Ըստ Մովսես Խորենացու, այդ առասպելում բռնակալ Բելը մեծաքանակ զորք է հավաքում և շարժվում է հյուսիս՝ Ասորեստանին չհնազանդվող հայկական ցեղերի առաջնորդ Հայկի դեմ։ Հայկը ևս հավաքում է իր զինակիցներին և շարժվում է Բելին դիմագրավելու։ Տուսպա (Վանա) լճի մոտ Հայկը իր ռազմիկներին ասում է «...Երբ մենք դուրս կգանք Բելի ամբոխի դեմ, պետք է աշխատենք այն տեղին պատահել, որտեղ կանգնած կլինի Բելը քաջերի խուռն բազմության մեջ, որպեսզի կամ մեռնենք, և մեր աղխը Բելի ծառայության տակ ընկնի, կամ մեր մատների հաջողությունը նրա վրա ցույց տանք, նրա ամբոխը ցրվի և մենք, հաղթություն տանենք»։
Շարունակելով ճանապարհը՝ Հայկի ջոկատը հասնում է Հայոց Ձոր կոչվող երկու բարձր լեռների միջև ընկած հարթավայրը, ոչ հեռու այն վայրից, որտեղ Խոշաբա գետը թափվում է Վանա լիճը, և գետի աջ ափում բարձր վայրի վրա ճամբար է դնում։ Հայկը տեսնում է, որ Բելի զորքերը բանակել են Խոշաբա գետի ձախ ափին։ Ինքը՝ Բելը, մեծաքանակ զորքերով շրջապատված կանգնել է բլրակի վրա, ինչպես դիտակետում։ Հայկը, նկատելով Բելի զորքի դասավորումը, կառուցում է իր զորքերի մարտական կարգը եռանկյունաձև՝ սուր անկյունն առաջ։
Հայկը «...Կանգնեցնում է Արամանյակին երկու եղբայրներով աջ կողմը, Կադմոսին իր ուրիշ երկու որդիներով ձախ կողմը, որովհետև նրանք աղեղ և սուր գործածելու մեջ հաջողակ մարդիկ էին, ինքը կանգնում է առջևից, իսկ մյուս բազմությունը կանգնեցնում է իր հետևում. դասավորեց մոտավորապես եռանկյունի ձևով ու հանդարտ առաջ շարժվեց»:
Եվ երկու կողմի հսկաները, պատմում է Խորենացին, երկրի վրա ահագին դղրդյուն բարձրացրին իրենց գրոհներով և իրար վրա ահ ու սարսափ գցեցին իրենց հարձակումների ձևով։ Այնտեղ երկու կողմից մեծ զոհեր են լինում։ «Այս անսպասելի տարակուսական դիպվածը տեսնելով, Տիտանյան արքան զարհուրեց և ետ քաշվելով սկսեց ետ-ետ բարձրանալ այն բլուրը, որտեղից իջել էր. որովհետև մտածում էր ամբոխի մեջ ամրանալ, մինչև ամբողջ զորքը հասնի, որպեսզի երկրորդ անգամ ճակատ կազմի։ Աղեղնավոր Հայկը այս բանը հասկանալով՝ իրեն առաջ է նետում, մոտ է հասնում արքային, մինչև վերջը քաշում է լայնալիճ աղեղը, երեքթևյան նետը դիպցնում է նրա կրծքի տախտակին, և սլաքը, շեշտակի թափ անցնելով նրա թիկունքի միջով, գետին է խրվում։ Այս կերպով գոռոզացած Տիտանյանը կործանվում է, ընկնում է գետին և շունչը փչում... Իսկ ամբոխը այս մեծ քաջագործությունը տեսնելով վւախչում է ամեն մեկը իր երեսը դարձրած կողմը...»:
Պատմիչների տեղեկություններից երևում է, որ ինչպես հեռավոր անցյալում, այնպես և միջին դարերում հայ զորավարներին հայտնի են եղել.
