Հայ գրող: Մասնակցել է Հայրենական Մեծ Պատերազմին: Առաջին պատմվածքը՝ «Չոր տափը», լույս է տեսել 1934 թ.-ին Գորիսի «Կարմիր Զանգեզուր» թերթում: 1938-ին գրել է «Վահրամ Որոտանեցի» պիեսը, որը բեմադրվել է 1940-ին: 1950-ին հրատարակել է «Մեր գնդի մարդիկ» վեպը: Խանզադյանին ճանաչում է բերել «Հողը» (հ. 1-2, 1954-55) վեպը: Այնուհետև լույս են տեսել «Լալ Համազը» (1955), «Որոտանի կիրճում» (1956), «Քարանձավի բնակիչները» (1961) մանկական ստեղծագործությունները, «Կարմիր շուշաններ» (1958), «Հարստությունը լեռներում» (1961) պատմվածքների ժողովածուները: Խանզանդյանին ժողովրդականություն է բերել «Մխիթար Սպարապետ» (1961) պատմավեպը: Այնուհետև լույս են տեսնում հետևյալ գրքերը՝ «Կորած արահետներ» (1964), «Քաջարան» (1965), «Այրված տունը» (1965), «Մատյան եղելությանց» (1966), «Անձրևից հետո» (1969), «Ինչու՞, ինչու՞» (1970), «Երեք տարի, 291 օր» (1972), «Սևանի լուսաբացը» (1974), «Խոսեք, Հայաստանի լեռներ» (1976): Խ-ի լավագույն գործերից է «Թագուհին հայոց» (1978) վեպը: Նրա շատ երկեր թարգմանվել են աշխարհի բազմաթիվ լեզուներով: «Այրված տունը» (1974, «Լքված հեքիաթների կիրճը» վերանվանումով) և «Մխիթար Սպարապետ»-ը (1978) էկրանավորվել են «Հայֆիլմ» և «Մոսֆիլմ» կինոստուդիաների կողմից: