Բագրատունիներ հայ, նախարարական տոհմ և թագավորական հարստություն Հայաստանում։ Ըստ Մովսես Խորենացու, Բագրատունիները սերում են հրեա Շամբատից, որի շառավիղներից Շամբատ Բագրատին Հայոց ավանդական թագավոր Վաղարշակը տվել է թագադրի և ասպետի պաշտոն. նշանակել Հայաստանի արևմտյան կողմի կուսակալ և տոհմը կոչել նրա անունով՝ Բագրատունի։ Արշակունիների թագավորության վերացումից հետո Բագրատունիները Այրարատ նահանգում տիրացել են Կոգովիտ գավառին։ Vդ. վերջին Սահակ Բագրատունին դարձել է Հայոց մարզպան։ VII-VIIIդդ. Բագրատունիները մրցակցության մեջ էին Մամիկոնյանների հետ՝ հանուն քաղաքական առաջնության։ VIIդ. հայտնի էր Հայոց իշխան Աշոտ Բագրատունին (685-689)։ Այս շրջանում Բագրատունիները մեծ ազդեծություն են ունեցել Այրարատի Ոստան Հայոց գավառում, որին տիրել են IXդ. կեսերին։ VIIIդ. Հայոց իշխանի պաշտոնը մեծ մասամբ վարել են Բագրատունիները։ Նրանք քաղաքական ասպարեզից աստիճանաբար դուրս են վանել Մամիկոնյաններին։ IXդ.վերջին Վրաստանում հիմնել են թագավորական հարստություն (տես Բագրատունիներ վրաց)։ Բագրատունիների տիրույթներն ավելի են ընդարձակվել IXդ. սկզբին, երբ Աշոտ Մսակեր Բագրատունին ձեռք է բերել Տարոնը, Շիրակը, Արշարունիքը, Աշոցքը, Տաշիրը, Մոկքը, Սասունը, Շիմշատը։ Այս շրջանում Բագրատունիների տոհմական կենտրոնը Բագարանն էր։ IX դարից Բագրատունիները դարձել են ամենաազդեցիկ տոհմը և ժառանգաբար կառավարել երկիրը նախ որպես Հայոց իշխան, ապա՝ Իշխանաց իշխան և վերջապես 885–ից՝ Հայոց թագավոր։ Բագրատունի Հայոց թագավորների արքայացանկը 1. Աշոտ Ա 885-890 2. Սմբատ Ա 890-913 3. Աշոտ Բ Երկաթ 914-929 4. Աբաս 929-953 5. Աշոտ Գ Ողորմած 953-977 6. Սմբատ Բ Տիեզերակալ 977-989 7. Գագիկ Ա 989-1020 8. Հովհաննես–Սմբատ 1020-1041 9. Աշոտ Դ 1022-1040 10. Գագիկ Բ 1043-1045