Չնախատեսելով հայոց զորքերի մոտակա հարձակումները՝ Լուկուլլոսը որոշեց ինքը վերսկսել հարձակումը, ներխուժել Մեծ Հայքի հյուսիսային սահմանները, քարուքանդ անել բնակավայրերն ու Արտաշատ մայրաքաղաքը։ Նվաճելու ու ավերելու սպառնալիքով Լուկուլլոսը որոշում է ճակատամարտի հրահրել Տիգրանին՝ հուսալով վերջնականապես ջախջախել հայոց զորքերը և ստիպել Հայաստանի համար ստրկացուցիչ պայմանագիր ստորագրելու։
Առաջադրված խնդիրների կիրառման նպատակով 68 թ. գարնան վերջում Լուկուլլոսը թողնում է Հռոմի դաշնակից Կորդուքը և, առանց Տիգրանակերտ քաղաքր մտնելու, շարժվելով Ներջիկի, Կիլդիզի, Շենիքի միջով, անցնում է Հայկական Տավրոս լեռները և ուղղվում դեպի Մշո դաշտը1։ Հունիսի կեսերին հասնելով այդտեղ, տեսնում են հացաբույսերը կանաչ, այն դեպքում, երբ Կորդուքում, իրենց դուրս գալուց առաջ, վրա է հասած եղել հունձի ժամանակը։ Հայաստանի լեռնաշխարհի այդ տարբեր կլիմայական պայմանները խիստ անհանգստացնում են Լուկուլլոսին, որովհետև նա հասկանում էր, որ դա կդժվարացնի բանակին պարենամթերք մատակարարելու գործը։
Արտաշատի վրա շարժվելու այդ երթուղին Լուկուլլոսը ընտրել է հետևյալ նկատառումներով, առաջին նա գտել է, որ Տիգրանակերտի ճակատամատից հետո Տիգրանը նահանջել է այդ ճանապարհով և հնարավոր է, որ նրա բանակատեղը կլինի Մուշ-Արածանի հովտում, որտեղ կարող է մղել իր ցանկացած ճակատամարտը։ Երկրորդ՝ Մուշ-Արածանիի հովիտը հարուստ է եղել ամեն տեսակ պարենամթերքներով։ Երրորդ՝ Մշո դաշտով, Արածանիի հովտով դեպի Արտաշատ երթուղին ամենակարճն էր և ռազմաստրատեգիական տեսակետից հարմար էր զորքերը փոխադրելու համար։
Այդ նույն ժամանակ Տիգրանը և Միհրդատ Եվպատորը, ընտրելով իրենց բանակի համալրման կոնտինգենտը, ինչպես արդեն ասացինք, բաժանել էին նրանց ըստ ջոկատների ու կոհորտների, սովորեցրել մարտ վարելու նոր եղանակները և զորքերի տեսակների փոխգործողությունը։ Տիգրանը գլխավորում էր թեթև հետևակը և արագընթաց հեծելազորը, իսկ Միհրդատը՝ հետևակը և զրահավոր հեծելազորը։ Ըստ նոր մարտավարության, հայկական զորքերը հրաժարվեցին երկարատև մարտերից և որոշեցին հռոմեական զորքերը կտրել պարենամթերային բազաներից, հանկարծակի հարվածներ հասցնելով ծանր կորուստներ պատճառել նրանց, ուժասպառ անել և արագընթաց մարտերում արյունաքամ անել հռոմեական հետևակի և հեծելազորի լեգեոնները։ Ըստ այդ մարտավարության, Միհրդատը վարում էր պաշտպանական պատերազմ, դեպի իրեն քաշում հակառակորդին, իսկ այդ ժամանակ Տիգրանը իր արագաշարժ հեծելազորով հարձակվում էր Լուկուլլոսի վրա և առնում աքցանի մեջ։
