«Ամեն ոք, - այդ օրերին գրում է Արամ Մանուկյանը, - իր մասին է մտածում: Իր երկրի սահմաններից այն կողմ եթե նայող կա, նայում է միայն հանուն իր շահերի: Ոչ ոք ոչ մի մարդ չի ուղարկի տաճկական ճակատ` տուն գնացող ռուսներին փոխարինելու համար: Մենակ ենք և պետք է ապավինենք միայն մեր ուժերին թե´ ճակատը պաշտպանելու, թե´ երկրի ներսում կարգ հաստատելու համար»: Այս հրատապ խնդիրներն էին ծառացած Արամի գլխավորած Հատուկ կոմիտեի առջև: Հարկավոր էր ոչ միայն հոգալ ռազմաճակատի կարիքները, կասեցնել թշնամու առաջխաղացումը, այլև ամրացնել թիկունքը, զսպել հայաստանաբնակ մահմեդականների խռովությունները, որոնք բռնկվում էին տարբեր շրջաններում, երկրում հաստատել կարգուկանոն, ապահովել ճանապարհների և հաղորդակցման միջոցների անխափան գործունեությունը:
Մինչդեռ թուրքական առաջխաղացումը շարունակվում էր, և այլևս թվում էր անկասելի: «Սարիղամիշը թողին մեր զորքերը, մի քանի զորամասեր չեն ցանկանում կռվել, հրաժարվում են ռազմական հրամաններ կատարելուց,- հեռագրել է կորպուսի րամանատար Թ. Նազարբեկյանը, գեներալ Մ. Սիլիկյանին 1918թ. Ապրիլին, - Բանն այնտեղ հասավ, որ հայրենիքի հանդեպ յուր պարտքը կատարող կտրիճների մի փոքր խմբակ չկարողացավ դիմանալ մեզանից սակավաթիվ թշնամուն: Հանցավորներն օրենքից առաջ պատասխանատվության կենթարկվեն, բայց դա քիչ է: Հայ ժողովուրդը չպիտի մոռանա, որ ամոթը և խիղճը կորցրած այդ խելագարները խայտառակում և կորստի են մատնում ազգը: Ժամանակն է սթափվելու, կարճ է միջոցը, հետո արդեն ուշ կլինի: Հայրենի երկրի ամեն քայլի զիջումը բարձրացնում է հակառակորդի ոգին, և հետո ավելի ծանր կլինի: Խնդրում եմ, ում համար թանկ է հայրենիքը և պատիվը, առանց հասակի խտրության, թող ֆրոնտ դիմի` յուր զենքը ձեռքին»:
Սարիղամիշին հետևեց նոր, ավելի ծանր հարված: Ապրիլի վերջին Անդրկովկասյան կառավարության նախագահ Չխենկելու և ռազմական նախարար Օդիշելիձեի կարգադրությամբ, Կարսն, առանց կռվի, հանձնեցին թուրքերին: Կարսի անկումը իսկական աղետ էր: Այն այնքան անակնկալ էր հայկական զորքերի հրամանատարության համար, որ նա չկարողացավ պատշաճ դիմադրությաուն կազմակերպել առաջ մղվող թշնամու դեմ, ինչը և հագեցրեց նոր դժբախտության: Մայիսի 15–ին ընկավ Ալեկսանդրապոլը: Բացվեց դեպի Արևելահայաստանի սիրտը տանող ճանապարհը: Արարատյան դաշտում, որտեղ ծվարել էին մեր ժողովրդի վերջին բեկորները, արդեն զգալի էր ժանտ հրեշի մահաբեր շունչը, որ երախը բաց սողում էր առաջ`կուլ տալով մեր բիբլիական երկրի վերջին թիզ հողակտորը: Եվ մարդկության բնօրրանում անհիշելի ժամանակներից ապրող ու արարող ժողովրդի համար 1918-ի մայիսյան զարթոնքը կդառնար վերջինը:
Մահացու սպառնալիքներից խուճապահար, Երևանում գերիշխում էր քաղաքը լքելու և օր առաջ ճողոպրելու տրամադրությունը: Սոսկ քչերը, որ պահպանել էին ոգու արիությունը, կամքն ու վճռականությունը, համախմբվեցին Արամի շուրջը` դիմագրավելու առաջացող թշնամուն: «Ցույց տանք աշխարհին, որ հայը ազատ, անկախ ապրելու իրավունք ունի»,- ահա ժողովրդին ուղղված Արամի կոչի բնաբանը: Հազարամյակներ շարունակ հայ մարդը ապրում է իր բնօրրանում և պատրաստ է իր արյան գնով պաշտպանել իր հողն ու ազատությունը ցանկացած թշնամուց. հայ ոգեղենության այս գաղտնիքը պետք է բացահայտեին Արամ Մանուկյանն ու նրա համախոհները` Արարատյան դաշտում ծվարած յուրաքանչյուր հայորդու հոգում:
Եվ համաժողովրդական կամքով դիկտատոր հռչակված Արամին` ազգային այդ անզուգական գործչին, և նրա գլխավորած Հատուկ կոմիտեի անդամներին, իրենց ոգու, կամքի ու վճառականության շնորհիվ հաջողվեց հիրավի անհնարինը: Այդ օրհասական պահին հրաշք էր պետք, և հրաշքը կատարվեց: Հայության մեջ կրկին արթնացավ Հայկյան ազատատենչ ոգին: Ազատություն կամ մահ. այլ ելք չկար: Եվ դեռ երեկ հուսալքված ու ջլատված ժողովուրդը հուսավառված ու կորովի ելավ պայքարի այն գիտակցությամաբ, որ սա թերևս հայության վերջին, վճռորոշ կռիվն է: Մայր տաճարի զանգերն այդ օրերին անընդմեջ ղողանջում էին և այդ ղողանջը, իբրև մարտակոչ, տարածվում էր Արարատյան դաշտավայրի բոլոր անկյուններում: Հասարակության բոլոր անկյուններում: Հանրության բոլոր գործուն ուժերը` մտավորականությունը, կուսակցությունները, հոգևորականությունը, Գարեգին եպիսկոպոս Հովսեփյանի գլխավորությամբ, մասնակից դարձան համազգային պայքարին:
Սկսվեց աշխարհազորայինների հավաքագրումը, համալրվեց կորպուսի զորամասերի անձնակազմը: Ձևավորվեց մի պատկառելի զինական ուժ` երևանյան զորախմբի հրամանատար, գեներալ Մովսես Սիլիկյանի գլխավորությամբ: «Հայեր, շտապեցեք հայրենիքն ազատելու: Հասել է րոպեն, երբ յուրաքանչյուր հայ, մոռանալով իր անձնականը, հանուն մեծ գործի, հայրենիքի փրկության և կնոջ ու աղջիկների պատվի պաշտպանության, պիտի գործի դնի իր վերջին ճիգը` թշնամուն հարվածելու համար…»,- ասվում էր գեներալ Սիլիկյանի հայտնի կոչում:
Ճակատամարտի նախօրեին հայ զինվորն արդեն լիովին անճանաչելի էր: Այլևս ոչինչ չէր հիշեցնում նախկին հուսաբեկ, պարտության մտքին համակերպված, մարտադաշտն առանց կռվի լքող ու նահանջող զինվորին: Հայ զինվորը Սարդարապատ հասավ արդեն հաղթանակած: Նա հաղթել էր ինքն իրեն, հաղթահարել սեփական թուլությունն ու վեհերոտությունը, և մարատադաշտ ելավ իր ոգու զորությամբ թշնամու կամքը ջլատելու, վերջնական հաղթանակ տանելու վճռականությամաբ: Նա չէր կարող չհաղթել, և նա հաղթեց` իր հաղթանակով ամրագրելով մեր ժողովրդի ազատ ապրելու իրավունքը:
Մայիսի 22-ին գնդապետ Դանիել Բեկ-Փիրիմյանի գլխավորությամաբ Երևանյան խմբավորման զորքերը, աշխարհազորային ջոկատների աջակցությամաբ, Արշալույս և Արմավիր գյուղերի բնագծից հարձակման անցան նախորդ օրը Սարդարապատը գրաված Յաղուբ Շևքի փաշայի 36-րդ հետևակային դիվիզիայի առաջապահ զորամասերի վրա: Հայկական զորքերը նախ ազատագրեցին Եղեգնուտ գյուղը, ապա ճնշելով թշնամու հոծ պաշտպանությունը, նրան ետ շպրտեցին նաև Սարդարապատ գյուղի և կայարանի դիրքերից: Հայ ռազմիկների սրընթաց գրոհից անակնկալի գալով` թուրքական զորքերը նահանաջեցին, սակայն երեկոյան համախմբելով իրենց ուժերը, ամրացան Արաքս կայարանում և մերձակա բարձրունքներում: Առաջին իսկ մարտում հայ զինվորները գլխովին ջախջախեցին թուրքական դիվիզիայի ամենամարտունակ զորամասը`Դարդանելյան գունդը:
Թշնամու նահանջող զորքերին աջակցելու նպատակով, Վեհեբ փաշայի հրամանով, թուրքական 5-րդ դիվիզիայի զորամասերը բազմիցս փորձեցին Սուրմալուից գետանցել Արաքսը և հարվածել մեր զորքերի թիկունքին: Սակայն Արաքսի ափին դիրքավորված հայկական սակավաթիվ ջոկատները կասեցրեցին թուրքերի բոլոր գրոհները: Թուրքական ոչ մի լաստանավ հանդիպակաց ափ չհասավ: Իսկ Արաքս կայարանում ամրացած թշնամուն իր նպաստավոր դիրքերից դուրս մղելու համար ձեռնարկված ճակատային անընդմեջ գրոհները արդյուևնքի չհանգեցրին:
Թուրքական զորքերի համառ դիմադրությունը կոտրելու համար, գեներալ Սիլիկյանի կարգադրությամբ, ձևավորվեց մի հարվածային զորախումբ` փոխգնդապետ Հասանփաշայանի գլխավորությամաբ, որը թևանցում կատարելով, մայիսի 27-ի լուսաբացին թշնամու վրա անակնկալ գրոհ ձեռնարկեց թիկունքից` Արագած և Կոշ գյուղերի կողմից: Միաժամանակ ճակատային գրոհի նետվեցին հայկական մյուս զորախմբերը: Թշնամին փորձեց դիմադրել, սակայն երկար չդիմացավ երկկողմանի ճնշմանը և, ծանր կորուստներ կրելով, լքեց իր դիրքերն ու խուճապահար նահանջեց: Հաղթանակը կատարյալ էր: Թուրքական 36–րդ դիվիզիան գլխովին ջախջախվեց: «Ութնօրյա մարտերն ավարտվեցին թուրքերի լիակատար պարտությամբ և նրանց նահանջով մինչև Ալեքսանդրապոլ»,- գեներալ Սիլիկյանի ավետիսը համաժողովրդական ցնծության ալիք բարձրացրեց Երևանում:
Սարդարապատի ճակատամարտն արդեն բորբոքվել էր, երբ պարզվեց, որ թուրքական զորքերը Երևանին սպառնում են նաև այլ կողմից: Մայիսի 20-ին թուրքական զորքերը գրավեցին Համամլուն (Սպիտակը) և, բաժանվելով երկու խոշոր զորախմբերի, սկսեցին առաջանալ դեպի Բաշ-Ապարան ու Ղարաքիլիսա: Էսադ փաշայի գլխավորած 9-րդ հետևակային դիվիզիան սպառնում էր առաջանալ Արագածի փեշերով, Աշտարակի վրայով անարգել թափանցել Սարդարապատի հայկական զորքերի թիկունքը և գրավել Երևանը: Այդ պատճառով գեներալ Սիլիկյանը Սարդարապատի ուժերի մի մասը, Դրոյի գլխավորությամբ, ուղղեց դեպի Բաշ-Ապարան: Դեպի Արագած շարժվող հայ զինվորներին ուղեկից դարձավ Հայոց ազգային խորհրդի նախագահ Ավետիս Ահարոնյանի ոգեշունչ կոչը. «Ով արի, ով նախնյաց մեր անզուգական հերոսների քաջությամբ զինված մարտիկներ, դեպի ճակատ մեր նոր հերոսամարտի, ուր ձեզ հրամայողը, մարտի սրբազան դաշտում ձեր առաջնորդը Դրոն է, մեր ամենքիս պաշտելի հերոսը, որ երբեք պարտվել չգիտե»: Եվ Դրոն վերստին մարտադաշտը թողեց հաղթանակած, այս անգամ անկասկած, իր կյանքի գլխավոր ճակատամարտում:
Մայիսի 23-ին Արագածի փեշերին սկսվեցին ծանր անհավասար մարտերը, որոնց մասնակցում էին տեղի աշխարհազորային ուժերը, ինչպես նաև Ջհանգիր աղայի գլխավորած եզդիների զորաջոկատը: Մայիսի 26-ի առավոտյան սկսվեց վճռական մարտը Չամռլու, Ալիքուչակ գյուղերի շրջանում: Շրջակա բոլոր բարձրունքները գրավված էին թշնամու զորքերի կողմից և հնարավոր չէր թևանցում կատարել ու հարվածել թիկունքին, ուստի Դրոն վճռեց ողջ ուժերն ուղղարկել դեպի կենտրոն և անկասելի հարվածով ճեղքել թշնամու ճակատային գիծը: Դրոյի մարտավարությունը լիովին արդարացավ: Ճակատի թևերում չկարողանալով կոտրել հայ աշխարհազորայինների համառ դիմադրությունը, թշնամին մղվեց դեպի կենտրոն: Հրամանատարի հնարամտությունն իր գործն արել էր, և այժմ արդեն ճակատամարտի ելքը կախված էր հայ զինվորների քաջությունից ու անձնուրացությունից:Հետագա իրադարձությունները գերազանցեցին բոլոր սպասելիքները: «Այդպիսի արագ փախուստ ես թուրքերից չէի սպասում», - խոստովանել է Դրոն: Երկյուղելով, որ կհայտնվեն շրջապատման օղակում, թուրքերը գլխապատառ ճողոպրեցին Ապարանից դեպի Ալեքսանդրապոլ:
Համամլուից թուրքական մյուս խոշոր զորախումբը` 11-րդ հետևակային դիվիզիան, Ջամիլ-Ջավադ բեյի գլխավորությամբ, ուղղվեց դեպի Ղարաքիլիսա: Առաջին օրերին Ղարաքիլիսան անպաշտպան էր: Հայկական զորքերը, առճակատումից խույս տալով, նահանջել էին Դիլիջան: Անընդմեջ պարտությունների և նահանջի հետևանքով մարտական ոգին կորցրած և իսպառ հուսալքված ռազմիկների համար, հիրավի, սթափության կոչ դարձան Գարեգին Նժդեհի կրակոտ, ազդու խոսքերը. «Եկել է ժամը, որպեսզի մենք` Հայկ Նահապետի թոռներս, արժանին հատուցենք նենգ ու դավադիր թշնամուն: Մեր հույսը մենք ենք այլևս, հավատանք միայն մեր ուժերին, մեր Աստծուն: Միանանք հանուն սուրբ գործի, հաղթանակ տանենք մահի ու արհավիրքի հանդեպ: Գուգարքի այս նվիրական ձորը դարձնենք թշնամու գերեզմանը»:
«Դեպի ճակատ, այնտեղ է մեր փրկությունը» մարտակոչից ոգի առած հայկական զորքերը և աշխարհազորայինները շարժվեցին դեպի Ղարաքիլիսա: Հինգ օր` մայիսի 24- 28-ը, տևեց Ղարաքիլիսայի հերոսամարտը: Թուրքերի բազմահազարանոց զորախումբն անընդմեջ գրոհում էր գրեթե բոլոր կողմերից, սակայն հայ ռազմիկները, չնայած թվաքանակով և սպառազինությամբ զգալիորեն զիջում էին թշնամուն, Թովմաս Նազարբեկյանի, Նիկոլայ Ղորղանյանի, Սերոբ Սամարացյանի, Գարեգին Նժդեհի և մյուս քաջարի սպաների գլխավորությամբ, դիմադրում էին և տեղի չէին տալիս: Մայիսի 26-ին հայկական զորքերին անգամ հաջողվեց Ղշլաղի մոտ ծանր հարվածներ հասցնել, աջ թևում նրանց դուրս մղել Հաջղարայից, իսկ կենտրոնում գնդապետ Ղորղանայանի հեծելազորը ճեղքեց ճակատային գիծը: Հաջորդ օրը, սակայն, թուրքերն Ալեքսանդրապոլից նոր համալրում ստացան և, օգտվելով իրենց թվական գերակշռությունից, թևանցում կատարեցին մեր զորքերի նոսրացած շարքերի ձախ թևում ու, ծանր կորուստների գնալով, ի վերջո գրավեցին Ղարաքիլիսան:
