Www.ARMhistory.do.am
Բարև Հյուր!
Դուք կարող եք:
Մուտք գործել Կամ Գրանցվել
Նավարկություն
Գլխավոր Հայոց պատմություն Հայեր Ֆորում Գրքեր Նկարներ Հետաքրքրաշարժ Հայկական ֆիլմեր Հայկական մուլտֆիլմեր Օնլայն խաղեր Ձեր կարծիքը մեր մասին Կայքեր Կինոթատրոն Հետադարձ կապ
Բաժիններ
Գրողներ [51]
Զորավարներ/Հայդուկներ [17]
Պատմիչներ [3]
Փիլիսոփաներ [3]
Թագավորներ [7]
Թագավորական տներ [7]
Արվեստի ասպարեզ [20]
Ճակատամարտեր [6]
Հեթանոս աստվածներ [7]
Ռազմական արվեստ [24]
Ազգային [16]
Էություն [4]
Միացեք քննարկումներին
  • Աֆորիզմներ (151)
  • Գրքեր (14)
  • Վեբ ծրագրավորում (14)
  • Հարցեր և պատասխաններ (13)
  • Անեկդոտներ (13)
  • Հայաստանին (13)
  • Քառյակներ (11)
  • Որ ժամանակաշրջանում է Հայաստանը եղել հզոր (11)
  • Հայոց լեզու (10)
  • Անձնական մտքեր,խոսքեր (9)
  • Հին Հունաստան (9)
  • Հեղինակային (8)
  • Ուսանողական կայք տնտեսագետների համար (7)
  • hayoc ekexecu patmutyun (6)
  • Վեբ կայքերի պատրաստում (6)
  • Գլխավոր » 2011 » Հունվար » 7 » Գարեգին Նժդեհ
    03:06
    Գարեգին Նժդեհ

    Գարեգին Նժդեհ, իսկական անունը` Գարեգին Եղիշեի Տեր-Հարությունյան, (հունվար 1, 1886 - դեկտեմբեր 21, 1955) հայ պետական, ռազմական գործիչ, քաղաքագետ-իմաստասեր, ժամանակավորապես դաշնակցական գործիչ: Նա ծնվել է հայոց Նախիջևան գավառի Կզնուտ (այժմ` Կյուզնուտ) գյուղում:

    Ընդհանուր

    «Ապրել ու գործել միայն այն բանի համար, որի համար արժե մեռնել, և մեռնել միայն այն բանի համար, որի համար արժեր ապրել» Գարեգին Նժդեհը լայն հանրությանը հայտնի է առաջին հերթին որպես զորավար ու պետական գործիչ, իսկ որպես մտածող` սոսկ հատվածաբար ներկայացվող իր խորիմաստ ու սեղմ ասույթներով։ Վերջին հանգամանքը նրա կերպարն ամբողջության մեջ պատկերացնելու հնարավորություն չի տալիս, ուստի չի գիտակցվում նրա հոգևոր ժառանգության վիթխարի նշանակությունը։ Նժդեհը մեր պատմության այն եզակի դեմքերից է, որի մեջ ներդաշնակորեն միաձուլվել են զինվորականն ու մտածողը, ազգային բարոյախոսն ու քաղաքական գործիչը և որն իր՝ հիրավի պատմաստեղծ կյանքով, հաստատաբար դասվում է հայոց առաջնագույն մեծերի շարքը։ Նժդեհը (Գարեգին Տեր-Հարությունյան) ծնվել է 1886թ.-ի հունվարի 1-ին, Նախիջևանի գավառի Կզնութ գյուղում։

    Կրթությունը

    Սկզբնական կրթությունը ստանալով Նախիջևան քաղաքի ռուսական դպրոցում, ուսումը շարունակում է Թիֆլիսի ռուսական գիմնազիայում, որտեղ սովորելու ընթացքում էլ, 17 տարեկան հասակից, միանում է հայ ազատագրական շարժմանը։ Այնուհետև անցել է Պետերբուրգ և երկու տարի տեղի համալսարանի իրավաբանական բաժնում սովորելով՝ լքում համալսարանը ու ամբողջովին նվիրվում հայ հեղափոխության գործին՝ ցարիզմի ու սուլթանականության դեմ։ 1906թ.-ին անցնում է Բուլղարիա, որտեղ Ռոստոմի աջակցությամբ և մակեդոնական ազատագրական շարժման ղեկավարների միջնորդությամբ ընդունվում է Սոֆիայի սպայական դպրոցը և այն հաջողությամբ ավարտելով՝ 1907թ.-ին վերադառնում է Կովկաս։