Եվ այդպես, Տավրոսն անցնելով և դուրս գալով Մշո դաշտը, հռոմեական զորքը հանդիպում է հայկական զորքերի համառ դիմադրությանը: Իսկ ի՞նչ պատճառներից դրդված հռոմեական բանակները վերադարձան այն լեռներր, որտեղից նրանք վայր էին իջել։ Որքան էլ Պլուտարքոսը և նրա կողմնակիցները փորձել են թաքցնել այդ հարցի պատասխանը, ակնհայտ է, որ բոլոր ժամանակներում զորքերը կռվից հետո վերադառնում են հարձակողական մարտի ելման բնագիծ միմիայն պարտություն կրելուց հետո։ Եթե Պլուտարքոսը ճիշտ պատասխան տար այդ հարցերին, կդառնար անկողմնակալ պատմիչ, և ոչ թե Լուկուլլոսի գովերգուն։ Քննելով Պլուտարքոսի այդ հաղորդումը, հանգում ենք այն եզրակացության, որ Լուկուլլոսը իրոք երկու-երեք անգամ Հայկական (Արևելյան) Տավրոսի լեռներից ցած է իջել և շարժվել Արտաշատի ճանապարհով, սակայն, հանդիպելով հայկական բանակի ուժգին հարվածներին, ետ է քաշվել իր նախկին ելակետը։ Բայց դրա փոխարեն այդ «երկու-երեք» անգամ ցած իջնելուց Լուկուլլոսը ավերել է գյուղերը և չի հանդիպել Մուշի շրջանների անզեն բնակչության դիմադրությանը, որը Պլուտարքոսը վերագրում է Լուկուլլոսի անվեհերությանը:
Պլուտարքոսի հաղորդումից երևում է, որ հայկական զորքերի բանակատեղի վրա Լուկուլլոսի հաճախակի հարձակումները ավարտվել են հաջողությամբ։ Այդ դեպքում պարտված բանակը պետք է փախուստի դիմեր, իսկ այդպիսի բան ոչ միայն չի կատարվել, այլև հայոց զորքերը իրենց բանակատեղից, ըստ նույն Պլուտարքոսի, տեղաշարժ չեն եղել: Դա նշանակում է, որ հռոմեացիք իրենց հաճախակի մարտերում պարտություն են կրել։ Ուստի Լուկուլլոսը ամեն միջոց ձեռք էր առել փրկելու իր բանակը անելանելի դրությունից։ Հենց այդ միջոցառումներից է այն, որ Լուկուլլոսը պաշարում է հայկական զորքերի բանակատեղը, ավերում է հայկական բնակավայրերը։ Բայց հայերը կորուստներ են հասցնում Լուկուլլոսի զորքերին, ուստի նա ստիպված է լինում թողնել հայկական զորքերի բանակատեղի հետ հետագայում մարտի բռնվելը և շարժվում է դեպի Արտաշատ։ Հետևապես, կարող ենք եզրակացնել, որ Պլուտարքոսի հիշատակած այդ մարտերում պարտություն են կրել ոչ թե հայկական, այլ հռոմեական զորքերը։ Լուկուլլոսի ռազմերթը դեպի Արտաշատ սկսվել է հունիս ամսին՝ Մուշի հովտից մինչև Արածանիի գետանցը։ Գետանցը հռոմեական զորքերը հասել են սեպտեմբերի կեսին (68 թ. մ.թ.ա.)։
Այդ ուղին 250 կիլոմետր է։ Լուկուլլոսի բանակը դա անցել է երեք ամսվա ընթացքում։ Օրվա երթը միջին հաշվով եղել է երեք կիլոմետր, 20-25 կիլոմետրի փոխարեն։ Պլուտարքոսի և նրա տիպի գովերգողների ռազմերթի այդպիսի ցածր թափը Հայաստանի կլիմայական պայմաններին հռոմեական զորքերի անսովոր լինելով բացատրելու փորձերը ճիշտ չեն։ Լուկուլլոսի բանակի ռազմերթի այդպիսի ցածր թափի միակ պատճառն այն է, որ նրա զորքերը համարյա ամեն օր ենթարկվել են հայոց մարտական ջոկատների անսպասելի հարվածներին։ Արևմտյան և Հարավային Տավրոսի լեռների արևելյան զառիվայրերը նպաստել են հայոց հետևակին, որը Միհրդատի գլխավորությամբ բանակել է այդ լեռներում, կաշկանդել հռոմեական զորքերին, գրավել նրանց ուշադրությունը, թեթևաշարժ հեծելազորի համար պայմաններ ստեղծել հանկարծակի և սրընթաց հարվածներ հասցնելու և ծանր