Ավետ (Ալֆրեդ) Տերտերյան (հուլիսի 29, 1929, Բաքու - դեկտեմբերի 11, 1994, Եկատերինբուրգ), հայ կոմպոզիտոր։
Ավետ Տերտերյանը ծնվել է սովետական Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում։ Հայրը բժիշկ էր, սակայն հանդես էր գալիս օպերայում, որպես երգիչ։ Մայրը նույնպես, չնայած պրոֆեսիոնալ երաժիշտ չէր, սակայն հանդես էր գալիս, որպես երգչուհի։ [1] 1948 թ.–ին Տերտերյանը սկսում է ուսումը Բաքվի կոնսերվատորիայում, իսկ 1951 թ.–ին տեղափոխվում է Երևան, Ռոմանոս Մելիքյանի անվան ուսումնարան։ 1952–ին Տերտերյանը ընդունվում է Երևանի Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիայի կոմպոզիտորական բաժին, Էդվարդ Միրզոյանի դասարան։ 1985–ից Տերտերյանը դասախոսում էր կոնսերվատորիայում։ Տերտերյանը վախճանվում է 1994–ին։ Թաղված է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում։
երտերյանի երաժշտությունը բազմազան չէ։ Նա առավելապես հայտնի է իր սիմֆոնիկ երաժշտությամբ։ Նրա սիմֆոնիաները իրենց նորարարական մեծ խիզախությամբ և հայկական հոգևոր երաժշտության մոնոդիաների ինքնատիպ կիրառմամբ նոր խոսք էին ոչ միայն հայկական կոմպոզիտորական արվեստում, այլև սովետական և համաշխարհային երաժշտության մեջ (որոշ սիմֆոնիաներում Տերտերյանը օգտագործել է դուդուկ, զուռնա, թառ ևն)։ Տերտերյանը հեղինակել է նաև երկու օպերա, բալետ, կամերային երաժշտություն (այդ թվում 2 լարային կվարտետ) վոկալ և ֆիլմի երաժշտություն։