    Զինվորական գործունեությունը


    1907-1908թթ. մտնում է Հ.Յ.Դաշնակցության շարքերը և մասնակցություն բերում պարսկական հեղափոխական շարժմանը։ Զենք և ռազմամթերք տեղափոխելու համար, Նժդեհը 1909թ.-ին վերադառնում է Կովկաս և ձերբակալվում ցարական իշխանությունների կողմից։ Բանտերում մնալով ավելի քան երեք տարի, տեղափոխվում է Բուլղարիա։

    Երբ 1912թ.-ին սկսվեց Բալկանյան առաջին պատերազմը, հայերը Թուրքիայի դեմ կռվելու համար (հանուն Մակեդոնիայի և Թրակիայի ազատագրության), բուլղարական բանակի կողքին ստեղծեցին կամավորական վաշտ, որի ղեկավարները եղան Նժդեհն ու Անդրանիկը։

    Առաջին աշխարհամարտի նախօրյակին, «ներման» արժանանալով ցարական կառավարության կողմից, Նժդեհը վերադառնում է Կովկաս՝ Թուրքիայի դեմ մղվելիք պատերազմին մասնակցելու պայմանով։

    1918թ.-ի գարնանը վարում է Ալաջայի (բնակավայր Անիի շրջակայքում) կռիվները, որոնցով հնարավորություն ընձեռնեց նահանջող հայկական զորամասերին՝ անկորուստ անցնելու Ալեքսանդրապոլ. միաժամանակ, իր մարդկանցով ապահովում է Նիկողայոս Մառի պեղումների արդյունքը հանդիսացող արժեքավոր հնությունների փոխադրումը Անիից։

    Մոտենում էր 1918թ.-ի մայիսը, վճռվում էր հայոց ճակատագիրը։ Ալեքսանդրապոլում կռվի բռնվելով թուրքական զորքերի դեմ, Նժդեհը իր խմբով նահանջում է Ղարաքիլիսա։ Այստեղ էին նահանջել խուճապի մատնված բազմահազար հայ փախստականներ. տեղի ժողովուրդը նույնպես տագնապի մեջ էր։ Ահա՛ այս օրհասական պահին, երբ տիրում էր համատարած հուսալքում, լսվում է Նժդեհի ռազմաշունչ, ամենափրկիչ ձայնը. Դիլիջանի եկեղեցու բակում նրա արտասանած ճառը հոգեփոխեց հուսալքված, բայց ոգեշունչ խոսքի կարոտ հայերին և նրանց առաջնորդեց դեպի սրբազան ճակատամարտ։ «Դեպի՛ ճակատ, այնտե՛ղ է մեր փրկությունը»- հնչում է Նժդեհի հուժկու, վճռական և ինքնավստահ ձայնը։ Ղարաքիլիսայի եռօրյա հերոսականով՝ հայությունը հաստատեց իր հարատևելու կամքը, և այդ հավաքական կամքի զորացման գործում, անշուշտ, անուրանալի է Նժդեհի դերը։ Ղարաքիլիսայում վարած կռիվների համար (որոնց ընթացքում վիրավորվել է) Նժդեհը արժանացել է ամենաբարձր քաջության շքանշանի։

    Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո, 1918թ.-ի վերջին, Նժդեհը ՀՀ կառավարության կողմից նշանակվում է Նախիջևանի գավառապետ, իսկ 1919թ.-ի օգոստոսից՝ Կապանի, Արևիքի և Գողթանի (Կապարգողթ) ընդհանուր հրամանատար։

    Առանց դրսի օժանդակության, ապավինած հայրենի լեռներին ու սեփական ոգու զորությանը, Սյունիքի հայությունը, Նժդեհի ղեկավարությամբ, վարեց իր հաղթական դյուցազնամարտը։ Լեռնահայության դիմումներին՝ որևէ կերպ օգնելու, ՀՀ կառավարությունը, բացի մեկումեջ արվող քաջալերանքի կամ համակրանքի խոսքերից, ո՛չ մի կերպ չարձագանգեց։