Առաջին, սեփական զորքերի մարտական կարգ կազմելը՝ հաշվի առնելով հակառակորդի մարտական կարգերի թույլ կողմերը։
Երկրորդ, մարտական կարգը անկյունը դուրս ցցված կազմելու առանձնահատկությունները, սրին և աղեղին հմտորեն տիրապետած ջոկատներով թևերի, հատկապես ձախ թևի, պաշտպանությունը։
Երրորդ, տեղանքի հաջող ընտրությունը, որն ապահովում էր մարտի հաջողությունը։
Չորրորդ, թշնամու ուժերի վրա թիկունքից հարձակվելու և սարսափահար անելու փորձը։
Հինգերորդ, մարտի դաշտում դիտումը կազմակերպելը և հետախուզությունը։
Այսպիսով, հետախուզություն կատարելու և մարտադաշտը դիտելու, որոշումներ ընդունելու և դրանք ստորադրյալներին հասցնելու, մարտադաշտի վայրն ընտրելու, մարտական կարգեր կազմելու, թշնամու ուժերի դասավորությունը հաշվի առնելու, թևերը և թիկունքը պաշտպանելու, վերջապահ ջոկատ առաձնացնելու ռազմական արվեստը հայերին հայտնի է եղել հնագույն շրջանում։ Իսկ այդ ամենը կարելի է համարել հայերի ռազմա-տակտիկական մտքի ծագման սաղմերը։
Մարաստանի տիրապետության դեմ հայ ժողովրդի առաջին ապստամբության մասին մեզ հայտնի է հույն զորավար և բանասեր Քսենոֆոնի «Կյուրոպեդիա» աշխատությունից: Այդ գրքից երևում է, որ Երվանդունիների ժամանակ, հայ պետականության սկզբնավորման շրջանում, Հայաստանը քաղաքական կախման մեջ է գտնվել Մարաստանից վճարել է հարկ, զորք է տվել Մարաստանի ձեռնարկած պատերազմներին մասնակցելու համար։ Այդ ստորացուցիչ պայմանները հայերի մոտ առաջացրել են անկախության համար պայքարելու ձգտում, որը վեր է ածվել ապստամբություենների։
Մարաստանի դեմ մեզ հայտնի առաջին ապստամբությունը, ըստ Քսենոֆոնի, տեղի է ունեցել 560 թ. (մ.թ.ա.): Երկու տարի հայոց թագավորը չի կատարում իր պարտավորությունը՝ չի վճարում հարկը և չի ուղարկում իր զորքերը մարերի սկսած կռիվներին մասնակցելու։ Այդ ժամանակ Մարաստանը կռվի մեջ էր գտնվում Լիդիայի, Եգիպտոսի և Բաբելոնի դեմ։ Ապստամբած հայերին հնազանդեցնելու համար Մարաստանի թագավոր Կիաքսարի քրոջ որդի Կյուրոսը նենգամտորեն, որսորդության անվան տակ, մեծաքանակ հետևակով ու հեծելազորով տարբեր կողմերից ներխուժում է Հայաստան ու գաղտագողի մոտենալով նրա մայրաքաղաքին նեղացնում շրջապատման օղակը և հանկարծակիի բերում Երվանդ թագավորին։
Այդ պլանների, գործողությունների և դրանց պատճառների մասին ասված է Կյուրոսի ճառում, որր մեջ է բերել Քսենոֆոնը իր «Կյուրոպեդիա» աշխատությունում։ Այնտեղ ասված է. «Բարեկամներ, հայոց թագավորը առաջ դաշնակից է եղել և հպատակվել է Կիաքսարին։ Բայց այժմ, իմանալով, որ մեր հակառակորդները արշավանքի են պատրաստվում, վարվում է անհարգալից, ոչ զորք է ուղարկում, ոչ էլ հարկերն է վճարում։ Ուստի մենք եկել ենք բռնելու նրան... Դու, Քրիսանտ... վերցրու մեզ մոտ գտնվող պարսիկների կեսը, գնա լեռնային ճանապարհով և գրավի այն սարերը, ուր, ասում են, նա փախչում է վտանգի դեպքում... Իսկ ես լուսաբացին կվերցնեմ հետևակի կեսը և ամբողջ այրուձին ու հարթավայրով կշարժվեմ ուղիղ գծով դեպի ատարանք... Հիշիր որ բոլոր ելքերը պետք է փակվեն...»:
Այն սարը, ուր փախել էր հայոց թագավորր իր ընտանիքով և թիկնապահ սակավաթիվ զորքով, պաշարում են Կյուրոսի զորքերը։ Հետևանքը լինում է այն, որ թագավորը բռնվում է, և ապստամբությունը ճնշվում։ Բերված տեղեկություններից կարելի է եզրակացնել.
