Մարո Մարգարյան (1915, դեկտեմբերի 22 - 1999, հունվարի 29) — հայ բանաստեղծուհի, թարգմանչուհի , ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1983, «Նվիրումներ» բանաստեղծությունների ժողովածուի համար), Ավետիք Իսահակյանի անվան մրցանակի 1981-ի դափնեկիր («Նվիրումներ» բանաստեղծությունների ժողովածուի համար), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1937-ից, աստղագետ Բենիամին Մարգարյանի քույրը։ Ծնվել է Շուլավեր (այժմ` Շահումյան ավան` Վրաստանի Մառնեուլի շրջանում)։ Միջնակարգ կրթությունն ստացել է ծննդավայրում։ 1938-ին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ Այնուհետև սովորել է ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի ասպիրանտուրայում։ Նրա առաջին բանաստեղծությունը տպագրվել է 1935-ին։ 1967-84-ին աշխատել է Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեում։ Մ. Մարգարյանի բանաստեղծությունների հիմնական թեման հայրենիքն է, սերը, մարդկային փոխհարաբերությունները։ Մ. Մարգարյանի բանաստեղծությունները թարգմանվել և առանձին գրքերով լույս են տեսել ռուսերեն։ 1985-ին պարգևատրվել է Ժողովուրդների բարեկամության շքանշանով։ Մահացել է Երևանում, թաղված է Բյուրականում
|