![]() | Բարև Հյուր! Դուք կարող եք: Մուտք գործել Կամ Գրանցվել |
|
|
| 200 |
| Բաժիններ | ||||||||||||
| ||||||||||||
| Միացեք քննարկումներին |
|
|
13:07 Ենիչերիական զորագնդերը |
Օսմանյան կայսրության ձևավորման և զարգացման պատմությունը սերտորեն կապված է նրա ռազմական կառույցի ձևավորման ու զարգացման հետ: Օսմանցի թուրքերը մշտական նվաճողական պատերազմներ էին վարում, սակայն սկզբնական շրջանում բավարար քանակությամբ ռազմական ուժ չունեին, քանզի փոքրամասնություն էին կազմում իրենց գրաված տարածքներում: Քրիստոնյա հպատակների ռազմական ուժը գործածելու և իրենց ռազմուժի շարունակ աճող կարիքները հոգալու նպատակով` սուլթանական իշխանությունները հպատակ քրիստոնյա բնակչության հանդեպ սկսեցին կիրառել մարդահարկ` դեվշիրմե (մանկահավաք, մանկաժողով): Բացի այդ ռազմագերիների հանդեպ կիրառվում էր նաև փենջեք կոչվող հարկատեսակը, որի միջոցով հպատակ ժողովուրդներից յուրաքանչյուր հինգ հոգուց մեկը հանձնվում էր Օսմանյան կայսրությանը` բանակի շարքերը համալրելու համար: Սուլթանական իշխանությունները պարբերաբար բռնությամբ հավաքագրում էին պնդակազմ ու առողջ մանկահասակ տղաներին և պատանիների, որոնց կրոնափոխ անելուց հետո ուղարկում էին աջեմի (անփորձ, օտար) զորամիավորում: Այնտեղ նրանք ձեռք էին բերում ռազմական գիտելիքներ, փորձառություն, իսկ առավել ուժեղ և ռազմունակ երիտասարդներն ընդգրկվում էին ենիչերիական զորամիավորումում: ![]() Ենիչերիական զորագնդերը ստեղծվել են 1361-1363 թթ. սուլթան Մուրադ l-ի օրոք և հիմնականում կազմված են եղել բռնի մահմեդականացված քրիստոնյաներից: Հայ մանուկների բազմաթիվ սերունդներ, խլվելով իրենց ազգային միջավայրից, ծառայել են օսմանյան պետության շահերին: Հայկական ծագում ունեցող ենիչերիների մեջ ի հայտ են եկել այնպիսի անհատականություններ, ովքեր իրենց քաջության և ընդունակությունների շնորհիվ կարողացել են բարձրագույն դիրքեր գրավել օսմանյան ռազմական և վարչական համակարգում: Նրանցից էին նշանավոր ծովակալ Հալիլ փաշան, զորավար և պետական գործիչ Սուլեյման փաշա Էրմենին, Դամադ Աբրահամ փաշան և այլոք: ![]() Թեև շարիաթի սկզբունքներին դեմ էր անհավատների մուտքը «հավատքի բանակ», սակայն օսմանյան իշխանությունները, իրենց պետական շահերից ելնելով, հաճախ անտեսել են կրոնական նորմերը, քրիստոնյաներին գործածելով թուրքական բանակի տարբեր զորատեսակներում` յայա (հետևակ), լաղըմջը (խրամատ փորող), մեզարջը (գերեզմանափոր) և այլն: Հայերը, որպես վարձկաններ, ծառայել են նաև օսմանյան ռազմածովային նավատորմում: Դարեր շարունակ բանակին սպասարկող հայ արհեստավորների մեծ խումբ է եղել կայսրության ցամաքային ուժերում և ռազմածովային նավատորմում: Շատ բարձր է գնահատվել հատկապես հայ զինագործների, թամբագործների, դերձակների և այլ արհեստավորների դերը օսմանյան բանակում: Օսմանյան ռազմական նավատորմի ատաղձագործ վարպետները հիմնականում հավաքագրվում էին հայերից և հույներից: Կայսրության ծովակալության դարբնապետության պաշտոնը XVII-XIX դդ. հանձնված էր Դեմիրջիբաշյան ընտանիքին: Իսկ կայսրության վառոդարանները շուրջ մեկ դար համալրում ու վերահսկում էր նշանավոր Տատյան ամիրայական տոհմը: Օսմանյան բանակի հիմնական մատակարարները հայ վաճառականներն էին, ովքեր դարեր շարունակ հոգում էին բանակի պետքերն ու պարենի պաշարների համալրումը: Տարբեր դարերի ընթացքում կայսրությանն իրենց ծառայություններն են մատուցել օսմանյան բանակի նշանավոր մատակարարներ Յոհաննես բեյ Խանազատը, Աբրահամ չելեբի Ապրոեանը, Հաջի Օհան Եաղճեանը, Նորատունկեանները: Վերջիններս երկար տարիներ կրում էին «Էքմեքչի բաշի» տիտղոսը: Հայերը երկրի տարբեր ոլորտներում ծառայելուց զատ բարձր պաշտոններ են զբաղեցրել նաև Ռազմական (Պատերազմի) և Նավատորմի նախարարություններում: Նրանցից շատեր ստացել են զինվորական բարձր կոչումներ: Իրենց մասնագիտական հմտությամբ առանձնացել են Յոսեփ Վարդանեանը (Վարդան փաշա), Ստեփան փաշա Ասլանեանը, Անտոն Եաւէր փաշա Թընկըրեանը: 1839թ. նոյեմբերի 9-ին սուլթան Աբդուլ Մեջիդ I-ը Գյուլհանեի արքայական պալատում հռչակեց օսմանյան բարենորոգումների առաջին հրովարտակը` Հաթթ-ը Շերիֆը, որը հայտնի է Թանզիմաթ անունով: Թանզիմաթի ընձեռած հնարավորությունների և թուրք բժիշկների սակավության պատճառով` Եվրոպայի համալսարաններում կրթություն ստացած հայ բժիշկներն սկսեցին ծառայել օսմանյան բանակում: 1841թ.-ից ոչ մահմեդականներին հնարավորություն տրվեց սովորել Կայսերական զինվորական բժշկական վարժարանում (այսուհետ` ԿԶԲՎ), որը հիմնադրվել էր 1838թ. սուլթան Մահմուդ ll-ի արքունի բժիշկ Մանուել Շաշեանի նախաձեռնությամբ: Հայ զինվորական բժիշկներից շատերը դասավանդել են ԿԶԲՎ-ում, նրանց նախաձեռնությամբ հիմնվել է Կայսերական բժշկական ընկերությունը: Հայ զինվորական բժիշկներից շատերը կայսրությանն իրենց մատուցած ծառայությունների համար արժանացել են փաշայի և բեյի տիտղոսների: Նրանցից էին Գաբրիել Փաշա Սևանը (1822-1900), ով օսմանյան ռազմածովային նավատորմի առաջին հայ զինվորական բժիշկն էր, Անտոն փաշա Նաֆիլեանը, Տիրան փաշա Փափազեանը, Արթին բեյ Տեւլէթեանը, Տիգրան փաշա Փափազեանը և այլոք: Զինվորական բժիշկներից բացի օսմանյան բանակի տարբեր ստորաբաժանումներում ստվար թիվ են կազմել նաև հայ դեղագործներն ու անասնաբույժները: Թանզիմաթից հետո ևս Բարձր Դուռը հրաժարվեց քրիստոնյաներին համատարած զինվորագրելու գաղափարից և շարունակեց գանձել զինվորագրության հարկը` նախ իյանե-ի ասքերիե (օժանդակություն բանակին), ապա` բեդել-ի ասքերիե (զինվորագրության փոխարեն): Թեպետ, երբ օսմանյան բանակը երկրի արևելյան նահանգներում պայքարում էր քուրդ ինքնիշխան ցեղապետերի դեմ, 1847թ. հայերը կարճ ժամանակով զինվորական ծառայության կանչվեցին կառավարության կողմից: 1864թ. բացվեց Հարբիեի Զինվորական Վարժարանը: Սուլթան Աբդուլ Ազիզի հրամանով հինգ հայ երիտասարդներ (Գաբրիել Էքնաեան, Կարապետ Բարազամեան, Սիմոն Տատեան, Հովեան, Սինարեան) ընդունվեցին վարժարան, սակայն նրանց չթույլատրվեց հարյուրապետից բարձ աստիճան ստանալ: 1908թ. Սահմանադրության վերահռչակումից հետո հայերը երկրի մյուս քրիստոնյաների հետ միասին Օսմանյան խորհրդարանում պահանջեցին զինվորագրվել և հավասար իրավունքով ծառայել օսմանյան բանակում: 1910թ. օսմանյան խորհրդարանի կողմից ընդունված օրենքով երկրի բոլոր ազգերն ենթակա էին զինվորագրության: 1910թ. օգոստոսին և սեպտեմբերին հրատարակված զորակոչի հրամանները հայ երիտասարդներն ընդունեցին մեծ ոգևորությամբ: Բազում հայ երիտասարդներ ընդունվեցին Հարբիեի վարժարան և ցուցաբերեցին իրենց կարողությունները զինվորական ասպարեզում: Շատերը ստացան զինվորական բարձր աստիճաններ: Հայ զինվորականները թե´ Բալկանյան, և´ թե Առաջին Աշխարհամարտի ժամանակ աչքի ընկան մարտունակությամբ և բազում քաջագործություններով: 1914թ. օգոստոսի 1-ին սկսվեց Առաջին Աշխարհամարտը: Օսմանյան բանակ զորակոչվեցին 18-45 տարեկան բոլոր տղամարդիկ, այդ թվում նաև շուրջ 60 հազար հայ տղամարդ, ովքեր միացան մինչև այդ արդեն Օսմանյան բանակում ծառայող հայ զինվորականությանը: Չնայած բանակում հայ զինվորների համար ստեղծված ծանր պայմաններին` նրանք բարձր պատասխանատվությամբ հանձն առան կատարելու իրենց պարտականությունները: Հայ զինվորները Կարնո ճակատում գերի ընկնելու վտանգից փրկեցին Ռազմական նախարար Էնվեր փաշային, ով այդ առիթով գովեստի խոսք ու շնորհակալագիր հղեց Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Զավեն Տեր-Եղիայանին: Սարիղամիշի տակ թուրքական բանակի ծանր պարտությունն առիթ հանդիսացավ հայ զինվորականներին մեղադրելու դավաճանության մեջ: 1915թ. փետրվարի 12-ին նույն Էնվեր փաշայի հրամանով սկսվեց օսմանյան բանակի հայ զինվորականության զինաթափումը, որից հետո նրանցից կազմվեցին ամելե թաբուրիները (բանվորական գումարտակներ) և համալ թաբուրիները (բեռնափոխադրող գումարտակներ): Նույն ժամանակ սկսվեց հայ սպաների մեկուսացումն ու ձերբակալությունները: Դրան հաջորդեց ռազմական նախարար Էնվերի` օսմանյան բանակում ծառայող, հայ զինվորներին ոչնչացնելու մասին հրամանը: Ռազմաճակատում գտնվող հազարավոր հայ զինվորականներ և բանակի մատակարարներ թիկունքում անօրինակ դաժանությամբ սպանվեցին իրենց թուրք զինակիցների կողմից: ![]() Պատերազմի առաջին օրերից զինվորական հիվանդանոցներում ծառայող հայ բժիշկներից շատերն ընկան պատերազմի դաշտում: Ոմանք մահացան իրենց պարտականությունները կատարելիս` բծավոր տիֆով վարակված թուրք զինվորներին խնամելու ժամանակ, իսկ շատերն էլ սպանվեցին պարզապես հայ լինելու համար: Ու եթե նրանց մի մասի կյանքն էլ խնայվեց, ապա դրա հիմնական պատճառը ռազմաճակատում թուրք բժիշկների պակասն էր: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ տասնյակ հազարավոր հայ երիտասարդների զինվորագրումը և նրանց ծառայությունն Օսմանյան բանակում մեկ անգամ ևս ապացուցում է թուրքական ժխտողականության պնդումների սնանկությունը, թե իբր հայերը հարել են օտարերկրյա բանակներին` դրանով իսկ վտանգ ստեղծելով Օսմանյան բանակի թիկունքում: Հայ զինվորականության զինաթափումն ու ոչնչացումը կայսրության հայ բնակչության դեմ իրագործված ցեղասպանության առաջին փուլը հանդիսացավ: Օսմանյան կառավորությունը, հետևողականորեն ոչնչացնելով արևմտահայության մարտունակ ուժերը, հնարավորություն ստացավ հեշտությամբ ու առանց լուրջ խոչընդոտների իրականացնելու հայ բնակչության նախապես ծրագրված տեղահանությունն ու բնաջնջումը: Ցեղասպանության թանգարան |
|
|
| Մեկնաբանությունների քանակը: 0 | |
| Հայկական տոմար |
|
|
| Armenian history |
|
|
| История Армении |
|
|
| Մարզեր |
| Արմավիրի մարզ Արարատի մարզ Արագածոտնի մարզ Արցախ Գեղարքունիքի մարզ Լոռու մարզ Կոտայքի մարզ Շիրակի մարզ Սյունիքի մարզ Վայոց Ձորի մարզ Տավուշի մարզ |
| Հայաստան |
| Բուսական աշխարհ Կենդանական աշխարհ Արագած Արալեռ Արարատ (Մասիս) լեռը Արտանիշ Արփա Որոտան Գառնու ձոր Գեղամա լեռներ Դեբեդ Դիլիջանի արգելոց Թարթառ Խոսրովի անտառ Սևան Հատիս |
| 200 |
| Հիշիր |
|
|
|