Www.ARMhistory.do.am
Բարև Հյուր!
Դուք կարող եք:
Մուտք գործել Կամ Գրանցվել
Նավարկություն
Գլխավոր Հայոց պատմություն Հայեր Ֆորում Գրքեր Նկարներ Հետաքրքրաշարժ Հայկական ֆիլմեր Հայկական մուլտֆիլմեր Օնլայն խաղեր Ձեր կարծիքը մեր մասին Կայքեր Կինոթատրոն Հետադարձ կապ
Բաժիններ
Գրողներ [51]
Զորավարներ/Հայդուկներ [17]
Պատմիչներ [3]
Փիլիսոփաներ [3]
Թագավորներ [7]
Թագավորական տներ [7]
Արվեստի ասպարեզ [20]
Ճակատամարտեր [6]
Հեթանոս աստվածներ [7]
Ռազմական արվեստ [24]
Ազգային [16]
Էություն [4]
Միացեք քննարկումներին
  • Աֆորիզմներ (151)
  • Գրքեր (14)
  • Վեբ ծրագրավորում (14)
  • Հարցեր և պատասխաններ (13)
  • Անեկդոտներ (13)
  • Հայաստանին (13)
  • Քառյակներ (11)
  • Որ ժամանակաշրջանում է Հայաստանը եղել հզոր (11)
  • Հայոց լեզու (10)
  • Անձնական մտքեր,խոսքեր (9)
  • Հին Հունաստան (9)
  • Հեղինակային (8)
  • Ուսանողական կայք տնտեսագետների համար (7)
  • hayoc ekexecu patmutyun (6)
  • Վեբ կայքերի պատրաստում (6)
  • Գլխավոր » 2011 » Փետրվար » 10 » Հայկական ռազմական արվեստը - 1
    19:49
    Հայկական ռազմական արվեստը - 1
    Հայ ժողովուրդը Առաջավոր Ասիայի հնագույն ժողովուրդներից մեկն է: Նրա նախնիները հանդես են եկել այն ժամանակ, երբ նոր էր բացվում մարդկային քաղաքակրթության արշալույսը։ Ստեղծելով իր պետականությունը, հայ ժողովուրդը տասնյակ դարերի ընթացքում պատերազմներ է մղել իր քաղաքական անկախության համար։ Այդ պատերազմները Հայաստանում ունեցել են շատ սուր և երկարատև բնույթ։ Բազմաթիվ նվաճողներ աշխատել են իրենց տիրապետությունը հաստատել Հայաստանում իրենց նվաճողական պատերազմները հարևան երկրներում դյուրին կատարելու համար։ Այդ պատերազմները այս կամ այն չափով ազդել են ռազմագիտության և ռազմական արվեստի զարգացման վրա։

    Պատերազմների մարտավարական և ռազմավարական եղանակները, զորքերի կազմակերպվածությունը և սպառազինումը, ինչպես և բանակի ռազմիկների մարտական ուսուցումն ու դաստիարակությունը առանձնահատուկ ուսումնասիրության առարկա չի եղել հայագիտության մեջ։ Նման ուսումնասիրությունը անհրաժեշտ է ոչ միայն ցույց տալու այն համեստ վաստակը, որը մատուցել է հայ ժողովուրդը ռազմական արվեստի բնագավառում, այլև բացատրելու պատմագիտության համար կարևոր նշանակություն ունեցող այնպիսի հարցեր, ինչպես, օրինակ, այս կամ այն ճակատամարտում հայկական բանակի տարած հաղթանակի կամ պարտության պատճառների վերլուծությունը։ Ինչպե՞ս է, օրինակ, պատահել, որ հայկական փոքրաթիվ մի զորաբանակ կարողացել է հաղթանակ տանել թշնամու գերազանց ուժերի դեմ և, ընդհակառակն, ավելի խոշոր բանակի առկայության պայմաններում պարտություն է կրել։

    Այդ հարցերի ճիշտ լուսաբանությունը կարող է տալ ռազմական արվեստի մանրակրկիտ ուսումնասիրությունը։ Ռազմական արվեստի զարգացումը բոլոր երկրներում, այդ թվում և Հայաստանում, սերտորեն կապված է արտադրության, ինչպես և հաղորդակցության միջոցների զարգացման հետ։ Անկարելի է, որ Տիգրան II-ր կարողանար դիմադրել, իսկ երբեմն նույնիսկ պարտության մատնել աշխարհասասան Հռոմին, եթե Հայաստանում ստեղծված չլինեին տնտեսական բարենպաստ պայմաններ հզոր բանակի ստեղծման, սպառազինման, հանդերձավորման և մատակարարման համար։

    Խոսելով ռազմական արվեստի մասին Հայաստանում, չպետք է, իհարկե, այն կտրել իր շրջապատից։ Ռազմական արվեստի որոշ տարրեր հայերն ընդօրինակել են իրենց հարևաններից։ Հայտնի է, օրինակ, որ որոշ նմանություն կա հայկական և պարսկական զորքերի մարտակարգերի միջև ըստ լոխերի, տաքսիաների, խիլիարխների միիարխիամների, իսկ ներսում ըստ մարտական զենքերի` աղեղավորների, թեթև վահանակիրների և այլն։ Նման է եղել նաև մարտական կարգերի դասավորման գագաթնահար նետաձգությունը, երբ աղեղնավորների և պարսատիկավորների համար ստեղծվում է առաջին մարտական գծում գտնվող հետևակի գլխի վրայով նետաձգություն կատարելու և քար նետելու հնարավորություն։ Մարտական կարգի այդ ձևը հնարավորություն է ստեղծել միաժամանակ կռվի մեջ ներգրավել զորքերի բոլոր ուժերը։

    Նմանություններ են նկատվում նաև հայերի ու հռոմեացիների ռազմական արվեստների միջև։ Հայկական զորքերը, հռոմեացիների նման, կիրառել են ռազմական շարքերը և մարտական կարգերը կազմակերպելու կատարելագործված եղանակ, որն առավելություն է տվել մարտի ընթացքում զորքերի բոլոր տեսակները ավելի արդյունավետ օգտագործելու համար։ Զորքերը հռոմեացիների օրինակով շարելով լեգեոններով, կոհորտներով, մանիպուլաներով և ցենտուրիաներով, հայերը դրանց տվել են իրենց անունները` «բյուր», «հազարյակ», «հարյուրյակ», «հիսունյակ»։

    Անժխտելի փաստ է, որ հայերն իրենց համեստ ներդրումն ունեն ռազմական արվեստի բնագավառում։ Այսպես, բերդերի տարածված հասարակ ձևը նրանք փոխել են և կառուցել ավելի կատարելագործված եղանակով. նրանք բերդի աշտարակներին և պատերին ավելացրել են ծածուկ ուղիներ դեպի ջրի աղբյուրները կամ գետերը, Հայաստանում են սկսել բերդի պարիսպները կառուցել սովորականից ավելի լայն, որպեսզի նրանց մեջ ներսից տեղավորվեն ձիերի գոմերը, սննդամթերքների, մարտական զենքերի և մյուս պաշարների պահեստները, իսկ տանիքի վրայով եղել է ուղի, որտեղով կռվող ռազմիկները փոխադրվել են մեկ աշտարակից մյուսը։ Այդ ուղին ծառայել է նաև զորքերի ապաստարան։ Այդպիսի բերդաքաղաքներից են եղել Արմավիրը, Երվանդաշատը, Արտաշատը, Տիգրանակերտը և այլն։

    Հին Հայաստանի մեր նկարագրած շրջանի համար բնորոշ էր այն, որ այդ ժամանակ հայոց բանակը զինված չէր պաշարողական տեխնիկական միջոցներով՝ բերդեր և ամրոցներ քանդելու համար։ Ֆեոդալական և նրանց հետևությամբ բուրժուական պատմաբաններր ոչ միայն անիրավացի, այլև միանգամայն սխալ կերպով պնդում են, թե Հայաստանում ռազմական արվեստը հենվել է զարգացման ցածր աստիճանի վրա, որովհետև հայերը չեն կարողացել ստեղծել բերդեր և ամրոցներ պաշարող, քանդող և գրոհող տեխնիկական միջոցներ։ Այդ պատմաբանները չեն կարողացել և այժմ էլ չեն կարողանում հասկանալ, որ հին Հայաստանի պատերազմների բնույթն այլ է եղել, որ Հայաստանը սկզբնական շրջանում պատերազմներ է վարել միայն իր ժողովրդի ազատությունը և երկրի անկախությունը պաշտպանելու համար, նա չի վարել հարձակողական ու նվաճողական պատերազմների քաղաքականություն, ուստի անհրաժեշտ չի եղել բանակը զինել պաշարող և բերդեր քանդող տեխնիկական միջոցներով։ Հայ ժողովրդի պաշտպանողական պատերազմների օգտին է խոսում Հայաստանում գոյություն ունեցած հնադարյան բազմաթիվ բերդերի ու ամրոցների առկայությունը։

    Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ Հայկական լեռնաշխարհը ունեցել է և այսօր էլ ունի առանձնահատուկ ռազմավարական նշանակություն: Բոլոր ժամանակներում և բոլոր պատերազմներում տեղանքը ո՛չ միայն խիստ կարևոր նշանակություն է ունեցել զորքերի գործողությունների բնույթի, այլև շատ հաճախ այդ գործողությունների հետևանքների համար։ Շնորհիվ իր ֆիզիկա-աշխարհագրական պայմանների, Հայաստանը միշտ եղել է մի բնական հսկա միջնաբերդ, որն իշխել է շրջապատի մրա։

    «Այնքան, ինչքան նրան տիրողն իշխել է Քուռի հովտի, Ադրբեջանի տափաստանի, Միջագետքի հարթավայրի և, վերջապես, Անատոլիայի դաշտավայրի վրա,— գրում է Գուրկո Կնյաժինը,— հենց այդ պատճառով էլ մենք տեսնում ենք, որ հազարամյակների ընթացքում Արևմուտքի և Արևելքի մեծ պետությունները կատաղի կռիվներ են մղել իրար հետ Հայաստանին տիրելու համար»:

    Այդ պայքարի հետևանքով Հայաստանի քաղաքական կյանքը հաճախակի փոխվել է, փոփոխվել են նաև Հայկական լեռնաշխարհի սահմանները։ Հայկական լեռնաշխարհի, շատ թե քիչ ամուր կազմավորված սահմանները պատմական Հայաստանում եղել են՝ արևելքից՝ Ատրպատականը և Մարաստանը, Արևմուտքից՝ Պոնտական Տավրոսը և Կապադովկիան, հյուսիսից՝ Փոքր Կովկասյան լեռնաշղթան, Քուռ գետի աջ ափը, հարավից՝ Միջագետքի վրա բարձրացող գլխավոր Տավրոսը, Արզանան, Կորդուքն ու Ադիաբենը, Կապուտան (Ուրմիա) լճի հարավ-արևմտյան ափը։

    Հայ ժողովուրդն իր բազմադարյան պատմության ընթացքում բազմիցս մարտնչել է ինչպես օտարերկրյա նվաճողների ու ստրկացնողների, այնպես և իր սեփական երկրի հարստահարող դասակարգի դեմ։ Այդ կռիվներում նա օգտագործել է բազմապիսի զենքեր։

    Սկսած այն ժամանակներից, երբ հայ բնակչությունը տրոհվեց հակոտնյա դասակարգերի, այդ ժամանակից էլ սկսվեց և նրանց զինվածության տարբերությունը։ Տոհմիկ ազնվականները կրել են լավագույն աղեղներ, նիզակներ` մետաղյա ծայրապանակներով, թրեր և դաշույններ, նրանք ունեցել են բարձր տեսակի պաշտպանողական հանդերձանք՝ վահան, զրահ, ծնկածածկոցներ, սռնապաններ, և վարժեցրած նժույգներ։ Զինվորների հիմնական զանգվածները կրել են նույն տեսակի զենքեր՝ ավելի հասարակ պատրաստված։ Պատմահայր Մովսես Խորենացին, նկարագրելով Տիգրան Երվանդյանի թագավորության ժամանակաշրջանի պատմությունը, հիշատակում է. «Հետևակ կռվողները ձիավոր դարձան, պարսերով կռվողները՝ հաջող աղեղնավորներ, լախտերով կռվողները զինվեցին սրերով ու տեգավոր նիզակներով, մերկերը1 պատվեցին վահաններով և երկաթե զգեստներով։ Եվ երբ նրանք մի տեղ հավաքվեին, միայն նրանց արտաքին տեսքը ու նրանց պահպանակների և զենքերի փայլն ու շողքը բավական էին թշնամիներին հալածելու և վանելու»:
     
    Ըստ Հերոդոտի, հայոց զորքերը զինված են եղել փռյուգացիների և պափլագոնիացիների (սակավ տարբերությամբ) փոքրիկ վահաններով, կարճ նիզակներով, տեգերով և սրերով2։ Քսենոֆոնի «Անաբազիս»–ից երևում է, որ հայկական զորքերը, որոնց հրամանատարն էր Օրոնտեսը (Երվանդը, Երվանղյանների հարստությունից), զինված են եղել խոշոր վահաններով և երկար նիզակներով:

    Նետ և աղեղ։ Արանք զենքերի հնագույն տեսակներից են, օգտագործվել են թշնամուն հեռու տարածության վրա հարվածելու համար և մեծ դեր են խաղացել Հայկական բարձրավանդակում տեղի ունեցած բոլոր ճակատամարտերում։ 
    Նետը երբեմն կոչվել է սլաք, ձիգ կամ փքին։ Խոր հնադարում դրանց ծայրերը պատրաստվել են օբսիդիան քարից, երբեմն՝ ոսկրից, իսկ հետագայում՝ բրոնզից և երկաթից։ Նետերը եղել են տարբեր ձևերի` տերևաձև, կողավոր, գլանաձև և եռաթև։ Նետերը մեծ քանակությամբ պահվում էին ռազմիկի կողքին կախված հատուկ պատյանում, որը կոչվում էր կապարճ կամ պատկանդարան։ 
    Աղեղը կազմված է երկու մասից՝ կամարից և լարից։ Կամարը պատրաստել են ճկուն փայտից և եղեգնից, իսկ լարը՝ աղիքից կամ կաշվից։ Հին ժամանակների հայկական առասպելը հիշատակում է, որ Հայկ նահապետը նետաղեղով հարվածեց Բելին։

    Պարսատիկ։ Ունի շատ հասարակ կառուցվածք. դա կաշվից կամ թելից գործված երկար երիզ է, կենտրոնը լայն է և կրկնածալ գոգավոր մաս ունի, որտեղ դրվում է պարսաքարը հեռու տարածության վրա գտնվող թշնամուն քարերով հարվածելու համար։ Հայոց բանակի կազմակերպման ժամանակներից՝ մեր թվականությունից դեռ շատ առաջ հայկական նետաղեղնավոր գնդերի կողքին մարտնչել են պարսատիկավորների հատուկ կազմակերպված գնդերը։

    Նիզակ, տեգ և գեղարդ։ Արանք էլ հնադարյան զենքեր են, որոնք օգտագործվել են մինչև նույնիսկ մեր օրերը։ Այդ զենքերը լայն գործադրում են գտել հայոց բոլոր տեսակի զորքերում՝ թշնամուն ձեռնամարտում, մոտիկ տարածության վրա հարվածելու համար։
     
    Դաշույն։ Պատրաստվում էր բրոնզից կամ երկաթից, տարբեր ձևի ու չափի։ Դաշույններն ունենում էին պատյաններ, որոնք պատրաստվում էին բրոնզից կամ փայտից և ծածկված էին կաշվով։ Հնադարյան դաշույնները պատյան չունեին և չկար կողքից կախելու հարմարություններ, ուստի դաշույնն ուղղակի խրել են գոտու մեջ։ Դաշույնը հայկական զորքի շատ կարևորագույն զենքն էր, որն օգտագործել է հետևակը ձեռնամարտի ժամանակ։

    Թուր, սուր, սուսեր, սվին։ Արանք միևնույն մարտական հատկություններ ունեն և օգտագործվել են թշնամուն մոտիկ տարածության վրա խոցելու կամ հատելու նպատակով։ Տարբեր են եղել դրանց չափերը և ձևերը։ 
    Թուրը մի կողմով բութ է, ծայրը սուր, մյուս կողմով սայր։ Զեռնամարտում սուր ծայրով խոցել են թշնամուն, իսկ սայր կողմով՝ հատել։ Բութ կողմը ստեղծել են հարվածը շեշտակի դարձնելու համար։ Հատելու թափը ուժեղացնելու համար թուրը պատրաստել են մի քիչ կեռ։ Թուրը միջնադարյան զենք է և օգտագործվել է գլխավորապես հեծելազորում։ 
    Սուրն ամենատարածված, դաշույնի ձևի երկսայր զենք է, մեծ մասամբ լայն շեղբով, ուղղաձիգ և ավելի երկար, քան դաշույնը։ Շեղբի կենտրոնում կան ակոսներ։ Ծայրը սուր է ծակելու համար։ Երկու կողմի սայրերն էլ օգտագործվել են հարվածելու և հատելու նպատակով: Սուսերը թրի նման ունի բռնատեղ և պատյան։ Ունի սուր ծայր և ծառայել է խոցելու համար։ Սուսերի երկու կողմերն էլ սայր են։ 
    Սվինը նման է սուսերին։ Նրա ծայրը համարյա չի տարբերվում նիզակից, բայց սուսերի և դաշույնի նման երկսայր զենք է, զգալի չափով նրանցից կարճ, նիզակի նման ագուցված է լինում փայտե կոթի վրա։ Հայոց հետևակը սվինը օգտագործել է թշնամուն մոտիկից խոցելու համար։

    Սակր, վաղր, մուրճ և ճիկռ։ Սրանք էլ պատկանել են մարտական զենքերին, որոնք պատերազմի ժամանակ գործադրվել են իրենց սուր բերանով ծանր հարված տալու համար։ Սակրն օգտագործվել է նաև տնտեսական աշխատանքում։ Սակրը նման է տապարին և օգտագործվել է կտրելու, հարվածելու համար։ Սակրերը եղել են միաբերան կամ երկբերան՝ կորացած կեռի նման, ուստի վերջիններս կոչվել են նաև կտցավոր սակր։ Սակրն ունեցել է փայտյա կոթ՝ հարվածը շեշտակի դարձնելու համար։ Որպես զենք օգտագործվել է գլխավորապես հետևակում և սակրավոր զորամասերում։ 
    Միաբերան սակրի բութ կողմը օգտագործվել է որպես մուրճ՝ հարվածելու համար։ Ճիկռը և վաղրը պատերազմական գործողություններում կատարել են միևնույն դերը, ինչ սակրը, ուստի նրանց կառուցվածքն էլ նմանվել է սակրին կամ կացնին և օգտագործվել է նույն եղանակով։

    Վահան և զրահ: Սրանք եղել են պաշտպանության միջոցներ։ Վահանը հնում պատրաստել են փայտից՝ ծառի հաստ ճյուղերից, իսկ հետագայում՝ մետաղից։ Հայոց բանակը ունեցել է ծանր վահանակիրների զորամասեր, որոնք իրենց մեծ վահաններով փակել են հակառակորդի հարձակման ուղին և հնարավորություն են տվել սեփական նետաղեղավոր գնդերին չհոգալ իրենց պաշտպանության համար և ազատ ձեռքերով դիպուկ դարձնել նետերը։ Փոքր վահանակիրները կրել են վահանը իրենց ձախ ձեռքում և դրանով վանել են հակառակորդի քարերի, նետերի, թրերի, սրերի, նիզակների, դաշույնների, սակրերի, վաղրերի հարվածները, իսկ աջ ձեռքով հարվածել են հակառակորդին ձեռնամարտի զենքերով` թրերով, դաշույններով, կացիններով նիզակներով։ 
    Զրահներ հայ զորքերն ունեցել են դեռ հնադարում, այն կրել են ծանր հետևակը և հեծելազորը։ Պաշտպանողական այդ հագուստը պատրաստված էր կաշվից, մետաղից կամ երկուսը միասին հյուսված։ Զինվորները գլուխները պաշտպանել են սաղավարտներով։ Զրահապատված են եղել նաև ձիերը։

    Էշ, փիլիկվան և բաբան։ Այս մեքենաները գործադրվել են զավթողական պատերազմներում։ Հայերը, ինչպես հայտնի է, նվաճողական պատերազմներ չեն վարել, պաշտպանության համար նրանք ամրացրել են իրենց քաղաքները, ուստի այդ մեքենաների կարիքը չեն զգացել։ Նվաճողական պետությունները Հայաստանի պարսպապատ քաղաքների պատերը քանդելու համար գործադրել են այդ մեքենաները և զանազան տեսակի հրձիգ նյութեր։ 
    Էշը, որ երբեմն էլ կոչվել է խոյ, եղել է անիվների վրա։ Նրա տակ թաքնվելով, մարդիկ փորել են բերդապարիսպների հիմքերը և կործանել դրանք։ 
    Փիլիկվանը կամ փիլիկոնը ըստ երևույթին կատարել է այն գործողությունները, ինչ կատարել է էշը, միայն այն տարբերությամբ, որ փիլիկոնի քանդելու գործիքները հարմարեցված էին հենց իր վրա։ 
    Բաբանը քար նետող մեքենա է։ Բերդի պատերը քանդելու համար բաբանով հարվածել են ծանր քարերով մինչև պատի մեջ բացվածքներ առաջանան՝ ներս խուժելու համար, կամ մինչև պատը փուլ գա, որպեսզի գրոհեն բերդի մեջ գտնվող հակառակորդի ուժերի վրա։ 
    աղբյուր:www.ayrudzi.info
    Կատեգորիա: Ռազմական արվեստ | Դիտումներ: 1325 | Ավելացրել է: armhistory | Պիտակներ: արվեստ, ռազմական | Ռեյտինգ: 5.0/1
    Մեկնաբանությունների քանակը: 0

    Օգնեք կայքին տարածեք այս նյութը:
    Մեկնաբանելու համար պետք է գրանցվել կայքում
    [ Գրանցվել | Մուտք գործել ]
    Հայկական տոմար
    Ancient Armenian Calendar
    Armenian history
    История Армении
    Մարզեր
    Արմավիրի մարզ Արարատի մարզ Արագածոտնի մարզ Արցախ Գեղարքունիքի մարզ Լոռու մարզ Կոտայքի մարզ Շիրակի մարզ Սյունիքի մարզ Վայոց Ձորի մարզ Տավուշի մարզ
    Հայաստան
    Բուսական աշխարհ Կենդանական աշխարհ Արագած Արալեռ Արարատ (Մասիս) լեռը Արտանիշ Արփա Որոտան Գառնու ձոր Գեղամա լեռներ Դեբեդ Դիլիջանի արգելոց Թարթառ Խոսրովի անտառ Սևան Հատիս
    Հիշիր
    Current Position
    Новости Карабаха
    Армянский исторический портал
    KillDim.com