Լևոն Շանթ (Նահաշպետյան, ապա հոր՝ Սեղբոսի անունով՝ Սեղբոսյան. 1869, Կ.Պոլիս–29.11.1951, Բեյրութ) - հայ գրող,անվանի դրամատուրգ, մանկավարժ, հասարակական գործիչ։
Կենսագրություն
Ծնվել է գորգի վաճառականի ընտանիքում։ Վաղ հասակում զրկվել է ծնողներից։ Նախնական կրթությունն ստացել է Կ.Պոլսի Սկյուտարի ճեմարանում։ 1884-1891-ին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1892-99–ին ուսանել Լայպցիգի, Ենայի, Մյունխենի համալսարաններում՝ խորանալով մանկավարժության և հոգեբանության մեջ։ 1899–ին վերադարձել է Անդրկովկաս, ավելի քան տասը տարի դասավանդել Թիֆլիսի Գայանյան օրիորդաց և Երևանի թեմական դպրոցներում։
Թիֆլիսում մասնակցել է «Վերնատուն» գրական միավորման հավաքույթներին, սերտ կապերի մեջ եղել Հ.Թումանյանի, Ղ.Աղայանի, Ա.Իսահակյանի, Դ.Դեմիրճյանի հետ։ Հ. Թումանյանի և Ս. Լիսիցյանի հետ կազմել ու հրատարակել է «Լուսաբեր» հայոց լեզվի դասագիրքը։ 1911–ին անցել է Կ.Պոլիս, դասավանդել կեդրոնական և Էսայան վարժարաններում։
1915–ից ապրել է Եվրոպայում, 1919–ին վերադարձել է Անդրկովկաս։
Ստեղծագործական աշխատանք
Շանթի ստեղծագործական ուղին տևել է վեց տասնյակ։ 1890–ական թթ. հրատարակել է բանաստեղծություններ և «Լեռան աղջիկը» պոեմը, որոնց գաղափարական հիմքը կյանքի և իդեալի հակադրության, պատրանքի և երազային սիրո գեղեցկության ռոմանտիկական մոտիվներն են, ինչպես նաև գրել է վիպակների մի ամբողջ շարք («Մնաք բարովի իրիկունը», «Երազ օրեր», «Դուրսեցիները», «Վերժին», «Դարձը», «Դերասանուհին»)։ Դրանցում արծարծել է սիրո և աշխատանքի, հասարակական պարտքի և անձնական ձգտումների հակադրության հարցեր։ Շանթի արձակը հարուստ է հոգեբանական նրբերանգներով, քնարական ջերմությամբ, մանավանդ՝ կին հերոսների ներաշխարհի խոր իմացությամբ։
Սակայն Շանթի ստեղծագործության նշանակությունը հայ գրականության և մշակույթի պատմության մեջ կապվում է, ամենից ավելի, նրա դրամատուրգիայի հետ։ «Եսի մարդը» (1904), «Ուրիշի համար» (1906), «Ճամբուն վրա» (1909) դրամաները շոշափում են անհատի և հասարակության փոխհարաբերության, ազգային–ազատագրական պայքարի հարցեր։ «Հին աստվածներ» (1909), «Կայսրը» (1916), «Շղթայվածը» (1921), «Օշին Պայլ» (1932) պատմական դրամաները իրենց նյութով կապված են հայ միջնադարի տարբեր ժամանակաշրջանների, իսկ «Կայսրը»՝ բյուզանդական պատմության հետ։ Սակայն, ընդհանուր առմամբ, պատմական միջավայրի հոգեբանությունը և կենցաղի ճշմարիտ վերարտադրությունը հեղինակի համար էական խնդիր չէ։ Պատմական դեպքերն ու անունները սոսկ պայմանական են, որի միջոցով փաստորեն արծարծվում են ժամանակակից սոցիալ–հոգեբանական խնդիրներ։
Շանթի պատմական դրամաները, հատկապես «Հին աստվածները»–ն ու «Կայսրը», հայ գրականության և թատրոնի պատմության մեջ սիմվոլիզմի ամենացայտուն դրսևորումներից են։ Սիմվոլիզմը դրանց մեջ երևան է գալիս սյուժեն իրական և երևակայական պլաններով զուգահեռաբար զարգացնելու, կյանքն իբրև մի հավերժական և անիմաստ շրջապտույտ դիտելու, պատկերներից խորհրդանիշներ ստեղծելու և հերոսների խոսքի ենթատեքստային նշանակությունն ընդգծելու մեջ։ «Հին աստվածները» դրամայում, որը Շանթի գլուխգործոցն է, գեղարվեստական մեծ ուժով բարձրացվել են աշխարհիկ և հոգևոր սկզբունքների հավերժական հակադրության, անհատի զգացմունքների և գործողության ազատության, ազգային կյանքի վերածնման ուղիների հարցեր, որոնք խոր արձագանք են գտել հայ հասարակության մեջ։ Այս դրամայի շուրջը 1910–ական թթ. Անդրկովկասում և Կ.Պոլսում բուռն վեճեր են ծավալվել։ Դրաման ունեցել է տասնյակ բեմական մարմնավորումներ, որոնց մասնակցել են հայ թատրոնի առաջատար ուժեր։ 1916–ին «Հին աստվածներ»–ը ռուսերեն թարգմանությամբ (1912) տպագրվել է Մ.Գորկու խմբագրած «Հայ գրականության ժողովածու»–ում։
Ավելի ուշ լույս է տեսել նրա «Հոգիները ծարավի»(1945) հոգեբանական վեպը։
Գրել է նաև հայոց լեզվի քերականության դասագրքեր, գրականագիտական, բանահյուսական, մանկավարժական, գիտահոգեբանական, պատմագիտական բնույթի մի շարք աշխատություններ։
Թարգմանել է Մ.Լերմոնտովի «Մծիրի» (1891) պոեմը, Է.Վոյնիչի «Բոռ» (1906) վեպը, Հ.Իբսենի «Ժողովրդի թշնամին» (1968) դրաման։