Մարտի մտահղացման առաջին տարբերակը շատ դյուրին և արագ հաղթանակ է խոստանում։ Ոչ խորամանկ հնարք լինելով՝ այն լայն տարածում էր ստացել հին աշխարհում, սակայն դեռևս մ.թ.ա. 1-ին հազարամյակում այն աստիճանի շաբլոնային ու ինքնանպատակ էր դարձել, որ որոշ զորավարներ բավականին հաջող հակաքայլեր էին կիրառում: Նման գործողությունների տիպիկ օրինակ է Կաննի մոտ մ.թ.ա. 216թ. տեղի ունեցած ճակատամարտը Երկրորդ Պունիկյան պատերազմի ժամանակ (մ.թ.ա. 218-201թթ.): Այս ճակատամարտում ուժերը կենտրոնում խտացրած հռոմեական 70 հազարանոց բանակը շրջապատվեց ու ոչնչացվեց Կարթագենի ընդամենը 48 հազարանոց բանակի կողմից:
Ուժերը զորաթևերից մեկում կենտրոնացնելը (երկրորդ տարբերակ) ևս պետք է որ հայտնի լիներ Խորենացուն: Դեռևս մ.թ.ա. 371թ. Լևկտրայի ճակատամարտում Թեբեի զորքերի հրամանատար Էպամինոնդասը, զորաթևում ուժերի մեծ խտություն ստեղծելով (8 տողանից կազմված փաղանգի թևում՝ 50 տողան), պարտության էր մատնել սպարտացիներին։ Հասկանալի է, որ զորաթևերից մեկի ուժեղացումը կատարվում է մարտակարգի ճակատը նեղացնելու հաշվին:
Երրորդ տարբերակը Կաննի ճակատամարտում Հաննիբալի իրականացրած շրջապատումից հետո էլ սոսկ բացառություն էր համարվում: Զորավարները չէին համարձակվում մարտակարգի կենտրոնը թուլացնել ընդհուպ մինչև 18-րդ դարը, երբ մեծաքանակ հրետանու կենտրոնացված և անշարժ արգելափակիչ կրակով սկսեցին կաշկանդել հակառակորդի հետևակի գործողությունները ինչպես մարտադաշտում, այնպես էլ նրանից դուրս: Ավելի ուշ ռազմական տեխնիկայի զարգացումը հնարավորություն տվեց, հատող հարվածներ կիրառելով, նախօրոք գործողություններում կաշկանդված հակառակորդի թիկունք դուրս գալու օպերացիաներիրականացնել:
Ի վերջո, մեծաթիվ ուժեր ունենալով կարելի էր ընտրել չորրորդ տարբերակը և նեղ ճակատում «բախտը փորձելու» փոխարեն` հակառակորդին հարկադրել մարտ լայն ճակատով և, հետևաբար, փոշիացնել նրա առանց այն էլ փոքրաթիվ ռեզերվները: Այս տարբերակը հայտնի էր հնագույն ժամանակներից: Տեղեկություններ կան, որ այս մարտակարգը Շումերի քաղաքների բանակներում մ.թ.ա. 3-րդ հազարամյակում սկսեց կիրառվել, և շուտով տիրապետող դարձավ վահանակիրների կազմած պատի հետևից գրոհի մարտավարությունը: Այն զարգացրին ասորեստանցիները մ.թ.ա. 2-րդ հազարամյակի վերջում, իսկ փաղանգը ստեղծելով` այն իր գագաթնակետին հասցրին հույները: Հակառակորդին մոտենալու համեմատաբար ապահով միջոց լինելով՝ այն դարձավ մարտավարության պարտադրված հնարք:
Վերը նշված տարբերակներից ո՞րը կընտրեր Բելը: Ռեզերվը գտնվել է Հայկի շարած մարտակարգի կենտրոնում: Հետևաբար, քիչ հավանական է, որ Բելը կենտրոնում, մասնատող գրոհի միջոցով հաջողության հասնելու իրական հույս ունենար: Բացի այդ, ուժերի նպատակային կենտրոնացման հնարավորությունը խիստ սահմանափակվում էր լեռնային տեղանքի պատճառով: Պատահական չէ, որ Խորենացին մարտադաշտն անվանում է ո՛չ թե «դաշտ», այլ` «բարձրագույն լեռների միջև մի դաշտաձև տեղ»: Այսինքն՝ մարտադաշտը լեռների զառիթափ լանջերով ու Վանա լճով եզերված լայն, բայց կիսաթեք և բավականին կտրտված սարահարթ էր: Այն առաջին հերթին խոչընդոտելու էր Բելին, քանի որ պարզ է՝ հեռավոր անցյալի պայմաններում քանակական առավելություններն օգտագործելու հիմնական ձևը պետք է լիներ ուժերի կենտրոնացումով հզոր գրոհը:
Թևում (թևերում) ուժերի կենտրոնացման հավանականությունը փոքրանում է նաև, եթե նկատի ունենանք, որ Բելի բանակի առաջին հզոր գրոհը կասեցվեց, իսկ Խորենացին անընդհատ շեշտում է կենտրոնում ծավալված գործողությունների վճռական բնույթը:
Հայկն ընտրել էր առավելագույնս հարմար ու լայն մարտադաշտ: Բելը պետք է աշխատեր զորքը մեծ ճակատով դասավորել, այսինքն` նա պիտի ընտրեր 4-րդ տարբերակը: Այդ դեպքում Հայկը հարկադրված էր լինելու, ուժերի գերլարումով, զորքի քանակին չհամապատասխանող լայն ճակատով մարտակարգ կազմել ու չէր կարողանալու խոչընդոտել Բելին, եթե վերջինս միաժամանակ երկու թևերում էլ թևանցումներ սկսեր: Սակայն, թևանցումների դիմելիս, անխուսափելիորեն թուլանալու էր Բելի բանակի մարտակարգի կենտրոնը, որտեղ սովորաբար գտնվում էր հրամանատարը: Հետևաբար, թևանցման հեռանկարը Բելի համար թեև գայթակղիչ էր, բայց անհնար էր խոր շրջանցման իրականացումը, որով թևանցումն առհասարակ անարդյունավետ ու աննպատակահարմար էր դառնում:
Ճակատամարտի ընթացքի համառոտ նկարագրություն տալով՝ Պատմահայրը նշում է երկու կողմերից բազմաթիվ զոհերի մասին և ավելացնում. «կռիվն (անորոշ է մնում), երկու կողմերն էլ անպարտելի մնալով»: Ճակատամարտի ընթացքը փուլերի է բաժանվում:
Առաջին փուլում Բելն ամբողջ ճակատով վճռական գրոհով փորձում է խախտել Հայկի բանակի մարտակարգը: Գրոհը հաջող է եղել: Հակառակ դեպքում Բելը բլրից չէր իջնի ներքև: Երկրորդ փուլում Հայկի շարած մարտակարգը հակառակորդի զորաթևերին հարկադրել էր առաջանալ ու գրոհի անդրադարձման պահին, փաստորեն, հայտնվել էր Բելի բանակի կենտրոնում մխրճված դիրքում:
«Այս անսպասելի տարակուսական դիպվածը տեսնելով` Տիտանյան արքան զարհուրեց և հետ քաշվելով սկսեց բարձրանալ այն բլուրը, որտեղից իջել էր»: Սա ևս կարող է կռվան հանդիսանալ այն տեսակետի համար, որ Բելն առանձնապես հոգ չի տարել մեծաթիվ ռեզերվներ պահելուն և հույս ուներ առաջին իսկ գրոհով որքան հնարավոր է արագ ավարտել մարտը: Խորենացին չի բավարարվում մարտի նկարագրությամբ։
Վերլուծելով Բելի մարտավարությունը՝ նա շարունակում է բացահայտել նրա մտահղացումը: «Զարհուրած» բռնակալի հետ քաշվելու մասին հաղորդումից հետո կարդում ենք. «… որովհետև մտածում էր ամբոխի մեջ ամրանալ, մինչև բոլոր զորքը հասնի, որպեսզի երկրորդ անգամ ճակատամարտ սարքի»: Այստեղից կարող ենք եզրակացնել, որ Հայկը ճիշտ էր ընտրել ո’՛չ միայն ճակատամարտի վայրը, այլև` ժամանակը:
Սակայն պատերազմի նկարագրության մեջ ո՛չ մի տեղ չի խոսվում Բելի կողմից զորքը մասնատելու մասին. նա ո՛չ թե մարտը դադարեցնելու կամ նահանջի հրաման է տվել, այլ` ընդամենը որոշել է հետ քաշվել`բլրի վրայից մարտին հետևելու համար: Հետևաբար, վերջապահ ուժերը մարտադաշտին շատ մոտ պետք է լինեին, և Բելը նրանց տեղ հասնելու հետ մեծ հույսեր էր կապում: Հայկի փոքրաթիվ ուժերը, որոնք մինչ այդ մեծ դժվարությամբ կասեցրել էին առաջին գրոհը, չէին դիմանա է՛լ ավելի մեծ թափով երկրորդ գրոհին: «Աղեղնավոր Հայկը այս բանը հասկանալով՝ իրեն առաջ է նետում, մոտ է հասնում արքային, պինդ քաշում է լայնալիճ աղեղը» և տապալում Բելին:
Ճիշտ է ընտրվում նաև գլխավոր խաղաքարտը շահարկելու պահը: Բելը նետահարվում է այն ժամանակ, երբ նրա զինվորները, շարունակվող մարտի պայմաններում, անորոշության մեջ, բռնակալի վճռական քայլին էին սպասում, իսկ նա, այդ զգալով, որոշել էր հետ քաշվել՝ բլրի վրայից մարտին հետևելու համար:
Բռնակալի մեծաթիվ բանակի ամենաթույլ տեղը ինքը՝ բռնակալն է: Բելի բանակին Հայկական լեռնաշխարհի խորքերն էին հասցրել նրա աշխարհակալական նկրտումները։ Նրա ցասումից վախն էր միայն համախմբում այդ տարասեռ ամբոխին: Հետևաբար, Խորենացին իրատեսորեն է նկարագրում Բելի սպանվելուց հետո սկսված խուճապը. «իսկ ամբոխն այս քաջության ահագին գործը տեսնելով` փախչում է, ամեն մեկը իր երեսը դարձած կողմը»:
Ճակատամարտում Հայկի բանակի կողմից կիրառված զենքերից Պատմահայրը նշում է միայն աղեղն ու սուրը (հակառակորդին մեծ հեռավորության վրա` 250 և ավելի մետրից մինչև 30 մետր խոցելու համար) և մերձամարտի համար նախատեսված հիմնական զենքերը: Առանձնահատուկ պարծանքով նշվում է «լայնալիճ» աղեղի կիրառությունը (որով նետի խոցման հեռավորությունը կարելի էր կրկնակի մեծացնել):
Հասկանալի է, որ միայն երկու տիպի զենքերով բանակը չէր կարող դուրս գալ վճռական ճակատամարտի: Կարելի է զենքերի մի քանի տեսակներ նշել, որոնք հնագույն ժամանակներից տարածված էին Հայկական լեռնաշխարհում (տեգ, նիզակ, պարսատիկ, դաշույն, սաղավարտ, պղնձե կամ բրոնզե զրահ, վահան և այլն): Վերը թվարկված զենքերի մի մասը բրոնզի դարում շատ ավելի տարածված էր, քան, ասենք՝ սուրը, որը շատ «թանկարժեք» լինելով՝ զենքի ամենատարածված տեսակը չէր կարող լինել: Պակաս կարևոր չէ նաև, որ երբեք նետաձիգները չեն կազմել հայոց բանակի գլխավոր հարվածային ուժը: Ընդհակառակը, լեռնականներին հատուկ է մերձամարտի մտնելու ձգտումը: Այդ դեպքում ինչո՞ւ են անընդհատ շեշտվում նետաձիգների գործողությունները, և ինչո՞ւ է Հայկն «աղեղնավոր»:
Նա ընդօրինակման արժանի առաջնորդ է, հմուտ զորավար ու օժտված զինվորական: Խորենացին մեծ ոգևորությամբ է խոսում Հայկի մասին, բայց նրան ակնհայտորեն համակրելով հանդերձ` նրան չի ներկայացնում որպես զենքի տարբեր տեսակների տիրապետող զինվորական:
Դրա համար բոլոր տվյալները (բարձր հասակ, մկանոտ կազմվածք, զենքին կատարելապես տիրապետում, դաշտը զննելու և իրադրությունը ճիշտ գնահատելու կարողություն) ունենալով հանդերձ, Հայկը շարունակում է միայն նետաձիգ լինել: Խորենացու վերաբերմունքը նույնն է Հայկի ժառանգների՝ Սիսակի ու Վարաժի նկարագրման ժամանակ:
Մյուս նահապետների մասին խոսելիս ուրիշ զենքերի՝ նրանց տիրապետելու մասին չի նշվում (անգամ Սիսակի հորեղբայր Փառոխի մասին խոսելիս, թեև Խորենացին ամեն անգամ շեշտում է նրա «արի» լինելը): Անշուշտ, միայն Բելի ապագա նետահարման փաստով չի կարելի բացատրել Խորենացու յուրահատուկ մոտեցումը նետաձիգների նկատմամբ: Հարցն այն է, որ չնայած աղեղի կարևորությանը՝ նետ-աղեղը հասարակության ստորին խավերի զենքն էր. նետաձիգ աղեղնավորները գործում էին թեթևազեն հետևակի կազմում։ Իսկ, ըստ Խորենացու` նետաձիգ է հայոց զորավարը: Հայտնի է, որ թագավորները (իշխանները, զորավարները) որոշակի քամահրանքով էին վերաբերվում աղեղին: Հին աշխարհի քանդակների (տարբեր կնիքների, գավաթների և այլն) վրա աղեղը իշխանության խորհրդանիշ հանդիսացող զենքերից չի եղել: Այն ավելի շուտ զվարճանքի միջոց է, քան թե զենք: Ըստ էության` անհնար է գտնել մարտի մի այնպիսի տեսարան, որտեղ զորավարի ձեռքում միայն աղեղ լինի:
Թեև դա տրամաբանական կլիներ ևս մեկ պարզ պատճառով: Որպես կանոն` թագավորները մարտին հետևում էին հեռվից՝ բլուր-դիտակետից, իսկ աղեղը համեմատաբար մեծ հեռավորության վրա հակառակորդին խոցելու համար նախատեսված զենք է: Մարտում նետաձիգների դերի նվազելու միտումը Խորենացուց մի քանի դար անց Արևմտյան Եվրոպայում հասավ իր գագաթնակետին: Բանն այնտեղ հասավ, որ ո՛չ միայն թագավորը, այլև հասարակ ասպետը նետաձիգներին վերաբերվում էր քամահրանքով: Մարտի ընթացքում ասպետը չէր համագործակցում իր իսկ անվտանգությունն ապահովող նետաձիգների հետ:
Այժմ իրադարձությունները փորձենք վերլուծել մ.թ.ա. 3-րդ հազարամյակի կեսերի տեսանկյունից: Շումերի քաղաքների բանակներում գլխավոր հարվածային ուժը մեծ վահաններով ծանրազեն հետևակն էր, որի գրոհներին թեթևազեն զորքերը չէին կարողանում դիմակայել: Սակայն այս մարտավարությունը բազմաթիվ թերություններ ուներ: Ծանրազեն հետևակից հրաժարումը տեղի ունեցավ մ.թ.ա. 24-րդ դարում, երբ Աքքադի թագավոր Սարգոն Ա-ը (մ.թ.ա. 2316-2261թթ.) ծանրազեն հետևակի խիտ շարքերը փոխարինեց թեթևազեն հետևակի ցրված մարտակարգով:
Բանակը մեծացվեց հատկապես նետաձիգների նորանոր ստորաբաժանումներ ստեղծելու միջոցով: Կարճ ժամանակամիջոցում Սարգոնը նվաճեց Միջագետքը, Սիրիան և իր տերության սահմանները հասցրեց Հայկական լեռնաշխարհի հարավային սահմաններին: Ընդ որում՝ շեշտենք,որ թեթևազեն բանակում էլ թագավորը զրահավոր էր, ավելին, միայն նա ոսկե սաղավարտ կրելու իրավունք ուներ (համեմատի՛ր Բելի սպառազինության նկարագրության հետ): Հավանաբար, Հայկի ու Բելի պատերազմի մասին տեղեկությունները միախառնվել են դեպի Հայկական լեռնաշխարհի խորքերը Սարգոն Ա-ի ձեռնարկած արշավանքի և նրա ու Արմանի երկրի միջև պատերազմի մասին գոյություն ունեցած ավանդության հետ: Եթե կար զենքը և կային մարտում այն կիրառելու մշակված դրույթներ, որոնք, ի դեպ, տարբերվում էին շատ երկրներում ընդունված ձևերից, ապա պետք է կարծել, որ վաղ շրջանում ստեղծվել են լայնալիճ աղեղներով զինված առաջին ստորաբաժանումները, և այս մասին որոշ տեղեկություններ ունեցող Խորենացին էլ դա է ակնարկում:
Քանի որ լայնալիճ աղեղը կիրառելը դժվար էր, և նետաձիգները, ֆիզիկական որակներից բացի, պետք է ունենային նաև բարձր հասակ, ապա պետք է կարծել, որ մարտի դաշտում կարևոր դեր կատարող այս նետաձիգները կազմում էին հետագայում եվրոպական բանակների լեյբ-գվարդիաների պես ստորաբաժանումներ: Դատելով այն հիացմունքից, որով Խորենացին խոսում է լայնալիճ աղեղի կիրառման մասին, կարելի է կարծել նաև, որ այդ ստորաբաժանումները որոշակի արտոնյալ դիրք ունեին: Սակայն հասկանալի է, որ զուտ ենթադրությունների ոլորտից այս հարցը լուրջ վերլուծությունների բնագավառ կարելի է տանել միայն լրացուցիչ տեղեկությունների ի հայտ գալուց հետո:
Աճող սերնդին պատմականորեն ձևավորված ավանդույթների հիման վրա դաստիարակելը յուրաքանչյուր ժողովրդի համար իր ինքնության պահպանման կարևոր բաղկացուցիչ տարրերից է: Այս առումով, մենք՝ հայերս, որոշակիորեն տարբերվում ենք ժողովուրդների զգալի մասից, և հայրենասիրական դաստիարակության համակարգում պատմահայրենասիրական դաստիարակությանը շատ մեծ տեղ ենք հատկացնում: Դարերի ընթացքում պատմությունը մեր ժողովրդի համար մեծ նշանակություն է ստացել, դարձել աշխարհասփյուռ հայության ընդհանրության խորհրդանիշներից մեկը, որով է՛լ ավելի է արժևորվում «Հայոց պատմությունը»՝ հայ ժողովրդի յուրօրինակ անձնագիրը:
Սուրեն Մարտիկյան «21-ՐԴ ԴԱՐ»