Այնուհանդերձ, քննական նտվյալներից ոչ պակաս, և թերևս առավել էական էր բարոյակամային ու հոգեբանական այն իրավիճակը, որ տիրում էր հայկական բանակում պատերազմի նախօրյակին: Հանրապետության երիտասարդ բանկը իր սկզբնավորման օրվնից ի վեր այդպես էլ լիարժեք խաղաղությամ պայմաններում բանակաշինություն ծավալելու հնարավորություն չստացավ: Երկրի մերթ այս, մերթ մյուս շրջանում մահմեդականների` պարբերական բռնկվող խռովությունների հետևանքով զորամասերը գրեթե չէին հանգրվանում իրենց տեղակայման վայրերում, հարկադրված էին երկարատև ռազմարշավներ կատարել, ինչը, բնականաբար, հյուծում և ուժասպառ էր անում անձնակազմին, թե´ ֆիզիկապես և թե´ բարոյապես: Բանակի համար առանձնապես ծանր էր նախապատերազմյան շրջանը` 1920թ. գարունն ու ամառը, երբ մահմեդականների զինված ընդվոզումներին գումարվեցին թուրքական զորքերի պարբերևական սահմանխախտումները և հայ բոլշևիկների կազմավորված մայիսյան խռովությունը: Այդ պայմաններում հնարավոր չէր իրականացնել համակարգված զորակոչ և զորացրում, կազմակերպել զինավարժություններ, մարտական պատրաստության պարբերական պարապունքներ: Իր հերթին երկրի սոցիալ- տնտեսկան ոչ բարվոք իրավիճակը ուղղակիորեն անդրադառնում էր զինված ուժերի սպառազինության և տեխնիկական հագեցվածության վրա: Զորամսերի անձնակազմը անընդհատ փոփոխվում էր, կորուստները հաճախ էին համալրվում հրամկազմին և զինվորների միջև փոխադարձ վսահություն չէր ձևավորվում, ինչը ուղղակիորեն անդրարդառնում էր զորքի բարոյահոգեբանական վիճակի վրա: Ի լրումն այս ամենի` ներքին կռիվներում բանակը հարկադրված էր ոստիկանական, պատժիչ գործողություններ կիրառել մահմեդական բնակչության նկատմամբ, ինչը հաճախ ուղեկցում էր արատավոր երևույթներով` հանգեցնելով զորքի բարոյալքմանն ու այլասերմանը:
Այս առումով մի ուշագրավ նկատառում է կատարել Ս. Վրացյանը. «բանակի մասնակցությունը քաղաքացիական կռիվներում անխուսափելի կեպով կխախտե զինվորության կարգապահական ոգին, կբարոյալքե ու կտկարացնե մարտունակությունը: Թրքական գյուղերի մաքրագործմանը մասնակցող զորամասերն բարոյալքվեցին, գրեթե կազմալուծվեցին: Մաքրագործումը անխուսափելի կերպով կապված էր թալանի և հարստահարությունների հետ… Դրոն գիտեր այս և թույլ չտվեց, որ իրեն ենթակա զորմասերը մասնակցեին Զանգիբասարի գործողությանը: Եվ հետագա դեպքերը ցույց տվեցին, թե որքան իրավացի էր Դրոն, երբ միայն Սուրմալու ճակատի վրա, ուր գործում էին Դրոյի զորամասերը, հայ բանկը ընդունակ եղավ վճռական հակահարված հասցնելու թշնամուն»:
Սեպտեմբերի 23-ին, առանց պատերազմ հայտարարելու, թուրքական բազմահազարանոց բանակը լայնածավալ հարձակման անցավ հայ-թուրքական սահմանի ողջ երկայնքով: Սկսվեց հայ - թուրքական պատերազմը: Ռազմական գործողությունները ծավալվեցին երկու ճակատներում` Կարսի և Սուրմալուի: Առաջին հրամանատարը, գեներալ Հովսեփյանն էր, Կարսի բերդապետը` Դ. Բեկ- Փիրումյանը, իսկ ճակատի ընդհանուր հրամանատարը` Սարդարապաի հեոսը` գեներալ Մ. Սիլիկյանը: Սուրմալու ճակատի հրամանատար նշանակվեց Դրասամատ Կանյանը` Դրոն:
ՀՀ կառավարության հայտարարության մեջ պատերազմի առաջին օրերի իրադարձությունները այսպես են ներկայացվում. «Սեպտեմբերի 23-ի գիշերը տաճիկները ուժեղ հարձակման դիմեցին Փենեակի և Բարդուսի ճակատներում: Մեր զորամասերը սաստիկ դիմադրություն ցույց տալով` ամրացան Վերիշենի բարձրունքների վրա: Նույն օրը տաճկական խոշոր ուժերը գրոհ տվեցին դեպի Կարաուրգան, որտեղից մեր զորքերը քաշվեին Սողանլուխ լեռնաշղթան: Հայտնի է դարձել, որ տաճիկներ անմիջական նպատակն է կտրել Սարիղամիշ-Կարս երկաթուղին և ազատությունից զրկել Սարիղամիշի և Կաղզվանի զորքերը ու ժողովուրդը: Անակնկալներից ու զոհերից խուսափելու և ավելի հարմար դիրքեր գրավելու նպատակով` մեր հրամանատարությունը սեպտեմբերի 29-ի գիշերը դատարկել է Սարիղամիշն ու Կաղզվանը: Ժողովուրդը նույնպես տեղափոխվել է անվնաս: Նահնջը եղել է ռազմագիտական նպատակով, կանոնավոր և առանց որևէ կորուստի: Մեր զորքերի ոգին բարձր է: Թշնամին հանդիպում է ամենաբուռն դիամդրության: Կարսի և Ալեքսանդրապոլի շրջաններում սկսված է ուժեղ շարժում` հօգուտ երկրի պաշտպանության: Ամեն կողմից հասնում են կամավորներ, և վերադառնում են դասալիքները»:
Ներկայացնելով այս տեղեկատվությունը` ՀՀ կառավարությունը կոչով դիմեց ժողովրդին. «Քաղաքացիներ, Հանրապետության կառավարությունը հայտնում է, որ ինքը ձեռք է առնում ամեն միջոց` պետության անվտանգությունն ապահովելու համար և վստահ է, որ նենգ թշնամին շուտով դուրս կշպրտվի մեր երկրից… Մեկ անելիք է մնում միայն մեզ. հաղթել կամ մեռնել: Մենք պետք է հաղթենք:
Քաղաքացիներ, որքան և աննպաստ լինելն պայմանները, թողեք ձեր անձնական գործերը: Ամեն ոք և ամեն ինչ պետք է հատկացվի ֆրոնտին: Ոչ մի դասալիք չպիտի մնա Հայաստանում: Ոչ մի երիտասարդ չպիտի նստի տանը: Ամեն ինչ զորքի համար: Գյուղացի, բանվոր, մտավորական, պաշտոնյա, արհեստավոր, ուսանող, կանայք` բոլորդ պետք է նպաստեք մեր բանակին, որովհետև միայն ամենքիս միահամառ ջանքերով կխորտակվի փաշաների գարշելի բռնակալությունը, և Հայաստանը բոլորովին ազատ կլինի տաճիկ շովինիստների մղձավանջից:
Ոտքի, ժողովուրդ: Կեցցե Միացյալ և Անկախ Հայաստանը»:
ՀՀ կառավարությունը հրատապ քայլեր ձեռնարկեց երկրում պատերազմական իրավիճակին համապատասխան կարգուկանոն հաստատելու համար: «Սեպտեմբերի 30-ին կառավարությունը արտակարգ նիստում երկիրը հայտարարեց պատերազմական դրության մեջ: Մինչև 35 տարեկանները զենքի տակ առավ: Խիստ օրենքներ սահմանեց դասալիքների դեմ: Զինվորական նախարարությունը տվեց արտակարգ լիազորություններ, նրան ենթարկեց երկաթուղիները, ռադիոկայնները և փոխադրության միջոցները»: Ի դեպ, ռազմական նախարարի հրամանով Երևանի և Կարսի հրապարակներում կանգնեցվեցին կախաղաններ` պատերազմական ժամանակաշջանի օրենքներով դատավճիռները ի կատար ածելու համար: Հոկտոեմբեի 8-ին ՀՀ կառավարությունը կոչ հղեց միջազգային հանրությանը` օգնելու Հայաստանին` «իր հայրենիք պատվի, ազատության ու անկախության համար հայ ժողովրդի անկապտելի իրավունքների համար մղվող այս վճռական կռվի մեջ հայ ժողովուրդը հավատացած է, որ չի մնա առանց քաղաքակիրթ աշխարհի աջակցությանը»: Սակայն օգնության այս կոչը մնաց անարձագանք, ո´չ եվրոպական տերությունները և ո´չ էլ ԱՄՆ-ը, որ ընդամենը երկու ամիս առաջ Սևրի դաշնագրով «Մեծ» Հայաստանը կործանումից փրկելու համար:
Մինչդեռ Կարսի ճակատում թուրքերի առջխաղացումը շարունակվում էր: Եվ սա այն դեպքում, երբ այստեղ էին կենտրոնացած ՀՀ բանակի հիմնական ուժերը: Ցավոք,Կարսի զորախմբին այդպես էլ չհաջողվեց պատշաճ դիմադրություն կազմակերպել, ինչը, անկասկած, պայմանավորված էր ոչ այնքան հակամարտող ուժերի հարաբերակցությամբ, որոնք ռազմիկների կամային որակների և մարտական ոգու, նրանց շարքերում համերաշխության ու կարգապահության բացակայությամբ. «Թե բերդի և թե դաշտային մասերը թույլ էին կազմակերպված. զինվորների մեծ մասը նոր էր հավաքված և չէր մերված գնդերում: Սպաների և զինվորների փոխհարաբերությունը շատ մասերում մտերմական չէր: Լավ չէին և զոր. Փիրումյանի ու զոր. Հովսեփյանի, ինչպես նաև նահնգապետ Ղորղանյանի հարաբերությունները, որ անդրադառնում էին շրջապատի վրա: Զորքերի մի մասը շտապ կերպով զինավցած էր Անգլիայից նոր ստացված «Ռուս» հրացաններով, որոնց վարժ չէր: Թիկունքը լավ կազմակերպված չէր, ու հակապետական տարերը` բոլշևիկները, կարողանում էին դժվարություններ առաջացնել»:
Այս ամենի հետևանքը եղավ այն, որ պատերազմի առաջին իսկ օրերին մեր զորքերը թշնամուն հանձնեցին Սարիղամիշը, Կաղզվանը, Մերդենեկը և այլ բնակվայրեր: Ճիշտ է, այդ անհաջողություններից հետո հայկական զորքերը ծանր կորուստների գնով կարողացան առժամանակ կասեցնել թշնամու սրընթաց հարձակումը, սակայն լիովին չեզոքացնել նրա առաջխաղացումը դեպի Կարս` այդպես էլ չհաջողվեց:
Պատկերը միանգամայն այլ էր Սուրմալուի ճակատում. «Քյազիմ Կարաբեքիրի ուժերի մյուս մասը` մի դիվիզիա հետևակա, մոտ 2000 քուրդ խուժան, 8 թնդանոթ, ձիավորներ ուղղվեցին դեպի Սուրմալու, ըստ երևույթին կամենալով արագ հարվածով գրավել մինչև Արաքս և հարվածի տակ առնել Երևանը»:
Այս ճակատում թշնամուն դիմավորող հայկական զորախումբը թեև անհամեմատ փոքրաթիվ էր` ընդամենը 2000 զինվոր և 1000 աշխարհազորային, սակայն ի հակադրություն Կարսի ճակատում կարող էր հայկական զորքի` «շատ լավ կազմակերպված ու պարենավորված էր. բոլոր մասերը կապված էին իրար և կենտրոնի հետ, սերտ հարաբերություն էր ստեղծված զորամսի և ազգաբնակչության, ինչպես և Էջմիածնի գավառային ինքնավարության միջև»: Իսկ առավել կարևոր էր այն, որ հրամանատարների և առաջին հերթին ճակատի ընդհանուր հրամանատար Դրոյի ջանքերի շնորհիվ զինվորները կորովի էին և մարտունակ, և ձգտում էին օր առաջ հակահարված տալ թշնամուն: Կարելի է ասել, որ հայ զինվորների հենց այդ` մարտական ոգու առկայությունն էլ որոշիչ դեր խախաց այս ճակատում մղված մարտերում:
Վահան Մկրտչյան
«Հայ Զինվոր»
Աղբյուր www.ayrudzi. info