Արամազդը հին հայերի գերագույն աստվածն էր՝ երկնքի ու երկրի արարիչը, բոլոր աստվածների հայրը։ Նա կոչվում էր «Մեծ և արի Արամազդ», որի գլխավոր սրբավայրը գտնվում էր Հին Հայաստանի պաշտամունքային կենտրոններից մեկում՝ Անի-Կամախում։ Այնտեղ էին գտնվում հայոց Արշակունի թագավորների տոհմական դամբարաններն ու գանձերը։ Համապատասխանում է իրանական Ահուրամազդային և հունական Զևսին։ ԱՐԱՄԱԶԴ Ինչպես վկայում են Ագաթանգեղոսի եւ Խորենացու պատմությունները, Հայաստանում պանթեոնի գլուխ կանգնած էր Արամազդը, իբրեւ գերագույն աստված, բոլոր աստվածների հայրը, երկնքի եւ երկրի արարիչը, որը լիություն եւ բարօրություն է պարգեւում աշխարհին եւ արիություն բաշխում մարդկանց: Սովորաբար, երբ մեր նախնիները հեթանոսական այս աստծուն հիշատակում են որպես հունական աստված, նրան կոչում են Դիոս1: Այս անունը մոտ է բուն ՙԱստված՚ նշանակող հունարեն Թեոս եւ լատիներեն Դեուս անվանումներին: Երբեմն այդ մասին են վկայում կատարված թարգմանությունները: Սկզբնական շրջանում հայերը համակարծիք էին պարսկական կրոնական հավատալիքներին, սակայն երբ ընդունեցին հունական աստվածներին, կարծիքներն էլ խառնվեցին ու հելլենացան: Արամազդի անունից պարզ երեւում է, որ նա համապատասխանում է իրանական Ահուրա Մազդային: Սակայն Արամազդը չի նույնանում Ահուրա Մազդայի հետ: Բարի բնություն ունենալով հանդերձ, Արամազդը կարող էր նաեւ պատժել: Այստեղ չենք տեսնում իրանական կրոնին հատուկ՝ չար եւ բարի աստվածների երկվությունը, քանի որ Ահուրա Մազդայի հակոտնյա՝ չարի աստված Ահրիմանը կամ նրա զուգահեռը հայերի մեջ չէր պաշտվում: Արամազդի գլխավոր մեհյանը գտնվում էր բարձր Հայքի Դարանաղյաց գավառում՝ Երզնկայի մոտ գտնվող Անի ամրոցում, ուր գտնվում էին նաեւ հայոց Արշակունի թագավորների դամբարաններն ու գանձերը1: Արտաշես Ա-ն հույների այդ ամենամեծ աստծո շքեղ կերպարանքը՝ ՙՈլոմպիական պատկերը՚, այսինքն՝ իր գերագույն գահի՝ Օլիմպոսի վրայից հսկաներին շանթահար անելիս քանդակված, իսկական արիությամբ իջեցրեց եւ ուղարկեց Հայաստան: Նրա որդին՝ Տիգրանը, այն կանգնեցրեց Անիում, մինչդեռ մյուս աստվածներին սփռեց այլ տեղերում եւ քուրմերին էլ նշանակեց որպես իրենց դիցահոր պաշտամունքավար: Հայաստանում Արամազդի մեհյան այլեւս ոչ մի վայրում չի հիշատակվում, բացառությամբ Արամազդի տան, որ գտնվում էր Պաշատ լեռան մոտ: Հին հունական առասպելները իրենց գերագույն աստծուն շատ զավակներ են ընծայում: Մինչդեռ, մեր դիցաբանության մեջ հայտնի են ընդամենը Արամազդի մի որդին՝ Միհրը եւ երկու դիցուհիները՝ Անահիտն ու Նանեն: Հեթանոսական մյուս աստվածների ծնողները չեն հիշատակվում եւ ենթադրվում է, որ նրանք էլ լինեն Արամազդի զավակները: Իսկ աստվածների մայրը կամ Արամազդի կինը բնավ չի հիշատակվում: Արամազդը բնութագրվում էր ՙմեծ՚ եւ ՙարի՚ մակդիրներով եւ համարվում էր ՙարարիչ երկնի եւ երկրի՚, ՙհայր դիցն ամենայնի՚, այսինքն՝ բոլոր աստվածների հայր, լիություն եւ պարարտություն պարգեւող: