Www.ARMhistory.do.am
Բարև Հյուր!
Դուք կարող եք:
Մուտք գործել Կամ Գրանցվել
Նավարկություն
Գլխավոր Հայոց պատմություն Հայեր Ֆորում Գրքեր Նկարներ Հետաքրքրաշարժ Հայկական ֆիլմեր Հայկական մուլտֆիլմեր Օնլայն խաղեր Ձեր կարծիքը մեր մասին Կայքեր Կինոթատրոն Հետադարձ կապ
Բաժիններ
Գրողներ [51]
Զորավարներ/Հայդուկներ [17]
Պատմիչներ [3]
Փիլիսոփաներ [3]
Թագավորներ [7]
Թագավորական տներ [7]
Արվեստի ասպարեզ [20]
Ճակատամարտեր [6]
Հեթանոս աստվածներ [7]
Ռազմական արվեստ [24]
Ազգային [16]
Էություն [4]
Միացեք քննարկումներին
  • Աֆորիզմներ (151)
  • Գրքեր (14)
  • Վեբ ծրագրավորում (14)
  • Հարցեր և պատասխաններ (13)
  • Անեկդոտներ (13)
  • Հայաստանին (13)
  • Քառյակներ (11)
  • Որ ժամանակաշրջանում է Հայաստանը եղել հզոր (11)
  • Հայոց լեզու (10)
  • Անձնական մտքեր,խոսքեր (9)
  • Հին Հունաստան (9)
  • Հեղինակային (8)
  • Ուսանողական կայք տնտեսագետների համար (7)
  • hayoc ekexecu patmutyun (6)
  • Վեբ կայքերի պատրաստում (6)
  • Գլխավոր » 2011 » Փետրվար » 10 » Հայկական ռազմական արվեստը - 17
    19:24
    Հայկական ռազմական արվեստը - 17
    Պարսկաստանի գերիշխանությունը Հայաստանում ամրապնդելու նպատակով սասանյան Վռամ IV թագավորը, հաստատելով հայ նախարարների ժառանգական իրավունքները, սահմանելով նրանց տիրույթների չափերը, ճանաչելով հողային սեփականության  և ֆեոդալական հողատիրության գոյությունը  Հայաստանում, 428 թվականին գահից զրկեց  Արտաշես թագավորին և Արևելյան Հայաստանում ստեղծեց մարզպանություն։

    «Եվ երբ սրան էլ (Արտաշեսին) զրկեց թագավորությունից, իշխանությունն  անցավ հայոց նախարարներին,- գրում  է Եղիշեն,- որովհետև թեպետև հարկը  պարսից արքունիքն էր գնում, սակայն հայոց  հեծելազորն ամբողջապես նախարարներն  էին առաջնորդում պատերազմի ժամանակ»:

    Պարսկաստանի Վռամ թագավորը հայ նախարարներին թույլատրում է  զորքեր ունենալ՝ նպատակ ունենալով դրանք  օգտագործել կռիվների ժամանակ։ Դրա հետ  միասին, Հերում, Նախիջևանում և Արտաշատում տեղադրում է պարսկական կայազորներ, որոնք մշտական սպառնալիք էին  Հայաստանի համար։

    Մեզ է հասել հայկական նախարարների տրամադրած զորքերի  թվական տվյալները պարունակող մի ուշագրավ սկզբնաղբյուր, որը կոչվում է «Զորանամակ»։ Այդ (Զորանամակի» տվյալներից երևում է, որ Հայաստանի 86 նախարարություններ  ունեցել են շուրջ 84000 մարդուց կազմված  զորաբանակ, որը բաշխված է եղել հետևյալ կերպ՝ «Արևմտյան դուռն»-24000 մարդ. «Արևելյանը»՝ 21000. «Հյուսիսայինը»՝ 18000 և «Հարավային դուռն»՝ 21000 մարդ։  Այդ թվերի մեջ չեն մտել արքունիքի  գնդերը թվով 36 հազար մարդ։ Հայ  մատենագրության տվյալներով, Հայաստանի  զորքերի քանակը Արշակունիների հարստության  շրջանում հասել է շուրջ 120000 մարդու:

    Հայաստանի նախարարական 83-84 հազարանոց այս բանակի մեջ 49-50 հազարը եղել են հեծյալներ, իսկ մնացած 34-35 հազարը՝ հետևակ։ Վախենալով  հայկական զորքերի ապստամբությունից, պարսկական արքունիքը 450 թվականին հայերի ռազմական ուժերը, հատկապես հեծելազորը, Հայաստանից տեղափոխում է Պարսկաստանի  հեռավոր սահմանամերձ շրջանները։

    441 թվականին թեթև  սահմանային կռիվներում Հազկերտ  II-ը պարտության է մատնում բյուգանդական  զորքերին և Թեոդորոս կայսրին  ստիպում վերահաստատելու 421 թվականին  կնքված 50-ամյա խաղաղության պայմանագիրը։

    Օգտվելով այդ նպաստավոր  պայմաններից և իր ձեռքի տակ  ունենալով վասալական Հայաստանի, Վրաստանի ու Աղվանքի բազմաքանակ այրուձին, 449 թվականին Հազկերտ II-ը պատերազմ է  սկսում քուշանների դեմ և յոթ տարվա  անընդհատ կռիվներից հետո պարտության մատնում նրանց։ Այնուհետև նա մի շարք օրենքներով սահմանափակում է հայ  նախարարների իրավունքները։ Հայաստանի, Վրաստանի և Աղվանքի ռազմական կորովը թուլացնելու նպատակով նա այդ երկրների հեծելազորին արգելում է վերադառնալ հայրենիք։

    Մինչ այդ, Հազկերտը Հայաստան է ուղարկում Դենշապուհին, որը բանսարկությամբ թշնամացնում  է հայ նախարարներին և խռովություններ սերմանում նրանց միջև, կրկնապատկում է հարկերի ու սակերի քանակը. հարկման  է ենթարկում նույնիսկ անբերրի  տափաստանները, գյուղերի ամայի հողերը, արոտավայրերն ու անտառները:

    Ըստ Եղիշեի տեղեկության, Հազկերտ II-ի հրամանով, Վահան Ամատունին  զրկվում է հազարապետի պաշտոնից և  նրա տեղ նշանակվում է մի պարսիկ։  Հեռացվում է նաև կաթողիկոսը «Մեծ դատավորի» պարտականություններից և  այդ պաշտոնը հանձնվում է պարսիկ մոգպետին։ Իրենց պաշտոնում մնում  են Վարդան Մամիկոնյանը և Վասակ  Սյունին։

    Տնտեսական ծանր վիճակի մեջ դնելով Անդրկովկասի ժողովուրդներին, Հազկերտ II-ը ձգտում է նրանց ձուլել պարսիկների հետ։ Իսկ իրենց գոյությունը  պաշտպանելու համար հայերը, վրացիները  և աղվանները դաշինքի մեջ են մտնում պարսից բռնակալության դեմ  միասնական ճակատով մարտնչելու համար։

    450 թ. գարնանը Հազկերտը  մի մեծ զորաբանակ է ուղարկում  Հայաստան, որը կանգ է առնում  Այրարատյան նահանգի Ծաղկոտն գավառի  Ձիրավ (այժմ Դիադին) դաշտում, Բագրևանդ  գյուղի մոտ նպատակ ունենալով  բռնությամբ զրադաշտական կրոնը  փաթաթել հայ ժողովրդի վզին։  Իր ազգային գոյությունը պաշտպանելու  համար պարսիկների դեմ ոտքի  է կանգնում ողջ հայ ժողովուրդը։

    Հայաստան մտած պարսից գնդերը, մոգերի և մոգպետի գլխավորությամբ, Բագրևանդ գյուղի հայկական եկեղեցու ծիսակատարության  պահին փորձում են քանդել եկեղեցին, բայց ժողովուրդը հարձակվում է պարսից զորագնդի ու մոգերի վրա և նրանց  դուրս է քշում գյուղից։

    Ապստամբ զինված մասսաները, որոնք բանակ էին դրել Ծաղկանց  լեռներում, «Ամբողջ գիշերը սպառազինվեցին, պատրաստվեցին և արևի ծագելուն պես  զորքը երեք մասի բաժանելով՝ վրա տվին բանակին։ Առաջին գունդն արևելյան կողմից, երկրորդ գունդը արևմտյան կողմից և  երրորդ գունդը հյուսիսային կողմից, շուրջանակի իրենց մեջ առան, փակեցին  մեծաթիվ բանակը (պարսից), շատերին  կոտորեցին, է՛լ ավելի շատերին  երևելի մարդկանցից, և ամուր բերդերում  բանտարկեցին իրենց իշխանության  տակ...»:

    Ինչպես վկայում  է Ղազար Փարպեցին, գերի բռնված մոգերը տարվեցին Զարեհավան գյուղը և սրի  քաշվեցին։

    Սակայն ապստամբության  համար լուրջ վտանգ էին ներկայացնում երկրի ստրատեգիական խոշոր նշանակություն  ունեցող ամրոցներում գտնվող պարսկական  զորքերը, որոնք տեղաբաշխված էին  սկսած Արարատյան դաշտից պարսկական  ռազմա-ստրատեգիական ճանապարհի գծով դեպի Արևելք՝ Վայոց Ձոր գավառում, Սևանա լճի հարավային ափում, Փայտակարանում։

    Հենց Փայտակարանն  էլ հանդիսացավ ռազմավարական այն հենակետը, որտեղ կենտրոնացնելով իր ռազմական ուժերը, պարսից հազարապետ Միհրներսեհը պատրաստվեց արշավել Հայաստանի վրա։ Երբ 450 թվականին Աղվանքից այդ մասին լուր ստացվեց, հայկական աշխարհազորը, նախարարական  հեծելագնդերի հետ միասին, Ծաղկանց  լեռների ամառանոցից իջնելով, հարձակվեց  պարսկական ռազմական հենակետերի վրա, նրանց զորքի մի մասին կոտորեց, մյուս մասին փախուստի մատնելով դուրս  վանեց Հայաստանի սահմաններից։ Հայ  մարտիկները ազատագրեցին Արտաշատը, Գառնին, Անին, Արտագերսը, Բարձրաբուղը, Խորանիստը, Ծխանիստը, Ողականը, Արփանյանը, Գռայլը, Կապույտը, Վասակաշատը և այլ բերդեր, ավաններ ու գյուղեր։

    «Այս բոլորն ամեն մեկն իր գյուղերով ու ագարակներով, զորքերով ու զորագլուխներով նույն տարին առան ու կործանեցին և տղամարդկանց ու կանանց գերի տարան իրենց գույքերով ու ստացվածքներով, պատվական գանձերով ու կահ-կարասիներով...»:

    Դրանից հետո, 450 թվականի  հուլիս ամսին, հայոց բանակը իջավ Արարատյան  դաշտ, բանակ դրեց Արտաշատում և նախապատրաստվեց դիմաղրելու ահեղ թշնամուն, որը Միհրներսեհի  գլխավորությամբ բանակ էր դրել Փայտակարանում  և պատրաստվում էր արշավել Հայաստան։  Ուստի Վարդան Մամիկոնյանը վերջ տվեց ամեն մի դանդաղկոտության և հայկական զորքերը նախապատրաստեց գալիք  արհավիրքին դիմադրելու։

    450 թվականին, վավերացնելով  ռազմական դաշինքը վրացիների և  աղվանների հետ, հայ նախարարները  իրենց զորքերը դնում են մարզպան  Վասակ Սյունիի և սպարապետ Վարդան  Մամիկոնյանի ղեկավարության տակ։  Դրանից հետո, հունիս-սեպտեմբեր ամիսներին,  բյուգանդական կայսրի մոտ ռազմական  օգնություն խնդրելու համար ուղարկում  են պատգամավորներ՝ Վահան Ամատունուն, Հմայակ Մամիկոնյանին և Մեհրուժան  Արծրունուն։

    Այդ ժամանակ Հայաստանի  ամենախոցելի տեղը պարսկական սահմանին կից Հեր և Զարևանդ գավառներն  էին, որտեղից պարսից զորքերը հաճախ  ներխուժում էին երկրի խորքերը։ Ուստի  այդ սահմանը պաշտպանելու համար  Վարդան Մամիկոնյանը այնտեղ է ուղարկում  առաջին զորագունդը` Ներշապուհ Արծրունու  հրամանատարությամբ։ Գունդն իր կազմում  ունեցել է մոտավորապես 23-25 հազար  մարդ։ Երկրորդ զորագնդի գլուխն անցած  արագ երթով դեպի Վրաստան է շարժվում ինքը՝ Վարդան Մամիկոնյանը, նպատակ ունենալով  կասեցնելու Վրաստանի պարսիկ մարզպան  Սեբուխտի արշավը Աղվանք, որը ձգտում էր Փայտակարանում միանալ պարսից զորավար  Միհրներսեհի զորքերին և միացյալ  ուժերով ճնշել աղվանների ապստամբությունը։

    Վարդան Մամիկոնյանն  իր առաջ խնդիր է դնում թիկունքային  հարվածով կասեցնել Սեբուխտի առաջխաղացումը, միանալ ապստամբ աղվաններին, գրավել Ալանաց դուռը, ոչնչացնել այնտեղի  պարսից կայազորը և կապ հաստատել հոների հետ։

    Իսկ երրորդ գունդը, գրում  է Եղիշեն, հանձնեցին Սյունյաց Վասակ  իշխանին, որպեսզի ճեպընթաց հարձակման  անցնելով պարսից զորքերի վրա՝ նրանց  դուրս վանի Աղվանքից։

    Այս զորագունդն իր կազմում  ուներ Վասակ Սյունու 19000, Բագրատունու, Խորխոռունու, Ապահունու, Վահևունու, Պալունու, Գաբեղունու, Ուրծայի, Ռշտունյաց Արտակի, Ակեաց Ընջուղի, Ամատունյաց Մանենի 4550 հեծյալները և 10-11 հազար հետևակ։

    Այս նախապատրաստություններից  հետո, սակայն, լուր է ստացվում, որ բյուգանդական Թեոդորոս կայսրին հաջորդած Մարկիանոս  կայսրը ոչ միայն մերժել է օգնել  հայերին, այլև հայերի ապստամբության  ծրագրի մասին հաղորդել է Հազկերտ II-ին։

    Այդպիսով, ապստամբներին մնում էր հույս դնել միայն իրենց  սեփական ուժերի վրա։

    450 թվականի սեպտեմբեր  ամսին Վարդան Մամիկոնյանն իր  զորագնդով շարժվում է դեպի  աղվանական արքունիքի ձմեռային  աթոռանիստ Խաղխաղ քաղաքը։ Մեծ  զարմանք է պատճառում Վարդան  Մամիկոնյանին, երբ նա իր սակավաթիվ  ուժերով մտնելով Խաղխաղի (այժմ՝  Ղազախ) շրջակայքի հարթավայրը, նկատում  է թվով մի քանի անգամ գերակշռող  պարսկական ուժերը՝ Սեբուխտի հրամանատարությամբ,  որոնք մարտական կարգ էին ընդունել  Քուռ գետի ձախ ափին և սպասում  էին հայկական բանակի երևալուն։

    Մինչև գետափի ճահիճներին հասնելը մի քանի կիլոմետրի վրա  տարածությունը անտառապատ էր, հարավից  տարածվում էին Փոքր Կովկասյան  լեռնաշղթայի փեշերը։ Ուստի դժվար  չէ կռահել, որ Խաղխաղի ճակատամարտը  տեղի է ունեցել անտառոտ, ճահճային վայրում։ Այդպիսի վայրում ճակատամարտ տալը հայկական բանակի համար ստեղծում էր մեծ դժվարություններ։

    Տեսնելով, որ թշնամին  մարտական կարգ է ընդունել, Վարդան Մամիկոնյանը  իր բանակը բաժանում է երեք մասի և  նրանց դուրս է բերում թշնամու  դեմ։ Աջակողմյան զորաճակատը նա հանձնում է Արշարունյաց իշխան Արշավիր  Կամսարականին, նրան նիզակակից նշանակելով ավագ սեպուհ Մուշ Դիմաքսյանին, ձախ թևի  զորաճակատը տալիս է իշխան Խորխոռունուն, նրան օգնական նշանակելով Հմայակ Դիմաքսյանին, իսկ ինքը վերցնում է կենտրոնից  շարժվող զորաճակատի հրամանատարությունը։  Հայկական զորքերի մարտական կարգի  առաջ կանգնած էր այրուձին, նրա հետևից գնում էին նետաձիգները, իսկ ամենից վերջը՝ մատակարարող գումակը։ Լոփնաս և Քուռ գետերի միացման տեղում հայկական բանակին միանում են Փոքր Կովկասի  լեռներում ապաստանած ապստամբ  աղվանների պարտիզանական ջոկատները։

    Ճակատամարտն առաջին փուլ։ Լփնիքի և Բաղասական փոքր թսգավորությունների զինված ուժերով  Սեբուխտը պահպանում է Ալանաց դուռը  տանող ճանապարհը, իսկ պարսկական  զորքով անցնում է Քուռ գետը և բանակ  գնում Խաղխաղի հարթավայրում, որտեղից  զինված ու լիովին սպառազեն դուրս եկան կռվելու հայոց զորքի դեմ։

    Ճակատամարտը սկսվում  է։ Սկզբում հայոց բանակի աջ թևի  այրուձին արագընթաց արշավի ժամանակ  խրվում է գետափի ճահիճների մեջ։ Օգտվելով դրանից, թշնամին գրոհում է հայկական բանակի աջ թևի վրա։ Մարտում սպանվում է Մուշ Դիմաքսյանը և վիրավորվում  Գազրիկ իշխանը։ Արշավիր Կամսարականը, որի ձին խրվել էր տիղմի մեջ, մեծ դժվարությամբ է դուրս գալիս  այնտեղից, նստում ձին, վերականգնում ջոկատի մարտական կարգերը և հակագրոհի  անցնում թշնամու վրա։ Համառ մարտերից հետո Արշավիր Կամսարականին հաջողվում  է սպանել լփնյաց թագավորի եղբայր Վուրկին  և փախուստի մատնել հակառակորդին։  Լուրջ հաջողություն է ունենում առանձնապես սպարապետ Վարդան Մամիկոնյանի ջոկատը, որը, կոտրելով Սեբուխտի զորագնդի համառ  դիմադրությունը, պարտության է մատնում  նրան ու հալածում։ Խուճապի մատնված  պարսից զորքերի մի մասը կոտորվում  է ցամաքում, մի զգալի մասն էլ խեղդվում է Քուռ գետում։

    Երկրորդ փուլ։ Պարտված  ու փախուստի մատնված պարսկական բանակը նախօրոք պատրաստված նավերով փորձում  է անցնել Քուռ գետը և փրկվել։ Սակայն սպարապետ Վարդան Մամիկոնյանի հրամանով Արշավիր Կամսարականի զորաջոկատի նետաձիգները հարձակվում են նրանց  վրա և շատերին կոտորում։

    Այդ ժամանակ հայոց  բանակին են միանում վրաց ապստամբները  ու Խաղխաղի շրջակայքում ապաստանած  պարտիզանները և սպարապետ Վարդան Մամիկոնյանի  գլխավորությամբ շարժվում Աղվանքի խորքերը, հասնում Թարթառ գետի հովիտը, գրավում  Պարտավ քաղաքը և ազատագրում Աղվանքի  շատ բերդեր ու ամրոցներ։ Ճանապարհին նրանց են միանում Աղվանքի ապստամբ  գյուղացիները։

    Դրանից հետո հայ-վրացական-աղվանական  միացյալ բանակը արշավում է դեպի Ալանաց դուռը, որը գտնվում է Աղվանքի  և հոների երկրի միջև գտնվող անցուղու վրա։

    Այստեղ հաջողվում  է ջարդել Ալանաց դուռը պաշտպանող  պարսկական կայազորը, գրավել այն և  նրա պաշտպանությունը հանձնել  աղվանների իշխանազուն Վահանին։

    Այնուհետև պատգամավորություն  է ուղարկվում հոների մոտ և ռազմական դաշինք է կնքվում նրանց հետ։ Կնքված դաշինքի համաձայն հոները խոստանում  են զորքով օգնել հայերին, վրացիներին և աղվաններին։

    Հենց այդ ժամանակ  Վարդան Մամիկոնյանը լուր է ստանում, որ Վասակ Սյունին անցել է թշնամու  կողմը, նա արագ երթով վերադառնում  է Հայաստան։ Արդեն ուշ աշուն  էր և մարտական գործողություն սկսել  չէր կարելի։

    Խաղխաղի ճակատամարտն  անդրկովկասյան ժողովուրդների ազատագրական  պայքարի փայլուն էջերից մեկն է, որը  պսակվեց հաղթանակով։ Այդ ճակատամարտը  ցույց տվեց, որ պատերազմում հաղթանակը  միշտ չէ, որ կախված է լինում բանակի թվական գերակշռությունից, այլ այն մեծ  չափով պայմանավորված է զինվորականների քաղաքական ու բարոյական վիճակով  ու հետապնդած նպատակներով։ Հայ և  աղվան ժողովուրդները Խաղխաղի  ճակատամարտում մարտնչում էին  իրենց հայրենիքի ու ազգային գոյության  համար, ուստի մարտնչում էին խիզախաբար։

    Ինչպե՞ս ձեռք բերվեց հաղթանակը։ Ռազմական երթի ելած հայկական բանակը անսպասելիորեն հանդիպում  է պարսից զորքերին։ Օգտվելով այն  հանգամանքից, որ հայկական և դաշնակից աղվանների բանակը դեռ ռազմերթի մեջ  է և չէր գրավել մարտական դիրք, պարսկական զորքի հրամանատար Սեբուխտը շտապում է անցնել Քուռ գետը, բացազատել  իր բանակը Խաղխաղի հարթավայրում և  գրոհի անցնել։ Պարսկական ուժերին  ետ մղելու համար հենց ռազմերթի ընթացքում  Վարդան Մամիկոնյանը դասավորում է  իր զորքերի մարտական կարգերը և  ընդունում մարտը։ Վարդան Մամիկոնյանի  կողմից կիրառված մարտ վարելու այս  եղանակը զորավարական արվեստի  մեջ կոչվել է հանդիպողական մարտ։  Հայկական զորքերի համար Խաղխաղի  ճակատամարտը հանդիպողական մարտ էր, որի ընթացքում նախաձեռնությունը խլեց Վարդանի զորքը և ապահովեց հաղթանակը։ Խաղխաղի ճակատամարտը  վարվել է տեղանքի բարդ պայմաններում (ճահիճ, անտառ, բաց հարթավայր և  այլն), որը զորավարներից պահանջեց մարտի  ճկուն կազմակերպում և տոկուն ղեկավարում։  Տեղանքի այդպիսի բարդ պայմաններում կարճ ժամանակամիջոցում զորքերի տեսակների  այնպիսի խելոք դասավորում, որ կատարեց  Վարդան Մամիկոնյանը, կարող էր անել ռազմական արվեստին լավ գիտակ զորավարը։  Կազմակերպելով զորքի բոլոր տեսակների  նպատակասլաց փոխգործողությունը  և կենտրոնացնելով նետաձիգների ու պարսատիկավորների հարվածը հակառակորդի  մարտական շարքերի վրա, Վարդան Մամիկոնյանը  իր հեծելազորի համար ստեղծեց գրոհելու բոլոր հնարավորությունները։

    Հայ ռազմական արվեստը  Խաղխաղի ճակատամարտում ավելի  կատարելագործվեց, նրանում մուտք  գործեց հանդիպողական մարտ վարելու և  անտառային ճահճոտ վայրում մանևրելու  ու մարտ մղելու տակտիկան։
    աղբյուր:www.ayrudzi.info
    Կատեգորիա: Ռազմական արվեստ | Դիտումներ: 984 | Ավելացրել է: armhistory | Պիտակներ: արվեստ, ռազմական | Ռեյտինգ: 0.0/0
    Մեկնաբանությունների քանակը: 0

    Օգնեք կայքին տարածեք այս նյութը:
    Մեկնաբանելու համար պետք է գրանցվել կայքում
    [ Գրանցվել | Մուտք գործել ]
    Հայկական տոմար
    Ancient Armenian Calendar
    Armenian history
    История Армении
    Մարզեր
    Արմավիրի մարզ Արարատի մարզ Արագածոտնի մարզ Արցախ Գեղարքունիքի մարզ Լոռու մարզ Կոտայքի մարզ Շիրակի մարզ Սյունիքի մարզ Վայոց Ձորի մարզ Տավուշի մարզ
    Հայաստան
    Բուսական աշխարհ Կենդանական աշխարհ Արագած Արալեռ Արարատ (Մասիս) լեռը Արտանիշ Արփա Որոտան Գառնու ձոր Գեղամա լեռներ Դեբեդ Դիլիջանի արգելոց Թարթառ Խոսրովի անտառ Սևան Հատիս
    Հիշիր
    Current Position
    Новости Карабаха
    Армянский исторический портал
    KillDim.com