    Իսկ Նժդեհը երբեմն ստիպված էր լինում չհնազանդվելու վերին իշխանության հրամաններին։ Մասնավորապես, երբ Խատիսյանի կառավարության կողմից նրան հրամայված էր գաղթեցնել պաշարված ողթանի հայությունը, Նժդեհը մերժեց այն, և, փոխարենը, սրբեց ու տեղահանեց գավառի թուրքական բնակավայրերը։ Ավելին, 1920 թվականի օգոստոսին, ՀՀ զինվորական նախարար Ռուբեն Տեր-Մինասյանը, համաձայն բոլշևիկների հետ կնքված զինադադարի (իմա՛ 1920թ. օգոստոսի 10- ին Թիֆլիսում Բորիս Լեգրանի ու Արշակ Ջամալյանի միջև կնքված համաձայնագիրը, որով ՀՀ-ն համաձայնություն էր տալիս Կարմիր բանակի մուտքին Զանգեզուր, Ղարաբաղ և Նախիջևան), Դրոյի միջոցով հեռագրում էր Նժդեհին՝ թողնել Կապանն ու ենվազը և անցնել Երևան։ Բայց Նժդեհը, չընդունելով ՀՀ զինվորական նախարարի՝ Զանգեզուրը թողնելու հրամանը, և մերժելով Դրոյի առաջարկը՝ անցնել Երևան ապաքինվելու (Գորիսի ձորում վիրավորվել էր), նախընտրեց մնալ Սյունիքում և մենակ չթողնել լեռնահայությանը։ Այդ ծանր օրերին էր, որ Նժդեհը հղացավ և գործի դրեց Դավիթբեկյան Ուխտերը։ 1920թ. օգոստոսի 25-ին, Կապանի Կավարտ գյուղի եկեղեցում, Նժդեհի զինվորները ուխտեցին Դավիթ-Բեկի անունով՝ հավատարիմ մնալ հայրենի երկրի ազատության, իրենց հրամանատար Նժդեհին և կռվել մինչև վերջին շունչը։

    Հրապարակումները


    1923թ.-ին լինելով Բուխարեստում, Նժդեհը, տեղի «Նոր Արշալույս» թերթում հանդես է գալիս «Իմ խոսքը - Թե ինչո՞ւ զենք բարձրացրի խորհրդային զորքերի դեմ» հոդվածաշարով։ Այդ տարիներին Նժդեհը հանգամանալից անդրադառնում է Սյունիքի կռիվների պատմությանը՝ 1923-1925թթ.-ին ընդարձակ հոդվածաշարով հանդես գալով Բոստոնի Հայրենիք ամսագրում։

    1924-1925թթ. նա հրապարակումներ է ունենում Պլովդիվում լույս տեսնող «Հայաստան» դաշնակցական թերթում։ Մասնավորապես, 1924թ.-ին այստեղ տպագրվում են առանձին գլուխներ նրա «Էջեր իմ օրագրեն»-ից, որը նույն տարի լույս է տեսնում առանձին գրքույկով, Կահիրեում։

    1926թ.-ին Նժդեհը սկսում է հանդես գալ Սոֆիայում լույս տեսնող «Արաքս» թերթում, ուր տպագրվում է նրա «Բաց նամակներ հայ մտավորականությանը» շարքը։

    1933թ. ամռանը Նժդեհը մեկնում է ԱՄՆ։ Նժդեհի հետ, Ընդհանուր ժողովի որոշումով, ԱՄՆ անցավ կուսակցական հայտնի գործիչ Կոպեռնիկ Թանդրճյանը, որին հանձնարարված էր կազմակերպել ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Մուխտար-բեյի սպանությունը (վերջինս մասնակից էր արևմտահայերի ջարդերին և արտասահմանում հակա-հայկական քարոզչության ղեկավարներից էր)։ Նժդեհը պիտի աջակցեր Թանդրճյանին այդ գործում։

    «Ցեղակրոն» շարժումը


    ԱՄՆ-ում Նժդեհը ձեռնամուխ է լինում Ցեղակրոն շարժման ծավալմանը՝ երկրի հայաշատ վայրերում Ցեղակրոն Ուխտեր հիմնելով։

    1935թ.-ին նա լույս ընծայեց «Ամերիկահայությունը - Ցեղը և իր տականքը» աշխատությունը, միաժամանակ նպատակ ունենալով ընդլայնել Ցեղակրոն շարժումը և այն դարձնել համագաղութային։

    1937թ. Հայկ Ասատրյանի հետ, Պլովդիվում սկսում են հրատարակել «Ռազմիկ» ազգայնական թերթը։

    1937թ. Սոֆիայում լույս է տեսնում Նժդեհի «Իմ պատասխանը» ուսումնասիրությունը՝ նվիրված Սյունիքի հերոսականին։

    Այդ տարիներին Նժդեհի համար վերստին կարևորվում և հրատապ է դառնում հայությանը մոտեցող պատերազմին հոգեբանորեն նախապատրաստելու և նոր բարոյականով սպառազինելու խնդիրը։ Այդ նպատակով, 1937-1938թթ., Հ. Ասատրյանի, Ն. Աստվածատուրյանի և այլոց հետ նախաձեռնում է Տարոնական շարժումը։

    1938-1939թթ. լույս է տեսնում շարժման պաշտոնաթերթը՝ «Տարոնի Արծիվ»-ը։

    Նժդեհն իր մասնակցությունն է բերում 1942թ.-ի դեկտեմբերին Բեռլինում ստեղծված ու մինչև 1943թ.-ի վերջը գործած Հայ Ազգային խորհրդի աշխատանքներին (խորհրդի նախագահն էր Արտաշես Աբեղյանը), որի օրգան «Ազատ Հայաստան»-ի փոխխմբագիրն էր (խմբագիր՝ Աբրահամ Գյուլխանդանյան)։

    1944թ.-ի սեպտեմբերին խորհրդային զորքերը մտան Բուլղարիա։ «Գիտեմ թե ինչ է սպասվում ինձ, բայց և այնպես որոշել եմ մնալ, հակառակ որ կարելիություն ունեմ օդանավով ինձ նետելու Վիեննա։ Չեմ հեռանում, որ հալածանքի չենթարկվեն մեր կազմակերպությունները («Բուլղարիայի Ցեղակրոն Ուխտերը»)։ Մնալու ավելի լուրջ պատճառներ ունեմ... Այսօր կյանքին ես կապված եմ այն չափով միայն, ինչ չափով որ ինձ դեռ պարտական եմ զգում ծառայելու Հայաստանին»,- գրում էր Նժդեհը 1944թ.-ի սեպտեմբերին, ձերբակալությունից քիչ առաջ։

    1944թ.-ի հոկտեմբերի վերջերին, խորհրդային «Սմերշ» բանակային հակահետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից Նժդեհը ձերբակալվում է։ Նրան տեղափոխում են Բուխարեստ, այնտեղից՝ ինքնաթիռով Մոսկվա և բանտարկում Լյուբյանկայում։

    1946թ.-ի նոյեմբերին, Նժդեհին Մոսկվայից ուղարկում են Երևան, ուր դատաքննությունը ավարտվում է 1948թ.-ին. Նժդեհը դատապարտվում է 25 տարվա բանտարկության, ժամկետը հաշվելով 1944թ.-ից (ի դեպ, դատավճիռը կայացվել է ապրիլի 24-ին)։

    Ձերբակալությունն ու մահը


    Նժդեհի ձերբակալությունից հետո, ընտանիքը (կինը և զավակը) Սոֆիայից աքսորվում է Բուլղարիայի Պավլիկենի քաղաքը։ 1947թ.-ին Նժդեհը խորհրդային կառավարությանն առաջարկում է հանդուգն մի ծրագիր. սփյուռքում ստեղծել համագաղութային ռազմաքաղաքական կազմակերպություն՝ «Հայկական իռեդենտա, որի նպատակը պետք է լիներ Արևմտյան Հայաստանի ազատագրումը և նրա վերամիավորումը Խորհրդային Հայաստանին։ Առաջարկության մեջ Նժդեհը հանգամանալից անդրադառնում էր այդ կազմակերպության ստեղծման՝ պատմականորեն թելադրված անհրաժեշտությանը, նրա ապագա գործունէության ձևերին, կառուցվածքին և այլն։ Թեև Նժդեհի առաջարկությունը լրջորեն հետաքրքրեց խորհրդային ղեկավարներին և մի քանի տարի շարունակ ուսումնասիրվում էր ամենատարբեր ատյաններում, սակայն, ի վերջո, այն մերժվեց։

