Համաշխարհային պատմության մեջ մեծ թիվ չեն կազմում այն անձինք, որոնք, լինելով հարուստ ընտանիքի զավակ, միաժամանակ եղել են կիրթ, բանիմաց, սեփական ուժերով նշանակալից նվաճումներ ունեցել` լինելով հայրենասեր, բարերար, ինչպես նաև արվեստի սիրահար: Ահա այս բոլոր գծերը հատկանշում են հայազգի Գալուստ Գյուլբենկյանին: Նպատակահարմար գտա շրջանցել կենսագրական տվյալները, որոնք դյուրին կերպով կարելի է գրքերում ու կայքերում գտնել. կտեղեկացնեմ ընթերցողին հայ գործարարի այն ձեռքբերումների մասին, որոնց արդյունքում նրա անունն անմահացել է պատմության էջերում: Նա սկզբում նավթային գործունեություն է ծավալել, ինչի շնորհիվ արժանացել է «Պրն հինգ տոկոս» տիտղոսին: Ուսանելով Լոնդոնի «Թագավորական քոլեջի» ճարտարագիտության բաժնում և ավարտելով այն 1887-ին բարձրակարգ ճարտարագետ-նավթարդյունաբերողի որակավորմամբ` հայրն ուղարկում է Գալուստին Անդրկովկաս` ուսումնասիրելու Բաքվի քարյուղի հանքերը, որտեղ էլ նա հեղինակում է մի կարևորագույն աշխատություն` Միջին Արևելքի նավթային պաշարների շահագործման և մշակման վերաբերյալ, ինչպես նաև զանազան հոդվածներ փարիզյան հայտնի «Revue des Deux Mondes» թերթում: Արդեն իսկ 21 տարեկանում Գյուլբենկյանը համարվում էր նավթային հարցերի առաջնակարգ փորձագետ ողջ աշխարհի մակարդակով: Աչքի ընկնելով գեղագիտական բարձր ճաշակով` Գյուլբենկյանն իր կյանքի ընթացքում պարբերաբար ձեռք է բերել արվեստի եզակի նմուշներ` տեր դառնալով աշխարհի ամենահարուստ անձնական հավաքածուին: Հարկ է նշել, որ 1929 թվականին սեփական ժողովրդին կերակրելու նպատակով ռուսական իշխանությունները սկսեցին վաճառել Էրմիտաժի դարավոր գանձերը: Համամարդկային նշանակություն ունեցող արվեստի գործերը չափազանց ցածր գներով վաճառում էին Արևմուտքի երկրներին: Էրմիտաժի հարստության գնորդներից էր այն ժամանակ արդեն նավթային մագնատի համբավ ձեռք բերած Գալուստ Գյուլբենկյանը: Մահվանից 14 տարի անց իրականանում է նրա վերջին ցանկությունը. Լիսաբոնում բացվում է Գյուլբենկյանի անունը կրող թանգարանը, որն այժմ աշխարհում լավագույններից մեկն է:
Ինչպես տեղեկացնում է «Ազգ» օրաթերթը, համաշխարհային համբավի տիրացած հայ մեծահարուստը երբեք չի մոռացել իր արմատներն ու իր ժողովրդին` ամենաօրհասական պահերին կանգնելով նրա կողքին: Նա Թուրքիայի, Սիրիայի, Լիբանանի, Իրաքի ու Հորդանանի հայկական գաղութներում առատաձեռն նվիրատվություններով բարելավել է դպրոցներն ու առողջապահական կենտրոնները, ավելին` նրա միջոցներով առ այսօր սփյուռքահայ հազարավոր պատանիներ ու երիտասարդներ ստացել և ստանում են միջնակարգ ու բարձրագույն կրթություն, հրատարակվում են հայագիտության համար խիստ անհրաժեշտ հազարավոր գրքեր ու աշխատություններ: Երուսաղեմի պատրիարքարանի, Ստամբուլի Սբ. Փրկիչ հիվանդանոցի և էջմիածնի Մայր տաճարի վերանորոգումների համար մենք ևս պետք է հիշենք մեծ բարերարի անունը, ինչպես նաև Երևանի շրջակայքում Նուբարաշեն ու Նոր Կեսարիա ավանների շինարարության համար: