Հարաբերական անդորրից հետո հոկտեմբերի կեսերին Սուրմալուի ճակատում վերսկվեցին ծանր, անզիջում մարտերը: Ահա մի դիպված, որ խիստ բնորոշ է այդ կենաց - մահու պայքարին և վկայում է հայ ռազմիկների անընկճելի կամքի և մարտկան ոգու մասին. անելանելի վիճակում հայտնված զորամսերից մեկի հրամանատարը հեռախոսով դիմում է Դրոյին. «Ի՞նչ էք հրամայում անել»: Հետևում է Դրոյի կտրուկ պատասխանը. «Հրամայում եմ բոլորիդ մեռնել. ոչ մի քայլ հետ»: Եվ իրոք, Սորմալուի ճակատում երկամսյա թեժ կռիվներում զորախումբը այդպես էլ չզիջեց իր դիրքերը:
Մինչդեռ Կարսի ճակատում իրավիճակը օրեցօր ավելի սպառնալից էր դառնում: Ցանկանալով փոխել դիրքերի անբարենպաստ ընթացքը և տիրել նախաձեռնությանը` հայկական զորքերը հոկտեմբերի 14-ին հակահարձակում ձեռնարկեցին Սարիղամիշի ուղղությամբ, որը ցավոք, անհաջող ելք ունեցավ: «Մեղավորը, - գրում է Գ. Հովսեփյանը, - 5-րդ գնդի երկու վաշտերն էին, որոնք առանց հրամանատարների լսելու հետ էին քաշվել` շփոթություն առաջ բերելով: Մեր հրամանատարությանը հազիվ հաջողվեց զորքը կանգնեցնել Վլադիկարսում»: Իսկ թշնամին, կասեցնելով մեր զորքերի հարձակումը, սկսեց քայլ առ քայլ առաջանալ դեպի Կարս:
Այս հաջողությունը ոգևորություն էր առաջացրել նաև Սուրմալու ճակատում հարձակվող թուրքական զորքերի մեջ` նրան դարձնելով ավելի համառ և ամբարտավան: «Թուրքերն այնքան լրբացել էին, - վերհիշում է Դրոն, - որ որոշեցին միաժամանակ պաշարել ամբողջ Իգդիրի բանակը, վերցնել և քշել Երևան, դռները բացել… Բայց մենք շատ լավ կազմակերպվել էինք»: Թուրքական զորքերը ձգտում էին գրավել Մարգարայի կամուրջը և կտրել կապը Ալեքսանդրապոլի և Երևանի միջև: Հոկտեմբերի 24-ին նրանք հարձակում սկսեցին Մարգարայի և Կարկալայի կամուրջների ուղղությամբ: Մի քանի օր շարունակ կատաղի մարտեր էին ընթանում. «Գյուղեր եղան, որոնք ինն անգամ թշնամիին և մեր ձեռքը անցան հաջորդաբար, - գրում է «Ճակտամարտ» թերթը, - Մոտ 4000 թուրք կանոնովոր զորք և 10000 քուրդ և թուրք խուժան կը մասնակցեին հարձակումներին` իրենց դեմ ունենելով հայկական հերոս բանկը, որուն թիվը կը հասնի 4000-ի: Թուրքական կորուստները շատ մեծ են և կհասնի 1000-ի, մինչ մեր զոհերը կըլլա 50 հոգի»:
Հետագա իրադարձությունների պատմում է Դրոյի զինակիցը` Մ. Աբրահմյանը. «Տաճիկները տեսնելով, որ ճակատից չեն կարող առաջանալ, որոշում են շրջափակվել մերոնց: Անցնում են ու վերցնում Մալաքլուն ու կտրում Մարգարայի կամուրջը, որով մեր Սուրմալուի զորամասը մնում էր կտրված: Դրոն հրամայում է Կուռոյին հարձակվել Մարգարայի կամուրջի վրա: Կուռոն բեռնակիր օթոմոբիլներով տեղափոխում է իր ուժերը նշանակված վայրը, բաց է անում խճուղին մինչև Դալիկ դաշտ և հետ շպրտելով տաճիկներին` ամրանում է Դալիկ Դաշտում»:
Զարգացնելով հաջողությունը` Դրոյի զորախումբը հոկտեմբերի 26-ին ամբողջ ճակատով անցնում է հարձակաման և ազատագրում թշնամու մինչ այդ գրաված բնակավայրերը: Թուրքական զորքերը խուճապահար նահանջում են: «Երևանը, որ մի քանի օր ապրում էր Սուրմալուից հասնող թնդանոթների որոտի տակ և սարսափահար սպասում էր ճակատամարտի ելքին, հանգիստ շունչ քաշեց: Թշնամին այլևս Սուրմալուի ճակատում կենդանի գործունեություն ցույց չտվեց»:
Սակայն հոկտեմբերի 30-ին կատարվեց անհավաստալին` թշնամին գրեթե առանց կռվի գրավեց հայ- թուրքական ճակատի ամենեանառիկ հենակետը` Կարսը: «Համաձայն տրված հրամանի` առավոտյան մեր զորքերը պիտի անցնեին հակահարձակման Վեզենքոյը գրավելու նպատակով: Սակայն առաջին գունդը մերժեց կատարել հրամանը և տեղից չշարժվեց: Հուսահատ և անզոր` գնդապետ Մազմանյանը ամենքի աչքի առաջև մաուզերի երկու գնդակից ինքնասպանություն գործեց: Այս ևս չազդեց զորքի տրամադրության վրա: Այդ միջոցին մեծ ուժով հարձակաման դիմեցին թուրքերը: Սկսվեց խուճապային փախուստ: Մեր զորքերի մի մասը և զրահագնացքը նահանջեցին դեպի Մազրա. ժողովուրդը և զորքի մի մասը խուժեց դեպի կիրճը: Կարսը ընկավ թշնամու ձեռքը: Գերի մնացին զորավար Փիրումյանը, զորավար Արարատյանը, գնդապետ Շաղուբադյանը, գնդապետ Վերքիլյանը, գնդապետ Բաբաջանովը, փոխգնդապետ Տեր-Առաքելյանը, 30-ի չափ զանազան աստիճանի սպաներ և մոտ 3000 զինվորներ, նախարարա Ա. Բաբալյանը, Գարեգին Արք. Հովսեփյանցը, փոխնահանգապետ Չալախուշյանը քաղաքագլուխ Նորհատյանը և ազգաբանկության մեծ մասը: Երեք օր անընդհատ թուրքերը թալանեցին, բռնաբարեցին, սպանեցին և ամեն տեսակ վայրենություններ գործ դրին քաղաքում»: Այս ամենով հանդերձ` թուրքերի ձեռքն ընկավ նաև Կարսում կուտակաված հսկայական չափերի հասնող զենք ու զինամթերք, որը լիուլի բավարարեց Քյազիմ Կարաբեքիրի ողջ բանակը գերազանց սպառազինելու համար. Հազարից ավելի թնդանոթ ու գնդացիր, տասնյակ հազարավոր հրացաններ, անթիվ – անհամար արկեր ու փամփուշտներ:
Ինչո՞ւ հայկական զորքերը առանց դիմադրության հանձնեցին Կարսը. «Մինչև թուրքական զորքերի մտնելը, - գրում է Բաքվի «Կոմունիստ» թերթը, - հայկական զորքերը խորը համոզված էին, որ Կարսի վրա հարձակվող զորքերը բոլշևիկներն են, որի պատճառով և նրանք դիմադրություն ցույց չտվին: Այդպիսի կարծիք էր և Կարս քաղաքի աշխատավոր ժողովուրդը, որը բացարձակապես համոզված էր, որ կարմիր դրոշակի տակ հարձակվում է կարմիր Տաճկաստանի հեղափոխական բանակը: Բայց քաղաք թափված այդ զորքերը չխնայեցին ո´չ կանանց, ո´չ երեխաներին և ո´չ էլ ծերերին: Չէին խնայում նույնիսկ կոմունիստներին, որոնք իրենց կոմունիստ լինելը ապացուցանող վկայականները էին ներկայացնում: Տաճկական գազանություններին զոհ գնացին 6.000 հայեր»:
Կարսի խայտառակ պարտության այլևայլ պատճառների մեջ, անկասկած, ամենաէականը այն էր, որ բերդը պաշտպանող հայկական զորախումբը հոգեբանորեն իսպառ ջլատված ու բարոյալքված էր: Մարտական ոգու կորստյան հետևանքով զորքը փաստորեն դադարել էր մարտական կուռ կառույց լինելուց և դարձել էր մի խառնամբոխ, որ հրաժարվում էր անգամ ենթարկվել հրամանատարների կարգադրություններին: «Ո՞վ կարող էր մտածել, թե մի երկու ժամում դաշտից հարձակվող տաճիկները լեռնաշղթայի բարձունքը կհասնեն և գրեթե առանց կռվի կտիրանան առաջնակարգ ամրություն ունեցող բերդին: Եթե Ղարադազի ամրություններից միայն մեր թնդանոթները գործեին, ոչ միայան քաղաքը պաշտպանաված կլիներ, այլ նոքա չէին կարող բերդին իսկ մոտենալ: Բայց մեր թնդանոթաձիգներնու զորքը թողել էին ու փախել, իսկ թշնամին մագլցել էր հինավուրց բերդի բարձունքները` առանց ընդիմության հանդիպելու: Ազգերի պատմության մեջ դժվար է գտնել այդպիսի խայտառակ պարտություն, ինչպես մերն էր այդ օրերին», - գրել է Կարսում գերի ընկած արքեպիսկոպով Գ. Հովսեփյանը:
Այդ ողբերգական դեպքերի մեկ այլ ականատեսը` նույնպես Կարսում, գերևարված Արտ. Բաբալյանը իր հուշերում այսպես է ներկայացնոմ հայ զինվորի խայտառակ բարոյալքումը. «Զարմանալի պայմաններում ընկավ Կարսը: Մի ժամ չտևեց նրա դիմադրությունը. Առանց թշնամի ուժի հանդիպելու տաճիկների փոքրաթիվ զորքը քաղաք մտավ և առանց զոհերի այդ հուժկու բերդին տեր դարձավ: Մեր զորքերը փաղչում էին շտապ` դեն ձգելով հրացանները, պարենի տոպրակները, նույնիսկ վերարկուներն ու կոշիկները: Ձիավորները սրարշավ անցնում էին Կարսի հռչակավաոր ձորով, սպառազինված , առողջ կողկրտելով ծերունիներին ու կանանց, որոնք ահաբեկաված հազարներով թափվել էին ձորը և փրկություն էին փնտրում դեպի Ալեքսանդրապոլ: Ամենքը և ամեն ինչ փախուստի էր մատնված, այնքան անկնկալ էր քաղաքի գրավումը և այնքան անսպասելի էր, զորքի նահանջը»: Եվ սա այն զինվորն էր, որը նույն այդ հրամանատարի` գեներալ Մ. Սիլիկյանի գլխավորությամբ ընդամենը երկու տարի առաջ Սարդարապատում նույն այդ թշնամու դեմ պատմական հաղթանակ էր տոնել:
Մինչդեռ նույն այդ ժամանակ մյուս` Սուրմալուի ճակատում հայկական անհամեմատ փոքրաթիվ ուժերը, չունենալով Կարսի նման անառիկ բերդ ու սպառազինություն, Դրոյի գլխավորությամբ կանգնած էին աննահանջ և արժանի հակահարված էին տալիս թշնամուն: Կանգնած էին, որովհետև արթուն էր նրանց անկոտրում կամքն ու մարտական ոգին, հայ ռազմիկի անընկճելի, հաղթական ոգին և հանուն հայրենիքի փրկության պատրաստ էին ինքնազոհաբերոլու:
«Կարսի անկումը, - գրել է Ալ. Խատիսյանը, - ամեն տեսակետ է սարսափելի աղետ եղավ: Թուրքերը քաղաք էին մտած գրեթե առանց գնդակ արձակելու: Կարսը պահպանող զորքերու բարոյալքումը կատարյալ էր: Իսկապես, այդ օրերին սկսած` Հայաստանի անկախության օրերը հաշված էին: Հաշված էին այն պատճառով, որ զինվորական ուժերն այլևս դադրած էր պաշտպան հանդիսանալ Հայաստանի հանրապետության»:
Վահան Մկրտչյան
«Հայ Զինվոր»