Ջիվանի (Սերոբ Ստեփանի Լևոնյան) (1846 – մարտի 5 1909) - աշուղ, ժողովրդական երգիչ։
Ծնվել է 1846 թ. Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղում։ Սովորել է աշուղ Թիֆիլիի մոտ, որպես աշուղ ձևավորվել է նախ Թիֆլիսի, ապա Գյումրիի երաժշտական միջավայրում։ Մինչև 1880-ական թթ. նրա երգերը տպագրվել են տարբեր պարբերականներում և «Սոխակ Հայաստանի» երգարանի հատորներում։
Ջիվանին որպես հրապարակախոս, փիլիսոփա, բարոյագետ մեծ ազդեցություն է թողել հայ աշուղական դպրոցի զարգացման վրա, նա հայ նոր աշուղական դպրոցի հիմնադիրն է, ամենամեծ աշուղը հայ իրականության մեջ։ Նա աշուղական արվեստը բարձրացրել է մի նոր աստիճանի, ստեղծել իր դպրոցը։ Մեզ է հասել Ջիվանու շուրջ 800 երգ։ Ջիվանու երգերը հեղինակից գրի առել և մշակել են Ք. Կարա-Մուրզան, Մ. Եկմալյանը, Կոմիտասը, Ա. Բրուտյանը, հետագայում (այլ աշուղների երգածից)՝ Ս. Դեմուրյանը, Ռ. Մելիքյանը և ուրիշներ։
Ջիվանու երաժշտական ստեղծագործությունը հայ աշուղական արվեստը բարձրացրել է նոր մակարդակի, բարերար ազդեցություն գործել հայ աշուղական հետագա սերունդների վրա։ Երևանում կա Ջիվանու անվան փողոց։