Անահիտը պտղաբերության, արգասավորության, ծննդաբերության, վաղ շրջանում՝ նաև ռազմի աստվածուհին էր հայ դիցարանում։ Արամազդի դուստրը։ Անահիտը համապատասխանում է պարսկական Անահիտային, հունական Արտեմիսին, հռոմեական Դիանային, եգիպտական Նիիթին։ Մ.թ.ա. I դ. Անահիտը հայկական պետական գլխավոր աստվածուհին էր։ Նավասարդի սկզբին (օգոստոսի 15-ին) մեծ շուքով նշվում էր Անահիտի գլխավոր տոնը՝ կապված բերքի հասունացման հետ։ Տոնախմբությունները վերածվում էին պտղաբերության տոնի, որի ժամանակ բազմաթիվ ուխտավորներ էին հավաքվում անահատական մեհյանների շուրջը։ Ծիսակատարությունները ուղեկցվում էին օրեր տևող աղոթքներով, երգերով, խնջույքներով։ Հետագայում, քրիստոնեության հաստատումից հետո, Անահիտի պաշտամունքը վերածվում է Մարիամ Աստվածածնի պաշտամունքի։ Նրա անունով էր կոչվում հայկական հեթանոսական տոմարի ամիսների 19-րդ օրը։