Www.ARMhistory.do.am
Բարև Հյուր!
Դուք կարող եք:
Մուտք գործել Կամ Գրանցվել
Նավարկություն
Գլխավոր Հայոց պատմություն Հայեր Ֆորում Գրքեր Նկարներ Հետաքրքրաշարժ Հայկական ֆիլմեր Հայկական մուլտֆիլմեր Օնլայն խաղեր Ձեր կարծիքը մեր մասին Կայքեր Կինոթատրոն Հետադարձ կապ
Բաժիններ
Գրողներ [51]
Զորավարներ/Հայդուկներ [17]
Պատմիչներ [3]
Փիլիսոփաներ [3]
Թագավորներ [7]
Թագավորական տներ [7]
Արվեստի ասպարեզ [20]
Ճակատամարտեր [6]
Հեթանոս աստվածներ [7]
Ռազմական արվեստ [24]
Ազգային [16]
Էություն [4]
Միացեք քննարկումներին
  • Աֆորիզմներ (151)
  • Գրքեր (14)
  • Վեբ ծրագրավորում (14)
  • Հարցեր և պատասխաններ (13)
  • Անեկդոտներ (13)
  • Հայաստանին (13)
  • Քառյակներ (11)
  • Որ ժամանակաշրջանում է Հայաստանը եղել հզոր (11)
  • Հայոց լեզու (10)
  • Անձնական մտքեր,խոսքեր (9)
  • Հին Հունաստան (9)
  • Հեղինակային (8)
  • Ուսանողական կայք տնտեսագետների համար (7)
  • hayoc ekexecu patmutyun (6)
  • Վեբ կայքերի պատրաստում (6)
  • Գլխավոր » 2011 » Փետրվար » 10 » Հայկական ռազմական արվեստը - 13
    19:29
    Հայկական ռազմական արվեստը - 13
    Հռոմի դրածո վրացի Հռադամիզդին հայկական գահից հեռացնելը առաջ բերեց Հռոմի նոր պատերազմը Արևելքի դեմ, որը պատմագրության մեջ հիշատակվում է տասնամյա պատերազմ (54-64 թթ. մ.թ.) անունով։ Արևելքի, այդ թվում Հայաստանի հարցը լուծելու համար Հռոմի կայսր Ներոնը ընտրում է մարտերում փորձված և ժողովուրդների հնազանդեցման մեջ ընդունակություններ ցուցաբերած զորավար Դոմացիոս Կորբուլոնին, որին, լայն լիազորություն և մեծաթիվ զորք տալով, 55 թ. ուղարկում է Կապադովկիա։ Հռոմեական դիվանագիտությունը ոսկու ուժով Պարթևստանում պետք է ստեղծեր ներքին դժգոհություններ և ապստամբություններ։ Այդ դիվանագիտությանը շուտով հաջողվում է Վաղարշ I-ի դեմ բարձրացնել գահի թեկնածու, Պարթևստանի նախկին թագավոր Վարդանի որդուն, ինչպես նաև ապստամբեցնել Վրկանաց երկիրը։ Վաղարշը ոչ միայն չի կարողանում օգնություն ցույց տալ իր եղբայր Տրդատին, այլև ստիպված է լինում 55 թվականին պատանդներ ուղարկել հռոմեացիներին՝ խնդրելով վերականգնել բարեկամական հին հարաբերությունները:

    Չնայած վերոհիշյալ նպաստավոր պայմաններին, Կորբուլոնը համարյա ամբողջ երկու տարի հետաձգում է պատերազմը Տրդատի դեմ։ Տակիտոսը այդ առթիվ գրում է, որ Կորբուլոնի զինվորները երկարատև խաղաղությունից ծուլացել և դժկամությամբ էին կատարում հռոմեական զինվորի պարտականությունը, հողապատնեշ շինելը, փոս փորելը նրանց համար նորություն էր և տարօրինակ։ Եվ ահա Կորբուլոնը թարմ զորքեր է պահանջում:

    57 թ. Գերմանիայից, Գալատիայից և Կապադովկիայից համալրված հեծելազոր և օժանդակ զորքեր ստանալով, Կորբուլոնը ներխուժեց Հայաստան։ 57-58 թթ. ձմեռն անցկացրեց Մեծ Հայքում և Կարինի սարահարթում, մինչև գարուն վարժեցրեց ու կոփեց իր լեգեոնները։ Գարնանը հռոմեական զորքերը խորացան Հայաստանի ներքին գավառները և աշխատեցին ճակատամարտ տալ Տրդատի բանակի դեմ։ Սակայն Տրդատը խուսափում է ճակատային կռվից և բավարարվում լեռնային փոքր պատերազմներով։ Կորբուլոնի հրամանով, Հայաստանի վրա հարձակվեցին նաև Հռոմի դաշնակիցների զորքերը։

    Տրդատը հենվում էր միայն հայկական զորքերի, ինչպես նաև՝ Հայաստանի բնական ու արհեստական ամրությունների վրա։ Զորքերի փոքրաթիվ լինելը Տրդատին ստիպեց գործադրել փոքր, արագընթաց լեռնային պատերազմ վարելու եղանակ։ Նա կտրեց հռոմեական զորքերի կապը թիկունքի հետ, իր մարտական ջոկատներով փակեց Կարինը Տրապիզոնի հետ կապող ուղին, որով հռոմեացիներին զրկեց սև ծովի վրայով սննդամթերք ստանալու հնարավորությունից։ Իր եղբայր Վաղարշից օգնություն ստանալու հույսը չկտրելով հանդերձ, Տրդատը համառորեն պատերազմում էր հռոմեացիների դեմ, ներխուժում Հռոմի կողմնակիցների երկրամասերը և քարուքանդ անում։ Տրդատը հանդես էր գալիս այնտեղ, ուր թշնամին չէր սպասում նրան։

    Հռոմեական զորքերին հատկապես սարսափ ներշնչող Տրդատի վարած մարտի այդ եղանակը Կորբուլոնին ստիպեց փնտրելու ճակատամարտի նոր տեսակներ։

    Տակիտոսն այդ մասին գրում է. «Եվ Տրդատը, բացի իր սեփական կողմնակիցներից, օգնական ուժեր ստանալով նաև իր եղբայր Վաղարշից` արդեն ոչ թե թաքուն, այլ բացահայտ կերպով պատերազմ վարեց և սկսեց թշնամական գործողություններ Հայաստանում։ Եվ ում որ նա մեզ հավատարիմ էր համարում, նրանց երկիրներն ավերում էր, իսկ եթե նրա դեմ զորք էին դուրս բերվում՝ նա խույս էր տալիս և, սլանալով այս ու այն կողմ, ավելի սարսափեցնում էր լուրերի, քան մարտերի միջոցով։ Արդ՝ Կորբուլոնը, որ երկար ժամանակ ապարդյուն կերպով աշխատել էր նրան ճակատամարտ տալ, հարկադրվեց թշնամիների օրինակով կռիվը մասնատել. նա իր ուժերը ցրեց և կարգադրեց, որ իր օգնականներն ու հրամանատարները միաժամանակ արշավեն զանազան տեղեր։ Նա հորդորեց նույնպես Անտիոքոս թագավորին, որ սա հարձակվի իրեն ամենամոտ շրջանների վրա»:

    Չնայած Հայաստանի համար ստեղծված ծանր դրությանը, Տրդատի վարած մանր, լեռնային պատերազմի եղանակը խախտեց Կորբուլոնի արշավանքի թափը, և պատերազմը ստացավ երկարատև բնույթ։ Մեջբերումից երևում է, որ «ոչ թե Տրդատի ծրագրերն են բոլոր տեղերում անհաջողության հանդիպել», ինչպես հաղորդում է Տակիտոսը, այլ, ընդհակառակն, անհաջողություն է ունեցել Կորբուլոնը, բաց դաշտում Տրդատին մարտի հրավիրելով և ցանկանալով հայերի դիմադրությունը վճռական ճակատամարտում ջախջախել` Կորբուլոնը հռոմեացիների և դաշնակից երկրների բոլոր մարտական ուժերը շարժեց Արտաշատի վրա։

    Տրդատը շարունակեց համառ դիմադրությունը պարտիզանական պատերազմ վարելով Կորբուլոնի զորքերի դեմ։ Հայկական զորքերի առանձին զինված ջոկատները, պաշտպանելով Արտաշատ տանող ճանապարհի վրա եղած ամրոցներն ու բերդերը, դանդաղեցնում էին Կորբուլոնի արշավանքի թափը։ Նկատելով, որ պատերազմն ընդունում է երկարատև բնույթ, Կորբուլոնը որոշում է ստեղծել նոր մարտական կարգ, ըստ որի հռոմեական զորքերը պետք է շարժվեին ու գրավեին Արտաշատի ճանապարհի վրա գտնվող և հայկական զորքերով պաշտպանվող ամրություններն ու բերդերը։ Ամենաուժեղ Վոլանդ բերդը Կորբուլոնը որոշում է գրավել ինքը։

    Վոլանդ ամրոցի վրա կատարված գրոհի մանրամասնությունները նկարագրում է Տակիտոսը, դա ռազմական արվեստի տեսանկյունից ուշագրավ փաստեր է պարունակում, ուստի անհրաժեշտ ենք համարում այն մեջ բերել (րստ Հ. Մանանդյանի թարգմանության), «...նա [Կորբուլոնը] զննում է ամրությունները, նախապատրաստում է ինչ որ հարկավոր էր դրանք դռույթով վերցնելու համար, և խրախուսում է զինվորներին, որ նրանք այդ տեղերը գրավեն շրջող թշնամուց... Ապա նա, բաժանելով զորքը չորս մասի՝ նրանցից ոմանց հավաքում է վահաններից կազմված ծածկի տակ և տանում է քանդելու պատնեշները, ոմանց կարգադրում է մոտեցնել պարիսպներին սանդուղքներ, շատերին հրամայում է նետիչ մեքենաներով ձգել ջահեր և նիզակներ, իսկ նետաձիգներին ու պարսավորներին տեղ է հատկացվում, որպեսզի նրանք հեռվից կապարե գնդակներ արձակեն։ Շարժումը պետք է ամեն կողմից հավասար թափով լիներ, որպեսզի թշնամու որևե մասն օգնություն չհասցներ նեղն ընկածներին։ Այնուհետև կռվող զորքի ոգևորությունն այնքան մեծ եղավ, որ արդեն օրվա երրորդ մասում պարիսպները կռվողներից մաքրվեցին, դարպասների նիգերը խորտակվեցին, ամրություններն առնվեցին վերելքով, և բոլոր հասակավորները մատնվեցին սրի. իսկ հռոմեացիները չկորցրին և ոչ մի զինվոր և ունեցան միայն քիչ վիրավորներ...»:

    Հաղթահարելով Վոլանդ բերդը պաշտպանող ջոկատի դի•Iադրությունը, Կորբուլոնր բաց է անում իր զորքերի ուղին դեպի Արտաշատ։ Կորբուլոնը, այնուհետև ևս իր մարտական գործողությունները շարունակեց շատ զգույշ` վախենալով հայկական ջոկատների հանկարծակի հարձակումից։ Այդպիսի զգուշության արգասիք է այն, որ նա Արաքս գետն անցավ Արտաշատից հեռու, հայերից անվտանգ տեղում, և ոչ թե կամուրջով, այլ ծանծաղուտով, Վարդանակերտ ավանի մոտ, որը համապատասխանում է այժմյան Արմավիրի մարզի Մարգարա և Չիբուխչի գյուղերի մոտերքում Արաքս գետի ծանծաղուտին։ Բայց Կորբուլոնի միջոցառումները չփրկեցին Հռոմեական զորքը Տրդատի ջոկատների հարվածներից։ Գետանց կատարելով և շարժվելով Արաքս գետի ձախ ափով, Հռոմեական զորքերը բազմիցս ենթարկվեցին Տրդատի ջոկատների հանկարծակի հարվածներին։ Դրանք Տրդատի առաջապահ ջոկատներն էին, որոնք առաջադրանք ունեին կազմալուծել Կորբուլոնի զորքերը Արտաշատի հեռու մատույցներում։ Այդ հարվածներն այնքան ուժեղ էին, որ եթե առաջ Կորբուլոնը ձգտում էր Տրդատին ներքաշել բաց դաշտում ճակատամարտելու, այժմ արդեն հրաժարվում է այդ մտքից։

    Տակիտոսի վկայությունից երևում է, որ Արտաշատի բերդը Կորբուլոնն այնպես էլ չհամարձակվեց պաշարել, վախենալով Տրդատի զինվորների հարվածներից։ Դրա ապացույցն է նաև Տակիտոսի մեկ ուրիշ վկայություն. «Կորբուլոնը, բանակատեղը դասավորելով ճակատամարտի վայրում, սկսեց խորհել, գնա՞լ արդյոք թեթևազեն լեգեոններով և գիշերը շրջապատել Արտաշատը, որովհետև ենթադրում էր, թե Տրդատը նահանջել է այնտեղ։ Բայց լրտեսները զեկուցեցին, որ թագավորը հեռացել է, անհայտ է` Մարաստան թե Աղվանք, և նա որոշեց սպասել լուսաբացին, առաջ ուղարկելով թեթևազեն զորքերը, որպեսզի շրջանցեն քաղաքը և հեռվից սկսեն գրոհը։ Բայց քաղաքի բնակիչները իրենց սեփական կամոք բաց արին դարպասները և Հռոմեացիներին հանձնեցին քաղաքը անվերապահորեն։ Այդ էլ եղավ նրանց փրկությունը, բայց քաղաքը այրեցին, շենքերը հիմնովին քանդեցին»:

    58-59 թթ. ձմեռը Կորբուլոնը իր զորքերով մնաց Արտաշատում։ Գարնան վերջում (59 թ.) Կորբուլոնն արշավի ելավ դեպի Տիգրանակերտ։ Արշավից առաջ քանդեց և կրակի մատնեց իր ժամանակի այդ հրաշալի Արտաշատ քաղաքը, բնակիչներին էլ սրի քաշեց պատճառաբանելով, որ անհնար է եղել պահել Արտաշատը հռոմեացիների իշխանության տակ առանց խոշոր կայազորի: Արտաշատի աղետը սաստկացրեց հռոմեացիների նկատմամբ հայ ժողովրդի վրդովմունքն ու ատելությունր և հայերին ոտքի հանեց Կորբուլոնի դեմ։ Հենց այդ էր առիթը, որ Արտաշատից դեպի Տիգրանակերտ կատարած արշավի ժամանակ ճանապարհին հռոմեական զորքերը ենթարկվեցին բնակչության զինված ջոկատների հանկարծակի հարվածներին։ Հռոմեական զորքերը հայերի հատկապես խոշոր հարձակմանը ենթարկվեցին Արածանի գետի ավազանի շրջանում՝ Վանա լճից հյուսիս-արևմուտք։ Խոշոր դիմադրություն ցույց տվեց Տարոնը, որտեղ ժողովուրդը, ամրանալով լեռներում, ամրոցներում, քարանձավներում և բերդերում, հռոմեական զորքերին իրար հետևից հարվածներ հասցրեց։

    Հայ ժողովրդի հերոսական դիմադրությունը Տակիտոսը անվանել է բարբարոսների պայքար, որպեսզի թաքցնի Կորբուլոնի և նրա դաշնակիցների զորքերի բարբարոս գործողությունները, որոնք այրում էին գյուղեր, քաղաքներ ու ամրոցներ, տարածում էին գազանային սարսափ։ Այդ վկայում է հենց ինքը՝ Տակիտոսը։ 
    Հայերի զինված ջոկատների այդ հարվածները խիստ խախտեցին հռոմեական զորքերի կարգապահությունը, նեղեցին նրանց և զրկեցին սննդի անհրաժեշտ միջոցներից։ Չնայած այդ ամենին, Կորբուլոնին հաջողվում է Արտաշատից Տիգրանակերտ արշավանքի ճանապարհին գրավել Բագավանն ու Ծումբան, ապա նաև Տիգրանակերտը։ Արտաշատը և Տիգրանակերտը գրավելուց հետո հռոմեացիները կարծեցին, որ վերջապես Հայաստանը նվաճված է, իսկ Ներոնը այդ «հաջողության» առթիվ իրեն վերստին կայսր հայտարարեց։ Այժմ Հռոմի առաջ ծառացավ Հայաստանի քաղաքական դրությունը կանոնավորելու հարցը։ Ներոնը Հայաստանի թագը տալիս է հայոց թագավոր Տիգրան V-ի եղբորորդի Տիգրան VI-ին, որն ապրում էր Հռոմում։

    Հայաստանից վտարված Տրդատը 61 թ. Մարաստանի վրայով մտնում է Հայաստանի սահմանները։ Կորբուլոնը օժանդակ զորքով Տրդատի դեմ ուղարկում է իր լեգատ Վերուլանին, իսկ ինքը իր լեգեոններով գնում է նրանց հետևից, ստիպում է Տրդատին փախչել և թողնել պատերազմելու մտադրությունը։ Վերուլանը հրով ու սրով քանդում է այն ամենը, ինչ գտնում է հռոմեացիների ճանապարհին։ Տրդատը այս անգամ էլ հաջողություն չի ունենում և վերադառնում է Ատրպատական։ 61 թ. Տիգրանակերտում գահ բարձրացած Տիգրան VI-ին հայ ժողովրդի բացարձակ մեծամասնությունը դեմ էր և, րնդհակառակն, կողմնակից էր Տրդատ Արշակունուն, որը շահել էր հայերի հարգանքը։ Հայերի ապստամբություններից սարսափելով և Տիգրան VI-ի թագավորությունն ապահովելու համար Ասորիքի գործերի կառավարիչ Կորբուլոնը Տիգրանակերտում թողնում է հռոմեական կայազոր՝ 1000 հետևակ, 3000-4000 հեծյալ։

    Հռոմի թելադրանքով, 61 թ. գարնանը Տիգրան VI-ը ներխուժում է Պարթևստանի ենթակա Ադիբենը և ավերի ու կողոպուտի մատնում այդ երկիրը՝ նպատակ ունենալով ստիպել Վաղարշ I-ին, որ պատերազմ էր վարում ապստամբած Վրկանաց երկրում, համաձայնվել Հայաստանում ստեղծված դրության հետ։ Այդ առաջացնում է պարթևների րնդհանուր զայրույթը։ Այս դժգոհության ազդեցության տակ Վաղարշը հաշտվում է վրկանների հետ և պատերազմի պատրաստվում Հռոմի դեմ։

    Վաղարշ I-ը խորհուրդ է գումարում, մեծ հանդիսավորությամբ Տրդատի գլխին է դնում թագ, զորք է տրամադրում և հրամայում Հայաստանից արտաքսել Տիգրանին, իսկ ինքը, ահագին ուժեր ու ռազմական պաշարներ հավաքելով, սպառնում է հարձակվել հռոմեական պրովինցիաների վրա։ Վաղարշ I-ը շարժվում է դեպի Միջագետք։ Կորբուլոնը, վախենալով կորցնել իր փառքր, դիմում է Ներոնին խնդրելով Հայաստանի համար նոր զորավար նշանակել, որպեսզի ինքը զբաղվի միայն Ասորիքի սահմանների պաշտպանությամբ։ Միաժամանակ, Կորբուլոնը Տիգրան VI-ին օգնության է ուղարկում երկու հռոմեական լեգեոն։ Այդ միջոցին Տրդատը պաշարում է Տիգրանակերտը։ Չնայած Կորբուլոնից ստացած օգնությանը, Տիգրան VI-ը խուսափում է մարտից և իր ամրողջ զորքով թաքնվում է Տիգրանակերտի բերդի ամուր պարիսպների հետևում։

    Չցանկանալով նորից մտնել վտանգավոր պատերազմի մեջ, Կորբուլոնը զինադադար է խնդրում Վաղարշից։ Պայմանագիր է կնքվում։ Ըստ այդ պայմանագրի Վաղարշը համաձայնում է Ներոնի մոտ պատգամավորներ ուղարկել խնդրելու Հայաստանի գահը հանձնել իր եղբայր Տրդատին, և հրամայում է Մոնեսին դադարեցնել պատերազմը, վերացնել Տիգրանակերտի պաշարումը և Հայաստանից դուրս բերել զորքերը։ Այդ պայմանագրի համաձայն, Տիգրանակերտից և Հայաստանից իր զորքերը դուրս է բերում նաև Տիգրան VI-ը։ Հայաստանում թագավոր է մնում Տրդատը։ Դա հարված էր Հռոմի հեղինակությանը, որը Ներոնը չհանդուրժեց և շուտով նոր պատերազմ սկսեց։ Հայկական հարցը կանոնավորելու համար Ներոնը նշանակեց իր զորավար Կեսեննիուս Պետուսին:

    Հռոմեական բանակի նոր հրամանատար Պետուսի գալուց հետո Կորբուլոնը զորքերը բաժանում է երկու մասի՝ 1-ին և 2-րդ լեգեոնները, Մեզիայից նոր կանչված 5-րդ, ինչպես նաև պոնտական, գալատիական ու Կապադովկիայի օժանդակ զորքերը բաժին ընկան Պետուսին, 9-րդ, 6-րդ և 10-րդ լեգեոնները և Սիրիայի նախկին զինվորները՝ Կորբուլոնին։ Տիգրանակերտի վրա հարձակվելու համար Պետուսը սպասում է գարնանը, իսկ Կորբուլոնը շարունակում է Ասորիքում Եփրատ գետի աջ ափն ամրացնելու աշխատանքները և կազմակերպում Ասորիքի պաշտպանությունը պարթևական զորքերի հանկարծակի ներխուժումից։

    61 թ. ամռանը հռոմեական բանակի նոր հրամանատար Պետուսը Մելիտինեի վրայով ներխուժեց Ծոփք, գրոհով գրավեց մի քանի մանր բերդեր և ուղղվեց դեպի Տիգրանակերտ։ Բայց Տավրոսի լեռներն անցնելիս հանդիպեց Տրդատի զորքերի ուժգին դիմադրությանը։ Հռոմեական զորքերր պարտություն կրեցին և ետ մղվեցին։ Դրանից հետո հռոմեական զորքերն իջնում են Խարբերդի դաշտը, որտեղ գտնվում էին հռոմեական այլ լեգեոններ։ Իր հեծելազորի մեկ մասը Պետուսը տեղավորում է այդ դաշտում, իսկ մյուս մասը՝ Արշամաշատ (այժմ՝ Նաջարան) բերդում, Արածանի գետի հարավային ափին։ Բանակի գործող մասը Պետուսը ետ է քաշում և ամրանում է Հռանդեայի մոտ՝ Արածանի գետի առափնյա բանակատեղում։ Տավրոսի լեռներում Տրդատի զորքերից պարտություն կրած Պետուսի զորամասերը չափազանց ահաբեկված էին, կարգապահությունը խիստ ընկած էր, ծայր էր առել դասալքությունը, ուստի Պետուսը ստիպված եղավ ձմեռել այդտեղ։

    Հայերի սեփական երկրում թշնամի հռոմեական բանակը սպասում էր գարնանը՝ հարձակման անցնելու համար, իսկ հայ-պարթևական դաշնակից զորքերը սպասում էին պատվիրակների պատասխանին, թե ինչ կբարեհաճի Ներոնը։ Այդպես էր ռազմական իրադրությունը 61—62 թթ. ձմռանը։ 62 թ. գարնանը վերադարձան Վաղարշի պատվիրակները և հայտնեցին Ներոնի մերժումը։ Այն ժամանակ պարթևներն ու հայերը սկսեցին պատերազմը։ Պետուսը ընդունեց մարտահրավերը, դուրս եկավ թշնամու ուժերի դեմ և Հայաստան մտավ երկու լեգեոնով։

    Տրդատն էլ հարձակվեց Արշամաշատի վրա Տիգրանակերտի ուղղությունից։ Հաշվի առնելով, որ Կորբուլոնը Ասորիքում զբաղված է Եփրատ գետի ափերն ամրացնելով և այդ ամրությունները հաղթահարելու դժվարությունները կարող են տեղիք տալ անտեղի զոհերի, Վաղարշ 1-ը որոշում է հակառակորդին ջախջախել մաս-մաս։ Ուստի նա հրաժարվում է Կորբուլոնի դեմ Ասորիք գնալու նախկին ծրագրից և շարժվում է օգնելու հայկական զորքերին, որոնք Տրդատ I-ի գլխավորությամբ Տիգրանակերտից հարձակվում էին Արշամաշատի ուղղությամբ։ Այդ գործողությամբ հայ-պարթևական զորքերը աքցան ստեղծեցին Պետուսի Հռոմեական բանակի համար։ Ստեղծված իրադրությունից շփոթված, Պետուսը 3000-անոց ընտիր հետևազորը դասավորում է Տավրոսի լեռների հարևան բարձունքներում, որպեսզի արգելի թագավորին անցնելու, ապա ռազմադաշտի մի մասը զբաղեցնում է հռոմեական բանակի լավագույն մասով` պաննոնական հեծելազորով, մեկ կոհորտ ուղարկում է Արշամաշատ՝ իր կնոջը, տղային ու ոչ շարային մարդկանց պաշտպանելու համար և այդպիսով մասնատում է իր զորքերը այն ժամանակ, երբ խիտ շարքերով ու միատեղ գործողություններով նրանք կարող էին ավելի լավ արդյունք տալ։

    Տիգրանակերտից դեպի Արշամաշատ առաջացող Տրդատ I-ի զորքերի և Ծոփքից Հռանդեայի ուղղությամբ շարժվող պարթևական Վաղարշ I-ի զորքերի հարվածները խիստ նեղում են Պետուսի հետևակին և հեծելազորին։ Պետուսը ընկնում է ծանր վիճակի մեջ, չի կարողանում իր զորքերի համար օպերացիոն լայն տարածություն ստեղծել և կազմակերպել նրանց փոխգործակցությունր, ուստի ստիպված է լինում դիմելու Կորբուլոնի օգնությանր։ Բայց սա, ինչպես հաստատում է Տակիտոսը, չշտապեց օգնություն ցույց տալ, «...որպեսզի վտանգի մեծացման հետ աճի և փրկելու փառքը»:

    Ճակատամարտի երկրորդ փուլը։ Վաղարշը և Տրդատը, ռազմերթի ճամփին նեղելով Պետուսի զորքերին, չխախտելով իրենց հիմնական գործողությունների ծրագիրը, գրոհներով և ահաբեկումներով խուճապի են մատնում հռոմեական բանակն ու պաննոնական հեծելազորը և սկսում են ոչնչացնել Պետուսի զորքերը։ Հայ-պարթևական դաշնակից զորքերը շարունակում են համառորեն նեղել պաշարվածներին, հարձակվում են մերթ լեգեոնների հողապատնեշների, մերթ Արշամաշատի ամրոցի վրա՝ հուսալով մարտի կանչել հռոմեացիներին։ Բայց վերջիններս, հազիվ հեռանալով վրաններից, սահմանափակվում են բանակատեղի պաշտպանմամբ։ Հաջողության հույսը կորցնելով, Պետուսի զորամասերի մի մասը մատնվում է խուճապի, իսկ մյուս մասը սարսափահար սպասում է Կորբուլոնին։

    Պետուսին օգնության եկող Կորբուլոնի զորքերը դեռ Ծոփքի սահմաններում էին, երեքօրյա ռազմերթի հեռավորության վրա, երբ Պետուսը Վաղարշից զինադադար խնդրեց։ Վաղարշը Պետուսի առաջին նամակին բացասական պատասխան տվեց, պատճառաբանելով, որ եղբայրները՝ Բակուրը և Տրդատը բացակայում են։ Այն ժամանակ Պետուսը ստիպված եղավ երկրորդ անգամ դիմել Վաղարշին։ Այս անգամ Վաղարշը բանակցությունների մեջ մտավ և կնքեց մի պայմանագիր, որ պատմության մեջ հայտնի է Հռանդեայի պայմանագիր անունով։ Ըստ այդ պայմանագրի որոշվում է վերացնել լեգեոնների պաշարումը, բոլոր հռոմեական զորքերը պետք է հեռանան Հայաստանից, բերդերն ու ռազմական պաշարները հանձնեն պարթևներին, իսկ այս բոլորը կատարելուց հետո միջոցներ տալ Վաղարշին իր պատվիրակներին Ներոնի մոտ ուղարկելու։

    Պայմանագիրը կնքվել է 62 թ. Հռանդեայում։ Այդ պայմանագրի համաձայն՝ Պետուսը իր ամբողջ զորքերով գերի հանձնվեց պարթևներին ու հայերին։ Հռոմեացիների և նրանց դաշնակիցների համար խայտառակ պայմանագրով պաշարված հռոմեական զորքերը համաձայնեցին պարթևներին և հայերին հանձնել բոլոր բերդերը, ամրոցները, իրենց զենքերը, սննդամթերքի պաշարները և հեռանալ Հայաստանից։ Ընդ որում, պարտված հռոմեական զորքերն անցել են հաղթողների նիզակալծի տակով: Հռոմեացիները խայտառակված փախչում են Հայաստանից օրական 20-25 կիլոմետր տարածության փոխարեն անցնելով 60-65 կիլոմետր, ճանապարհներին թողնելով իրենց վիրավոր զինվորներին։ Պետուսը երդվում է, որ մինչև Հռոմում բանակցությունները չավարտվեն, ոչ մի հռոմեացի ոտք չի դնի Հայաստան։

    Պատմաբաններից ոչ ոք, ինչպես և այդ ճակատամարտի հիմնական պատմիչ Տակիտոսը, ցույց չեն տալիս ճակատամարտին մասնակցած հռոմեական և հայ-պարթևական բանակների անձնակազմի, ինչպես նաև սպանվածների ու վիրավորների քանակը։ Տակիտոսը միայն հիշատակում է, որ Պետուսի զորքերի կազմի մեջ մտել են հռոմեական երեք լեգեոն, ինչպես և ճակատամարտի հենց առաջին փուլի դժվարությունների հետևանքով Կորբուլոնի ուղարկած հռոմեական 3000 հետևակ ու 8000 հեծյալները և այդքան էլ հետևակ` օժանդակ զորքերից1։ Այդ նշանակում է, որ Պետուսի զորքի թիվը եղել է` հռոմեական հետևակ 23480, հեծյալ՝ 10130 մարդ։ Դրան պետք է ավելացնել այդքան էլ օժանդակ զորքեր Հռոմի դաշնակից երկրներից։ Այդպիսով Պետուսի բանակն ուներ ընդամենը՝ 46-47 հազար հետևակ, 20-21 հազար հեծյալ։

    Պարթևական զորքերի մասին Տակիտոսը ասում է, որ Վաղարշ I-ը տրամադրել է Տրդատին պարթևական հեծելազոր և ինքն անցել է «ահագին» զորքերի գլուխը ու շարժվել հռոմեացիների դեմ։ Այդ բանակի քանակական ցուցանիշների մասին չկա որևե վկայություն։ Սակայն հռոմեական պատմաբանների լռությունը կարող է սոսկ վկայել, որ հայ-պարթևական բանակներն այդ ճակատամարտում իրենց քանակով, ըստ երևույթին, չեն գերազանցել հռոմեական զորքերին։

    Չկան ցուցումներ նաև այդ ճակատամարտում կորուստների մասին։ Տակիտոսի վկայություններից երևում է միայն, որ հռոմեական բանակի ուժերի բարոյական ու ֆիզիկական ջախջախումն այնքան մեծ էր, որ այդ բանակից կենդանի մնացած մարդիկ, չափից դուրս սարսափած լինելով, անզոր էին որևե դիմադրության, և զոհերն այնքան մեծաթիվ էին, որ պարթևական թագավոր Վաղարշը լիակատար բավարարված էր։ Այս վկայակոչումներից ճիշտ կարելի է կռահել, որ Հռանդեայի ճակատամարտում Հռոմի ու նրա դաշնակիցների զորքերի ջախջախումը և դիմադրող ուժերի բարոյական ընկճվածությունը իր մեծությամբ գերազանցել էր մինչ այդ եղած հռոմեացիների նախորդ բոլոր պարտություններին, ինչպես օրինակ, Կաննի և Խառանի մոտ կրած պարտությունները։

    Հայկական և պարթևական զորքերի հաջողությունների բանալին չպետք է փնտրել միայն Հռանդեայի մոտ հռոմեական բանակին հասցրած հուժկու հարվածների մեջ, այլև նրանում, որ տասնամյա պատերազմի առաջին չորս տարիների ընթացքում հայ ժողովուրդը իր հայրենի երկրի ամեն մի թիզ հողը պաշտպանելու համար չխնայեց իր զավակների կյանքը և հռոմեացիներին համառորեն դիմադրություն ցույց տալու համար անդադար նախապատրաստեց իր զինված ուժերը։ Ավելի քան երկու տարվա ընթացքում (58-60թթ.), օգտվելով երկրի բնական ամրություններից, բերդերից ու ամրոցներից, հայկական քաջարի և անվեհեր ջոկատները երկրի տարբեր տեղերում մենամարտի բռնվեցին հռոմեական զորքերի հետ և, ցույց տալով համառ դիմադրություն, ծանր կորուստներ հասցրին նրանց, քայքայեցին թշնամու ուժերի մարտական կարգապահությունը։ Վոլանդ, Բագավան, Ծումբա, Տիգրանակերտ, Լեգերդան և այլ բերդերի պաշտպան հայ երիտասարդների ու աղջիկների սխրագործությունները Կորբուլոնին համոզեցին, որ հայերին անկարելի է հնազանդեցնել վերջնականապես, ուստի նա ամեն կերպ փորձում էր խուսափել Հայաստանի դեմ վերստին արշավելուց։

    Հռանդեայի ճակատամարտում հայերը և պարթևները հարստացրին ռազմական արվեստը մարտական գործողություններ վարելու նոր եղանակներով.

    Առաջին, հարձակումն սկսել միաժամանակ երկու կամ ավելի ուղղություններով։

    Երկրորդ, թշնամու համար անսպասելի ուղղություններում թևանցել նրան, գործադրելով աքցանի մեջ վերցնելու եղանակը, շրջապատել և ոչնչացնել նրա մարտական ուժերը։

    Երրորդ, գործադրել թշնամու զորամասերը մասնատելու, շրջապատելու և մաս-մաս ոչնչացնելու եղանակը։

    Չորրորդ, պարտիզանական մեկ ջոկատ մեկ ուղղությամբ գործելու նախկին եղանակը փոխարինել նոր եղանակով` ունենալ շատ ջոկատներ տարբեր խնդիրներով և մարտական գործողությունների ուղղություններով, ապակողմնորոշել հակառակորդին, մարտական ուժերը մասնատել և ապահովել նրանց վճռական ջախջախումը մաս-մաս։
    Պարտիզանական ջոկատների մարտ վարելու այդ եղանակները զարգացան և ծավալվեցին տասնամյա պատերազմում։
     
    Ներոնը, չհամաձայնվելով Հայաստանից դուրս բերել հռոմեական զորքերը, հրամայեց նոր պատերազմ սկսել։ Կորբուլոնը նորից հրամանատար նշանակվեց և 64 թ. նոր մեծաքանակ զորքով, Տոմիսա բերդի մոտ, անցավ Եփրատը և մտավ Ծոփք։ Բերդի մոտ Կորբուլոնը, վախենալով խայտառակ վախճանից, չցանկացավ սկսել պատերազմը և իր պատվիրակների միջոցով Վաղարշին խնդրեց պատերազմ չսկսել, այլ Տրդատին ուղարկել Հռոմ, որպեսզի անձամբ ներկայանա Ներոնին, որպես խոնարհության նշան։ Վաղարշը համաձայնվեց։ Հռանդեայում, Ներոնի մեծադիր նկարի առաջ, Տրդատը Հռոմին հավատարմության երդում տվեց, իսկ 65 թ. վերջին- 66 թ, սկզբին Տրդատը անձամբ ներկայացավ Ներոնին, որը նրան ընդունեց մեծ հանդիսավորությամբ։

    Այսպիսով, Հայաստանը գրավելու նպատակով Հռոմի վարած տասնամյա պատերազմները ավարտվեցին անհաջող։ 62 թ. կնքած խաղաղության պայմանագրին հաջորդած քառասուն տարիների ընթացքում Հայաստանը ռազմական խոշոր ցնցումներ չունեցավ և զբաղվեց երկրի խաղաղ շինարարությամբ։ Վերականգնվեց Մեծ Հայքի կենտրոնական պետությունը իր նախկին բոլոր սահմաններով։ Հայաստանում հիմնադրվեց Արշակունիների հարստությունը՝ Տրդատ I-ի գլխավորությամբ։ 
    աղբյուր:www.ayrudzi.info
    Կատեգորիա: Ռազմական արվեստ | Դիտումներ: 1015 | Ավելացրել է: armhistory | Պիտակներ: արվեստ, ռազմական | Ռեյտինգ: 0.0/0
    Մեկնաբանությունների քանակը: 0

    Օգնեք կայքին տարածեք այս նյութը:
    Մեկնաբանելու համար պետք է գրանցվել կայքում
    [ Գրանցվել | Մուտք գործել ]
    Հայկական տոմար
    Ancient Armenian Calendar
    Armenian history
    История Армении
    Մարզեր
    Արմավիրի մարզ Արարատի մարզ Արագածոտնի մարզ Արցախ Գեղարքունիքի մարզ Լոռու մարզ Կոտայքի մարզ Շիրակի մարզ Սյունիքի մարզ Վայոց Ձորի մարզ Տավուշի մարզ
    Հայաստան
    Բուսական աշխարհ Կենդանական աշխարհ Արագած Արալեռ Արարատ (Մասիս) լեռը Արտանիշ Արփա Որոտան Գառնու ձոր Գեղամա լեռներ Դեբեդ Դիլիջանի արգելոց Թարթառ Խոսրովի անտառ Սևան Հատիս
    Հիշիր
    Current Position
    Новости Карабаха
    Армянский исторический портал
    KillDim.com