Ռուբեն Զարդարյան (1874, գյուղաքաղաք Սևավերակ (Սևերեկի գավառ) - 1915, Մեծ եղեռնի զոհ), հայ արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ, խմբագիր, հրապարակախոս: Հրաչ Զարդարյանի հայրը: Երկու տարեկան հասակում ծնողների հետ տեղափոխվել է Խարբերդ, որտեղ ստացել է կրթությունը, սովորել նախ ազգային վարժարանում, Ամերիկյան դպրոցում, ապա աշակերտել է Թլկատինցուն: 1892-1903-ին ուսուցիչ է եղել Մեզիրեի ազգային Կեդրոնական վարժարանում, ձերբակալվել քաղաքական գործունեության համար (1903-1904): 1905-1908-ին ապրել է Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում, որտեղ խմբագրել է «Ռազմիկ» թերթը: 1908-ի երիտթուրքերի հեղաշրջումից հետո վերադարձել է Կ. Պոլիս, 1909-ին հիմնել «Ազատամարտ» օրաթերթը: Գրական ասպարեզ է մտել 1890-ականների սկզբներից, Խարբերդից աշխատակցելով պոլսահայ թերթերին («Ծաղիկ», «Մասիս», «Արևելյան մամուլ» և այլն): 1910-ին լույս է տեսել Ռուբեն Զարդարյանի «Ցայգալոյս» (1912-ին` ֆրանսերեն, փարիզում) գիրքը: Գրել է չափածո և արձակ բանաստեղծություններ («Մենաւոր ծառը», «Լեռան եղնիկին», «Բագինին փառաբանութիւնը» և այլն), նորավեպեր («Սեւ հաւը կանչեց», «Նահանջ», «Ապրելու համար», «Տան սէրը», «Սարերու տղան», «Զղջումը»), հեքիաթներ, լեգենդներ, գրականագիտական հոդվածներ: Կազմել և հրատարակել է «Մեղրագետ» ընթերցարանը (6 գիրք): Թարգմանել է Մաքսիմ Գորկու, Վ. Կորոլենկոյի, Էմիլ Վերհառնի, Պ. Շելլիի, Վիկտոր Հյուգոյի, Օսկար Ուայլդի, Անատոլ Ֆրանսի երկերից: Ձերբակալվել է, ուղարկվել Այաշ, Կոնիա, Հալեպ, որտեղ և զոհվել է:
|