    1948-1952թթ.-ին Նժդեհը գտնվում է Վլադիմիրի բանտում, այնուհետև, մինչև 1953թ. ամառը՝ Երևանի բանտում։ Նժդեհի երկրորդ անգամ Երևան բերվելը, ինչպես վկայում է նրա բանտակից Հովհաննես Դևեջյանը, պայմանավորված էր նրանով, որ Նժդեհը դիմում էր գրել խորհրդային ղեկավարությանը՝ առաջարկելով իր միջնորդությունը Դաշնակցության և խորհրդային իշխանության միջև հասկացողություն և գործակցություն ստեղծելու համար։ Այս խնդրի շուրջ երկար խոսակցություններ են տեղի ունենում Հայաստանի անվտանգության նախարարի հետ, որոնց արդյունքում, 1953թ.-ին, Նժդեհն ու Դևեջյանը Երևանի բանտից, համատեղ, նամակ են գրում Ս. Վրացյանին (որն այդ ժամանակ Դաշնակցության հետախուզական դպրոցի տնօրենն էր), հորդորելով նրան մերձենալ ռուսներին՝ հակաթուրքական հողի վրա։ Սակայն, Մոսկվայում նպատակահարմար չգտան նամակը ուղարկել և այն մնաց որպես միայն փաստաթուղթ։

    Այնուհետև, Նժդեհին նորից տեղափոխում են Վլադիմիր, ուր և մահանում է 1955թ.-ի դեկտեմբերի 21-ին։

    Ստանալով բանտային վարչության հեռագիրը Նժդեհի մահվան մասին, եղբայրը՝ Լևոն Տեր-Հարությունյանը, Երևանից շտապ մեկնում է Վլադիմիր։ Նրան հանձնվում են եղբոր զգեստն ու ժամացույցը, իսկ ձեռագրերը՝ ոչ։ Թույլ չի տրվում նաև մարմինը տեղափոխել Հայաստան։ Լևոնը կատարում է եղբոր թաղումը, գերեզմանը ցանկապատել տալիս ու տախտակի վրա, ռուսերեն, պատվիրում գրել՝ "Տեր-Հարությունյան Գարեգին Եղիշի (1886-1955)"։

    Իր մահից տասնամյակներ անց միայն՝ 1992թ. մարտի 30-ին, Նժդեհը ՀՀ դատախազության կողմից արդարացվեց, ինչի կարիքը երբևէ չուներ։


    Կատեգորիա: Զորավարներ/Հայդուկներ | Դիտումներ: 1933 | Ավելացրել է: armhistory | Պիտակներ: Գարեգին Նժդեհ | Ռեյտինգ: 3.7/3
    Մեկնաբանությունների քանակը: 0

    Օգնեք կայքին տարածեք այս նյութը:
    Մեկնաբանելու համար պետք է գրանցվել կայքում
    [ Գրանցվել | Մուտք գործել ]
    Հայկական տոմար
    Ancient Armenian Calendar
    Armenian history
    История Армении
    Մարզեր
    Արմավիրի մարզ Արարատի մարզ Արագածոտնի մարզ Արցախ Գեղարքունիքի մարզ Լոռու մարզ Կոտայքի մարզ Շիրակի մարզ Սյունիքի մարզ Վայոց Ձորի մարզ Տավուշի մարզ
    Հայաստան
    Բուսական աշխարհ Կենդանական աշխարհ Արագած Արալեռ Արարատ (Մասիս) լեռը Արտանիշ Արփա Որոտան Գառնու ձոր Գեղամա լեռներ Դեբեդ Դիլիջանի արգելոց Թարթառ Խոսրովի անտառ Սևան Հատիս
    Հիշիր
    Current Position
    Новости Карабаха
    Армянский исторический портал
    KillDim.com