կորուստներ պատճառելու Լուկուլլոսի զորքերին։ Բանակատեղը տեղաշարժ չանելով և հակառակորդի ուշադրությունը դեպի իրեն դարձնելով, Միհրդատը Տիգրանի հեծելազորին հնարավորություն է տվել մարտից արագորեն դուրս գալ և, ճարպկորեն պոկվելով հռոմեացիների հետապնդումից, սրանց համար անհայտ վայրում բանակատեղ է դրել իր հետևակի ճամբարից ոչ հեռու։ Հայոց զորքերի այդ հարվածները այնպիսի սարսափ են տարածել Լուկուլլոսի և նրա բանակի վրա, որ, հասնելով գետանցին, ուր չեն եղել հայոց զորքերը, նրանք չեն համարձակվել գետանց կատարել, վախենալով Տիգրանի հանկարծակի հարվածներից։
Ըստ երևույթին, հաշվի առնելով հակառակորդի զորքերի ֆիզիկական վատ վիճակը, սպանվածների և վիրավորների մեծ թիվը, նրանց մարտական ոգու և բարոյական վիճակի անկումը, Տիգրանը որոշել է այս անգամ կտրել Արածանիի գետանցը և վճռական ճակատամարտ տալ հռոմեական զորքերին։
Դեպի Արտաշատ Լուկուլլոսի արշավելու ժամանակ հայերի և հռոմեական զորքերի միջև խոշոր և վճռական ճակատամարտ տեղի ունեցավ 68 թ, սեպտեմբերի կեսերին, երբ հռոմեական զորքերը փորձեցին անցնել Արածանի գետը Բագավանից հյուսիս, այժմյան Ղարաքիլիսայից 25-30 կիլոմետր դեպի արևելք գտնվող վայրում։ Երկու թշնամի բանակների բանակատեղիների, նրանց մարտական կարգերի դասավորման և մարտ վարելու եղանակների մասին մանրամասն նկարագրել են Պլուտարքոսը և Կասիուս Դիոնը։ Նպատակահարմար ենք գտնում լրիվ մեջ բերել այդ նկարագրությունները ըստ Հ. Մանանդյանի թարգմանության,
«Լուկուլլոսի արշավանքն Արտաշատի դեմ Տիգրանն այլևս չհանդուրժեց,— հաղորդում է Պլուտարքոսը,— այլ, վերցնելով հետը իր զորքերը, նա բանակեց չորրորդ օրը հռոմեացիների մոտ, ունենալով նրանց ու իր մեջ Արածանի գետը։ Այդ գետը պետք է անհրաժեշտաբար հռոմեացիներն անցնեին Արտաշատ գնալիս։ Զոհ մատուցելով աստվածներին և վստահ լինելով, որ արդեն հաղթությունն իր ձեռքումն է, Լուկուլլոսը մյուս ափը անցկացրեց զորքը, առջևում դասավորելով իր տասներկու կոհորտները, իսկ մյուսները, որպեսզի թշնամուց չշրջապատվի, տեղավորեց հետևում։ Սրանց դեմուդեմ կանգնած էին բազմաթիվ ձիավորներ ու ընտիր զորքեր, իսկ նրանց առջևը գտնվում էին ձիավոր նետաձիգ մարդերը և նիզակակիր իբերները, որոնց բոլոր օտարականներից ավելի էր Տիգրանը վստահում և համարում էր առանձնապես մարտունակ։ Բայց իսկապես սրանք որևէ փայլուն գործ չարին, այլ` մի քիչ կռվի բռնվելով հռոմեական հեծելազորի հետ` չդիմացան հետո հետևազորի հարձակմանը և, փախչելով ու ցրիվ գալով այս ու այն կողմ, հարկադրեցին հռոմեական հեծելազորին իրենց հալածելու։ Երբ սրանք ցրվեցին, Լուկուլլոսը, տեսնելով Տիգրանի հետ առաջացող ձիավորների շքեղությունն ու բազմությունը` վախեցավ։ Նա ետ կանչեց իր հեծելազորը, որը թշնամուն հալածում էր, և առաջինը ինքը դեմ կանգնեց ատրպատականցիներին, որոնք իր դիմացն էին լավագույն զորքի հետ, և, առաջ քան ձեռնակռվի գնալը, նրանց ահաբեկեց և մատնեց փախուստի։ Երեք թագավորներից, որոնք միասին մասնակցում էին կռվին, ամենախայտառակ կերպով փախել էր, ինչպես ասում են, Միհրդատ Պոնտացին, որը չէր դիմացել մինչև իսկ հռոմեացիների մարտական աղաղակներին։ Հետապնդումը շարունակվեց երկար տարածության վրա և հռոմեացիներն ուժասպառ եղան, որովհետև ամբողջ գիշերը ոչ միայն սպանում էին թշնամուն, այլև տանում և բերում էին գերիներին ու նաև ավարը և ինչքը։ Լևիուսն ասում է, որ թշնամու կորուստը ավելի մեծ էր եղել առաջին կռվում, սակայն այս կռվում սպանվել ու գերի էին բռնվել ավելի անվանիները»:
Վերլուծելով Պլուտարքոսի սույն վկայությունր, կարելի է հանգել հետևյալ եզրակացություններին։
Առաջին, ըստ Պլուտարքոսի Տիգրանը իր զորքերով Արածանիի ափն է հասել չորրորդ օրը, այսինքն` մի քանի օր հետո, երբ արդեն Լուկուլլոսը գտնվում էր նշված վայրում, բանակատեղ է ընտրել և պատրաստվել է գետանցի։ Եթե հաշվի առնենք, որ այդ վայրում Արածանի գետի խորությունր հասնում է 50 սանտիմետրի, տեղ-տեղ էլ մեկ մետրի, կնշանակի Լուկուլլոսի առաջ գետը չէ, որ խոչընդոտ է եղել, այլ նրա համար պարզ չի եղել հակառակորդի գտնվելու վայրը, նրա զորքերի քանակն ու տեսակը և մարտական կարգերի դասավորվածությունը։ Այդ վկայությունից չի երևում, որ Տիգրանը Արածանի գետի ափն է հասել իր բոլոր զորքերով։ Պլուտարքոսի նկարագրած մարտերի ընթացքն ապացուցում է, որ Լուկուլլոսի զորքերին դեմ են կանգնել Տիգրանի հավատարիմ և անվեհեր նետաձիգ մարդերը և Իբերիայի նիզակակիր հեծյալները։ Եվ երբ հռոմեացիների հեծելազորն անզոր է եղել դիմադրել, Լուկուլլոսը նրանց դեմ դուրս է բերել նաև իր հեծելազորը։ Այդ ժամանակ միայն մարդերի նետաձիգ հեծյալները և իբերների նիզակակիր հեծյալները առանձին ջոկատներով նահանջել են տարբեր ուղղություններով և բացել են մարտի դաշտը Տիգրանի և Ատրպատականի սուսերակիր հեծելազորի մարտական գործողությունների համար, որոնք, ըստ նույն Պլուտարքոսի, սարսափեցրել են Լուկուլլոսին։ Մարդերի և իբերների հեծյալների այդ մարտական մանևրը Պլուտարքոսն անվանել է փախուստ, որը ցույց է տալիս նրա աչառու լինելը։
Երկրորդ, Պլուտարքոսը հիշատակում է, որ այդ ճակատամարտին մասնակցել է հռոմեական հետևազորը, բայց մի խոսք անգամ չի ասում հայոց հետևազորի մասնակցության մասին։ Դա նշանակում է, որ հռոմեացիների շուրջ 50 հազարանոց բանակի դեմ է կանգնել հայոց, Իբերիայի, Ատրպատականի և մարդերի մոտ 30-35 հազար հեծելազորը Տիգրան II-ի գլխավորությամբ։ Իսկ հետևազորը շատ ետ է մնացել, որովհետև րնդունակ չի եղել սրընթաց հեծելազորի հետևից մարտադաշտ հասնել։ Ուստի ճիշտ չէ Պլուտարքոսի այն վկայությունը, թե կռվին մասնակցող երեք թագավորներից ամենախայտառակ կերպով փախել է Միհրդատ Պոնտացին, որն այդ կռվում, մեր կարծիքով, չի էլ մասնակցել։
Երրորդ, բացի Պլուտարքոսի մեջբերված վկայությունից, ոչ մի պատմաբան, ոչ մի ժամանակ որևէ պատերազմի գործողություն նկարագրելիս չի հիշատակել, որ հռոմեացիներն իրենց նվաճողական քաղաքականությունը կիրառելիս այնչափ ուժասպառ եղած լինեն, որ հրաժարվեն իրենց «սրբազան» պարտականությունները կատարելուց՝ թալանից գերելուց, սպանելուց, ստրկացնելուց։ Սակայն այս անգամ Լուկուլլոսի գովերգու Պլուտարքոսի վերոհիշյալ վկայությունը անվիճելի կերպով ապացույց է, որ հայոց և նրա դաշնակից երկրների հեծելազորները այնքան ուժգին են եղել, որ ոչ միայն ուժասպառ են արել, այլև հռոմեացիներին զրկել են ավարառությունից։
Արածանի գետի ափերին տեղի ունեցած ճակատամարտը անկողմնակալ է նկարագրել Կասիոս Դիոնը, որ մեջ ենք բերում Հ. Մանանդյանի թարգմանությամբ։
«Լուկոլլոսն արշավանքն սկսեց նույն տարվա ամառվա կեսին... և երկրի որոշ մասերն ավերեց, որպեսզի ստիպի բարբարոսներին դիմադրելու և իր հետ պատերազմելու։ Իսկ երբ նրանք բոլորովին չշարժվեցին տեղից նա ինքը գնաց նրանց վրա։ Հարձակման ժամանակ թշնամու այրուձին խիստ նեղը գցեց հռոմեական հեծելազորին, բայց հետևակների հետ ոչ ոք նրանցից դուրս չելավ ձեռնամարտի, այլ նրանք իսկույն ետ էին քաշվում, երբ Լուկուլլոսը հեծելազորին օգնության էր տանում վահանակիրներին։ Չնայած դրան, թշնամիները որևէ վնաս չկրեցին, այլ նրանք, ետ դառնալով նետեր էին արձակում հետապնդողների վրա, և շատերին իսկույն սպանեցին և շատերին էլ վիրավորեցին։ Իսկ վերքերը ծանր էին և դժվար էին բուժվում, որովհետև նետերն ունեին երկու ծայր, որոնք այնպես էին իրար կցված, որ թե վերքի մեջ մնալով և թե դուրս հանվելով՝ արագ կերպով մահ էին պատճառում։ Դրա պատճառը այն էր, որ նետի ծայրերից մեկը, որը ոչ մի կերպ չէր կարելի դուրս հանել` մնում էր մարմնի մեջ»:
Սույն մեջբերումից պարզ երևում է, որ Արածանիի ճակատամարտում խոշոր կորուստներ, որոնց մասին խոսում է Պլուտարքոսը, կրել են հռոմեական, և ոչ թե հայկական զորքերը։ Ինչպես կտեսնեք այսուհետև, այդ կորոատները հռոմեական զորքերում առաջացրին դժգոհություն, որը հասցրեց ապստամբության, հետագայում՝ պարտության և Մեծ Հայքից Լուկուլլոսի խայտառակ ու ամոթալի փախուստին։ Չնայած հայոց և նրա դաշնակից երկրների հեծելազորների եռանդագին դիմադրությանը, հռոմեական զորքերին հաջողվում է անցնել Արածանի գետը և շարունակել արշավ դեպի Արտաշատ։ Իսկ հայոց հեծելազորը ետ է քաշվում դեպի հայկական պար լեռնաշղթան։
Լուկուլլոսն Արածանի գետի աջ ափով շարժվում է դեպի արևելք և, հասնելով Բագավան, շրջվում է դեպի հյուսիս` Արուջ գյուղ, նպատակ ունենալով Սուկավ (Հայկական պար) լեռնաշղթայի Կուջաղի կամ Քարվանսարայի լեռնանցքով անցնել Յայջի գյուղը և այնուհետև շարժվել Արտաշատ ի վրա։ Բայց, երբ մոտենում է Հայկական պար լեռնաշղթային, հռոմեական զորքերն ապստամբում են Լուկուլլոսի դեմ։ Տիտուս Լիվիուսը, Պլուտարքոսը, Ապպիանոսը և հռոմեական մյուս պատմաբաններն ապստամբության պատճառները վերագրում են ոչ թե այդ զորքերի մարտունակության և կարգապահության անկմանը, կորուստներին և արյունաքամ լինելուն, այլ` Սուկավ լեռնաշղթայի վրա ձյուն գալուն։
Այսպիսով, Պլուտարքոսը Լուկուլլոսի զորքերի պարտությունը ձգտել է թաքցնել ու մեղմացնել Հայաստանի կլիմայական պայմաններին անսովոր լինելու պատրվակով, չիշելով նույնիսկ, որ այդ կլիմայական ծանր պայմաններից զերծ չէր նաև հայկական բանակը։ Հիշյալ մեջբերումից դժվար չէ կռահել, որ Տիգրանի հեծելազորը, հմտորեն օգտագործելով Սուկավ լեռնաշղթայի տեղանքը, հռոմեացիներին զրկել է գյուղական բնակավայրերում օթևանելուց, և այդ վայրերի բնակիչներն էլ անբարյացկամ են վերաբերվել իրենց հայրենիքն ավերող Լուկուլլոսին, ուստի հռոմեական զորքերը գիշերել են սառը վրաններում, խոնավ հողի վրա, թաց զգեստներով։
Եռամսյա ռազմերթի ժամանակ հայերի, իբերների և մարդերի հեծելազորներ` Տիգրանի գլխավորությամբ, Հարավային Տավրոսի հյուսիսային լանջերից սկսած մինչև Արածանիի գետանցը Լուկուլլոսի զորքերին զգալի կորուստ են հասցրել թե սպանվածներով, թե՛ վիրավորներով և թե՛ սննդամթերքներից զրկելով։ Հռոմեական բանակի այդ կորուստները և անխնամ մնացած մեծաթիվ վիրավորների առկայությունը պատճառ են դարձել խռովության։ Սակայն, այդ դժգոհությունները հաշվի չառնելով, Լուկուլլոսը համառորեն շարունակել է իր արշավանքը դեպի Արտաշատ, Սուկավ լեռնաշղթայի վրայով։ Ուժասպառ եղած Լուկուլլոսի բանակը ի վերջո ըմբոստացել է, հրաժարվել է կատարել իր գերագույն հրամանատար Լուկոլլոսի հրամանը` ավարտել արշավը և գրավել մայրաքաղաք Արտաշատը։ Տիգրան II-ի և Միհրդատ Եվպատորի նպատակն էլ այդ էր` գցել հռոմեական բանակի մարտունակությունը և ստիպել նրան հրաժարվելու իր նվաճողական ծրագրից։ Հայ ժողովրդի վրեժխնդրությունից վախենալով, Լուկուլլոսը փախուստի դիմեց, բայց ոչ այն ուղիով, որով նա առաջացել էր Մեծ Հայքում։
Ուշագրավ է Պլուտարքոսի այն հիշատակությունը, թե Լուկուլլոսը ետ գնաց ոչ թե իր եկած, այլ ուրիշ ուղիով։ Տավրոսի վրայով ուղին զգալիորեն երկար է և եղանակը համեմատաբար ավելի ցուրտ, քան Արուջից դեպի Արտաշատ ճանապարհը։ Բայց Լուկուլլոսն անցել է Միգդոնիայի ճանապարհով, և դա բոլորովին ոչ պատահաբար։ Նախ` հայերի կռիվը հռոմեացիների դեմ ընդունել է ազատագրական պայքարի բնույթ և ապա` դեպի Արտաշատ կատարած արշավանքի ժամանակ, քանդելով և ավերելով հայկական գյուղերը, հռոմեացիները սաստկացրել էին հայերի ատելությունը դեպի իրենց, ուստի Լուկուլլոսը, խուսափելով բնակչության վրեժխնդրությունից, ստիպված է եղել ընտրելու թեև դժվարին, բայց նահանջի համար անվտանգ ուղի։ Լուկուլլոսը 68 թվականի աշնանը հասնում է Մծբին, շրջապատում քաղաքը և մեծ դժվարությամբ գրավում։
Նշված ճակատամարտերում հայոց և դաշնակից զորքերը Տիգրանի ընդհանուր ղեկավարությամբ գործադրեցին մարտ վարելու նոր եղանակներ։ Թվարկենք դրանցից մի քանիսը.
Առաջին, զարգացրին և մանրակրկիտ կազմակերպեցին զորքերի տեսակների և դրանց զորամասերի փոխգործակցությունը:
Երկրորդ, առաջ քաշեցին մարտ վարելու նոր եղանակ` զորքերի մեկ մասով կաշկանդել և գրավել հակառակորդի ուժերը, իսկ մյուս մասով անսպասելի ուղղություններից հանկարծակի հարված հասցնել նրանց։
Երրորդ, կարճատև և արագընթաց մարտերով հակառակորդին իրենց հետևից քաշել երկրի անծանոթ խորքերը, զրկել ամեն տեսակ մատակարարումից, ուժասպառ ու արյունաքամ անել ու հասցնել բարոյական քայքայման։
Չորրորդ, ճշտորեն ընտրել հակահարձակման անցնելու ամենահարմար ժամանակը։
Հինգերորդ, վճռական հակահարձակման անցնելով` պարտության մատնել հակառակորդի մարտական ուժերը։
Մարտ վարելու այդ եղանակները, որոնք մշակվել և կիրառվել են 68 թ. Լուկուլլոսի դեմ մղված պատերազմներում, տասնհինգ տարի հետո կրկնվեցին պարթև զորավար Սուրենը Խարանի մոտ, Կրասոսի դեմ մղած ճակատամարտում։
Տիգրանը Լուկուլլոսի գործողություններին լիովին ազատություն տվեց և նույնիսկ չհետապնդեց հռոմեական բարոյալքված ու վհատված զորքերին։ Հաստատ համոզված լինելով, որ Լուկուլլոսը Միգդոնիայում կհարձակվի Մծբինի վրա, վրեժ կլուծի Գուրոսից` Արածանիի մոտ և Սուկավ լեռնաշղթայի վրա հայերի պատճառած կորուստի համար, նույնիսկ այդ դեպքում էլ Տիգրանն օգնության չգնաց իր եղբայր Գուոսին։ Բանն տայն է, որ դաշնակից թագավորները մշակել էին մարտական գործողությունների ավելի հեռատես և խոր մտածված ծրագիր։ Ահա այդ ծրագրով էլ շարունակելով մանր և տեղական նշանակություն ունեցող մարտեր վարելու տակտիկան, նպատակադրվել են վերջնականապես ջախջախել հռոմեական ամբողջ զավթող բանակը և դուրս քշել նրան Փոքր Ասիայից։ Այդ պատճառով Տիգրանը արշավի է ելնում Մեծ Հայքի հարավային մարզերը` իր թագավորությանը պատկանող երկրամասերն ազատագրելու, իսկ Միհրդատ Եվպատորը, իր ութ հազար հեծյալներով, որի կեսը Տիգրանի տված հայերն էին, գնում է Պոնտոս` իր թագավորական իշխանությունը վերականգնելու։
Հարձակվելով Մեծ Հայքի հարավային մասի վրա և նորից նվաճելով մի շարք Հայկական մարզեր, Տիգրանը պաշարում է Աղձնիքի մարզում գտնվող ամրոցներից մեկը, որտեղ, հայերից ազատվելու համար, իր զորքերով թաքնվել էր հռոմեական զորավար Լուցիուս Ֆաննիուսը։ Լուկուլլոսը կարողանում է ազատել Լուցիուս Ֆաննիուսին։ Բայց այդ ժամանակ Միհրդատ Եվպատորը հարձակվում է Ֆաբիուս Հադրիանոսի վրա, կոտորում է հինգ հարյուր հռոմեացի, սակայն ինքը վիրավորվում է և ժամանակավորապես մարտից դուրս գալիս։ Այդ հանգամանքից օգտվելով, Ֆաբիուս Հադրիանոսը նետվում է Կաբիրեի վրա, տիրում և ամրանում է բերդի միջնաբերդում։ Բուժվելուց հետո Միհրդատը վերադառնում է և ձեռքի տակ եղած հայ-պոնտական զորքերով պաշարում է այդ բերդը։ Լուկուլլոսի մյուս զորավար Տրիարիոսը իր զորքերով օգնության է շտապում Ֆաբիուսին, ապա նրան զրկում է պաշտոնից, ստանձնում է զորքերի հրամանատարությունը, զեկուցում է Լուկուլլոսին Ֆաբիուսի պարտության մասին և նրա օգնությունն է խնդրում։
Ստանալով այդ լուրերը, Լուկուլլոսը որոշում է հրաժարվել իր անդրեփրատյան նվաճումներից, թողնում է Միջագետքը և 68-67 թթ. ձմեռը գնում է Պոնտոսի հռոմեացիներին օգնության։ Չնայած Լուկուլլոսի բազմիցս խնդրանքներին` նրա լեգեոնները, գերադասելով ձմեռային բնակարաններում ուրախ ու հանգիստ կյանք վարելը, հրաժարվում են մինչև 67 թ. գարնանը ռազմերթի դուրս գալուց։ 67 թ. գարնան սկզբին, հռոմեական զորքերին փրկելու համար, Լուկուլլոսը Միջագետքից շարժվում է դեպի Պոնտոս։ Բայց իմանալով, որ մոտենում է Լուկուլլոսը, փառամոլ Տրիարիոսը ձգտում է վերջացնել ճակատամարտը հայ-պոնտական զորքերի հետ` մինչև նրա գալը։ Ուստի գիշերը շարժվում է Միհրդատի առաջապահ ջոկատների վրա։ Ճակատամարտը երկար ժամանակ մնում է անորոշ։ Այդ ժամանակ Միհրդատն իր ճակատամասում ուժգին և վճռական գրոհով ճեղքում է հռոմեացիների մարտական շարքերը, ցրիվ տալիս Տրիարիոսի զորքերը, ճզմում և փակում է նրանց հետևակը ճահճոտ տեղանքում, որտեղ նրանք կոտորվում են` նույնիսկ կանգնելու հնարավորությունից զուրկ լինելով։
Ռազմիկների կորուստների ընդհանուր քանակը Ապպիանոսը, ըստ երևույթին, խուսափում է հայտնել։ Այդ ճակատամարտի, նրա ձեռնարկողի, կորուստների և արդյունքների մասին հաղորդում է Պլուտարքոսը, «Փառամոլ Տրիարիոսը դատարկ բան համարեց մինչև Լուկուլլոսի գալը խոյընթաց հաղթանակ ձեռք բերելը, ուստի դաժան պարտություն կրեց։ Ասում են, հռոմեացիներն ունեցել են յոթ հազար սպանված, այդ թվում հարյուր հիսուն ցենտուրիոն և քսանչորս ռազմական տրիբուն։ Բանակատեղը մնացել է Միհրդատին»:
Այսպիսով, հայոց թագավոր Տիգրան II-ը, իր դաշնակից երկրներ Իբերիայի և Ատրպատականի զորքերի օգնությամբ, վերադարձնում է համարյա այն ամբողջը, ինչ նրանից գրավել էին հռոմեացիները։ Միհրդատ Եվպատորը վերականգնում է իր Պոնտական պետությունը։