ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ Ֆրիկը (մոտ 1230-ական թթ..- մոտ 1310-ական թթ..) միջնադարյան մեծատաղանդ հայ բանաստեղծ է: Կենսագրական տեղեկություններ չեն պահպանվել. հայտնի են միայն հոր և հորեղբոր անունները` Թագվոշ և Դոդոնա: Ֆրիկի քերթվածքներում եղած որոշ անուղղակի տվյալներից ենթադրվում է, որ ծնվել է մոնղոլների Հայաստան կատարած արշավանքների սկզբներում: Հավանաբար գերի է ընկել մոնղոլների ձեռքը, ապա փրկագնով ազատվել: Եղել է հարուստ, սակայն հետագայում մասասչիներից (մոնղոլերեն` բանակին հանդերձանք, ձի, զենք մատակարարողներ) մեկի ընկերակիցը («օրթախ»` թուրքերեն ortak-գործընկեր բառից) դառնալով` սնանկացել է, ընկել ծանր պարտքերի տակ և նույնիսկ պարտքերի դիմաց գրավ դրել որդուն: Ծերության հասակում թշվառ ու մենակ է եղել: Ցանկացել է վանք մտնել, վանական դառնալ. սակայն պարզ չէ` դարձե՞լ է, թե ոչ: Ֆրիկից պահպանվել են մոտ հինգ տասնյակ բանաստեղծություններ, որոնց մեծ մասը հայտնաբերել, հավաքել և հրատարակության է պատրաստել Տիրայր Վարդապետը:Ֆրիկը գրել է ժողովրդին հասկանալի պարզ ու հստակ լեզվով: «Ֆրիկը հանցեղ պարզ է խօսել, որ ամենայն մարդ իմանայ»,- գրում է բանաստեղծը: Նա իր տաղերում առատորեն օգտագործել է ժողովրդական բանահյուսության պատկերով արտահայտությունները, համեմատություններ, առածներն ու ասացվածքները, ինչպես նաև հայրեն տեսակը: Սոցիալական և ազգային քնարերգությունըՀասունության տարիներին Ֆրիկի ստեղծագործության կարևոր թեմաներն են դարձել ազգային ու սոցիալական խնդիրները:Մոնղոլական տիրապետության շրջանի գեղարվեստական արձագանքն են Ֆրիկի մեզ հասած չորս բանքերը` «Ընդդէմ ֆալաքին եւ վասն բախտի, «Վասն Արղուն ղանին եւ Բուղային», «Բան ի Ֆրիկ գրքոյն» («Գանգատ»), «Վասն դալեհի եւ բրջի»: «Ընդդէմ ֆալաքին…» քերթվածում Ֆրիկը գրում է. «Հիմիկ դժարեց բաներս, որ թաթարն եղաւ թագաւոր. Զրկեց զամենայն աշխարհս Ու զգողերն էդիր մեծաւոր»: Ազգային քաղաքական խնդիրն ավելի սուր է արծարծված «Վասն Արղուն ղանին եւ Բուղային» և «Գանգատ» բանաստեղծություններում, որոնցում այն հանդես է գալիս սոցիալական խնդրի հետ զուգորդված: Առաջին բանաստեղծության մեջ Ֆրիկը վրեժխնդիր սրտով երազում է թաթար-մոնղոլների դաժան բռնատիրության վերջնական անկումը: «Գանգատի» մեջ հայրենասեր հեղինակը ողբում է ժողովրդի ծանր վիճակը: Դեռևս «Ընդդէմ ֆալաքին» բանքում Ֆրիկը ֆալաքին (ճակատագրին) համարում է անարդար դատավոր, որ անգետ, վատ, հիմար մարդկանց մեծ հարստության տեր է դարձնում, իսկ արժանավորներին` «ուղորդ», իմաստուն մարդկանց թողնում դժբախտ: Բայց ըստ ֆալաքի` այդ անհավասարության պատճառը ոչ թե ինքն է, այլ Աստված. «Արարչէն լինին»,- պատասխանում է ճակատագիրը: «Գանգատ» բանաստեղծության մեջ Ֆրիկը վեճի մեջ է մտնում ուղղակի Աստծու հետ: Խորհելով կյանքի ու մահվան, տնտեսության ու սոցիալական անհավասարության մասին` նա լայն ընդհանրացումներ է անում: Ֆեոդալական հասարակարգում եղած խոր հակասությունները, հասարակական դասերի վիճակների մեծ տարբերությունը բացատրում է բախտով կամ աստծու կամքով («Եւ այ՞ս էր բան քոյ հրամանի, Արդար, իրաւ դատաւորի, Մէկն ի պապանց պարոնորդի, Մէկն ի հարանց մուրող լինի…»): Շարունակելով հակադրությունների շարքը` միջնադարյան հեղինակը աստիճանաբար բացահայտում է սոցիալական անհավասարությունների ամբողջական շղթան:Այս չորս բանքերով Ֆրիկը համարվում է ոչ միայն միջնադարյան հայ սոցիալական քնարերգության սկզբնավորողն ու խոշոր ներկայացուցիչը, այլև համաշխարհային գրականության նշանավոր դեմքերից մեկը:
|