1. Ապստամբության համար թագավորն ընտրել է հարմար ժամանակաշրջան, երբ Մարաստանը կռվի մեջ էր գտնվում Եգիպտոսի ու Լիդիայի դեմ և իր ամբողջ մարտական հզորությունն ուղղել էր հաղթանակով դուրս գալու այդ պատերազմից։
2. Պատրաստվելով ապստամբության և հույս դնելով իր մեծաքանակ բանակի վրա, հայոց թագավորը թույլ է տվել անփութություն։
3. Հայոց թագավորի բանակը կենտրոնացած չի եղել համապատասխան վայրում, որպեսզի արժանի հակահարված տա ներխուժող թշնամու ռազմական ուժերին։ Ուստի Կյուրոսի զորքերի՝ Հայաստանի մայրաքաղաքը շրջապատած ժամանակ, ինչպես երևում է Քսենոֆոնի տեղեկություններից, հայկական զորամասերը տեղում չեն գտնվել:
Հայոց թագավորի այդ սխալների և անհոգության հետևանքով ապստամբությունը պարտություն է կրել։
Այս դեպքից հետո Կյուրոսը հայկական ու խալդական բանակները ներգրավել է մղած պատերազմներին։ Ըստ տեղեկությունների, մարական բանակի կազմում եղել են հայկական զորամասեր՝ 40000 հետևակ և 8000 հեծելազոր։
Բաբելոնի դեմ Մարաստանի մղած պատերազմում պարսկական և մարական հետևակի հետևից շարժվել է հայոց հետևակր, որը կազմված էր վահանակիրներից և աղեղնավորներից։
Հայկական զորքերը, ինչպես երևում է, պարսկականի նմանությամբ կազմված են եղել լոխերով և տաքսիաներով։ Ամեն մի լոխ ունեցել է 12 մարդ։ Տասներկու–տասնվեց կամ քսանչորս լոխը կազմել է մի տաքսիա, որն ունեցել է շուրջ 144 մարդ։ Տասներկու այդպիսի տաքսիաներ կազմել են մեկ խիլիարխիա։ Մեկ խիլիարխիան ունեցել է մոտ 1700 մարդ։ Տասներկու խիլիարխիան կազմել է մեկ մերիարխիա՝ մոտ 20000 մարդ։ Այդպիսով, հայերի հետևակը կազմել է երկու միրիարխիա` մեկը վահանակիրներ (պելտա), մյուսը` աղեղնաձիգեր։ Հայոց հեծելազորը կազմել է չորս խիլիարխիա։
Շարելով լոխերը մեկ շարք ճակատով և տասներկու շարք խորությամբ, Կյուրոսը հետապնդել է հետևյալ նպատակը. առաջին՝ մարտակարգերում ստեղծել մեծ խորություն, որպեսզի հակառակորդը, թևերը շրջանցելու ժամանակ, ստիպված լինի երկարաձիգ տեղաշարժեր կատարել, որով կերկարաձգվեն նրա շարքերը և կթուլանան ուժերը։
Երկրորդ, շարժելով աղեղնաձիգներին և վահանակիրներին երկրորդ գծի վրա՝ հեռու տարածությունից իրենց ծանր զինված ուժի գլխի վրայով գագաթնահար նետաձգություն կատարելու հնարավորություն ստեղծվի։ Այդ խնդիրը կատարել են մարական և հայկական հետևակները։
Երրորդ, աշտարակավոր սայլերը և նետաձիգներին շարժելով իր մարտակարգերի հինգերորդ գծի վրա, հայկական հետևակը վստահ է եղել, որ անհրաժեշտության դեպքում հուսալի ապաստարան կունենա։
Չորրորդ, ստեղծված են եղել պահեստային թաքուն ջոկատներ՝ հակառակորդի թևերին հակահարված տալու համար, եթե թշնամին ճեղքի մարտակարգերը կամ հակագրոհի անցնի:
Գումակը գտնվել է պարսից հեծելազորի հետևում, որը շարված է եղել հարյուրյակներով, ինչպես հետևակի լոխերը։ Նրանց հետևից գնացել են մարական հեծյալների ջոկատները, ապա՝ հայոց հեծյալների ջոկատները և մյուս պետերի հեծյալները՝ նույն մարտական կարգով և նույն մարտավարական խնդիրներով2։
Այդպես են արմատավորվել մարտակարգի կառուցման մեթոդները և պարսկական զորքերի մարտերի տակտիկական եղանակները հայկական զորքերում Կյուրոս Աքեմենյանի ժամանակ։