Արծրունիներ` հայ նախարարական տոհմ։ Ըստ Մովսես Խորենացու, Արծրունիների նախահայրը Ասորեստանի Սենեքերիմ թագավորի որդի Սանասարն է, որը եղբոր՝ Ադրամելեքի հետ սպանելով հորը՝ պատսպարվել էր Հայաստանի Սիմ կոչվող լեռներում։ Սակայն ըստ Արծրունիների տոհմական ավանդապատումների, Արծրունիների իշխանական տունը ծագում է Հայկ Նահապետից սերած Տորք Անգեղից. Արծրունիների նախնիները եկել են Մեծ Աղբակ Աղձնիքից (տե՛ս Армен Петросян. Армянский эпос и мифология): Արշակունի և Արտաշեսյան Հայոց թագավորների օրոք Արծրունիները խաղում էին ռազմա–քաղաքական կարևոր դեր։ Արծրունիների մրցակիցն էր Մարդպետունի նախարարական տոհմը։ Արշակունիների և Մարդպետների համագործակցությունը և վերջիններիս մրցապայքարը Արծրունիների դեմ, ինչպես և Պարսկաստանի տիրույթների սահմանակցությունը, պատճառ դարձան IVդ. Արծրունիների կենտրոնախույս և պարսկամետ քաղաքականության։ Արծրունիները ձգտել են Սասանյանների օգնությամբ բարձր դիրքի հասնել Հայաստանում։ Բայց նմանօրինակ ակնկալությունները հող չեն գտել երկրում և Արծրունիները հուսախաբվելով, երես են թեքել Սասանյաններից։ Հայ Արշակունյաց թագավորության վերացումից հետո Պարսից արքունիքը հավասարապես սպառնացել է թե՛ Արծրունիներին և թե՛ նրանց մրցակից մարդպետներին։ Այս տոհմերը գերադասել են միավորվել՝ պարսից տիրապետությանը համատեղ դիմակայելու բնական մղումով։ Միավորումն ընթացել է Արծրունիների գերակայության ներքո և ավելի զորեղացրել նրանց։ 449–ի Արտաշատի ժողովին մասնակցող նախարարների և հոգևորականների մեջ էին նաև Արծրունիների ներկայացուցիչները։ Ավարայրի ճակատամարտում հայոց բանակի կենտրոնական զորախմբի հրամանատարը Ներշապուհ Արծրունին էր։ Ըստ Եղիշեի, Ավարայրի ճակատամարտում զոհվածների և հետագայում նահատակվածների թվում կային նաև Արծրունիներ։ Արծրունիների ազդեցությունն ավելի է ուժեղացել արաբական տիրապետության շրջանում, երբ նրանք գլխավորել են Վասպուրականի պայքարը արաբական խալիֆայության դեմ։ Թեև VIII դ. սկզբին Արծրունիները ծանր հարված ստացան արաբներից, բայց դարի կեսից նրանց հաջողվեց Բագրատունիներին դուրս մղել Վասպուրականից և այնտեղ հաստատել իրենց տիրապետությունը։ Արծրունիները մասնակցել են 774-775–ին Աբբասյանների խալիֆայության դեմ Հայաստանում ծավալած ժողովրդական ապստամբությունը։ Ապստամբությունից հետո Արծրունիները տիրեցին Ռշտունյաց նախարարության տիրույթները։ Արծրունիները Բագրատունիների հետ գլխավորել են խալիֆայության դեմ ուղված 851–ի ժողովրդական ապստամբությունը։ Հայաստանում գերիշխանության հասնելու համար IX դ. 2-րդ կեսին ուժեղ մրցակցություն սկսվեց Արծրունիների և Բագրատունիների միջև։ Խալիֆայությունը ջանում էր սրել այն։ Բագրատունյաց թագավորության սկզբնաշրջանում Արծրունիների և Բագրատունիների միջև տեղի ունեցավ քաղաքական մերձեցում, բայց Գագիկ Արծրունու գահերեցության ժամանակ Արծրունիները դրսևորեցին անջատողական սուր հակումներ և 908–ին ստեղծեցին Վասպուրականի թագավորությունը։ Մինչդեռ Վասպուրականն ընկավ Բյուզանդիայի տիրապետության տակ և մշտապես ենթակա էր դրսեկ ցեղերի ասպատակումներին։ Արծրունիներից ոմանք տեղափոխվեցին Կիլիկիա։ Նրանց վերջին բեկորները սելջուկ–թուրքական և մոնղոլական տիրապետության ժամանակաշրջանում Վասպուրականում շարունակեցին իրենց գոյությունը՝ ամփոփվելով Վանում և նրա շրջակայքում։