Երվանդունիներ՝ հայկական թագավորական և սատրապական տոհմ մ.թ.ա. VI-II դարերում։ Երվանդունիների մասին պահպանված տեղեկությունները հակասական են։ Այդ պատճառով Երվանդունիների ծագումը, Հայաստանում նրանց միասնաբար և անընդմեջ իշխելու հանգամանքները դեռևս վիճելի են պատմագիտության մեջ։ Ըստ Մովսես Խորենացու, Հայոց թագավոր Երվանդ Ա Սակավակյացը և նրա գահաժառանգ որդի Տիգրանը Մարաց թագավոր Աժդահակի ժամանակակիցներ էին։ Այս տեղեկությունը հաստատվում է նաև Տիգրանի և նրա հոր մասին Քսենոփոնի հաղորդմամբ։ Ուստի, հավանական է Երվանդունիների ծագումը այս թագավորներից։ Պերգամոն քաղաքից 12 կմ հեռավորության վրա գտնված մի հունարեն արձանագրության մեջ Հայաստանի սատրապ Երվանդ Բ–ին վերագրված է բակտրիական ծագում։ Իսկ Կոմմագենեի Անտիոքոս Ա Երվանդունի թագավորի նախնիներին նվիրված Նեմրութ լեռան արձանագրության մեջ Երվանդունիները դասված են Դարեհ Աքեմենյան արքայի հաջորդների ցանկում։ Քանի որ Երվանդ Բ Աքեմենյան Արտաքսերքսես II արքայի փեսան էր, ուրեմն նրա սերունդը կարող էր մայրական գծով ճանաչվել Աքեմենյան։ Երավնդունիների Աքեմենյան շառավիղ լինելու հանգամանքը երբեմն ընդգծվել և գերագնահատվել է։ Ստրաբոնը Երվանդ Դ Վերջինին համարում է Դարեհ I–ի զինակից Հիդարնեսի սերունդ։ Ստրաբոնի այդ վկայության հիման վրա ուսումնասիրողները կարծում են, որ Դարեհ I, վերացնելով Հայաստանի թագավորությունը, որի գահակալները սերում էին Երվանդ Ա Սակավակյացից, Հայաստանի սատրապ է նշանակել Հիդարնեսին, և նրա հաջորդները ժառանգաբար իշխել են մինչև մ.թ.ա.IIIդ. վերջը։ Որովհետև այդ տոհմում հիշատակվում են Երվանդ անունով չորս թագավոր ու սատրապ, ուստի ենթադրում են, որ Հիդարնես Ա կամ նրան հաջորդած համանուն որդին, իրենց իշխանությունը Հայաստանում ամրապնդելու համար խնամիացել են Հայոց Երվանդունիների տոհմի հետ։