Ագաթանգեղոս (5-րդ դար) հայ գրականության Ոսկե Դարի գրող-պատմիչ։
Ագաթանգեղոս նշանակում է «բարի հրեշտակ», բարի լրաբեր, տիրոջ կողմից ուղարկված ավետաբար և նրա թողած «Հայոց պատմությունը» իր բովանդակությամբ կարծես համապատասխանում է այդ նշանակությանը։ «Հայոց պատմության» նյութը չորրորդ դարի դեպքերն են, հատկապես քրիստոնեության մուտքը Հայաստան, Գրիգոր Լուսավորչի և Հռիփսիմյան կույսերի հավատն ու չարչարանքները, Տրդատ թագավորի պայքարը նրանց դեմ, ապա նույն Տրդատի կողմից քրիստոնեությունը 301 թվականին (այլ կարծիքով՝ 314 թ.) պետական կրոն հաստատելը։ Գիրքը հարուստ է դիցաբանական, առասպելական պատմություններով, որոնց հիմքում, իհարկե, ընկած են իրական պատմական փաստեր: Այդ գիրքը սկզբնաղբյուր է եղել Մովսես Խորենացու և ուրիշների համար։ Առաջին անգամ նրա մասին հիշատակել է Ղազար Փարպեցին։ Մեծ է նրա ինչպես պատմական, այնպես էլ գրական-գեղարվեստական արժեքը: Գիրքը թարգմանված է հունարեն, արաբերեն, լատիներեն, վրացերեն և այլ լեզուներով։