Կոմիտաս (Սողոմոն Գևորգի Սողոմոնյան, Սեպտեմբեր 26, 1869, Քյոթահիա, Թուրքիա - Հոկտեմբեր 22, 1935, Փարիզ) - հայ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և դասատու։ Նա համարվում է ժամանակակից հայկական դասական երաժշտության հիմնադիր։
Կենսագրություն
Սողոմոն Գևորգի Սողոմոնյանը ծնվել է 1869 թվականի Սեպտեմբեր 26-ին կամ Հոկտեմբերի 8-ին Թուրքիայի Քյոթահիա քաղաքում, երաժշտասեր մի ընտանիքում, ուր խոսում էին միայն թուրքերեն։ Նա մեկ տարեկանում զրկվում է մորից, իսկ տաս տարեկանում կորցնում է հորը։ Ապրում է իր տատի հետ մինչև 1881 թվականը, երբ իրենց հայկական թեմի առաջնորդը գնում է Էջմիածին եպիսկոպոս օծվելու համար։ Գևորգ Դ Կաթողիկոսն առաջնորդին պատվիրում է, որ նա իր հետ մեկ որբ երեխա բերի՝ Էջմիածնի վանքում կրթություն ստանալու համար։ Նա գնում է Էջմիածին և այնտեղ իր զարմանահրաշ երգով մեծ տպավորություն է թողնում կաթողիկոսի վրա։ Ի վերջո 20 թեկնածուների միջից ընտրվում է Սողոմոնը։ 1890 թվականին դառնում սարկավագ, 1893 թվականին նա ավարտում է Գևորգյան Հոգևոր Ճեմարանը։ Նրան շնորհվում է աբեղայի աստիճան եւ տրվում 7-րդ դարի նշանավոր բանաստեղծ, շարականների հեղինակ Կոմիտաս կաթողիկոսի անունը։ Ճեմարանում Կոմիտասը նշանակվում է երաժշտության ուսուցիչ։ 1895 թվականին Կոմիտասին տրվում է վարդապետի աստիճան։ Նույն թվականի աշնանը նա մեկնում է Թիֆլիս՝ երաժշտական ուսումնարանում սովորելու։ Սակայն, հանդիպելով Պետերբուրգի կոնսերվատորիայում կրթություն ստացած կոմպոզիտոր Մակար Եկմալյանին՝ փոխում է իր մտադրությունը եւ վերջինիս մոտ ուսումնասիրում ու յուրացնում հարմոնիայի դասընթացը։ Կաթողիկոսի բարեխոսությամբ՝ թոշակ ստանալով հայ խոշոր նավթարդյունաբերող Ալեքսանդր Մանթաշյանից՝ Կոմիտասը մեկնում է Բեռլին, ուր արձանագրվում է «Կայզեր Ֆրիդրիխ Վիլհելմ» համալսարանում և երաժշտական ուսումնասիրություն կատարում Ռիխարդ Շմիդտի ձեռքի տակ։ 1899-ին նա վերադառնում է Էջմիածին և սկսում է ղեկավարել տղամարդկանց բազմաձայն երգչախումբը։ Ճամփորդում է երկրի բոլոր շրջանները, գյուղերը, փնտրելու զանազան ժողովրդական երգեր և պարեր։ Այսպիսով նա հավաքում է մոտավորապես 3000 երգ, նրանցից մեծ մասը հարմարեցրած էր երգչախմբով երգելու համար։ Կոմիտասի գլխավոր աշխատանքը իր «Պատարագն» է, որը մինչև այսօր ներկա է եկեղեցու ծիսակատարության մեջ։ Պատարագի մշակումը նա սկսել էր 1892 թվականին, բայց երբեք չավարտեց՝ Առաջին Համաշխարհային Պատերազմի սկսման պատճառով։ «Պատարագը» առաջին անգամ հրատարակվել է 1933 թվականին՝ Փարիզում և առաջին անգամ ձայնագրվել 1988 թվականին՝ Երևանում։ Կոմիտասը առաջին ոչ-եվրոպացին էր որ ընդունվեց Միջազգային Երաժշտական Ընկերություն։ Նա բազմաթիվ դասախոսություններ և կատարումներ էր ունենում ամբողջ Եվրոպայում, Թուրքիայում և Եգիպտոսում, ներկայացնելով մինչև այդ ժամանակը շատ քիչ ճանաչված հայկական երաժշտությունը։ 1910 թվից հետո նա ապրել և աշխատել է Պոլսում։ Այնտեղ նա հիմնել է «Գուսան» երգչախումբը, 300 անդամով։ 1915 թվականի Ապրիլ 24-ին, երբ Հայոց Եղեռնը սկսվեց, նա շատ ուրիշ հայ մտավորականների պես, ձերբակալվել է և հարկադրվել քայլել աքսորի ճամփան դեպի Արաբիայի անապատները։ Նրա լավ ընկերը՝ թուրք բանաստեղծ Էմին Յարդաքուլը և ամերիկյան դեսպան Հենրի Մորգենթաուն միջամտել են կառավարությանը և Կոմիտասը ազատվել է։ Բայց նրա հավաքած աշխատանքի մի մասը կործանվել էր այս դեպքերի ժամանակ, և նա երբեք ամբողջովին չվերականգնվեց այս փորձառությունից։ Նա վերջը տեղափոխվեց Փարիզ, որտեղ էլ մահացավ հոգեբուժական կլինիկայում 1935 թվականին։ Հաջորդ տարի նրա աճյունը փոխադրվել է Երևան։ 1950-ական թվականներին իր ձեռագրերը նույնպես փոխադրվեցին Փարիզից Երևան։ Այսօր Երևանի երաժշտական Կոնսերվատորիան կրում է Կոմիտասի անունը։