Ղարաքիլիսայի մոտ հայ զինվորներին հաջողվեց կասեցնել թուրքերի առաջխաղացումը: Սա ևս հաղթանակ էր, ընդ որում` ոչ պակաս կարևոր հաղթանակ: Եթե թշնամուն հաջողվեր առաջանալ դեպի Դիլիջան և արշավել Երևանի վրա, ապա ի չիք կդառնար Սարդարապատի և Բաշ-Ապարանի փայլուն հաղթանակների ռազմավարական բացառիկ նշանակությունը: Պատահական չէ, որ այս ճակատամարտը բնորոշել են որպես «Ավարայրի ոգեկոչում»: Հայ զինվորը տանուլ տվեց այս ճակատամարտը, սակայն նրա ոգին մնաց անպարտելի: Այդ հաղթական ոգու զորությունը, անկասկած, առաջինը զգացել էր թուրքական զորքերի գլխավոր հրամանատարը` Վեհիբ փաշան: Ահա թե ինչ խոստովանություն է արել նա Ղարաքիլիսայի ճակատամարտից հետո. «Ղարաքիլիսայի մոտ հայերն ապացուցեցին, որ կարող են լինել աշխարհի լավագույն զիվորները»:
Սարդարապատի և Բաշ–Ապարանի փայլուն հաղթանակները և Ղարաքիլիսայի հերոսական առճակատումը կտրուկ փոխեցին պատերազմի ընթացքը: Ընդամենը 10 օր առաջ անարգել առաջացող թշնամին այժմ արագորեն նահանջում էր, իսկ հայկական զորքերը պատրաստ էին շարժվել առաջ և ազատագրել Կարսն ու Ալեքսանդրապոլը, և միայն Բաթումում կնքված զինադադարը կանխեց նրանց հետագա առաջխաղացումը:
Մեջբերենք նաև ՀՀ ռազմական երկրորդ նախարար Քր.Արարատյանի խոսքն այն անհատների մասին, ովքեր վճռորոշ դեր կատարեցին մայիսյան հաղթանակներում: «Ցանկացած ժողովուրդ, որից խլել են ամեն բան, և մնացել է սոսկ մի կտոր հողակտոր, կպայքարի մինչև վերջին մարդը, քանզի այլ կերպ նրան սպասում է լիակատար ստրկացում և կործանում: Երևանի շրջանում իշխանությունը հիմնավորապես Արամի ձեռքում էր, որը համերաշխ գործում էր գեներալ Սիլիկյանի և ժողովրդին ու զորքին ոգեշնչող Դրոյի հետ: Երևանի շրջանի ռազմական ու տնտեսական հզորության կազմակերպման նրանց ակնառու ունակությունը հայերին հնարավորություն տվեց զենքը ձեռքին պահել մի կտոր հողը, միակ քաղաք Երևանն ու Սուրբ Էջմիածնի վանքը: Եվ եթե մեզ` հայերիս հետ հաշվի են նստում այժմ, ապա այդ ես վերագրում եմ բացառապես երեք անձանց` Արամին, գեներալ Սիլիկյանին և Դրոյին»:
Ի դեպ, այն փաստը, որ մայիսյան հերոսամարտը հիրավի համաժողովրդական պայքարի արդյունք էր, երբեմն տուրք է տվել այն թույր կարծիքին, ըստ որի` այդ պայքարը մղել են ոչ թե հայկական կանոնավոր զորամասերը, այլ բացառապես ժողովրդական աշխարհազորը, կամավոր զինվորագրված ուժերը: Անշուշտ, չթերագնահատելով վերջիններիս դերը այն հաղթական մարտերում, այնուամենայնիվ հարկ է ևս մեկ անգամ ընդգծել, որ թշնամու դեմ հաղթանակը առավելոպես կռել են հայկական կանոնովոր զորքերը` գեներալ Թովմաս Նազարբեկյանի գլխավորած Առանձին հայկական կորպուսի զորամասերը: Այն զորամասերը, որոնք, բառացիորեն օրեր անց, հանդես եկան որպես Հայաստանի Հանրապետության զինված ուժեր:
Արդ, հարյուրամյակներ անց, հայ ժողովուրդը վերստին կազմավորվեց կանոնավոր զորամիավորումներ, որոնց վիճակված էր երեքամսյա անհավասար, հերոսական պայքար մղել անհամեմատ ուժեղ ոսոխի դեմ: Պայքար, որի պսակը մայիսյան հերոսամարտերն էին Սարդարապատում, Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում, իսկ այդ հերոսամարտերի հոգեզավակը` դարավոր ընդմիջումից հետո վերահաստատված հայոց անկախ պետությունը:
Վահան Մկրտչյան «Հայ Զինվոր»