վալենտինի օրվա առիթով արված ամենաթանկ նվերն արել է մի անգլիացի, իր սրտի սիրուհուն նվիրելով 520.000 ֆունտ սթերլինգի արժողությամբ ադամանդներով զարդարված փողոսկրե գարնիտուր, իսկ հայտնի գիտնական Պիեռ Կյուրին իր սիրելի Մարիային նվիրել է զեկույց "ֆիզիկական ֆենոմենների սիմետրիայի մասին` էլէկտրական և մագնիսական դաշտերի սիմետրիան" վերնագրով: Զեկույցի առաջին էջում գիտնականը գրել է այն բառերը, որ կարելի է համարել նրա առաջին սիրային նամակը` "Մադմուազել Սկլադովսկային հարգանքներով և ընկերաբար": Հանճարեղ գիտնական կամ անչափ հարուստ լինել պարտադիր չէ Սիրո տոնի առթիվ սիրելի էակին ուրախացնելու ձեր նվիրական ապրումները յուրահատուկ ձևով բացահայտելու համար: Այդ օրը կարող եք նվիրել ընդամենը մեկ ծաղիկ, իմաստը նույնն է` "Ես սիրում եմ քեզ": Տոնն իր ուժն է հաղորդում մարդկանց ևս մեկ անգամ հայտարարելով, որ սիրո շնորհիվ ենք ապրում ու սիրելու համար: Այլապես մեր գոյությունն իսկ անիմաստ է դառնում: Համարվում է, որ այդ օրը ծնվածները երջանիկ են սիրո մեջ: Ի դեպ, ոչ միայն մարդկանց, այլ նաև կենդանական աշխարհի համար է նշանավոր այս օրը, քանի որ սկսվում է թռչունների ամուսնական շրջանը, երբ նրանք զույգեր են կազմում: Այս տոնն արևմտյան երկրներից նաև մեզ հասավ ու սիրվեց մեր ժողովրդի կողմից: Հայերն ավելի երջանիկ են այս առումով, քանի որ մենք ունենք նաև Սուրբ Սարգսի տոն, ով բոլոր երիտասարդների հովանավորն է: Սուրբ Սարգսի և Սուրբ Վալենտինի օրվա հայկական համարժեքը: Բայց, այսպես ավելի լավ է, մենք հնարավորություն ունենք նշել երկու տոներն էլ: Ուրեմն օգտվենք բոլոր հնարավորություններից ու մեր սիրելիներին ասենք այն սրտաբուխ խոսքերը, որոնք այլ դեպքերում ամաչում կամ հարմար առիթ չենք գտնում ասելու: Ավելին, Սուրբ Վալենտինի կամ Սուրբ Սարգսի տոներն ընդամենը հիշեցնում են, որ սիրելիներին պետք է միշտ պարուրել ջերմությամբ: Կյանքն այնպիսի շրջադարձեր ունի, որ հնարավոր է չհասցնեք սրտում կուտակվածն արտահայտել: Այնպես որ, մի սպասեք տոնին, ասեք հենց հիմա ձեր ընտրյալին, որ սիրում եք նրան այնպիսիսն, ինչպիսին կա ու սիրում եք առանց պատճառի ու ակնկալիքի: Եվ կկարողանաք ձեր կյանքի ամեն օրը դարձնել տոնական ու չափսոսալ չարտաբերված բառերի, չնվիրված ծաղիկների ու չկայացած գեղեցիկ պահերի համար: